Այսպէս է ասում Տէրը. «Եթէ դուք իմ ուսուցմանը հաւատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կը լինէք: Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ՚ազատի» (Հովհաննես 8:31)

Անարդարությունն Աստծո ցասմանն է արժանանում

Մեծ բան է, եթե մարդն Աստծո օրհնությունն ունի: Դա մի իսկական հարստություն է: Այն, ինչ օրհնված է՝ կանգուն է և չի քանդվում: Իսկ այն, ինչ օրհնություն չունի՝ կանգուն չի մնում: Անարդարությունը մեծագույն մեղք է: Բոլոր մեղքերը մեղմացուցիչ հանգամանքներ ունեն, անարդարությունից բացի: Այն Աստծո ցասմանն է արժանանում: Ի՜նչ սարսափելի բան է: Նրանք, ովքեր անարդարացի են վարվում մյուսների նկատմամբ՝ կրակ են հավաքում իրենց գլխին:

Մարդիկ ինչ-որ անարդարություն են գործում և ահա՛ նրանց հարազատներից մեկը մահանում է, բայց նրանք չեն հասկանում, թե ինչու: Այսքան անարդարություն գործող մարդիկ ինչպե՞ս կարող են հաջողություն ձեռք բերել: Այդպես վարվելով նրանք սատանային իրավունք են տալիս իրենց վրա իշխելու և դրանից հետո նրանց կյանքում հիվանդություններ, դժբախտություններ և այլ չարիքներ են պատահում… Եվ (այդ դժբախտությունների հոգևոր պատճառները չհասկանալով) բժշկության աղոթք են խնդրում քեզանից:

Չարիքների մեծ մասն անարդարություններից է գալիս: Օրինակ, եթե մարդիկ անարդարությամբ են իրենց հարստությունը կուտակում, ապա մի քանի տարի իրենց զգում են ինչպես ձուկը ջրում, իսկ այնուհետև անարդարությամբ հավաքած ողջ միջոցները բժիշկների վրա են ծախսում: Սաղմոսների մեջ գրված է. «Արդարի քիչն ավելի լավ է, քան մեղավորների մեծ հարստությունը» (Սղմ. 36:17)։ «Ջրի բերածը ջուրն էլ կտանի»,- ասում է ասացվածքը: Կեղծիքի միջոցով կուտակվածը կորչում է, հեռանում: Շատ հազվադեպ ու շատ քչերի հետ է պատահում, երբ հիվանդությունները, սնանկացումը և այլ դժվարություններ Աստծո կողմից թույլ տված փորձության հետևանք են: Այդպիսի մարդիկ մեծ վարձք են ստանալու Աստծուց և սովորաբար այդպիսի փորձություններից հետո ավելի հարուստ են դառնում, ինչպես Հոբի* պարագայում էր: Իսկ բացի այդ, շատ ննջեցյալների մարմիններ հողում չեն քայքայվում հենց այդ պատճառով՝ այդ մարդիկ կյանքում ինչ-որ անարդարություն են գործել**:

* Տես Հոբի Գիրքը:

** Սուրբ Աթոս լեռան վրա և Հունաստանում, ընդհանրապես, ննջեցյալների աճյունները, թաղումից 3-4 տարի անց, հանում են գերեզմանից, լվանում ոսկորներն ու տեղավորում հատուկ դամբարաններում: Եթե ննջեցյալի մարմինը քայքայված չի լինում, ապա կրկին թաղում են ու նրա հոգու հանգստության համար աղոթքներն ավելացնում:

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

Աղբյուր՝ Surbzoravor.am