Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, իմաստութիւնն աւելի գեղեցիկ է, քան արեգակը եւ բոլոր աստղաբոյլերը, իսկ լոյսի հետ համեմատած՝ առաւել է նրանից» (Իմաստ. Սողոմոնի 7:29)

Օգնության աղոթք

Քու խաչդ թող մեզի ապաւէն ըլլայ, Տէ՜ր Յիսուս, երբ Հօրը փառքով երեւիս՝ լուսաւոր ամպերու վրայ։ Այն ատեն թող ամօթով չմնանք մենք՝ քեզի յուսացողներս, այլ քու մեծ զօրութեամբդ ուրախանանք՝ քու աջ կողմդ բազմած, իբրեւ լոյսի որդիներ ու փրկութեան ժառանգորդներ։
Օգնէ՛ մեզի, Տէ՜ր, օգնէ՛ մեզի, ո՜վ մեր փրկիչ Աստուածը, քու մեծ անունիդ փառաւորութեան համար. Տէ՜ր, փրկէ՛ մեզ եւ քաւէ՛ մեր մեղքերը, քու սուրբ անունիդ համար։ Սուրբ եւ պատուական խաչիդ հովանիին տակ պարսպուած, խաղաղութեան մէջ պահէ քեզի ապաւինած եւ քեզի յուսացող ժողովուրդդ։ Փրկէ՛ մեզ տեսանելի եւ անտեսանելի թշնամիներէն։ Արժանի ըրէ՛ որ գոհութեամբ փառաւորենք քեզ, Հօրդ եւ Ս. Հոգիին հետ միասին, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն։

* * *

Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստծո կենդանի և հավիտենակա՛ն Որդի, լուսավորի՛ր մեր միտքը՝ հասկանալու Քո կենարար խոսքերը։ Արթնացրո՛ւ մեզ մեղքերի խավարից, որն ավերում է հոգին։ Արժանի արա մեզ ուղիղ լինելու առաքինության գործերում և երբ գաս երկիրը դատելու, շնորհիր մեզ լսել ուրախալից կանչը. «Եկե՛ք, Իմ Հո՛ր օրհնյալներ, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված Արքայությունը»։ 
Տե՛ր, շնորհիր մեզ այդ ժամին լինել առանց երկյուղի, խռովության և դատապարտության և մի՛ դատիր մեզ ըստ մեր բազում մեղքերի։ Քանզի միայն Դու ունես անչափ գթություն, երկայնմտություն ու ողորմություն։ Ընդունի՛ր այս աղոթքը բարեխոսությամբ սուրբ Աստվածածնի՝ Կույս Մարիամի, և Քո սրբերի բոլոր բազմությունների։ Ամեն։