Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, իմաստութիւնն աւելի գեղեցիկ է, քան արեգակը եւ բոլոր աստղաբոյլերը, իսկ լոյսի հետ համեմատած՝ առաւել է նրանից» (Իմաստ. Սողոմոնի 7:29)

«Արդարի հոգին լույսի նման է ու արևի պես փայլում է»

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ ՀՐԵՇՏԱԿԻՆ

Սուրբ Գրիգորն իր որդուն՝ Արիստակեսին, իրեն փոխանորդ նշանակելուց հետո, գնում է լեռները։ Մի օր խնդրում է Աստծուն, որ հրեշտակներից մեկին ուղարկի իր մոտ, որպեսզի իմանա, թե մահանալուց հետո արդարների և մեղավորների հոգիներն ո՞ւր են գնում և ի՞նչ ճանապարհ են անցնում, և ի՞նչ է պատահում նրանց այդ ճանապարհին։ Հրեշտակների հետ մերթ ընդ մերթ տեսնվելով, իր իմացածը պատմում էր Արիստակեսին, որը երբեմն իր մոտ էր գալիս։ Աստված ս. Գրիգորի խնդրանքն ընդունում է և մի հրեշտակ է ուղարկում: Հրեշտակը գալով` ասում է.

- Աստված ինձ ուղարկեց, որպեսզի քո բոլոր հարցերին պատասխանեմ, ինչ ուզում ես, հարցրու։

- Ով ս. հրեշտակ,- ասում է ս. Գրիգորը, - երբ մարդու հոգին մարմնից դուրս է գալիս, կարո՞ղ է ամեն բան որոշել և իմանալ:

ՀՐԵՇՏԱԿ- Այո՜, կարող է ճանաչել և գիտե` ինչ որ իրեն է վերաբերում, ինչ պիտի լինի` անմիջապես հասկանում է. եթե արդար է, փառքի պիտի արժանանա, իսկ եթե մեղավոր է, չարչարանքներ պիտի կրի:

Ս. ԳՐԻԳՈՐ- Ի՞նչ է հոգին։

ՀՐԵՇՏԱԿ- Արդարի հոգին լույսի նման է ու արևի պես փայլում է, ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Մեր արտաքին մարդը ապականվում է, բայց մեր ներքին մարդը նորոգվում է օրըստօրէ» (Բ. Կորնթ. 4.16)։
Սա մարմնի և հոգու մասին է։ Իսկ մեղավորի հոգին խավարի պես մշուշ է ու մեղքով սևացած։

Ս. ԳՐԻԳՈՐ- Մեղավորի հոգին ինչպե՞ս եք առնում։

ՀՐԵՇՏԱԿ- Մեղավորի հոգին առնելու համար շատ բարկությամբ ենք գալիս ու հրեղեն սրով ենք երևում նրան։ Մեզ տեսնելուն պես` վախից լեզուն բռնվում է, աչքերը փակվում են, գլուխը թաքցնում է, երեսը դարձնում է, ուզում է փախչել, բայց չի կարող, որովհետև բոլոր կողմերից ենք տեսնվում։ Այն ժամանակ, հոգու աչքերը բացվելով, նա գնալիք մութ ճանապարհները և քաշելիք չարչարանքները բացահայտ է տեսնում։ Իր շուրջը եղող ազգականներին, զավակներին և բարեկամներին է նայում. աղաչում է, գոռում, որ իրեն ազատեն, բայց նրանք չեն լսում, որովհետև լեզուն կապված է։ Ինքը կարծում է, թե ձայնը դուրս է գալիս, բայց ոչ ձայնն է ելնում, ոչ էլ խոսքերն են հասկացվում։

Ս. ԳՐԻԳՈՐ- Հոգին հրեշտա՞կն է առնում, թե՞ ինքն իրեն է անջատվում։

ՀՐԵՇՏԱԿ- Հոգին մարմնի ցավից անջատվում է, և հրեշտակն առնում- տանում է։

Ս. ԳՐԻԳՈՐ- Մեղավորի հոգին ինչի՞ է նման։

ՀՐԵՇՏԱԿ- Ինչպես ասացի, մեղքերի մեջ թաղված, կեղտոտ և խավար մի բան է, այնպիսի վատ հոտ ունի, որ հնարավոր չէ մոտենալ։

Ս. ԳՐԻԳՈՐ- Իսկ արդարի հոգին ինչպե՞ս եք առնում։

ՀՐԵՇՏԱԿ- Երբ գալիս ենք արդարի հոգին առնելու, կարծես իրեն հարսանիքի ենք հրավիրում։ Երբ մեզ տեսնում է, հոգով-մարմնով ուրախանում է, որովհետև գիտի, որ այս անցավոր աշխարհի ցավ ու կսկիծներից դրախտի անհուն ուրախություն և հանգստություն պիտի տանենք։ «Մարդկանց միջից հրեշտակների մեջ պիտի գնամ ասելով» ուրախանում է, այն ժամանակ արդարի հոգին առնում ենք և մեծ պատվով տանում երկինք։

Երկնքում առաջին աստիճանին դևեր են գալիս, բայց արդարների հոգիներն արևի պես փայլում են, որից դևերի աչքերը շլանում են և չեն կարողանում նայել։ Միայն տեսնում են, որ արդարի բերանը շարունակ աստվածավայել խոսքեր է ասել, միշտ ողորմություն է արել, եկեղեցի գնալով՝ քահանային խոստովանել։ Սուրբ Հաղորդությունն այդ հոգու վրա մատանու ադամանդի պես է երևում, որից դևերը մնում են ապշած ու չեն կարողանում մոտենալ նրան։
Երկրորդ աստիճանը շատ մութ է, բայց արդարի հոգին արևի պես փայլում է և իր ճանապարհը լուսավորում։ Իսկ մեղավորի համար ամեն ինչ խավար է։

Երրորդ աստիճանը շատ ցուրտ է, բայց արդարի հոգին Քրիստոսի սիրուց այնքան է ջերմացել, որ ցուրտ չի զգում։
Չորրորդ աստիճանը տաք է, բայց արդարի հոգին զով է։

Հինգերորդ աստիճանը նեղ ճանապարհներից է բաղկացած, որոնց նմանը չկա, բայց արդարի ճանապարհը լայն է։
Վեցերորդ աստիճանն արևից ավելի պայծառ, լուսեղեն կամարներ են, որոնցով արդարի հոգին զմայլվում է։

Յոթերորդ աստիճանը հրեշտակների կարգն է։ Երբ արդարի հոգին տեսնում են, ուրախանում են։ Իսկ երբ մեղավորի հոգին են տեսնում, տրտմում են։
ՈՒթերորդ աստիճանը Տերություններն ու Զորություններն են, որ արդարին տեսնելով ու սաղմոսներ երգելով` նրան դիմավորում են փառաբանելով։

Վերջապես արդարի հոգին կանգնում և երկրպագում է Երկնավոր Թագավորին։ Սուրբ Ձայնն ասում է. «Բարի՛ եկար, սիրելի՛ որդիս, աշխարհի մեջ չարչարվեցի՜ր, հիմա հանգիստդ մտիր։ Եվ հրեշտակներն անտեսանելի լուսեղեն պատմուճաններ բերելով` հագցնում են նրան և տանում մյուս արդարների մոտ։

Ս. ԳՐԻԳՈՐ- Մեղավորի հոգին ո՞ւր է գնում։

ՀՐԵՇՏԱԿ- Առաջին աստիճանում իրեն անթիվ դևեր են դիմավորում, ոմանք հարստության, ոմանք նախանձի, ոմանք բարկության և ուրիշներ` այլևայլ փորձություններ տալու։ Մեծ աղմուկ են հանում և ուզում են հրեշտակի ձեռքից հափշտակել այն։

Խեղճ հոգին շատ է չարչարվում, լալիս է, կանչում, բայց օգնություն չկա։ Դևերը չեն կարող հոգուն տիրել, որովհետև մինչև Դատաստանի օրն այդ արգելված է։

Երկրորդ աստիճանը խավարով է պատած։ Շատ չարչարվելուց հետո ցուրտ աստիճանին է հասնում, հետո տաք աստիճանում բավականին այրվելուց և ողբալուց հետո նեղ ճանապարհներ է մտնում, լուսեղեն աստիճանին է հասնում, բայց իր համար դա խավար է։ Հրեշտակների աստիճանն է ելնում, բայց հրեշտակները տրտմում են։ Ութերորդ աստիճանում Տերություններն ու Զորությունները փակում են ճանապարհը և տանող հրեշտակին հրամայում են, որ ետ դառնա և մյուս մեղավորների մոտ տանի և մինչև Քրիստոսի դատաստանի օրը այնտեղ պիտի մնա։ Դատաստանի օրը մարմինը, հոգու հետ միանալով, դժոխքի անշեջ կրակը պիտի նետվի, ուր հավիտյանս հավիտենից ՝պիտի չարչարվի, ինչպես Քրիստոս է ասել. «Եվ նրանք պիտի գնան դեպի հավիտենական տանջանք» (Մատթ. 26. 46)։

Ս. ԳՐԻԳՈՐ- Ի՞նչ է Աստված։

ՀՐԵՇՏԱԿ- Աստված Մեկ է և Սուրբ ու որևէ բանի չի նմանվում։ Նրան անկարելի է տեսնել, բայց արդարները և սուրբերը Դատաստանի օրը Նրա Սուրբ Երեսը պիտի տեսնեն։

Ս. ԳՐԻԳՈՐ- Երկինքը քանի՞ աստիճանից է բաղկացած, և հրեշտակները ո՞ր աստիճանում են գտնվում։

ՀՐԵՇՏԱԿ- Երկինքը բաղկացած է տասը աստիճաններից։ Հրեշտակները վերջին աստիճանում են գտնվում, որ լուսեղեն երկինք է ասվում։ Հրեշտակների տեղը ինը կարգ է. բոլորն էլ Սուրբ Երրորդությանն են փառաբանում։

Ս. ԳՐԻԳՈՐ- Աստծո փառքը և շնորհը աշխարհին և մարդկանց ինչպե՞ս է տրվում։

ՀՐԵՇՏԱԿ- Աստծո շնորհը նախ` հրեշտակներին է տրվում և հետո`մարդկանց։

Ս. ԳՐԻԳՈՐ- Ննջեցյալների հոգու համար ո՞րն է ավելի օգտակար` պա՞հքը, աղո՞թքը, թե՞ ողորմությունը։

ՀՐԵՇՏԱԿ- Աղոթքը և ողորմությունը ննջեցյալների համար են, իսկ պահքը` պահողի համար։ Եթե սուրբ պատարագ մատուցողն արդար է, այն օգտակար կլինի ննջեցյալների համար, իսկ մեղավորների համար որևէ բան օգուտ չունի։

Ս. ԳՐԻԳՈՐ.- Մի մեղավոր, եթե մեռնելուց առաջ խոստովանի, «մեղա՜» ասի և լացով սուրբ հաղորդություն ուզի, արժանի՞ է նրան տալ։

ՀՐԵՇՏԱԿ- Այո, արժանի է, որովհետև Աստված շատ ողորմած է, ինչպես Հիսուսն ասաց. «Նա, ով Մարմնովս և Արյունովս հաղորդվի, նա Ինձ հետ է, և Ես նրա հետ պիտի լինեմ»։ Բայց պետք է մեռնելուց առաջ հաղորդվել, որովհետև մարդ չգիտի, թե երբ պիտի մեռնի։ Եթե մեղավորի լեզուն կապվի և «մեղա» չասի, անպայման դժոխք կգնա, ինչպես որ Հիսուս զգուշացրեց. «Արթուն եղեք, որովհետև չգիտեք, թե տանտերը երբ կգա»:

Ս. ԳՐԻԳՈՐ- Ո՞ր մեղքն է ավելի մեծ, ինչը Դատաստանի օրը ամոթահար է թողնում մարդուն։

ՀՐԵՇՏԱԿ- Այն մեղքն է մեծ, որ մարդ փոքր համարելով` չի խոստովանում։

Ս. ԳՐԻԳՈՐ- Խոստովանությունը, ապաշխարությունը, լացն ու կոծը ինչպե՞ս են քավում մեղքերը։

ՀՐԵՇՏԱԿ- Ինչպես մոմը կրակից է հալչում, խավարը փախչում է լույսից, խոստովանությունն ու ապաշխարությունն էլ ոչնչացնում են մեղքը։

Ս. ԳՐԻԳՈՐ- Եթե մարդը խոստովանի և նորից մեղք գործի, հետո դարձյալ խոստովանի, վերստին թողություն կստանա՞։

ՀՐԵՇՏԱԿ- Այո՛, վերստին թողություն կստանա, ինչպես Հիսուս Պետրոս առաքյալին ասաց. «Եթե մեկը քո դեմ նույնիսկ 70 անգամ 7 մեղք գործի, և մեղա՜ ասի, պետք է ներես»։ Իսկ Աստված շատ ավելի ողորմած է և միշտ ներում է, եթե զղջումով խոստովանեն։

Ս. ԳՐԻԳՈՐ- Եթե մեկը լեռան վրա կամ անապատում գտնվի և մեռնելու ժամանակ մեղքերը հիշելով` առանց քահանայի և խոստովանության «մեղա՜» ասի, թողություն կստանա՞։

ՀՐԵՇՏԱԿ- Ամեն մարդ շաբաթը մեկ անգամ պետք է խոստովանի իր մեղքերը կամ գոնե տարին հինգ-վեց անգամ։ Իսկ եթե քահանա չկա, կարող է որևէ մեկին խոստովանել։ Քրիստոս այն կընդունի, որովհետև բոլոր այն քրիստոնյաները, ովքեր մկրտության Սուրբ Ավազանից են ծնվել, մասնակցում են Սուրբ Հաղորդությանը, Սուրբ Երրորդությանը դավանում և երկրպագում Քրիստոսի Խաչին, նրանք Իր արյունով են գնված։

Ս. ԳՐԻԳՈՐ- Ի՞նչ բան է պահքը։

ՀՐԵՇՏԱԿ- Պահքը մարդկանց նմանեցնում է հրեշտակների, պայքարում է դևերի դեմ և արգելք է լինում սատանային, որ մարդկանց մեջ մտնելով` նրանց չմոլորեցնի։

Ս. ԳՐԻԳՈՐ- Ի՞նչ բան է աղոթքը։

ՀՐԵՇՏԱԿ- Աղոթքը մարդու հոգին Աստծուն է կապում։ Շարունակ աղոթող մարդը մեղք գործելու ժամանակ չի ունենա։

Ս. ԳՐԻԳՈՐ- Ինչո՞ւ է սաղմոսի մեջ գրված, թե մեղավորի մահը չար է։

ՀՐԵՇՏԱԿ- Եթե մի մարդ առանց խոստովանության մեռնի, հիրավի այդ մարդու մահը չար է։ Քանի որ Դատաստանի օրը պիտի լսի այն զարհուրելի ձայնը, թե՝ «Հեռացեք Ինձանից, անիծյալներ, դեպի հավիտենական կրակի մեջ, որովհետև միշտ սատանայի հետևից գնացիք»։ Աստված, որ այնքան ողորմած է, չզղջացող մեղավորներին չի ներում, այլ միշտ բարկությամբ է նայում նրանց։

Ս. ԳՐԻԳՈՐ- Կարելի՞ է արդյոք մահը սուրբ ասել։

ՀՐԵՇՏԱԿ- Այո՛, որովհետև արդարը չխաբվեց աշխարհին, աշխարհի ցանկությունների համար իրեն մեռած համարեց և իր հույսը Քրիստոսի արքայության վրա դրեց։ Դրա համար արդարի մահը սուրբ է։ Նա միշտ սպասում է մահվան, ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Ցանկանում եմ ժամ առաջ այս մարմնից դուրս գալ և Քրիստոսի մոտ գնալ» (Բ Կորնթ. 5.8), որովհետև արդարների համար այս աշխարհը բանտ է։

Ս. ԳՐԻԳՈՐ- Դատաստանի օրը մարդուն իր գործերին համեմատ ի՞նչ է տրվելու։

ՀՐԵՇՏԱԿ- Արդարներին այնպիսի փառք է տրվելու, որ Պողոս առաքյալի ասածի պես` ոչ աչքն է տեսել, ոչ էլ ականջը լսել, և ոչ էլ մարդ կարող է երևակայել։
Մեղավորներին էլ նմանը չունեցող չարչարանքներ կտրվեն։ Ինչպես Արքայության փառքը, այնպես էլ դժոխքի չարչարանքը վեր է մտքից։

Ս. ԳՐԻԳՈՐ- Ո՞ր գործն է ավելի օգտակար։

ՀՐԵՇՏԱԿ- Զղջումը, խոստովանությունը և ապաշխարությունը։ Ով այս երեք գործերը կատարի, նրա համար, անտարակույս, արքայությունն իրական է։

Ս. ԳՐԻԳՈՐ- Ո՞ր գործն է ամենավատը։

ՀՐԵՇՏԱԿ- Ամենավատը, եթե մարդ առանց զղջման ու խոստովանության մեռնի. այդպիսին, անտարակույս, հավիտենական դժոխք կգնա։

Ս. ԳՐԻԳՈՐ- Եթե մեկը մեղքերը խոստովանի, բայց առանց ապաշխարելու մեռնի, ի՞նչ կլինի նրա հետ։

ՀՐԵՇՏԱԿ- Եթե անմնացորդ զղջացել է, եկեղեցու աղոթքն ու պատարագը նրա մեղքերը կքավեն, որովհետև եթե առողջ լիներ, անպայման պիտի ապաշխարեր։

Ս. ԳՐԻԳՈՐ- Մարմնից դուրս եկած հոգիներն ի՞նչ են ցանկանում։

ՀՐԵՇՏԱԿ- Արդարի հոգին ցանկանում է Դատաստանի օրն արքայության անբավ փառքը վայելել, իսկ մեղավորի հոգին խորհում է, թե Դատաստանի օրն իր վիճակն ի՞նչ պիտի լինի, և դժոխքի չարչարանքները մտաբերելով, միշտ լալիս է։

Ս. ԳՐԻԳՈՐ- Գնացող հոգիները մնացողներին հիշո՞ւմ են, թե՞ բոլորովին մոռանում։

ՀՐԵՇՏԱԿ- Անպայման հիշում են։ Եվ եթե ապրողները նրանց անունով ողորմություն բաժանեն և սուրբ պատարագ մատուցեն, ապա ննջեցյալների հոգիներն էլ նրանց համար կաղոթեն, որպեսզի Աստված բարի օրեր պարգևի ու փրկի զանազան փորձություններից, հակառակ պարագայում անհիշատակ կմնան։

Ս. ԳՐԻԳՈՐ- Հոգիներն իրար տեսնել, ճանաչել և սիրել կարո՞ղ են։

ՀՐԵՇՏԱԿ- Եթե չտեսնեին` կույրի պես կլինեին։ Եթե չճանաչեին` անասունի պես կլինեին։

Ս. ԳՐԻԳՈՐ- Արքայության մեջ ինչպե՞ս են սիրում միմյանց։

ՀՐԵՇՏԱԿ- Այնտեղ մարմնավոր սեր չկա, այլ հրեշտակների պես հոգևոր սեր ունեն միմյանց հանդեպ։
ՈՒ բոլորը, հավիտենական փառքով զարդարված, անդադար ուրախությամբ փառաբանում են Աստծուն։

Ընթերցողին ներկայացվող այս հրապարակումը վերցված է Գրիգոր Խլաթեցու «Հայսմավուրքից» (էջ 256-258)` հրատարակված 1723-ին, Գրիգոր Մարսվանեցու տպարանում։ Հավելենք, որ Լուսավորչի հարցումները մեր խնդրանքով գրաբարից աշխարհաբարի վերածեց ՀԱԿՈԲ ՔՅՈՍՈՅԱՆԸ։
Աղբյուր՝ Irates.am