Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, իմաստութիւնն աւելի գեղեցիկ է, քան արեգակը եւ բոլոր աստղաբոյլերը, իսկ լոյսի հետ համեմատած՝ առաւել է նրանից» (Իմաստ. Սողոմոնի 7:29)

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի․ «Մեզ տրված միակ ճշմարիտ շքեղությունը մարդկային հարաբերությունների շքեղությունն է»

Գուցե մարդկանց միավորելու մեջ է ցանկացած արհեստի մեծությունը. մեզ տրված միակ ճշմարիտ շքեղությունը մարդկային հարաբերությունների շքեղությունն է։ Աշխատելով բացառապես հանուն նյութական բարիքների՝ մենք մեր ձեռքով սեփական զնդանն ենք կառուցում։ Մեկուսանում ենք մենության մեջ՝ հետներս վերցրած մեր մոխրացող մանրադրամը, որով չենք կարող գնել ոչ մի բան, հանուն որի արժե ապրել։

Եթե հիշողությանս խորքերում սկսեմ այնպիսի հուշեր փնտրել, որ տևական հետք են թողել, եթե ի մի բերեմ այն ժամերը, որ կարևոր են եղել իմ կյանքում, անկասկած միտս կգան այն պահերը, որ ոչ մի կարողությամբ չես գտնի։

Բարեկամությունը փողով չես գնի, չես գնի նվիրվածությունն այն ընկերոջ, որի հետ մեկընդմիշտ կապված ես համատեղ փորձությունների հիշողությամբ:

Փողով չես գնի թռիչքի աստղազարդ գիշերը, անդորրը, մի քանի ժամ տևող գերագույն ազատությունը:

Փողով չես գնի աշխարհի նորածին դեմքը, որ հաջորդում է դժվարին թռիչքին, փողով չես գնի ծառերը, ծաղիկները, կանանց, ժպիտները, որ այգաբացին մեզ վերադարձված կյանքը ներկել է թարմ գույներով, փողով չես գնի աննշան երևույթների այդ համերգը, որ պարգևում են մեզ: