Այսպէս է ասում Տէրը. «Եթէ դուք իմ ուսուցմանը հաւատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կը լինէք: Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ՚ազատի» (Հովհաննես 8:31)

Հայր Էրմես Մ. Ռոնքի. Խորհրդածություն

«Մարդիկ գնում են Աստծո մոտ իրենց նեղությունների մեջ, լալիս են օգնություն հայցելով, խնդրում են հաց։ Այսպես են վարվում բոլորը, բոլո՛րը։ Քրիստոնյաները, մինչդեռ, Աստծուն մոտիկ են մնում Նրա տառապանքի մեջ» (Դ. Բոնհոֆֆեր)։ Յուրաքանչյուր ճշմարտապես սիրահարված հետևորդության պահանջը Տիրոջով հիանալը չէ, այլ՝ ընկերանալ Նրան, մինչ հանձնվում է Գիշերվան, մինչ Լքվածն է, որ հանձնվում է Ուրիշին ուրիշների համար. Աստծուն հետևելու, Աստծուն նմանվելու աստվածաշնչյան մեծ սկզբունքն է։

Եվ գիտեմ, որ երբեք չեմ հասկանալու ամբողջովին, բայց գիտեմ նաև, որ Քրիստոսն աշխարհ չի եկել, որպեսզի հասկանանք Իրեն, այլ՝ որպեսզի կառչենք Իրենից, խաչից բռնվելով և պարզապես թողնելով, որ Ինքը տեղափոխի մեզ, դեպի վե՜ր, դեպի կյանքի մեծ Արքայությունը։

«Դու, որ փրկեցիր ուրիշներին, փրկի՛ր ինքդ քեզ, եթե Քրիստոսն ես»։ Երեք անգամ այս խոսքերով հարձակվում են Խաչվածի վրա։ Այդ խոսքերը դյութիչ ու ահավոր կրկներգն են, որն Հիսուսը լսում է անապատի օրերից սկսած. «Եթե Քրիստոսն ես, մի հրաշք գործիր, նվաճիր մեզ, պարտադրիր քեզ, եղիր ամենահզորը, իջիր խաչից», ասում են բոլորը, իշխանավորները, զինվորները, ավազակներից մեկը, «և այդ ժամանակ կհավատանք, որ դու ես Մեսսիան»։ Որևէ մարդ, որևէ թագավոր, եթե դրա կարողությունն ունենար, իսկույն կիջներ խաչից։ Նա, ո՛չ։ Միայն Աստված չի իջնում խաչից, միայն մեր Աստվածը։

Մեր Աստվածը տարբեր Աստվածն է. Աստվածն է, որ մտնում է մարդկային ողբերգության մեջ, մտնում է մահվան մեջ, որովհետև այնտեղ է գնում իր սիրելի զավակներից յուրաքանչյուրը։

Խաչի վրա է բարձրանում՝ իմ հետ և իմ նման լինելու համար, որպեսզի ես կարողանամ լինել Իր հետ և Իր նման։ Լինել խաչի վրա. սա այն է, ինչ Աստված, Իր սիրո մեջ, պարտական է մարդուն, որը խաչի վրա է։ Որովհետև սերը բազմաթիվ պարտականություններ ունի, բայց այդ պարտականություններից առաջինը իր սիրեցյալի հետ լինելն է։

Որևէ ա՛յլ ժեստ մեզ կհաստատեր Աստծո վերաբերյալ կեղծ գաղափարի մեջ։ Միայն խաչն է, որ փարատում է որևէ կասկած, միմիայն խաչով է կատարվում Աստծո գերագույն հայտնությունը։ Խաչը այն անդունդն է, ուր Աստված դառնում է սիրող։

«Հիշիր ինձ», խնդրում է մարդու վախը։ «Իմ հետ կլինես», պատասխանում է Սերը։

«Հիշիր ինձ», աղաչում է չարագործը։ «Այսօր իմ հետ կլինես, դրախտում», վստահեցնում է Անմեղը։

Եվ մտահոգվում է, մինչև իսկ Իր վերջին հոգեվարքի մեջ, ո՛չ Իր մասին, այլ՝ մի հույսի, նրա համար, ով մեռնում է Իր կողքին։

Այնտեղ, հանձինս այդ մահվան դատապարտված չարագործի, սրբացվեց մարդկային անձի խորհուրդը. իր վերջին սահմանագծի մեջ անգամ մարդը տակավին սիրելի է, տակավին փրկված։ Ոչ ոք կորած չէ ընդմիշտ, ոչ ոք չի կարող այնքան հեռու գնալ, որ Աստված չկարողանա հասնել իրեն. «Իմ հետ կլինես»։

Հիսուսի բազուկները, տարածված ու գամված մի գրկախառնման մեջ, որը չի կարող հակասել ինքն իրեն, արտահայտում ու ապահովում են միայն ընդունելություն, որ չի բացառում. ընդմիշտ բացված Եդեմի դռներ. Սիրտ, որ ընդարձակվել է պատռվելու աստիճան, շատ ավելի առաջ, քան կստանար նիզակի հարվածը. մարդու ծնունդն է Աստծո մեջ։

Մեր ճակատագրի օրերն են. մարդը ծնվում է Իր Արարչի խոցված Սրտից։

Հատված Հայր Էրմես Մ. Ռոնքիի « Շնչել Քրիստոսին » (« Respirare Cristo ») գրքից
Աղբյուր՝ Mashtoz.org