Այսպէս է ասում Տէրը. «Եթէ ուշադիր լսես քո տէր Աստծու ձայնը, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատուիրաններին ու ենթարկուես նրա բոլոր հրամաններին, քեզ վրայ չեմ թափի բոլոր այն հիւանդութիւնները, որ թափեցի եգիպտացիների վրայ, քանզի ես եմ քեզ բժշկող Տէրը» (Ելք 15:

Գրիմ Եղբայրներ. Մոխրոտը

Մի հարուստ մարդու կինը ծանր հիվանդանում է, երբ զգում է, որ վերջն եկել է, էլ վեր չի կենալու, կանչում է մինուճար աղջկան, ասում.

- Սիրելի զավակս, համեստ ու խոնարհ եղիր, և աստված միշտ կօգնի, ես էլ վերևից կհսկեմ քեզ ու մենակ չեմ թողնի:

Ասում է, աչքերը փակում ու մեռնում: Աղջիկն ամեն օր այցի է գնում մոր գերեզմանին, լաց լինում: նա շատ խոնարհ ու հեզ աղջիկ է լինում:

Շուտով վրա է հասնում ձմեռը, և մոր գերեզմանը ծածկվում է ճերմակ սփռոցով, իսկ գարնանը, երբ նորից շողշողում է արևը, հարուստը նոր կին է առնում իր համար:

Խորթ մայրը հետը երկու աղջիկ է բերում: Սրանք սիրունատես աղջիկներ են լինում, բայց շատ չար ու դաժան հոգի են ունենում: Ու խեղճ աղջկա օրը սևանում է:

- Մի՞թե էս հիմարն էլ պիտի մեզ հետ սեղան նստի,- ասում է խորթ մայրը: - Ով ուզում է ուտի, նախ պետք է աշխատի: Քո տեղը խոհանոցն է, գնա, էնտեղ քեզ համար շատ գործ կճարվի: Հանում են նրա գեղեցիկ հագուստը, հին, մաշված շորեր տալիս ու փայտե մաշիկներ:

- Հապա մի էս գոռոզ թագուհուն նայեք, ինչպես է զարդարվել,- ասում են նրանք ծիծաղելով ու աղջկան խոհանոց ուղարկում: Առավոտից իրիկուն նա պիտի աշխատեր խոհանոցում, ջուր բերեր, վառեր վառարանը, ճաշ եփեր, լվացք աներ: Էդքանը բավական չէր, խորթ քույրերն էլ հոգու հետ էին խաղում: Ծաղրում էին, ծիծաղում վրան, ոսպ ու սիսեռ էին լցնում մոխրի մեջ ու ստիպում ջոկել: Երեկոյան, երբ խեղճ աղջիկը վերջացնում էր գործը և ուզում էր պառկել հանգստանալ, անկողին չէին տալիս, ստիպում էին վառարանի մոտ թափված մոխրի վրա նստել: Եվ որովհետև միշտ մոխրոտ ու փոշոտ էր լինում, քույրերը անունը դնում են Մոխրոտ:

Մի անգամ հայրը գնում է տոնավաճառ և աղջիկներին հարցնում է, թե ինչ բերի նրանց համար:

- Գեղեցիկ զգեստներ,- ասում է մեկը:

- Մարգարիտներ ու ակնեղեն,- ասում է մյուսը:

- Քեզ համար ի՞նչ բերեմ, Մոխրոտ, դո՞ւ ինչ ես ուզում:

- Ինձ համար մի ճյուղ բեր, հայրիկ: Տուն դառնալիս որ ճյուղը, որ գլխարկդ գցի, հենց դա էլ պոկիր բեր:

Հայրիկը գեղեցիկ հագուստներ է գնում աղջիկների համար, մարգարիտներ ու թանկարժեք քարեր, ու երբ տուն գալիս անցնում է անտառով, ընկուզենու ճյուղը կպչում է նրան ու գլխարկը ցած գցում: Հայրը հենց էդ ճյուղն էլ պոկում է ու բերում իր հետ: Բերում նվերները տալիս է աղջիկներին, ճյուղն էլ` Մոխրոտին:

Մոխրոտը շնորհակալություն է հայտնում, վերցնում է ճյուղը, տանում է տնկում մոր գերեզմանին ու էնքան է լաց լինում, որ արցունքներով ջրում է հողը: Ճյուղն աճում է, մեծանում, դառնում գեղեցիկ Ծառ: Մոխրոտը օրական երեք անգամ գնում է ծառի մոտ, լաց լինում ու աղոթում: Ամեն անգամ մի սպիտակ թռչնակ է գալիս, իջնում ծառին, ու երբ Մորոտը որևէ բան է ուզում, թռչնակը գցում է նրա համար:

Մի օր էլ թագավորը մեծ պարահանդես է անում, որ պիտի տևեր երեք օր, հրավիրում է իր երկրի բոլոր գեղեցիկ աղջիկներին, որպեսզի որդին հնարավորություն ունենա ընտրություն կատարել: Երբ խորթ քույրերն իմանում են, որ իրենք էլ պետք է ներկա գտնվեն պարահանդեսին, բարիանում են, կանչում Մոխրոտին.

- Արի մեր մազերը սանրիր, կոշիկները մաքրի, կոճկիր ճարմանդները, տես ամուր կոճկիր, հա , թագավորի հանդեսին ենք գնում:

Մոխրոտը կատարում է նրանց պահանջները, բայց տխուր է լինում, ինքն էլ է ուզում պարել, սկսում է խնդրել խորթ մորը, որ իրեն էլ թույլ տա գնալ:

- Դու ոտքից գլուխ մոխրի ու փոշու մեջ կորած, ինչպե՞ս գնաս թագավորի պարահանդեսը: Ոչ շոր ունես, ոչ կոշիկ և դեռ ուզում ես պարել,- ասում է խորթ մայրը:

Մոխրոտն այլևս չի խնդրում, բայց խորթ մայրն ասում է. - Մի թաս ոսպ եմ թափել մոխրի մեջ, եթե երկու ժամում հավաքես, քույրերիդ հետ գնա:

Մոխրոտը գնում է այգի ու ձայն տալիս. - Այ ձեռնասուն աղավնիներ, այ սիրունիկ տատրակներ, այ երկնային հավքեր, թռեք եկեք, օգնեք ինձ, մոխրի միջից ոսպը ջոկեք: Թասը գցեք տռուզը, փուչերը՝ ձեր թուչը:

Երկու ճերմակ աղավնիներ գալիս, իջնում են խոհանոցի պատուհանին, նրանց ետևից էլ` տատրակները, ապա երկնային բոլոր հավքերը, իջնում են մոխրի վրա: Աղավնիներն սկսում են կըտ, կըտ կըտ, հավաքել ոսպը, մյուսներն էլ հետևում են նրանց օրինակին: Էդպես հավաքում են ամբողջ ոսպը, լցնում թասի մեջ: Մի ժամ էլ չի անցնում, վերջացնում են աշխատանքը ու թռչում գնում:

Մոխրոտը թասը ուրախ-ուրախ բերում է տալիս խորթ մորը` մտածելով, որ հիմա իրեն էլ թույլ կտա գնալ պարահանդես, բայց նա ասում է, - Չէ, Մոխրոտ, դու ոչ շոր ունես, ոչ կոշիկ, համ էլ պարել չգիտես բոլորը կծիծաղեն վրադ:

Մոխրոտը լաց, է լինում, իսկ խորթ մայրն ասում է. - Այ, եթե մի ժամում երկու թաս ոսպ ջոկես մոխրի միջից, էն ժամանակ կգնաս քույրերիդ հետ, ասում է ու մտածում: ՙՄի ժամում ոնց պիտի երկու թաս ոսպը ջոկի՚: Խորթ մայրը երկու թաս ոսպ է լցնում մոխրի մեջ, իսկ Մոխրոտը էլի գնում է այգին ու կանչում.

- Այ ձեռնասուն աղավնիներ, այ սիրունիկ տատրակներ, այ երկնային հա վքեր, թռեք եկեք, օգնեք ինձ՝ ոսպը հավաքեմ: Թասը գցեք տռուզը, փուչերը ձեր թուչը:

Եվ երկու ճերմակ աղավնիներ գալիս իջնում են խոհանոցի պատուհանին, իսկ նրանց ետևից տատրակները, և վերջապես երկնային բոլոր հավքերը: Աղավնիներն սկսում են` կըտ կըտ կըտ, հավաքել ոսպը, մյուսներն էլ հետևում են նրանց օրինակին: Էդպես հավաքում են ամբոջղջ ոսպը, լցնում թասի մեջ: Կես ժամ էլ չի անցնում, աշխատանքն ավարտում են ու թռչում գնում:

Մոխրոտը երկու թաս ոսպը ուրախ-ուրախ բերում խորթ մորն է տալիս` մտածելով, որ հիմա թույլ կտա իրեն պարահանդես գնալ, բայց նա ասում է.

- Չէ, Մոխրոտ, չի լինի, դու քույրերիդ հետ պարահանդես չես գնա շոր չունես, համ էլ չես կարող պարել, խայտառակ կլինենք քո պատճառով:

Ասում է մայրն ու իր երկու աղջիկների հետ գնում պարահանդես: Երբ տանն այլևս մարդ չի լինում, Մոխրոտը գնում է մոր գերեզմանին այցելության, կանգնում է ընկուզենու տակ ու կանչում:

- Շարժիր ճյուղերդ, օրորվիր իմ ծառ, ոսկեթել զգեստներ թափիր ինձ համար:

Եվ թռչնակը ոսկեթել զգեստներ է թափում, ոսկեթել մետաքսե կոշիկներ: Աղջիկը շտապ հագնվում է ու գնում հանդեսի: Երբ ներս է մտնում, խորթ մայրն ու քույրերը, որ անտեղյակ էին այդ ամենին, կարծում են, թե անծանոթ թագավորի աղջիկ է եկել, էնքան գեղեցիկ է լինում նոր զգեստի մեջ: Նրանք կարծում էին, թե Մոխրոտը տանը նստած ոսպ է ջոկում մոխրի միջից: Թագավորի տղան ընղառաջ է գնում նրան, թևանցուկ անում, ու երբ պարերն սկսվում են, պարում է նրա հետ: ՈՒրիշ ոչ մեկի հետ չի պարում, ոչ էլ թողնում է նրա ձեռքը: Իսկ եթե մեկնումեկը մոտենամ է աղջկան պարի հրավիրելու, թագավորի աղան ասում է.

- Նրա հետ ես եմ պարելու:

Մինչև ուշ երեկո պարում է Մոխրոտը, իսկ երբ ուզում է տուն վերադառնալ, թագավորի տղան ասում է.

- Ես կգամ քեզ ճանապարհ կդնեմ: Թագավորի տղան ուզում է իմանալ, թե նա ում աղջիկն է, բայց Մոխրոտը փախչում է ու թաքնվում աղավնատանը:

Թագավորի տղան էնքան է սպասում, որ Մոխրոտի հայրը գալիս է: Նրան ասում է, թե մի անծանոթ աղջիկ մտավ աղավնատունը: Ծերուկը մտածում է. ՙՄոխրոտը կլինի՚, պատվիրում է բերել կացինն ու կեռը, որպեսզի աղավնատունը քանդի, բայց էնտեղ ոչ ոք չի լինում:

Ծնողները գալիս են տուն, տեսնում՝ Մոխրոտը կտավե բլուզը հագին, պառկած է մոխրի վրա, վառարանի մոտ էլ վառվում է ձեթի ճրագը: Բանն էսպես է լինում. Մոխրոտը աղավնատան մյուս երեսից դուրս է գալիս ու վազում ընկուզենու մոտ, էնտեղ հանում է գեղեցիկ զգեստը, դնում մոր գերեզմանին, թռչնակը ետ է տանում, ինքը հագնում է կտավի բլուզն ու գալիս նստում խոհանոցի մոխրի վրա:

Հաջորդ օրը, հանդեսը նորից է սկսվում, և ծնողներն ու խորթ քույրերը գնում են, Մոխրոտն էլի գնում է ընկուզենու մոտ ու ասում.

-Շարժիր ճյուղերդ, օրորվիր, իմ ծառ, ոսկեթել հագուստ թափիր ինձ համար:

Եվ թռչնակն ավելի շքեղ զգեստ է գցում նրա համար, ու երբ Մոխրոտը ոտք է դնում պալատ, բոլորը հիանում են նրա գեղեցկությամբ: Թագավորի տղան նրան է սպասելիս լինում, հենց որ գալիս է, էլի բռնում է թևից ու միայն նրա հետ է պարում: Երբ ուրիշները մոտենում են, աղջկան պարի հրավիրում, թագավորի տղան ասում է.

- Ես եմ պարում նրա հետ:

Վրա է հասնում երեկոն, աղջիկը պատրաստվում է գնալ, թագավորի տղան հետևում է նրան, որ տեսնի` ում տուն է մտնելու: Բայց աղջիկը վազում է պալատի ետևի այգին: Այգում մի հրաշալի ծառ է լինում, վրան` համեղ տանձեր:

Աղջիկը շտապ բարձրանում է էդ ծառն ու սկյուռի նման ճյուղից ճյուղ անցնում էնպես, որ թագավորի տղան չի հասցնում նկատել նույնիսկ, թե ուր չքվեց: Նա սպասում է մինչև հայրը գալիս է, ասում է.

- Անծանոթ աղջիկը փախավ, բայց ինձ թվաց, որ տանձի ծառը բարձրացավ:

Հայրը մտածում է. ՙՄոխրոտը կլինի՚, ու հրամայում է կացինը բերել, ծառը կտրել: Բայց ծառի վրա մարդ չի լինում:

Նրանք գալիս են տուն, տեսնում Մոխրոտը խոհանոցում նստած է մոխրի վրա: էս անգամ էլ նա ծառի մյուս երեսից է իջնում, վազում է ընկուզենու մոտ, թողնում զգեստը, հագնում իր կտավե բլուզն ու գալիս պառկում մոխրի վրա:

Երրորդ օրն էլ երբ ծնողներն ու խորթ քույրերը գնում են պարահանդես, Մոխրոտը վազում է մոր գերեզմանի մոտ ու խնդրում ծառին.

-Շարժիր ճյուղերդ, օրորվիր, իմ ծառ, ոսկեթել հագուստ թափիր ինձ համար:

Եվ թռչնակը մի էնպիսի շողշողուն երկնային զգեստ է գցում նրա համար, որի նմանը դեռ ոչ ոք չէր տեսել իր կյանքում, իսկ կոշիկները մաքուր ոսկուց են լինում:

Մոխրոտը պարահանդես է գալիս էդ զգեստով, հիացմունքից բոլորի լեզուները կապ են ընկնում: Թագավորի տղան միայն նրա հետ է պարում, ու եթե որևէ մեկը հրավիրում է աղջկան, ասում է.

- Ես եմ պարում նրա հետ:

Վրա է հասնում երեկոն, Մոխրոտը պատրաստվում է գնալ, թագավորի տղան ուզում է նրան ճանապարհել, բայց աղջիկն էլի էնպես ճարպկորեն է ծլկում, որ ոչ ոք նրան չի նկատում: Էս անգամ թագավորի տղան խորամանկության է դիմում. հրամայած է լինում աստիճաններին ձյութ քսել, և երբ Մոխրոտը փախչում է, նրա ձախ կոշիկը մնում է սանդուղքի աստիճանին կպած:

Թագավորի տղան վերցնում է կոշիկը, որ փոքրիկ ու սիրուն է լինում` ձուլված մաքուր ոսկուց: Հաջորդ առավոտյան թագավորի տղան կոշիկը ձեռքին գնում է Մոխրոտի հոր մոտ, ասում.

- էս կոշիկը ում ոտքը որ մտավ, նա կլինի իմ կինը: Ուրախանում են քույրերը, նրանք գեղեցիկ ոտքեր են ունենում: Ավագը մոր հետ մտնում է սենյակ, որ փորձի կոշիկը: Բութ մատը խանգարում է, որ կոշիկը մտնի: Էդ ժամանակ մայրը դանակը տալիս է նրան` ասելով.

- Առ, կտրիր բութ մատդ, երբ թագուհի դառնաս, միևնույնն է, ոտքով չես ման գալու:

Աղջիկը կտրում է բութ մատը, կոշիկը դժվարությամբ հագնում է ու ցավից շրթունքը կծած գնում կանգնում թագավորի տղայի առաջ: Թագավորի տղան նրան նստեցնում է իր ձիուն ու տանում: Այդ ճանապարհն անցնում է գերեզմանոցի մոտով, իսկ ընկուզենու վրա երկու աղավնի նստած երգում են.

Ոտքից արյուն է կաթում,
Սիրտը ցավից մղկտում,
Ու՞ր ես տանում գիրկդ առած,
Սիրուն հարսնացուդ մնաց:

Թագավորի տղան նայում է ոտքին, տեսնում` արյուն է հոսում: Ձիու գլուխը թեքում է, կեղծ հարսնացուին բերում տուն, ասում, որ սա չի իսկական հարսնացուն, թող մյուս քույրը փորձի: Կրտսեր քույրը մտնում է սենյակ, սկսում է փորձել, ոտքի մատները մտնում են կոշիկի մեջ, բայց կրունկը մեծ է լինում, չի տեղավորվում: Էդ ժամանակ մայրը դանակը տալիս է նրան, ասում․

- Առ կտրի կրնկիդ մի մասը. որ թագուհի դառնաս, ոտքով չես ման գալու:

Աղջիկը կտրում է կրնկի մի մասը, ոտքը մի կերպ մտցնում կոշիկի մեջ և ցավից շրթունքը կծած` գնում թագավորի տղայի առաջ կանգնում: Թագավորի տղան նրան դնում է ձիու վրա ու տանում: Բայց երբ անցնում են ընկուզենու մոտով, էնտեղ թառած երկու աղավնի երգում են.

Ոտքից արյուն է կաթում,
Սիրտը ցավից մղկտում,
Ու՞ր ես տանում գիրկդ առած,
Սիրուն հարսնացուդ մնաց:

Թագավորի տղան նայում է ոտքին, տեսնում՝ արյուն է հոսում, ճերմակ գուլպաները կարմրել են արյունից, թեքում է ձիու գլուխը և ինքնակոչ հարսանացուին ետ բերում:

- Սա էլ իսկականը չի, - ասում է թագավորի տղան, - էլ ուրիշ աղջիկ չունե՞ք:

- Հանգուցյալ կինս մի փոքրիկ, հիմար աղջիկ է թողել ինձ, Մոխրոտը, բայց դե նա ի՞նչ հարսնացու:

Թագավորի տղան խնդրում է, որ նրան էլ բերեն` փորձի: Խորթ մայրն ասում է.

- Չէ , նա էնքան կեղտոտ է, որ ամոթ է ձեր աչքին երևա: Թագավորի տղան պահանջում է, որ աղջկան անպայման բերեն իր մոտ: Մոխրոտը նախ լվանում է երեսն ու ձեռքերը, նոր ներկայանում թագավորի տղային ու խոր գլուխ տալիս:

Թագավորի տղան կոշիկը տալիս է փորձելու: Մոխրոտը նստում է աթոռին, ոտքից հանում է փայտե մաշիկը, ոսկե կոշիկը հագնում, որ ճիշտ նրա ոտքովն է լինում: Նա ելնում է կանգնում, թագավորի տղան նայում է նրան ու ճանաչում է այն գեղեցկուհուն, որի հետ պարել է երեք օր: Ասում է.

- Այ սա է իմ իսկական հարսնացուն:

Խորթ մայրն ու քույրերը վախենում են, չարությունից գունատվում, իսկ թագավորի տղան վերցնում է Մոխրոտին, դնում ձիու վրա ու քշում: Երբ անցնում են ընկուզենու մոտով, երկու ճերմակ աղավնիները երգում են.

Ոտքից արյուն չի կաթում,
Սիրտը ցավից մղկտում,
Բարով տանես գիրկդ առած.
Հարսնացուն է քո սիրած:

Ասում են ու երկուսն էլ թռչում իջնում Մոխրոտի ուսերին, մեկը` աջ, մյուսը` ձախ ուսին, ու էդպես նստած էլ մնում:

Հարսանիքի ժամանակ խորթ քույրերն էլ են գալիս, ուզում են շողոքորթել Մոխրոտին, ձևացնել, թե ուրախ են նրա երջանկության համար: Երբ հարսանեկան կառքը շարժվում է դեպի եկեղեցի, մեծ քույրը նստում է հարսի աջ կողմում, փոքրը` ձախ կողմում: Եվ աղավնիները կտցում հանում են նրանց մի-մի աչքը: Իսկ երբ եկեղեցուց տուն են գալիս, մեծ քույրը նստում է ձախ կողմում, փոքրը՝ աջ կողմում, և աղավնիները նորից հանում են նրանց մի-մի աչքը: Էդպես պատժվում են նրանք իրենց չարության ու խորամանկության համար ու ամբողջ կյանքում կույր մնում: