Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Փարամազ

Պետական գործիչ, հրապարակախոս
11 սեպտեմբեր, 1863 - 15 հունիս, 1915

Սարգիսյան Մատթեոս

Ծնվել է Մեղրիում: Եղել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում: 1878-83թթ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1884թ-ից զբաղվել է ուսուցչությամբ Նախիջևանում, ապա տեղափոխվել է Ճահուկ, այնուհետև՝ Արդաբիլ։ 1897թ. իր ստեղծած ֆիդայիների խմբով անցել է Վան, սակայն ձերբակալվել է: Դատի ժամանակ արտասանած ճառում խիստ քննադատության է ենթարկել հայկական կոտորածները կազմակերպած թուրքական կառավարությանը: Դատարանի կողմից դատապարտվել է մահվան։ Բայց Վանի ռուսական փոխհյուպատոսի միջնորդությամբ ազատվել է կալանքից և ուղարկվել Կովկաս։ 1903թ., երբ ռուսական իշխանությունները սկսել են իրագործել 1903թ. հունիսի 12-ի հայկական եկեղեցական կալվածքների բռնագրավման մասին օրենքը՝ կազմակերպել է Կովկասի փոխարքա Գոլիցինի ահաբեկումը։ 1905-06թթ հայ-թաթարական բախումների ժամանակ հայերին և Կովկասի թաթարներին կոչ է արել վերջ տալ ցարական կառավարության և թուրք լրտեսների կազմակերպած կոտորածներին: 1908թ. երիտթուրքերի հեղաշրջումից հետո անցել է Թուրքիա և Արևմտյան Հայաստան, քարոզել Օսմանյան կայսրությունում ապրող ժողովուրդների միջև բարեկամություն հաստատելու գաղափարը։ Հետագայում անվստահություն է հայտնել երիտթուրքերի նկատմամբ, նրանց անվանել «հայոց դահիճներ»՝ կանխատեսելով նրանց հայաջինջ քաղաքականությունը։ Հեղինակել է պիեսներ, հայկական մամուլում հանդես եկել հոդվածներով։ 1914թ. հուլիսի 14-ին թուրքական իշխանությունների կողմից հնչակյանների ձերբակալությունների ժամանակ բանտարկվել է նաև նա և ամիսներ տևած դատավարությունից հետո 19 հոգու հետ կախաղան բարձացվել Կոստանդնուպոլսում։ 2001թ. ծննդավայրում կանգնեցվել է նրա հուշարձանը, Մեղրիի փողոցներից մեկը անվանակոչվել է նրա անունով, իսկ 2016թ. Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում բացվել է Փարամազի անվան հրապարակ։

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի