Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, իմաստութիւնն աւելի գեղեցիկ է, քան արեգակը եւ բոլոր աստղաբոյլերը, իսկ լոյսի հետ համեմատած՝ առաւել է նրանից» (Իմաստ. Սողոմոնի 7:29)

Համո Սահյան․ Մի բեռ կանաչ մանկություն

Նստել եմ մեր տան պատի տակ,
Մեջքը մաշված քարին,
Հնձած խոտի բույր է բերում
Սարից փախած քամին:

Հոգնած օրը կամաց-կամաց
Իրիկուն է դառնում,
Արագիլը, բակն ու բարդին
Մութի հոտ են առնում:

Հնձած խոտը բարձել էշին,
Հայրս տուն է բերում,
Էշը սարից մի բեռ կանաչ
Մանկություն է բերում…

Մեջքը մաշված քարի վրա
Վաղուց քար են քաշել,
Եվ մանկության աշխարհն արդեն
Յոթ պատան է մաշել:

Բայց մտքիս մեջ ու երգիս մեջ,
Ախ, ես ուր էլ գնում,
Այդ աշխարհից մի բեռ կանաչ
Մանկություն է մնում: