Այսպէս է ասում Տէրը. «Եթէ ուշադիր լսես քո տէր Աստծու ձայնը, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատուիրաններին ու ենթարկուես նրա բոլոր հրամաններին, քեզ վրայ չեմ թափի բոլոր այն հիւանդութիւնները, որ թափեցի եգիպտացիների վրայ, քանզի ես եմ քեզ բժշկող Տէրը» (Ելք 15:

Սուրբ Մովկիմոս քահանայի մասին

Ովերայի կողմերը Լավոդիկոսի անթիպատության չորրորդ տարում մեծ ցնորք տարածվեց հեթանոսների մեջ. բոլոր քաղաքներում և գյուղերում և ամբողջ երկրում բազմամարդ հավաքներ էին լինում կուռքերի տոներին: Եվ մոլի [խավարամտությամբ բռնված]` Ամփիպոլիսում պարում էին` կատարելով Դիոնիսոսի դիվական պաշտամունքն [ու երկրպագությունը]: Իսկ ողջախոհության վարդապետ Մովկիմոսը Ամփիպոլիսում սուրբ և կաթուղիկե եկեղեցու երեց էր և կամեցավ երևալ բոլորին, որովհետև բազում ժամանակ էր, որ ուսուցանում էր փրկական Բանը` պատվիրելով և ասելով. «Նայեցե՛ք և փախեք կուռքերի մոլեգնությունից և դարձեք Տեր Աստծու կողմը, որ Իր Միածին Որդու միջոցով արդարության լույս ծագեցրեց և լուսավորեց մեզ: Անշունչների պաշտամունքը ոտքի տակ առե՛ք և հանապազ Աստծու գործը պաշտեցե՛ք»: [Մինչդեռ] այդ տարածված խելահեղության ժամանակ բոլորն անխտիր, հոգնատանջ և ուժասպառ` Դիոնիսոսի [պաշտամունքի] պարն էին պարում:

Իսկ հինգերորդ ամսին Լավոդիկոս անթիպատոսը Ապողոնիայից Ամփիպոլիս եկավ, որ ինքը ևս պարի Դիոնիսոսի համար: Եվ առավոտյան նրան Քրիստոսի Մովկիմոս զինվորի մասին ասացին, թե` «Շատերին հեռացնում է Դիոնիսոսի պաշտամունքից, ընդունայն և խաբեական վարդապետություն ուսուցանելով` ինչ-որ խաչյալ և թաղյալ Աստծու կողմն է դարձնում, և նրան հավատալով` շատերը գիտության են գալիս: Արդ, եթե նրան թողնես, բոլորը կհավատան նրան, և մեր մատուցած ողջակեզներն իզուր կդառնան»: Իսկ երբ Լավոդիկոս անթիպատոսն այս լսեց, նստեց ատյանի բարձր բեմին և հրամայեց զինվորներին, որ բռնեն Մովկիմոսին և ատյան բերեն: Եվ եկավ Քրիստոսի զորականն ու կանգնեց զվարթերես: Անթիպատոսն ասաց նրան. «Ինչո՞ւ զոհ չես մատուցում աստվածներին, իսկ ովքեր զոհում են, [նրանց] ընդունայն խաբեությամբ ետ ես դարձնում»: Մովկիմոսն ասաց. «Անգիտությամբ հարցեր մի՛ տուր, այլ քո խոհերում գիտություն հաստատի՛ր և սովորի՛ր ճշմարտությունը, որովհետև սքանչելի Գրքերից իմանալով սովորեցի, որ` «Հեթանոսների կուռքերը դևեր են, և խելագարությունն է նրանց զորությունը»: Լավոդիկոսն ասաց.

«Շատախոսություն սովորեցիր…»: Մովկիմոսն ասաց. «Չեմ շատախոսում, այլ քեզ ճշմարտությունն եմ ասում, որովհետև դևեր են և անշունչ կուռքեր»: Լավոդիկոսն ասաց. «Եթե զոհ մատուցես` քեզ մեծ օգուտ կտաս, կազատվես տանջանքներից»: Մովկիմոսն ասաց. «[Ընդհակառակը]. եթե զոհ չմատուցեմ` Աստծու տանջանքներից և դատաստանից կազատվեմ»:

Լավոդիկոսն ասաց. «Խնայի՛ր քո անձը և զո՛հ մատուցիր»: Մովկիմոսն ասաց. «Զոհ չեմ մատուցի, որովհետև Աստծու առջև ինձ հավիտենական մահ կբերի»: Լավոդիկոսն ասաց. «Կախեցե՛ք դրան և քերեցե՛ք աչքերից մինչև ծնոտը` այնքան, որ միսն ու ոսկորներն առանձնանան, որ բոլորը, [դրան տեսնելով], սովորեն չհայհոյել աստծուն, այլ հաստատակամությամբ զոհ մատուցել»: Եվ մինչ դահիճները քերում էին նրան, Քրիստոսի քաջ նահատակը բարձր ձայնով խոսեց և ասաց. «Աստվա՛ծ, որ հավիտենից Թագավորն ես, որ արդարության ճառագայթներովդ լուսավորեցիր և մարդասպանների խավարը ցրեցիր, որ անգողանալի գանձերի և անմահությունների տվողն ես, ճանաչի՛ր Քո ծառային, ճանապարհն իմ, որով փութկոտ ընթանում եմ հանուն Քո ճշմարտության, և հնարավորություն տո՛ւր հանդիպելու Քո խոստովանությանը»: Եվ մինչ նա ասաց այս [խոսքերը], դահիճները քերեցին և հասան ոսկորներին:

Եվ որովհետև տկարացան սպասավորները և չէին կարողանում չարչարել նրան, աստվածատյաց Լավոդիկոսը հրամայեց իջեցնել նրան: Եվ երբ իջեցրին, կանգնեց դատավորի առջև, իսկ Լավոդիկոսն ասաց. «Զոհ մատուցիր Դիոնիսոս աստծուն և փրկի՛ր քեզ բազում տանջանքներից»: Սուրբ Մովկիմոսը լուռ էր, սակայն [այդ խոսքերից] հետո ասաց. «Եթե ասես, որ զոհ մատուցեմ աստվածներին, որ մարդկանց արվեստով են ստեղծվել ու անշարժ են և անձայն փայտ, երբեք չես կարողանա համոզել ինձ, որ զոհ մատուցեմ դրանց, որ աստվածներ չեն: Անամո՛թ և ամբողջությամբ բանսարկուին հնազանդված, չե՞ս տեսնում, որ բոլորովին չի այլագունել մարմինն իմ քո տանջանքներից, և չարչարանքներիդ ցավերն ինձ չեն մերձենում, որովհետև տկար և անուժ են քո չարչարանքները»: Այս լսելով` Լավոդիկոսն ասաց. «Ոչ թե քո Աստծուց ես օգնություն ստանում, այլ կախարդությամբ խաբում ես բոլորին: Սակայն այժմ կհրամայեմ քեզ հրի մեջ նետել, որ մարմնիդ բոլոր մասերը մոխրանան6, և հող[մ]ը քշիտանի»:

Եվ հրամայեց ձեթով և վուշով տրորել սրբի մարմինը, հնոցը բորբոքել, այնքան, որ հուրը հնոցից մինչև վաթսուն կանգուն դուրս էր գալիս: Եվ երբ Լավոդիկոսը սաստիկ հուրը տեսավ, հրամայեց երանելի Մովկիմոսին մեջը գցել: Եվ նրան հարցրեց ու ասաց. «Զոհ կմատուցե՞ս Դիոնիսոսին, թե՞ ոչ»: Սակայն նա լուռ էր: Դարձյալ խոսեց Լավոդիկոսը. «Ահա տեսար չար մտքերիդ համար պատրաստված տանջանքները, իսկ մեծ աստված Դիոնիսոսի պայծառությունը և դեպի քեզ ուղղված նրա աստվածառաք օգնությունը, որ նա անում է` պարզորոշ չնկատեցի՞ր: Զո՛հ մատուցիր Դիոնիսոս աստծուն և փառքի կհասնես»: Մովկիմոսն ասաց. «Անթիպատո՛ս, ասացի, որ զոհ չեմ մատուցում խուլերին, կույրերին և համրերին, որ կորցնում են բանական մարդկանց հոգիները: Եվ դու պետք է իմանաս` որին դու աստված ես կոչում, աստված չէ, այլ կռած է ու քանդակած»: Լավոդիկոսն ասաց. «Ա՛յ չարագլուխ, մի՞թե քանդակած են նրանք, որ զորությամբ աստված են: Ի՞նչպես են նրանցում բնակվող զորությունները մեզնից ողջակեզներ ընդունում և մեզ կյանք շնորհում»: Մովկիմոսն ասաց. «Ո՛վ պայծառ և վայելուչ, կամենո՞ւմ ես, որ մտնեմ և իմ ողջակեզները մատուցեմ դիցարանին, և բոլորը տեսնեն Դիոնիսոսի զորությունը»: Լավոդիկոսն ասաց. «Մտի՛ր և զո՛հ մատուցիր մեծ աստված Դիոնիսոսին»:

Եվ երանելին, մտնելու հրամանն ստանալով, Քրիստոսի Նշանն արեց իր ճակատին և Հիսուսի զենքը հագավ ընդդեմ բանսարկուի, վազեց տաճարի ներսն ու այնտեղ կանգնեց Դիոնիսոսի պատկերի առջև և ասաց. «Աստված ամենակալ, որ ամեն ինչ Քրիստոսի փառքով ստեղծեցիր, որ Քո աստվածությունից հեռացածներին ամոթով թողեցիր և պարկեշտ երկյուղի պատվիրանովդ Քո ծառաներին բոցավառեցիր: [Դու], որ բաբելացիների անձայն և անշարժ կուռքերը փշրեցիր և Քո ճշմարտության և արդարության հաստատությունը Դանիելին ցույց տվեցիր, որ աստվածազգյաց փառքերով օտարին և քրիստոսատյացին ջնջեցիր, որ երեք մանուկների մոտ բարձրացած բոցը ցրեցիր (Դան. Գ.), որ Փարավոնի և նրա ընտրյալների ալեկոծ և տոչորյալ սրտմտությունն անդունդն ընկղմեցիր և խայտառակող բռնությունը խափանեցիր` Արդարի (Մովսեսի) ձայնը լսելով (Ելք ԺԴ.): Դու, որ վեմից աղբյուր բխեցրիր և Քո ժողովրդին, որ Քեզ ճանաչում էր, կյանք շնորհեցիր (Ելք ԺԷ. 1-7): Քեզ, որ Եսդ ես` առաջ քան հավիտյանը, հանուն մեր Տեր Հիսուս Քրիստոս Թագավորի փառքերի, աղաչում և պաղատում եմ, լսի՛ր և ինձ օգնության հասի՛ր և հայտնվիր ճշմարտությունը սուտ համարողներին, որովհետև Դու ես, որ հավիտյան կաս և մնում ես: Քո միջոցով ծագեց չմարող լույսը և դևերի ու պիղծ կուռքերի մոլորությունը վերացավ»: Եվ այս ասելով` բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Բարձունքներում բնակվող ահավոր և փառավոր Աստծու անունով եմ քեզ դիմում, անպտո՛ւղ կույր և անկար խուլ, անշարժ Դիոնիսոս, մեհյանումդ գետին տապալվի՛ր, որովհետև անմիտների ծածուկ մոլորությունից և գայթակղությունից ես այստեղ»: Եվ նույն պահին մեծ որոտ եղավ և Դիոնիսոսն ընկնելով` կտորկտոր եղավ ինչպես փոշի, այնքան որ բոլոր տեսնողները փախան և զարմացան եղածից: Եվ երանելի Մովկիմոսն ասաց Լավոդիկոսին.

«Տեսա՞ր մոլորությունդ, որով բռի մահվան էիր ուղարկում անմեղներին: Այժմ իջիր և հավաքիր դրա փշուրները և իմացիր, թե ինչպիսի չարիքներով եք մոլորվել»:

Այնժամ Լավոդիկոսը, զայրանալով Դիոնիսոսի պատկերի հետ կատարվածից, հրամայեց բորբոքված հնոցի մեջ գցել [երանելիին]: Եվ երբ սրբին հնոցը նետեցին, տեսավ, որ ինքը չորրորդն է [այնտեղ], իսկ մյուսների [դեմքերն] արեգակի ճառագայթների պես են, պայծառ, քան բոցը [հնոցի]:

Եվ բերանը բացեց երանելին ու ասաց. «Փա՜ռք Քեզ, Աստվա՛ծ, փա՜ռք Քեզ, հավիտենակա՛ն Թագավոր, փա՜ռք Քեզ, անապակա՛ն լուսավորությունը տարածող, փա՜ռք Քեզ, օրհնյա՛լ պայծառություն: Գոհանում եմ Քեզնից, մե՛ր հայրերի Աստված, որովհետև ամեն ինչ հնազանդվում է Քո խոսքին: Օրհնյա՜լ ես, մե՛ր հայրերի Տեր Աստված, որ երկրպագվում ես Քո երկնային զորքերի կողմից, գովաբանվում, օրհնվում և փառավորվում ես բերանով Քո հրեշտակապետների, որ այստեղ` հնոցում ինձ հետ են: Ցրի՛ր, Տե՛ր, այս հրի բոցը, և ցույց տո՛ւր Քո փառքերը և այրի՛ր նրանց, որ անխելքությամբ անթիպատոսի հետ են և վրաս թափեցին այս դառն ու անիրավ սպառնալիքները. թո՛ղ բոլորը հասկանան, որ միայն Դու ես Աստված ճշմարիտ. հավիտյանս. ամեն»:

Եվ, անթիպատոսի կողմն [անցնելով], հուրն անմիջապես այրեց նրան իր պիղծ ընկերներով և Դիոնիսոսի սպասավորներով հանդերձ, [թվով ինը հոգու], այնպես, որ անգամ նրանց մարմինները չկարողացան հավաքել, որովհետև Աստծու զայրույթով կործանվեցին: Եվ երբ այսպես եղավ, բոլորը սարսափեցին, իսկ երանելի Մովկիմոսը ելավ հնոցից [անվնաս], որովհետև հուրը ոչինչ չէր արել: Բայց անթիպատոսի Թաղիոս անունով մի ոմն զորագլուխ երանելիին բանտ նետեց: Եվ երբ քսանվեց օր անցավ, նախորդի փոխարեն նոր անթիպատոս եկավ` [Մաքսիմիանոս անվանյալ]: Եվ, զինվորներից լսելով Մովկիմոսի քաջության մասին` անթիպատոսը խիստ զայրացավ և առաջին օրն իսկ խորհուրդի նստեց պիղծերի հետ, թե ինչ եղանակով արդարին կործանեն: Իսկ երանելի Մովկիմոսը բանտում օրհնում և փառավորում էր Աստծուն: Իսկ երրորդ օրը եկավ անթիպատոսը և կամեցավ նրան կործանել, նստեց Փորոս կոչվող բարձր տեղում և հրամայեց բերել Մովկիմոսին: Եվ անթիպատոսն ասաց նրան. «Ասա՛ ինձ, ի՞նչ է քո անունը»: Երանելին ասաց նրան. «Անվանս մասին ես հարցնում. լսի՛ր, անթիպատո՛ս. իմ պատվական հայր Եփրատեսը և իմաստությամբ գովելի Եվստաթիա մայրն ինձ ընծայեցին Քրիստոսին և ինձ Մովկիմոս կոչեցին, և աճելով` սնվեցի նրանց կողմից որպես ճշմարտության որդի»: Այս լսելով` անթիպատոսն ասաց. «Ի՞նչ ազգից ես, կամ ի՞նչ կյանքով ես ապրում»: Մովկիմոսն ասաց. «Հայրս զինվորական էր և վախճանվեց մեծն Հռովմում, իսկ մայրն իմ Ղեմպ (Լամպ-Լամպադեոս) անթիպատոսի և Ոսկղարայի դուստրն էր»: Անթիպատոսն ասաց. «Իսկ որ այդպիսի ազգից ես, ինչո՞ւ հարձակվելով փշրեցիր քաջ Դիոնիսոսին և ինքնակալ թագավորի սիրելիին հրի մատնեցիր և ողջակեզներ մատուցելու օրենքը խախտեցիր»: Մովկիմոսն ասաց. «Ես, ո՛վ անթիպատոս, կարծեմ թե աստծու չփշրեցի, ոչ էլ ինքնակալի սիրելիին հրով այրեցի, և ոչ պարկեշտ ողջակիզությունը խախտեցի, այլ մեծ Աստծու երկյուղով երկինք նայելով` խուլ և քանդակած կուռքերը` սատանայի բնակությունը խորտակեցի, և հրի մատնեցի բանսարկուի սիրելիին և արդարության թշնամուն, վանեցի և ծաղրի ենթարկեցի մարդասպանին [մատուցվող] ողջակեզները և բարին ատողի ծոցը պարկեշտ աղոթքով ունայն երևացրի` ամբողջ սրտով վկայությամբ մնալով խոստովանությանս»:

Մաքսիմիանոսն ասաց. «Այդքան չարաբարո լինելով` քեզ քաջագո՞րծ ես կարծում»: Մովկիմոսն ասաց. «Առ Աստված ունեցած երկյուղիցս է, որ ձեր կուռքերը կործանելիս քաջ էի»: Մաքսիմիանոսն ասաց. «Մոռացի՛ր բազում հիմարություններդ և զո՛հ մատուցիր Ապողոնին, որ չարաչար չկորչես»: Մովկիմոսն
ասաց. «Ո՛վ անթիպատոս, չարաչար կմահանամ, եթե մոռանամ Տիրոջ բարերարությունն ու օգնականությունը ճշմարտի Աստծու, և եթե մերձենամ դրանց, որ ո՛չ կան, և ո՛չ եղել են երբևէ»: Մաքսիմիանոսն ասաց. «Թեպետ քո մոլագարությամբ անզգամաբար փշրեցիր մեծ աստված Դիոնիսոսին և նրա համբերելու շնորհիվ թողություն գտար, բայց դիցապաշտ մարդու մտքի գալով` զո՛հ մատուցիր Ապողոնին»: Մովկիմոսն ասաց. «Ո՛վ անթիպատոս, մոլեգնակից մի՛ լինիր բանսարկուին և մի՛ հիշիր չարամտությունը Լավոդիկոսի, որ Աստծու զորությամբ կործանվեց` բարկացնելու համար, այլ հիշի՛ր և նայի՛ր Աստծու օգնականությանը, որ հետս կատարվեց, և փախիր պատուհասից, որպեսզի դու ևս չարաչար պատուհասով չհեռանաս այս կյանքից»:

Իսկ Մաքսիմիանոսն, այս լսելով, ամբարտավան մտքով չերկյուղեց Աստծուց: Հրամայեց երանելիին կապել երկու անիվներից, որ դրանց պտտվելուց մարմնի անդամները հաշմվեն: Եվ չարչարանքի ժամանակ սուրբն ասում էր. «Քո [պատճառած] տանջանքները և չարախորհրդությունդ իմ հոգին փրկագործում են առ Աստված: Ինչո՞ւ չես շտապում փափագս կատարել և քո հայր սատանայի կամքը կատարել. ինձ համար կյանք է [առ] Քրիստոս [գնալը], և օգուտ` այս խոստովանությամբ մեռնելը»: Անիվների պտտվելուց ջախջախվում էին սրբի մարմնի մասերը, սակայն տանջանքը չէր ազդում նրա վրա, [չնայած] արյունը մարմնից հոսում էր սռնիների վրա և անիվներն ի վար թափվում: Վերջապես մեծ իմաստունը բացեց բերանն ու ասաց. «[Դո՛ւ], որ պարկեշտ գիտության տվողն ես, օգնակա՛ն Աստված, ապավեն և փրկող. գոհանում եմ Քեզնից, որովհետև ինձ` անարժանիս, արժանի դարձրեցիր ընդունելու հանդեսը բանսարկուի դեմ, որովհետև Դու ես Աստվածը, որ կործանում ես նրա մտքերը: Թո՛ղ չտիրեն ինձ աղտեղի խորհուրդները, որ Դու չսիրեցիր, որովհետև մեծ է Քո անունը Քո երկյուղածների վրա»: Եվ անիվներն անմիջապես կործանվեցին, և արդարն իջավ: Եվ բոլորը տեսան նրան, իսկ Մաքսիմիանոսը տրտմեց, որովհետև երանելին իրեն ևս պարտության մատնեց:[Եվ Մաքսիմիանոսը] նրան բանտարկեց, սակայն երանելի Մովկիմոսը բանտում փառավորում էր Աստծուն:

Երեք օր անց [Մաքսիմիանոսը] հրամայեց, որ նրան վայրի գազանների մոտ գցեն: Եվ երբ ամբողջ բազմությունը անթիպատոսի հետ մեկտեղ հավաքվեց թատրոնում, Մաքսիմիանոսը հրամայեց ելնել ասպարեզ: Եվ Քրիստոսի զինվորը ասպարեզ մտավ: Եվ նրան անվնաս [և անսպի] և զվարթերես տեսնելով` բոլորը զարմանում էին և ասում նրա մասին. «Սա չէ՞ր, որ տանջանքների էր մատնված»: Երբ ողջ բազմությունը հավաքվեց, գազաններ վարժեցնողը բարձրացրեց վանդակի մի դուռը, և դուրս եկավ մի ահարկու և մեծ մատակ առյուծ և գնալով ընկավ երանելիի ոտքերի առջև ու լիզում էր նրա ոտքերը: Մի ժամ անցավ, և մատակ առյուծը տեղում էր մնում, իսկ այնուհետև երանելիի գիրկն ընկավ և լիզում էր նրա քրտինքը: Դուրս եկան երկու գազանաբույծները և աշխատում էին այնպես անել, որ առյուծը նորից մտնի իր վանդակը, իսկ առյուծն ընթանալով` հոշոտեց նրանցից մեկին և դարձավ սրբի մոտ, համբուրեց նրան և նոր միայն մտավ վանդակը: Այնուհետև բացվեց մյուս գազանների վանդակը, և դուրս եկավ մի առյուծ, որ երեք օր չէր կերել: Եվ գնալով` երանելի Մովկիմոսի գիրկն ընկավ և պոչն էր թափահարում, ասես ողորմություն խնդրելով նրանից, և համբուրելով սրբի մարմինը` այսուայնկողմ էր շրջում գլուխը` նայելով բազմությանը: Իսկ բազմությունն աղաղակում էր, ասելով. «Բա՛ց թող արդարին` երանելի Մովկիմոսին, որին [անգամ] գազաններն են սիրում, իսկ Աստված ողորմում է նրան բարեպաշտության համար»: Եվ մինչ ամբոխն աղմկում էր, առյուծն ընկավ երանելիի ոտքերի մոտ և սկսեց թավալվել:

Մաքսիմիանոսը, ամբոխի ձայնը լսելով, հրամայեց սրբին առաքել Թրակացիների Պերինթ [քաղաքը, որ այժմ կոչվում է] Հերակլե` Փիլիպպոս եպարքոսի մոտ: Եվ [թուղթ] գրեց երանելիի մասին: Երբ սրբին տարան Հերակլե և ութ օր պահեցին բանտում, եպարքոսը հրամայեց տանել [նրան] Բյուզանդիոն և այնտեղ հարցաքննել: Եվ Բյուզանդիոն տանելով` նրան կանգնեցրին խորհրդի դատավորների առջև: Եվ [Մովկիմոսը] պատմեց այն ամենն, ինչ արել էր Հիսուս Քրիստոսի անունով, նաև պատմեց` ինչ որ եղել էր անթիպատոսի հետ: Եվ դատավորները հարցնում էին, իսկ երանելին պատմում էր Աստծու սքանչելիքները: Եվ երբ այս ամենը պատմեց, վճիռ կայացրեցին, որ սրով հատեն նրա գլուխը: Եվ երբ արդեն պիտի ընդուներ մարտիրոսական վախճանը, բարձրացրեց ձեռքերը, սկսեց աղոթել և ասաց.

«Հավատացյալների լո՛ւյս Աստված, օրհնյալ Տե՛ր… [Դու], որ հավիտյանը հաստատեցիր, որ փառավորվում ես սրբերի կողմից և հրեշտակների Տերն ես: Մի թաքցրո՛ւ Քո խորհուրդը սրբերից և ընդունի՛ր ինձ խաղաղությամբ, որովհետև Քեզ վայել է փառք. հավիտյանս. ամեն»: Եվ երբ այս ասաց, երանելիի գլուխը սրով հատեցին, և վախճանվեց սուրբ Մովկիմոսը` Քրիստոսի քաջ նահատակը: Եվ անմիջապես ձայն եղավ երկնքից, որ ասաց. «Ուրա՛խ եղիր, բարեհա՛ղթ Մովկիմոս, Քրիստոսի նահատակ, որովհետև հաղթեցիր բանսարկուին և նրա զորությունը ոտնակոխ արեցիր:

Համարձակ ե՛կ և մտի՛ր երկնային արքայությունը և ուրախ եղի՛ր [երկնավոր Փեսայի մյուս] հարսների հետ, որ երկրի վրա էին, իսկ այժմ վայելում են արքայության մեջ»: Եվ երբ լսվեց ձայնն այս, Քրիստոսի վկան ընդունեց վերին կոչման հաղթական պսակը, և մարտիրոսվեց երանելի Մովկիմոսը մայիս ամսի տասնմեկին: Նրա վայելուչ և սուրբ նշխարները թաղեցին Փիլիպպոս, Դաղմասիոս և Կյուրակոս եպիսկոպոսները` մյուս եպիսկոպոսներով հանդերձ, շնորհիվ մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ երանելի Մովկիմոսին պսակեց ամենայն քրիստոսասերների պես: [Մենք ևս] խնդությամբ կատարում ենք երանելի Մովկիմոսի հիշատակը, որ նրա բարեխոսությամբ մեզ ևս ողորմի սուրբ Երրորդությունը, որին փառք և պատիվ և զորություն. հավիտյանս. ամեն: