Այսպէս է ասում Տէրը. «Եւ կամ ի՞նչ միաբանութիւն Քրիստոսի եւ Բելիարի միջեւ. կամ ի՞նչ առնչութիւն ունի հաւատացեալը անհաւատի հետ. կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծու տաճարը մեհեանների հետ։ Արդարեւ, կենդանի Աստծու տաճար էք դուք» (Կորնթացիներ 6:16)

Արտեմի Այվազյան

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, թավջութակահար Արտեմի Այվազյանը հայ ազգային էստրադային երաժշտության հիմնադիրներից է, կազմակերպել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը:

Արտեմի Այվազյանը 1923 թ-ին ավարտել է Թիֆլիսի, 1932 թ-ին՝ Մոսկվայի կոնսերվատորիաները: Երևանում նա կոմպոզիցիայի դասեր է առել Ալեքսանդր Սպենդիարյանից: Եղել է նորաբաց կոնսերվատորիայի թավջութակի առաջին դասատուն: 1938–56 թթ-ին՝ Հայաստանի պետական էստրադային նվագախմբի, 1943-45 թթ-ին (միաժամանակ) Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր: 

Այվազյանը յուրովի է համադրել էստրադային երաժշտության բնորոշ գծերը և հայ ժողովրդական մեղեդիների ռիթմն ու հնչերանգները: Ժողովրդականություն են վայելում նրա «Հայաստան», «Ջան Երևան», «Հայրենիք», «Կարինե», «Գյուլնարա», «Քարավան» և այլ երգեր:

Այվազյանի «Թափառնիկոս», «Պարոն Մինթոևը Փարիզում» կոմիկական օպերաները բեմադրվել են Երևանի օպերայի և բալետի թատրոնում, իսկ «Ատամնաբույժն արևելյան», «Աշուղ Մուրադ», «Երջանիկ օր», «Սեր աստղերի տակ» օպերետները՝ երաժշտական կոմեդիայի թատրոնում: Այվազյանը հեղինակ է նաև մի շարք սիմֆոնիկ ստեղծագործությունների՝ սյուիտների, կոնցերտների, 2 կվարտետի և այլն: Գրել է կինոերաժշտություն «Ձյունե թագուհին» (1957 թ., Սոյուզմուլտֆիլմ կինոստուդիա, Վենետիկի կինոփառատոնի 1-ին մրցանակ), «Մոր սիրտը» (1957 թ.), «Ինչու՞ է աղմկում գետը» (1958 թ., երկուսն էլ՝ գեղարվեստական), «Պոեմ Հայաստանի մասին» (1960 թ., վավերաֆիլմ) և այլ կինոնկարների համար:

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի