Այսպէս է ասում Տէրը. «Միայն թէ Աւետարանին արժանի ձեւով ընթացէ՛ք, որպէսզի ձեզ տեսնելու գամ թէ հեռու լինեմ, լսեմ ձեր մասին, որ հաստատուն էք մնացել մէ՛կ հոգով եւ որպէս մէ՛կ շունչ պայքարում էք Աւետարանի հաւատի համար» (Փիլիպեցիներ 1:27)

Արուճի Ս. Գրիգոր եկեղեցի

Արուճի Ս. Գրիգոր եկեղեցի, ՀՀ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի հարավային կողմում: Կառուցել է տվել իշխան Գրիգոր Մամիկոնյանը կնոջ` Հեղինեի հետ: Արձանագրության համաձայն, եկեղեցու շինարարությունը սկսվել է 662-ին, ըստ մատենագրական վկայությունների` ավարտվել 666-ին. օծել է Հայոց կաթողիկոս Անաստաս Ա Ակոռեցին (661-667): Մինչև Ս. Գրիգոր եկեղեցու հիմնադրումն Արուճում գոյություն է ունեցել մեկ այլ եկեղեցի, որի քահանա Գիորգոսը մասնակցել է Դվինի Գ եկեղեցական ժողովին (609): Հավանաբար դա այն բազիլիկ կառույցն է, որը գտնվում է եկեղեցու հվ-արլ. կողմում և հետագա վերակառուցման հետևանքով վերածվել է, ըստ որոշ ուսումնասիրողների, աշխարհիկ շինության: Ըստ կաթողիկոս-պատմիչ Հովհաննես Ե Դրասխանակերտցու, իշխան Գրիգոր Մամիկոնյանը Արուճի ս. Գրիգոր եկեղեցու հվ. կողմում կառուցել է «իր արքունիքը»` պալատական համալիրը:

867-ին, եկեղեցու ներսում` հվ-արլ. ավանդատան դիմաց, քերել են սվաղի մի հատվածը և փորագրել Արուճի և հարևան Կոշ գյուղի ջրօգտագործման հետ կապված վեճը կարգավորող որոշում-արձանագրությունը, որը թողել է Հայոց սպարապետ Սմբատ Բագրատունու ներկայացուցիչ, Վռամի որդի Գրիգորը: 973-ին ոմն Գորամ վարպետ Դավթի ձեռքով նորոգել է Արուճի ս. Գրիգոր եկեղեցին: 987-ին Սմբատ Բ Բագրատունի արքան, ըստ եկեղեցու հվ. պատի արձանագրության, Արուճին հարկային արտոնություն է տվել: Արուճի ս. Գրիգոր եկեղեցու հվ. մուտքի ճակատի վրայի արձանագրության համաձայն, 1285-ին Արուճի բնակիչներն ազատվել են բնահարկից: XIII դ. Մարգար կազմողը եկեղեցու հս. պատի արլ. որմնամույթի վրա քանդակել է չորս մեծ և երեք փոքր խաչեր: XV դ. Խաչատուր վարդապետը նորոգել է Արուճի ս. Գրիգոր եկեղեցին: XVI-XIX դդ. եկեղեցին կիսավեր էր և լքված: 1946-ին նորոգվել են եկեղեցու հվ. և արմ. պատերի քանդված հատվածները, վերանորոգվել քիվերը և տանիքը: 1947-52-ին Արուճի ս. Գրիգոր եկեղեցու հվ. կողմում պեղումներով (ղեկ. Վ. Հարությունյան) բացվել է իշխան Գրիգոր Մամիկոնյանի կառուցած պալատը: 1958-59-ին ամրացվել է եկեղեցու աղոթասրահի արմ. կողմի թաղը: 1964-ին բարեկարգվել է եկեղեցու շրջակա տարածքը:

Արուճի ս. Գրիգոր եկեղեցին գմբեթավոր դահլիճի տիպի (16,95 մ x 34,5 մ արտաքին չափերով), արլ-ից երկու ավանդատներով, գմբեթի (այժմ` քանդված) առագաստային անցումով բարձրարվեստ կառույց է` միասնական ու վեհաշուք ներքին տարածությամբ: Լուսավորվել է 41 պատուհաններից և երեք լայնադիր դռներից ներթափանցող առատ լույսով: Եկեղեցու կառուցմանը ժամանակակից որմնանկարներից պահպանվել են միայն հատվածներ Ավագ խորանում: Գմբեթարդում պատկերված է եղել «Օրենք տվող Աստծու» պատկերագրական և Ավետարանում շարադրված «Համբարձման» տեսարանի համատեղումը ներկայացնող հորինվածք: Հատկապես տպավորիչ է եղել Քրիստոսի մեծադիր պատկերը, որը սկզբնապես 7 մ բարձրություն է ունեցել (պահպանվել է միայն ծնկից ներքև եղած հատվածը): Զարդարուն պատվանդանին կանգնած Քրիստոսը ձեռքին ուներ Հովհաննեսի Ավետարանից վերցված քաղվածքով (Հովհ. 14.21) հայագիր մագաղաթագալար: Պատկերի առանձին մանրամասեր եղել են ոսկեզօծ: Քրիստոսից ցած, պատվանդանի հավասարությամբ, ողջ խորանը երիզված է խոշոր ականթազարդերից կազմված լայն գոտիով` կատարված հայ հելլենիստական արվեստի ավանդույթներով և մեծ վարպետությամբ: Զարդագոտուց ներքև, Ավագ խորանի երկու կողմերի պատերին եղել են ձեռքերին գրքեր պահած առաքյալների պատկերները (հս. պատին պահպանվել են միայն նրանցից վեցի պատկերները): Քրիստոսի պատվանդանի տակ նկարչի մակագրությունն է. «Ստեփաննոս ն[կ]ա[ր]եաց»: Վերջինս VII դ. հայտնի առաջին հայ նկարիչն է:

Տեքստի աղբյուր՝ Ter-hambardzum.net
Տեսանյութը ներկայացնում է ԱՐ հեռուստաընկերության «Ոչ միայն հացիվ» հաղորդաշարը։