Այսպէս է ասում Տէրը. «Ամէն տղամարդ, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ եւ գլուխը ծածկած պահի, անպատւում է իր գլուխը։ Եւ ամէն կին, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ գլխաբաց, անպատւում է իր գլուխը» (Կորնթացիներ 11:4)

Իգնատի եպս. Բրյանչանինով. Սուրբ հայրերիր գրվածքների ընթերցանության մասին

Զրույցն ու մերձավորների ընկերակցությունը շատ են ներազդում մարդու վրա: Զրույցն ու ծանոթությունը գիտնականի հետ շատ տեղեկություններ են հաղորդում, բանաստեղծի հետ` վսեմ մտքեր ու զգացումներ, ճանապարհորդի հետ` ճանաչողություն երկրների, ժողովուրդների վարքի ու բարքի մասին. ակնհայտ է, որ զրույցը և ծանոթությունը սուրբերի հետ սրբություն են հաղորդում. «Սուրբի հետ սուրբ կլինես, արդարի հետ` արդար, անմեղի հետ` անմեղ, իսկ ընտրյալի հետ` ընտրյալ» (Սաղմ. ԺԷ 26-27): Այսուհետ, երկրային կարճատև կյանքիդ ընթացքում, որը Սուրբ Գիրքը նույնիսկ կյանք չի անվանել, այլ պանդխտություն, ծանոթացի՛ր սուրբերի հետ: Ուզո՞ւմ ես երկնքում նրանց հանրությանը պատկանել, ուզո՞ւմ ես նրանց երանությանը մասնակից դառնալ՝ այսուհետ հաղորդակցվի՛ր նրանց։ Երբ մարմնի շինվածքից դուրս գաս, նրանք քեզ իրենց մոտ կընդունեն, ինչպես իրենց ծանոթի, ինչպես իրենց ընկերոջ (հմմտ. Ղուկ. ԺԶ 9): Չկա՛ ավելի մերձավոր ծանոթություն, մերձավոր կապ, քան մտքերի, զգացումի, նպատակի միասնության կապը (հմմտ. Ա Կորնթ. Ա 10): Որտեղ համախոհությունն է, այնտեղ անպայման և միակամությունն է, այնտեղ անպայման նույն նպատակն է, նպատակին հասնելու նույն հաջողությունը: Յուրացրո՛ւ Սուրբ Հայրերի մտքերն ու հոգին՝ նրանց գրվածքների ընթերցանությամբ: Սուրբ Հայրերը հասել են նպատակին` փրկությանը: Եվ դու էլ կհասնես այդ նպատակին՝ իրերի բնականոն ընթացքով: Սուրբ Հայրերի հետ միախորհուրդ և միահոգի լինելով` դու կփրկվես: Երկինքն իր երանության մեջ է ընդունել Սուրբ Հայրերին: Դրանով Նա վկայում է, որ Սուրբ Հայրերի մտքերը, զգացումները, գործերը հաճելի են Իրեն: Սուրբ Հայրերն իրենց մտքերը, իրենց սիրտը, իրենց գործերի պատկերը շարադրել են իրենց գրվածքներում: Ուրեմն` Սուրբ Հայրերի գրվածքները որքա՜ն ճշմարիտ ուղեցույց են դեպ Երկինք` վկայված հենց Երկնքի կողմից:

Սուրբ Հայրերի բոլոր գրվածքները ստեղծվել են Սուրբ Հոգու ներշնչմամբ կամ ազդեցությամբ: Դրանցում կան հրաշալի համաձայնություն, հրաշալի օծում: Դրանցով առաջնորդվողը, անկասկած, Սուրբ Հոգին ունի որպես առաջնորդ: Երկրի բոլոր ջրերը հոսում են դեպի օվկիանոս, և գուցե թե օվկիանոսն է երկրի բոլոր ջրերի համար ծառայում ակունք: Հայրերի բոլոր գրվածքները միանում են Ավետարանին. դրանք ամենն էլ միտված են մեզ ուսուցանելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատվիրանները ճշտորեն կատարելուն։ Դրանց բոլորի և՛ ակունքը, և՛ վերջը Սուրբ Ավետարանն է: Սուրբ Հայրերն ուսուցանում են, թե ինչպե՛ս մերձենալ Ավետարանին, ինչպե՛ս կարդալ, ինչպե՛ս ճիշտ հասկանալ, ի՛նչն է նպաստում, ի՛նչն է խանգարում այն հասկանալուն: Եվ այդ պատճառով, սկզբում ավելի Սուրբ Հայրերի գրվածքների ընթերցանությամբ պարապի՛ր: Երբ նրանք քեզ կսովորեցնեն Ավետարան կարդալ, այնժամ առավելաբար Ավետարանը կարդա: Առանց Սուրբ Հայրերին ընթերցելու, բավարար մի՛ համարիր քեզ համար լոկ Ավետարանի ընթեցանությունը: Դա հպարտ, վտանգավոր միտք է: Ավելի լավ է, որ Սուրբ Հայրերը քեզ դեպի Ավետարանը տանեն, ինչպես իրենց սիրելի որդուն, ով նրանց գրվածքների միջոցով նախապես ստացել է դաստիարակություն և կրթություն: Շատերը, ովքեր անմտորեն, սնապարծորեն մերժել են Սուրբ Հայրերին, կույր հանդգնությամբ, անմաքուր մտքով ու սրտով մոտեցել են Ավետարանին, կործանարար մոլորության մեջ են ընկել:

Ավետարանն է նրանց մերժել. Նա միայն հեզերին է Իրեն մոտ թողնում: Հայրերի գրվածքների ընթերցումը բոլոր առաքինությունների ծնողն ու թագավորն է: Հայրերի գրվածքների ընթերցանությամբ ենք սովորում Սուրբ Գրքի ճշմարիտ ընկալումը, ճշմարիտ հավատքը, ավետարանական պատվիրաններով ապրելը, խորին հարգանքը, որ պիտի ունենանք ավետարանական պատվիրանների նկատմամբ. մի խոսքով` փրկությունն ու քրիստոնեական կատարելությունը: Հոգեկիր վարդապետների խնդրանքով Հայրերի գրվածքների ընթերցումը փրկության և անգամ քրիստոնեական կատարելության հասնել ցանկացողների համար գլխավոր ուղեցույցն է եղել (Ս. Նեղոս Սորացի):

Սուրբ Հայրերի գրքերը, նրանցից մեկի արտահայտությամբ, նման է հայելու. նրա մեջ ուշադիր և հաճախակի նայելով՝ հոգին կարող է տեսնել իր բոլոր թերությունները: Դարձյալ` այդ գրքերը նման են բժշկական միջոցների հարուստ հավաքածուի. դրանում հոգին կարող է ամեն մի իր արատի համար փրկարար դեղամիջոց գտնել: Ս. Եպիփան Կիպրացին ասում էր. «Սրբազան գրքերին մեկ հայացք գցելը բարեպաշտ կյանքի է մղում»:

Սուրբ Հայրերին ընթերցելը պետք է լինի մանրազնին, ուշադիր և կանոնավոր. աներևույթ մեր թշնամին, որ ատում է հաստատումի ձայնը, հատկապես ատում է, երբ այդ ձայնը Սուրբ Հայրերից է գալիս: Այդ ձայնը մերկացնում է մեր թշնամու նյութած դավերը, նրա նենգությունը, բացում է նրա կապանքները, նրա գործելակերպը, և այդ պատճառով թշնամին Հայրեր ընթերցելու դեմ զինվում է զանազան հպարտ ու հայհոյալի մտքերով, ջանում է ճգնավորին ունայն հոգսերի մեջ գցել, որպեսզի շեղի փրկարար ընթերցումից, պայքարում է նրա դեմ հուսահատությամբ, ձանձրությամբ, մոռացկոտությամբ: Սուրբ Հայրերի գրվածքների դեմ այդ պատերազմից պիտի եզրակացնենք, թե ինչքա՜ն փրկարար է այն զենքը, որն այդքան ատելի է մեր թշնամուն: Թշնամին ջանադրաբար հոգում է, որպեսզի այն մեր ձեռքերից հեռացնի: Յուրաքանչյուրը պետք է Հայրերի գրվածքներն ընտրի` համաձայն իր կենցաղավարության: Ճգնավորը թող կարդա լռակեցության մասին գրող Հայրերին, վանքում ապրող վանականը` վանական միաբանությունների համար խրատներ գրող Հայրերին, քրիստոնյան, որ աշխարհում է ապրում, թող կարդա այն Հայրերին, ովքեր գրել են իրենց ուսուցումներն ընդհանրապես ողջ քրիստոնեության համար: Ամեն ոք, ինչ կոչման էլ որ լինի, թող առատորեն վերցնի Հայրերի գրվածքների միջի խրատները: Անպայման կենցաղավարությանը համապատասխան ընթերցում է պետք:

Հակառակ դեպքում պիտի լցվես մտքերով, չնայած և սուրբ, բայց գործով չվկայված, որն անպտուղ գործունեություն է առաջացնում միայն երևակայության ու ցանկության մեջ. բարեպաշտ գործերը, որ վայել են քո կենցաղավարությանը, պիտի փախչեն քո ձեռքից: Բացի այն, որ կվերածվես անպտուղ երազողի, քո մտքերն անընդհատ հակասության մեջ կլինեն քո գործերի շրջանակի հետ, քո սրտում անպայման շփոթություն կծնեն, իսկ պահվածքի մեջ` անորոշություն, ծանր, քեզ և մերձավորներիդ համար վնասկար: Սուրբ Գրքի ու Սուրբ Հայրերի գրվածքների սխալ ընթերցման ժամանակ հեշտությամբ կարելի է փրկարար ուղուց շեղվել դեպի անմատչելի վայրեր և խոր վիհեր, ինչն էլ պատահեց շատերի հետ։ Ամեն: