Այսպէս է ասում Տէրը. «Ամէն տղամարդ, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ եւ գլուխը ծածկած պահի, անպատւում է իր գլուխը։ Եւ ամէն կին, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ գլխաբաց, անպատւում է իր գլուխը» (Կորնթացիներ 11:4)

Հայկական կիրառական արվեստի հիմնադիրը. Հռիփսիմե Սիմոնյան

Հռիփսիմե Սիմոնյանը (1916-1998) ՀՀ ժողովրդական նկարչուհի, քանդակագործ-խեցեգործ է, ով ծնվել է Կարսում: Նա 1945-ին ավարտել է Վրաստանի Գեղարվեստի ակադեմիայի քանդակի դասարանը (պրոֆ. Յա. Նիկոլաձե) և ստացել նկարիչ-խեցեգործի կոչում: 1956-ից Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում խեցեգործության դասընթացներ է վարել: 1960-ին արժանացել է վաստակավոր նկարչի պատվավոր կոչման: Հռիփսիեմե Սիմոնյանը կիրառական արվեստի հիմնադիրն է Հայաստանում: Նրա ստեղծագործությունը հայ դեկորատիվ-կիրառական արվեստի ամենանշանակալի արտահայտություններից մեկն է։ Նրա ոգեշունչ, դեկորատիվ ուժով լեցուն աշխատանքներում հնչում է հայ հնադարյա մշակույթի հանդեպ սերը։ Հռիփսիմե Սիմոնյանը ձգտել է հայկական դեկորատիվ արվեստ ներբերել գեղարվեստական ժառանգության մեջ եղած լավագույնը։ Նա ընդունել է ավանդները ոչ թե որպես ինչ-որ անփոփոխ մի բան, այլ որպես կենդանի, արդիականության պահանջով անընդհատ հարստացող իրողություն։

Հռիփսիմե Սիմոնյան, Մայրություն, 1974, հրակավ

Նրա արվեստում գլխավորը ձևի նոր ըմբռնումն է՝ արտահայտված ժամանակի դեկորատիվ արվեստին հատուկ պարզորոշ հակիրճությամբ և առարկաների ու քանդակների մեջ գույնի ուժն ու հնչողությունը զորացնելու ցանկությունը՝ նյութի բնական գեղեցկությունը պահպանելու ձգտմանը զուգորդված [1, էջ 6]։ Սիմոնյանի արվեստի ամենագլխավոր գիծն այն է, որ նրա գործունեության ընթացքում երբեք չի նկատվել ստեղծագործական նախորդ փուլերի կրկնություն. ամեն անգամ նա հայտնաբերել է իր համար մինչ այդ անծանոթ տեխնիկաներ, կերպարներ։

Հռիփսիմե Սիմոնյանն աշխատել է փոքր քանդակի ասպարեզում, նաև պատրաստել կենցաղային դեկորատիվ ամանեղեն, ստեղծել թռչնակերպ առարկաներ, ընտրել տարբեր իրեր, դրանք զարդարել բարձրաքանդակ նախշերով, նկարներով: Նրա բոլոր ստեղծագործություններին բնորոշ են արտահայտիչ լուծումները։ Նրա գործերը բանաստեղծական են, զգացմունքով ներթափանցված։ Սիմոնյանը եղել է նուրբ ճաշակի տեր արվեստագիտուհի: Նրա խեցեգործությունը օրգանական է, նրա կերպարները հուզում են, կլանում առանձնահատուկ դեկորատիվ վերապրումով և ջերմությամբ։

Հռիփսիմե Սիմոնյան, Վանեցի աղջիկը, 1975, հրակավ, բազալտ

Կերամիկայից Սիմոնյանը պատրաստել է բազմազան ու երփներանգ իրեր՝ դեկորատիվ սափորներ, ծաղկամաններ ու եղնիկներ, սպասքներ ու ափսեներ:

Արվեստագիտուհու խեցեգործական հորինվածքները զարդարող նկարների մեջ, ինչպես նաև քանդակային կերպարներում հաճախ հնչում է մարդու թեման։ Նա ստեղծել է ազգային դեկորատիվ զգեստներ հագած հայ կանանց ու աղջիկների կերպարներ՝ պատկերելով նրանց բնորոշ խիստ ու վեհ գեղեցկությունը։ Նա հաճախ իր կժերի հիմքում նկարել է աղջկա դեմք՝ թանկարժեք գլխազարդով։

Անդրադարձել է նաև հայ գրականությանը, ժողովրդական առասպելներին, Սայաթ Նովայի, Թումանյանի պոեզիային, Իսահակյանի լիրիկային։

Հռիփսիմե Սիմոնյան, Դեկորատիվ անոթներ, 1968-1970 թթ., հրակավ

Կավե, ճենապակյա ու հախճապակյա սկուտեղներ, կժեր, թասեր, գավաթներ, ափսեներ ստեղծելիս նա դիմել է թափանցիկ կամ խուլ գունային ջրաներկման։ Օգտագործել է վերականգնող կրակի տեխնիկան՝ նպատակ ունենալով ստանալ գեղանկարչական էֆեկտներ, որ արտահայտվում են բազմազան երանգների խաղում մի գույնի մեջ մյուսի անորսալի թրթռուն ներթափանցությամբ։ Ստեղծել է կանացի մարմնի գծագրությամբ արված շատ անոթներ՝ հասնելով երանգավորման զարմանալի թավշյա փափկության։

Սիմոնյանի արվեստը մշտապես գրավել է վառ արտահայտված ազգային բնույթով [2, էջ 43]: Հին հայկական մանրանկարչությունից սերած մի մոտիվ է այս արվեստագիտուհին օգտագործել՝ կանացի գլխով կախարդական թռչուններ, որ օրորվում են ճյուղերի վրա, վարդակապ ծաղիկների մեջ։ Այս պատկերը հաճախ է հանդիպում նրա դեկորատիվ ափսեների վրա՝ կոբալտով նկարված։

Հռիփսիմե Սիմոնյան, Լիկյորի սպասք, 1963

Հռիփսիմե Սիմոնյանի պատրաստած ամանեղենի և քանդակ ամանեղենի շարքում հայտնի գործեր են՝ Լիկյորի սպասք «Խնձորեսկ» (1963, կավ, վերականգ. ջրաներկ), Գինու աման «Հեղինե» (1964, կավ, վերականգ. ջրաներկ), Մաճարի աման «Երեկո» (1964, շամոտ, օքսիդիչ ջրաներկ) և այլն։

Դիմաքանդակներից նշենք նրա մոր ու հոր դիմաքանդակները տերակոտայից։

Ունի «Հայկական ժողովրդական պարեր» կոչվող քանդակաշար («Նազելի», «Քելե-քելե», «Աղջիկն ու եղնիկը» և այլն)։

Դեկորատիվ քանդակներից են՝ «Թամար» (1964, շամոտ, անգոբա), «Աղջիկների պարը» դեկորատիվ սափորը ինտերիերի համար, «Կլոր պար» կոչվող դեկորատիվ սափորը զբոսայգու համար (1964, շամոտ, ջրաներկ, փորագրում), «Հայուհի» կոչվող պատվանդանը ծաղիկների համար (1964 շամոտ, ջրաներկ) և այլն։

Նախշանկար դեկորատիվ ափսեներից և սկուտեղներից նշենք «Անուշ>» (1950), «Փյունիկ» (1955), «Հայկական օրնամենտ» (1953) ճենապակյա ափսեները, «Զանգեզուրցի կոլտնտեսուհին» (1960), «Թախծում եմ քեզ համար» (1961), «Նաիրյան աղջիկը» (1962) , «Ընկերուհիներ» (1966) սկուտեղնեը։

Հռիփսիմե Սիմոնյան, Վանա աղջիկը,1969, փայլաներկ, հրակավ, ջնարակում

Հատկապես ուշագրավ են արվեստագիտուհու հրակավե արձանները, որոնցից «Մայրություն-ը» Երևանում, ավելի կոնկրետ Նորքի II զանգվածում տեղադրվել է 1974-ին, «Վանեցի աղջիկը»՝ Աբովյան փողոցում 1975-ին, «Արմենուհի» քանդակը (ստեղծվել է 1968թ.)՝ Սիրահարների այգում 2009-ին: Սիմոնյանը կարողացել է շաղկապել դեկորատիվ արվեստը ճարտարապետության հետ:

Ունի նաև ջրանկարներ՝ «Վառ կարմիր վարդեր», (1945), «Լիճ Արագածի վրա» (1950), «Անձրևից առաջ» (1962), «Դվինի լեռները» (1965) և այլն։

Հռիփսիմե Սիմոնյան, Արմենուհի, 1968 (տեղադրվել է 2009-ին)

Սիմոնյանի գործերը պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարաններում, նաև Կուսկովոյի կերամիկական թանգարանում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում, Լենինգրադի ազգագրական թանգարանում և այլուր:

Այսպիոսվ, Հռիփսիմե Սիմոնյանն իր անգնահատելի վաստակն ունի դեկորատիվ-խեցեգործական արվեստի զարգացման մեջ։ Նա ինքն է հիմնադրել Հայաստանոմ արվեստի այս ձևը:

Հռիփսիմե Սիմոնյան, Ախթամար, դեկորատիվ քանդակ,1964

Հռիփսիմե Սիմոնյան, Զանգեզուրցի կին

Աղբյուր՝ Arvestagir.am