Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, իմաստութիւնն աւելի գեղեցիկ է, քան արեգակը եւ բոլոր աստղաբոյլերը, իսկ լոյսի հետ համեմատած՝ առաւել է նրանից» (Իմաստ. Սողոմոնի 7:29)

Հայր Էրմես Մ. Ռոնքի․ «Մեծությունը չափվում է սրտով»

Աստվածաշնչյան ընթերցումներ

Եսայի 66, 10-14

Ուրախացի՜ր, Երուսաղեմ, և դուք էլ հավաքվեցեք, որպեսզի ցնծաք նրա մեջ. ամենքդ էլ, որ սիրում եք նրան և սուգ եք մտել նրա համար, խնդացե՜ք և ուրախացե՜ք միասին։ Պիտի սնվեք ու հագենաք նրա մխիթարող ստինքներից և կուշտ ու պինդ վայելք պիտի առնեք նրա գալիք փառքից։ Այսպես է ասում Տերը. «Ահա ես դեպի նրանց պիտի դարձնեմ խաղաղությունը՝ ինչպես գետ և հեթանոսների փառքը՝ ինչպես հորդահոս հեղեղ. իրենց ուսերին առած՝ նրանք պիտի բերեն դրանց մանուկներին և, իրենց ծնկներին դրած, պիտի գգվեն նրանց։ Ինչպես որ մայրն է գգվում իր մանկանը, այնպես էլ ես պիտի գգվեմ ձեզ, և դուք պիտի մխիթարվեք Երուսաղեմում։ Պիտի տեսնեք, ու պիտի խնդան ձեր սրտերը, ձեր ոսկորները դալար խոտի պես պիտի խայտան»։ Տիրոջ ձեռքը պիտի հայտնվի իր բարեպաշտներին և սպառնա անհավատներին։

Պողոս Առաքյալի Նամակը Գաղատացիներին 6, 14-18

Ինչ վերաբերվում է ինձ, մինչդեռ, թող որ ա՛յլ պարծանք չունենամ ես, քան միայն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչը, որի միջոցով աշխարհն իմ համար խաչվել է, ինչպես որ ես՝ աշխարհի համար։ Արդարև, ո՛չ թլփատությունը կարևորություն ունի, ո՛չ էլ՝ անթլփատությունը, այլ՝ նոր արարած լինելը։ Եվ բոլոր նրանց վրա, ովքեր կհետևեն այս կանոնին, թող որ խաղաղություն և ողորմություն լինի, ինչպես Աստծո ողջ Իսրայելի վրա։ Այսուհետ, թող ոչ ոք ինձ չտաղտկացնի. ես իմ մարմնի մեջ ստուգապես կրում եմ Հիսուսի սպիերը։

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը թող ձեր հոգու հետ լինի, եղբայրներ։ Ամեն։

Ղուկաս 10, 1-12.17-20

Այնուհետև Տերը նշանակեց ուրիշ յոթանասուներկու հոգի ևս և նրանց իրենից առաջ երկու-երկու ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր ինքը գնալու էր։ Եվ նրանց ասաց. «Հունձքը առատ է, իսկ մշակները՝ սակավ։ Արդ, խնդրեցեք հունձքի տիրոջը, որ մշակներ ուղարկի իր հունձքի համար։ Գնացեք, ահա ուղարկում եմ ձեզ իբրև գառներ գայլերի մեջ։ Մի՛ վերցրեք ո՛չ քսակ, ո՛չ մախաղ, ո՛չ կոշիկներ և ճանապարհին ոչ ոքի ողջույն մի՛ տվեք։ Որ տունը մտնեք, նախ ասացեք. «Խաղաղությո՜ւն այս տանը». եթե այնտեղ կա խաղաղասեր մարդ, ձեր խաղաղությունը նրա վրա կհանգչի. ապա թե ոչ՝ ձեզ կվերադառնա։ Նույն տանը գիշերեցեք, կերեք և խմեցեք նրանց ունեցածից, որովհետև մշակն արժանի է իր վարձին. տնից տուն մի՛ տեղափոխվեք։ Ո՛ր քաղաքը որ մտնեք և ձեզ ընդունեն, կերեք, ինչ որ ձեր առաջ դնեն։ Եվ բժշկեցեք դրա մեջ եղած հիվանդներին և նրանց ասացեք. «Մոտեցել է ձեզ Աստծո արքայությունը»։ Իսկ ո՛ր քաղաքը որ մտնեք և ձեզ չընդունեն, երբ դուրս գաք նրա հրապարակները, ասացեք. «Ձեր քաղաքից մեր ոտքերին կպած փոշին անգամ թոթափում ենք ձեր վրա. բայց իմացեք, որ մոտեցել է Աստծո արքայությունը»։ Ասում եմ ձեզ, որ սոդոմացիների համար դատաստանի օրն ավելի տանելի պիտի լինի, քան այն քաղաքի համար»։ [...] Յոթանասուներկուսը վերադարձան խնդությամբ և ասացին. «Տեր, դևերն էլ են մեզ հնազանդվում քո անունով»։ Եվ նրանց ասաց. «Տեսնում էի սատանային երկնքից ընկնելիս, ինչպես փայլակը։ Ահա ձեզ իշխանություն տվեցի կոխելու օձերի, կարիճների և թշնամու ամբողջ զորության վրա։ Եվ ձեզ բոլորովին չեն վնասելու։ Բայց մի՛ ուրախացեք այն բանի համար, որ դևերը ձեզ հնազանդվում են, այլ՝ ուրախացեք, որ ձեր անունները գրված են երկնքում»։

Խորհրդածություն

Մեկնում են աշակերտները, երկու-երկու, և ո՛չ թե՝ մեկ-մեկ։ Եվ առաջին խոսքը, որ տանում են, նրանց հաղորդության այս ժեստն է, միայնության դեմ տոնված այս հաղթանակը։

Մեկնում են, զորացած՝ միայն մի ընկերոջով ու մի խոսքով։ Կարևոր է այս երկու-երկու մեկնելը, մի ընկեր ունենալը, որի սրտի վրա մարդ կարող է հանգստանալ. գոնե մի ընկեր, որը կերաշխավորի քեզ, որի մեջ կփնտրես ակնհայտությունը, որ դու գոյություն ունես, որ դու սիրված ես, որ ընդունակ ես ճշմարիտ հարաբերությունների։

Երկու-երկու, որովհետև եթե միայնակ է, մարդը հակված է կասկածելու մինչև իսկ իր սեփական անձին։ Առաջին ավետիսը կայանում է հաղորդության մի իրադարձության մեջ. «Մենք չենք հասնի նպատակակետին, / առանձին-առանձին, այլ՝ երկու-երկու։ / Եթե մենք սիրենք միմյանց, / երկու-երկու, / մենք բոլորս կսիրենք միմյանց։ / Եվ որդիները կծիծաղեն / այն սև առասպելի վրա, / ուր մարդը լալիս էր / միայնության մատնված» (Փոլ Էդուարդ)։

Մեկնում են, զորացած՝ մի խոսքով. «Աստված մոտ է»։ Գնում են առանց հաց, առանց կոշիկ, առանց փող, առանց ավելորդ բաների։ Առանց ապրանքների։ Պարզապես իբրև մարդիկ։ Եվ դա մի ճամփորդություն է դեպի էական մարդը, ազատված՝ ավելորդ ամեն ինչից, դեպի սկզբնական և մերկ մարդը, արարչագործության սկզբի մերկ մարդը։ Այնքան ավելի մոտիկ կլինես Աստծուն, որքան ավելի կընկղմվես քո մարդ էության մեջ, ազատ՝ որևէ դերից ու մակդիրներից, մերկ՝ քո մերկ մարդկության ճանաչման և ընդունման մեջ։

Ավետողի համար միակ կարևոր բանը անսահմանորեն փոքր լինելն է։ Միայն այդ ժամանակ է, որ իր տված ավետիսը կարող է անսահմանորեն մեծ լինել։

Առաքյալն աշխարհին թվում է մի խռովարար՝ այն պարզ պատճառով, որ մարդկային վիճակին մոտենում է արմատից, այն լուսավոր արմատից, որը հացից առաջ է, փողից առաջ, վերարկուից առաջ. այն արմատը, որ Աստծո պատկերն է։

Եվ ահա՛ թե ինչու են նրանք հալածվելու. որովհետև փլուզվել են տալիս մի ամբողջ արժեհամակարգ, որ կառուցված է ավելորդի վրա, երևալու վրա, մրցակցության վրա, փողի վրա, հագուստի վրա։ Որովհետև մարդու արժեքը չի համապատասխանում իր ունեցած իրերի ու ապրանքների քանակին, այլ՝ իր ունեցած գաղափարականների որակին։ Նույնիսկ իր խելացիության աստիճանին չի համապատասխանում, այլ՝ իր սրտի մեծությանը։

«Ավետեք խաղաղություն և մի արքայություն, որ մոտիկ է»։ Խաղաղությունն էլ է ավետվում երկու-երկու, որովհետև խաղաղությունն անհնարին է ապրել միայնակ։ Խաղաղությունը հարաբերություն է, պահանջում է գոնե մեկ ուրիշի ներկայությունը, բազմաթիվ մեկ ուրիշների ներկայությունը՝ ճշմարիտ լինելու համար։ «Իսկ եթե չեն ընդունում խաղաղությունը, թոթափեցեք փոշին և դեպի մեկ ա՛յլ գյուղ ուղղվեցեք», որովհետև միշտ կա մի ա՛յլ երկիր, մի ա՛յլ տուն, մի ա՛յլ սիրտ, որ խաղաղություն է սպասում։

Գնում են յոթանասուներկուսը, հարուստ՝ աղքատության սրբարանով միայն, և ասում են. «Քո մարդկային բնության խորքում, այն կետում, որը քեզ ավելի սերտ է ու մտերիմ, քան ինքդ քեզ, քո տաժանակրության մեջ քո հետ խաչված, և ապա սրինգ՝ քո պարի համար, Աստված մոտիկ է։ Նրանց բարի լուրը սա է. «Աստված մեր հետ է, սիրո՛վ»։ Այս մաղթանքը, ողջ սրտով, յուրաքանչյուրին. «Թող որ Աստված քո հետ լինի, սիրո՛վ»։

Հատված Հայր Էրմես Մ. Ռոնքիի «Շնչել Քրիստոսին» (« Respirare Cristo ») գրքից
Աղբյուր՝ Mashtoz.org