Այսպէս է ասում Տէրը. «Եթէ ուշադիր լսես քո տէր Աստծու ձայնը, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատուիրաններին ու ենթարկուես նրա բոլոր հրամաններին, քեզ վրայ չեմ թափի բոլոր այն հիւանդութիւնները, որ թափեցի եգիպտացիների վրայ, քանզի ես եմ քեզ բժշկող Տէրը» (Ելք 15:

Երեմիա Չելեպի Քյոմյուրճյան

Կրոնահայրենասիրական քերթության խոշոր ներկայացուցիչ է Երեմիա Չելեպի Քյոմյուրճյանը: Ծնվել է 1637 թվականին, Պոլսում: Ստացել է հիմնավոր կրթություն, տիրապետել հունարենին, լատիներենին, թուրքերենին և որոշ եվրոպական լեզուների: Պատանի հասակում արդեն հրաժարվել է հոգևոր կոչումից և ապրել աշխարհականի կյանքով: Նրա կրթության ու մտավոր զարգացման գործում նշանակալից դեր են կատարել հատկապես Մարտիրոս Ղրիմեցին և Եղիազար Այնթափցին: Միառժամանակ եղել է Ղրիմեցու նոտարը, երբ վերջինս վարում էր Պոլսի հայոց պատրիարքի պաշտոնը:

1660-1680-ական թվականներին Քյոմյուրճյանը գործուն մասնակցություն է ունեցել հայության քաղաքական, եկեղեցական և մշակութային կյանքին: Նա ևս պայքարել է հանուն հայ ժողովրդի լուսավորության, եկեղեցական և քաղաքական միասնության, լուսավորչական դավանանքի ամրապնդման՝ փայփայելով Հայաստանի ազատագրման և հայկական պետականության վերականգման հույսերը: Մահացել է 1995 թվականին: Նրանից մեզ հասել է բավական ծավալուն գրական ժառանգություն, որը բաղկացած է պատմական, կրոնադավանաբանական, աշխարհագրական, գեղարվեստական, տոմարական, հուշագրական և այլ բնույթի արձակ և չափածո բազմաթիվ երկերից: Նա թարգմանություններ է կատարել հունարենից ու լատիներենից, հայատառ թուրքերեն է թարգմանել մի շարք աղոթքներ, քարոզներ, հատվածներ Հին կտակարանից, Նոր կտակարանը, համառոտ Հայսմավուրքը, Ալեքսանդր Մակեդոնացու, Փարիզի և Վիեննայի պատմությունները և այլն:

Քյոմյուրճյանի գրական ժառանգության մեջ թերևս ամենանշանակալիցը «Պատմութիւն համառօտ ԴՃ տարւոյ օսմանցոց թագաւորացն» երկն է՝ գրված 1675-1678 թվականներին: Մեզ հասած միակ օրինակը բաղկացած է 16-վանկյա 3622 տողից: Այս քերթվածքում թուրքական և հայկական աղբյուրների հիման վրա շարադրված է Օսմանյան թագավորության պատմությունը սկզբից մինչև 1670-ական թվականները: Բանաստեղծ պատմագիրը մեկ առ մեկ անդրադարձել է այդ 400-ամյա ժամանակաշրջանում գահակալած օսմանյան 19 սուլթաններին, նրանց օրոք տեղի ունեցած ռազմաքաղաքական խոշոր անցուդարձերին: Հեղինակը ցույց է տվել, որ թուրքերը Փոքր Ասիայում եկվոր են և ոչ թե «հիմն և արմատ», ինչպես դեռ այն ժամանակներից փորձել են հավաստիացնել նրանք: Երկը օժտված է նաև գրական-գեղարվեստական արժանիքներով: Հիշարժան է հատկապես Պատմության այն հատվածը, ուր պատկերված է Մուհամեդ II-ի կողմից 1453 թվականին Պոլսի առումը և Բյուզանդական պետության կործանումը: Նկարագրելով այս իրողությունը՝ հեղինակն սկսում է ողբալ՝ հետևելով հայ պատմաողբի ժանրային իմաստով երեք սկզբնաղբյուրներին՝ Երեմիա մարգարեի Երուսաղեմի ողբին, Մովսես Խորենացու Հայաստանի ողբին և Ներսես Շնորհալու Եդեսիայի ողբին:

Իր մարտական ոգով ու հայրենասիրական շնչով Քյոմյուրճյանի «Պատմութիւն համառօտ…»ը զարթոնքի շրջանի հայ գրականության բնորոշ երկերից է: Այդպիսին է նաև նրա «Ստամպօլոյ պատմութիւնը»: Սա պատմագեղարվեստական բնույթի մի ընդարձակ չափածո տեղագրություն է, ուր պատկերված է XVII դարի Պոլիսն իր սոցիալ-տնտեսական կյանքով, կենցաղով, սովորույթներով, էթնիկական կազմով, մեծ ու փոքր կառույցներով: Այստեղ էլ իր խոսքը գրավիչ դարձնելու համար հեղնակը մեջ է բերել որոշ զրույցներ, լեգենդներ, զավեշտական պատմություններ, փաստերը շարադրել պատկերավոր լեզվով: Բանաստեղծը ներքուստ փայփայել է օսմանյան բռնապետության տակ տառապող հայության, այլև մյուս ժողովուրդների ազատագրման գաղափարը: Երկում հեղինակը նաև շարադրել է արքունի թուրք հովիվների կողմից հրեա կանանց բռնաբարելու միջադեպը՝ ձգտելով ցույց տալ Թուրքիայում ազգային փոքրամասնության իրավունքների անպատիժ ոտնահարումները:

Այսպես ասած՝ «հրեական թեմային» Քյոմյուրճյանն անդրադարձել է նաև մի քանի այլ երկերում: Կարեկցելով ու համակրելով թուրքական լծի տակ տառապող հրեա ժողովրդին՝ բանաստեղծը միաժամանակ մերժում է հրեական կրոնը, դատապարտում Սաբեթա Սևիի հրեական աղանդավորական շարժումը (1666-1668): Ուշադրության է արժանի հատկապես Քյոմյուրճյանի այն պոեմը, ուր հյուսված է ալբանացի քրիստոնյա Տիմոյի և հրեուհի Մրգատայի սիրո պատմությունը: Այստեղ հեղինակի հիմնական նպատակն է եղել ցույց տալ քրիստոնեական կրոնի առավելությունը հրեականի, այլև մյուս բոլոր կրոննների նկատմամբ և արտահայտել իր հակաթուրքական տրամադրությունները:

Ինչպես հայտնի է, Երեմիա Քյոմյուրճյանը համակիր է եղել Հակոբ Ջուղայեցու՝ Հայաստանի ազատագրման քաղաքական ծրագրերին և որոշ հույսեր է կապել եվրոպական հզոր տերությունների հետ: 1679 թվականին նա գրում է մի ծավալուն ներբողական ուղերձ Լեհաստանի թագավոր Յան Սոբեսկուն: Հայտնի է, որ Սոբեսկին առաջարկել է Ղափանի հայ մելիքներին իր բանակով նվաճել Հայաստանը՝ Թուրքիայի թիկունքում ստեղծելով հայկական թագավորություն (Լեհաստանի և Վատիկանի հովանավորությամբ): Սա, անշուշտ, չէր կարող չոգևորել հայկական պետականության վերականգման համար մաքառող հայ գործիչներին, որոնցից մեկն էր Քյոմյուրճյանը: Եվ ահա, իր ուղերձում նա ջերմագին գովերգում, փառաբանում է լեհաց թագավորին, որպես ամենազոր տիրակալի և երկնաշնորհ փրկչի: Ավելի ուշ Քյոմյուրճյանը գրել է նաև Լյուդովիկոս XIV-ին ձոնված մի ուղերձ, որի վերնագիրն է միայն մեզ հայտնի («Ուղերձ համառօտ առ Լուդովիկոս ԺԴ թագաւոր Գաղիոյ, ի պատեհառիթ գահակալութեան նորին»):

Քյոմյուրճյանը ներբողական ուղերձներ է հղել նաև հայ աշխարհիկ ու հոգևոր դասի մի շարք երևելի ներկայացուցիչների: Բանաստեղծի դրվատանքին են արժանացել Փիլիպպոս և Նահապետ կաթողիկոսները, Պետրոս չելեպին, Աբրահամ իշխանը, երաժիշտ-մանկավարժ տեր Պետրոսը, Նաղաշ Հովնաթանը և ուրիշներ:

Աղբյուր՝ Tarntercum.ru