Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, իմաստութիւնն աւելի գեղեցիկ է, քան արեգակը եւ բոլոր աստղաբոյլերը, իսկ լոյսի հետ համեմատած՝ առաւել է նրանից» (Իմաստ. Սողոմոնի 7:29)

Մի լուսանկարի պատմություն

1970 թվականի հունիսին «Ջերմուկ» գրական ստուդիայի հրավերով Ջերմուկ եկան Պարույր Սևակը և Ստեփան Ալաջաջյանը: Ստուդիայի ղեկավար արձակագիր Վլադիմիր Հարությունյանի ջանքերով կազմակերպված գրական փնջային հավաքների նպատակն էր Սյունիքի ու Վայոց ձորի ստեղծագործողների հետ ծանոթանալը, վերջիններիս գործերը ընթերցելը, գնահատելը, քննարկելը և խորհրդատվությունը: Ներկա էին մոտ քառասուն հեղինակներ: Պ. Սևակը ընթերցեց ներկայացված չափածո գործերը և խիստ դժգոհ մնաց, քննադատեց ու դատապարտեց գրեթե բոլորին: Սրահում մթնոլորտը լարված էր ու պոռթկումը չուշացավ.

- Ընկեր Սևակ, դուք ուզում եք, որ մենք գրենք այնպես, ինչպես դուք եք գրու՞մ…Ձեր չափանիշներո՞վ եք մեզ դատում…

- Ո՛չ, ես ուզում եմ, որ դուք ինձանից ավելի լավ գրեք: Այլապես ընթերցողները կշարունակեն ընթերցել ինձ: Եթե կարող եք ավելի լավ գրել, քան՝ ես, ուրեմն ընթերցող կունենաք, ինձ կողք կդնեն ու ձեզ կկարդան, ուրեմն դուք կճանաչվեք որպես բանաստեղծ, իսկ ձեր գրածը՝ բանաստեղծություն:

Արձակ ժանրի «դատավոր» Ստեփան Ալաջաջյանին ներկայացվել էին հինգ պատմվածքներ: Նա ևս որոշակի դիտողություններ ուներ, օգտակար խորհուրդներ տվեց և այլն:


Նկարում. ձախից՝ Վլադիմիր Հարությունյան, Պարույր Սևակ, Ստեփան Ալաջաջյան

Նկարը՝ իմ անձնական ալբոմից

‎Զեմֆիրա Սարգսյան

Աղբյուր՝ Magaghat.am