Այսպէս է ասում Տէրը. «Ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կը փրկի նրա հոգին մահուանից եւ կը ծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն» (Հակոբոս 5:20)

Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյան․ «Եկեք կառչած մնանք մեր մաքուր, սուրբ և հարազատ արժեքներին»

Ողջ մարդկության առաջ մի մեծ վտանգ է կանգնած։ Որոշ մութ և չարամիտ կենտրոններ կան, որոնք ցանկանում են, որ ամբողջ աշխարհը դառնա ընդարձակ մի Հոլիվուդ՝ իր ցոփ ու թուլամորթ արժեքներով. արժեքներ, որ մերը չեն:

Հեթանոս աշխարհի այլասերված հին արժեքները մեր առջև են դնում որպես նորություն, նորաձևություն և առաջադիմություն։ Արդիականության անվան տակ անփորձ երիտասարդներին և նորապսակներին են մատուցում բոլոր լկտիություններն ու ցոփությունները, որոնք թափանցում են մեր ընտանիքներից ներս` խանգարելով մեր ավանդական հաստատ կառույցները: Համաճարակ դարձող այս նեխած, այլասերած ու փչացած արժեքները և քայքայված բարոյականությունը խորտակեցին Սոդոմն և Գոմորը, խորտակեցին հսկա Հռոմեական Կայսրությունը: Եթե չկասեցվի այս չար ընթացքը, անտարակույս, մեր ներկա քաղաքակրթությունն էլ պիտի կործանվի։

Բայց մենք` քրիստոնյաներս, մենք` քրիստոնյա հայերս, եկեք կառչած մնանք մեր մաքուր, սուրբ և հարազատ արժեքներին: Դրանք մինչև այժմ մեզ փրկել են, հիմա էլ պիտի փրկեն. մինչև հիմա երջանիկ են մեզ դարձրել, սրանից հետո էլ երջանիկ պիտի դարձնեն:

Հատված Մայր Տաճարում խոսված քարոզից