Այսպէս է ասում Տէրը. «Եթէ ուշադիր լսես քո տէր Աստծու ձայնը, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատուիրաններին ու ենթարկուես նրա բոլոր հրամաններին, քեզ վրայ չեմ թափի բոլոր այն հիւանդութիւնները, որ թափեցի եգիպտացիների վրայ, քանզի ես եմ քեզ բժշկող Տէրը» (Ելք 15:

Աղոթք` ուղղված մեր Տեր Հիսուս Քրիստոսին

Աշխարհաբար
Նայիր, Տեր, քաղցրությամբ դառնացնողիս, Տեր իմ և Աստված իմ, Հիսուս Քրիստոս: Մի բարկանա ինձ վրա, Տեր իմ, իմ բազում մեղքերի համար, և մի մերժիր իսպառ քո ձեռքի գործիս. ինձ չհասնի անոխակալիդ ցասումը, և մի անտեսիր տարակուսածիս, Տեր ներող և անհիշաչար: Հիշիր, մարդասեր, մեղքով վտանգվածիս և ողորմությամբ պատիր վիրավորվածիս խոցերը, քանի որ մեղքի կապանքները պատեցին ինձ, և հանցանքի բազմությունը պաշարեց ինձ: Օգնության հասիր կործանվածիս և փրկիր մեղքից բռնվածիս, որից դողում եմ, դժոխքի դառնությունից փրկիր ինձ, Տեր իմ, և սարսում եմ անշեջ հրից, պահիր ինձ` եղկելիիս, Աստված իմ. մեղքով աղտեղվածիս մաքրիր, Տեր իմ, և ինձ միացրու ի սկզբանե սրբերին, Աստված իմ. և մեղքերից խփվածիս հրավիրիր երկնքի անճառ արքայությունը` քո սուրբ անվան կամարարների մոտ, որ նրանց հետ փառավորեմ ամենազոր տերությանդ հավիտյանս հավիտենից. ամեն:

Գրաբար
Նայեա, Տէր, քաղցրութեամբ առ դառնացուցիչս, Տէր իմ եւ Աստուած իմ, Յիսուս Քրիստոս: Մի բարկանար ինձ, Տէր իմ, վասն բազում մեղաց իմոց, եւ մի մերժեր ի սպառ զգործս ձեռաց քոց. մի հասցէ ի վերայ իմ ցասումն անոխակալիդ, եւ մի անտես արասցես զտարակուսեալս, Տէր երկայնամիտ եւ անյիշաչար: Յիշեա, մարդասէր, զվտարանդեալս մեղաւք եւ պատեա ողորմութեամբ զվէրս վիրաւորելոյս, քանզի տոռունք մեղաց պատեցան զինեւ, եւ հոյլք յանցանաց պաշարեցին զիս: Հաս յաւգնութիւն կործանելոյս եւ փրկեա զխաղբակեալս ի մեղաց, յորմէ դողամ, ի դառնութենէ դժոխոցն ապրեցո զիս, Տէր իմ. եւ յորմէ սարսեմ` յանշէջ հրոյն, պահեա զիս զեղկելիս, Աստուած իմ. զմեղաւք աղտեղեալս սրբեա, Տէր իմ, եւ ի սկզբանէ սրբոցն մասնակից արա զիս, Աստուած իմ. եւ զհարուածեալս ի մեղաց` հրաւիրեա յանճառ երկնից յարքայութիւնդ առ կամարարս անուանդ քում սրբոյ, զի ընդ նոսին փառաւորեցից զամենազաւր տէրութիւնդ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Հովհաննես Գառնեցի, «Աղոթամատույց»