Այսպէս է ասում Տէրը. «Եւ եթէ Հայր էք կոչում նրան, որ առանց աչառութեան դատում է իւրաքանչիւրին ըստ գործերի, ապա երկիւղո՛վ ապրեցէք այս աշխարհում ձեր պանդխտութեան ժամանակ»

Հրաչյա Թամրազյան. Ինքնանկար

Ու կիսատ թողած մի ուրվանկար
Ես մոտեցնում եմ քաղաքի դեմքին -
Նա ընդառաջ է գալիս աննկատ,
Մենք միասին ենք, թվում է, կրկին,

Թեպետ զարտուղի օրեր են անցել,
Ու քաղաքներն են դեմքերը փոխել,
Բայց բարակ գիծն այդ նույնն է մնացել-
Եվ քո մատները մոտենում են քեզ,

Ու շոշափում են ուրվանկարդ,
Որը թողել ես այդպես անավարտ,
Ու հպումներով պարզ ու անարվեստ
Դիմագծերն են շոշափում վաղվա…

Իսկ ես փախչում եմ միշտ ինքս ինձնից,
Չեմ ուզում պարող այդ գիծը տեսնել՝
Ինքնանկարի մշտարթուն մի կիրք,
Որ ինձ թելի պես կապում է ձեզ հետ

Ու կիսատ թողած գրառումների,
Որ պարուրում են թելից էլ բարակ,
Ու այս ամենը գրավում է ինձ
Իբրև բառերից հյուսված մի քաղաք -

Եվ միայն նրանք կարող են գծել
Ուրվանկարը փախչող քաղաքի,
Տեսնել անավարտ պատկերները ձեր՝
Թել առ թել հյուսված մի ճակատագիր,

Որի կենտրոնում ես եմ հայտնվել
Օտար քաղաքում վաղ առավոտյան,
Թվում է՝ ես եմ ու ինձ է տրվել
Ապրել մատների այս տեսողությամբ

Ու քաղաքների խենթանոցներում
Իմ իսկ գոյության հենքը նկարել -
- Այս թեքությամբ է օրդ անցնելու,
- Ամեն ինչ կյանքում ինքնանկար է…

7.06.2016