Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, իմաստութիւնն աւելի գեղեցիկ է, քան արեգակը եւ բոլոր աստղաբոյլերը, իսկ լոյսի հետ համեմատած՝ առաւել է նրանից» (Իմաստ. Սողոմոնի 7:29)

Հայր Էրմես Մ. Ռոնքի. «Միակ օրենքը, որ ընդարձակում է սիրտը»

Խորհրդածություն

Պիտի սիրես քո թշնամիներին։ Պիտի սիրես, առաջինը դո՛ւ, ո՛չ թե մի սիրո պատասխանելու համար, այլ՝ կանխելու համար այդ սիրույն, այդ սերը ծնելու համար։ Պիտի սիրես առանց ուրիշ ոչինչ ակնկալելու, քան ինքնին սերը։

Պիտի սիրես մինչև իսկ այն, ինչը սիրելի չէ։ Ինչպես վարվում է Աստված։

Միակողմանի կերպով։ Տալու և ունենալու հավասարակշռության մեջ, սիրո հաշվեկշռի խաբեապատիր հավասարման մեջ Հիսուսը ներածում է մի անհավասարակշռություն. «Տվե՛ք. առատորեն, խենթորեն տվե՛ք. աղոթեցե՛ք, տվե՛ք, օրհնեցե՛ք, փո՛խ տվեք, արե՛ք, առաջինը դո՛ւք, առանց փոխարենը շահույթ՝ փոխադարձ սեր կամ ուշադրություն կամ ուրիշ որևէ բան ակնկալելու, ընկերներին ու թշնամիներին»։

«Անհնարին է սիրել թշնամիներին», վստահեցնում է արդի հոգեբանության հայրը համարվող Ֆրոյդը։ Երկրային այս իմաստությանը Քրիստոսի աշակերտը պատասխանում է. «Այո՛, անհնարին է, հենց դրա՛ համար էլ անելու եմ։ Որովհետև անհնարին ոչինչ չկա Աստծո մոտ (Ղկս 1, 37)»։ Եթե ամեն ոք սիրեր իր թշնամուն, այլևս թշնամիներ չէին մնա երկրի վրա։ Եթե ամեն ոք մոտեցներ նաև մյուս այտը, ապտակելիք այտեր այլևս չէին լինի։

«Մյուս այտդ էլ մոտեցրու» նշանակում է. մի կողմ դիր պաշտպանություններդ, եղիր անզեն, վախ մի՛ ներշնչիր, ցույց տուր, որ ոչինչ չունես պաշտպանելիք, և ո՛չ իսկ ինքդ քեզ, և դիմացինդ կհասկանա քեզ թշնամի լինելու անհեթեթությունը։

«Մյուս այտդ էլ մոտեցրու». խոսքը հիվանդագին կրավորականության (պասսիվության) մասին չէ նրա, ով ընդունակ չէ հակազդելու. խոսքն ավելի շուտ մի նախաձեռնության մասին է. մի՛ փակիր, վերստին կյանք տուր հարաբերությանը, դու առաջինը մի առաջին քայլ արա՝ ներելով, վերսկսելով, սիրելով առանց փոխադարձ սիրվել ակնկալելու։ Գործնական սեր է այն սերը, որի մասին խոսում է Հիսուսը. մի սեր, որ արտահայտվում է ձեռքերով, զգեստներով, փոխատվություններով, կոնկրետ բայերով։ Սեր գոյություն չունի առանց «անել»ու։

«Սկզբում Աստված ասաց Կայենին. Ի՞նչ ես արել եղբորդ՝ Աբելին։ Վերջին օրը ասելու է Աբելին. Ի՞նչ ես արել եղբորդ՝ Կայենին» (Ն. Բերդյաև)։ Աբելը հարություն է առնելու ո՛չ թե վրիժառության համար, այլ՝ պահպանելու համար Կայենին։ Երկիրը կնորոգվի, երբ զոհերը կսկսեն հոգ տանել իրենց դահիճների հանդեպ։ Մինչև որ կփոխեն նրանց սրտերը։ Սերը «վերստին արարող» է։ Երբ Աբելը կդառնա իրեն սպանողի մերձավորը, այդ ժամանակ Աստծո Արքայությունն իսկապես մոտիկ կլինի յուրաքանչյուր մարդու սրտին։

Հիսուսը հերոսների չի կանչում հավաքվելու Իր Արքայությունում, ո՛չ կրակ ու ապառաժ մարդկանց, այլ՝ յուրաքանչյուր ճշմարիտ մարդու։ Արդարև. «Այն, ինչ ուզում եք ձեր համար, դուք էլ նույնը ուրիշներին արեք»։ Օրենքի հրաշալի պարզեցում է սա. ես կսովորեմ այն, ինչ պետք է անեմ, ունկնդրելով իմ իսկ ցանկությունը։

Իսկ այն, ինչ ցանկանում եմ իմ համար, սա է. ուզում եմ սիրված լինել, և որ ինչ որ մեկն օրհնի ինձ, և որ աղոթեն իմ համար. ուզում եմ, որ ինձ բարի փոխհատուցեն չար գործերիս փոխարեն, և որ կարողանամ մի ընկերոջ վերարկուով ծածկվելու հույսն ունենալ. ուզում եմ, որ վստահեն ինձ և ներեն ինձ նաև հազարերորդ անգամ և ավելի. ուզում եմ, որ խրախուսեն ինձ, քաջալերեն, ոգևորեն, գնահատեն այն, ինչը որ բարի ու դրական է ինձնում, և քիչ կարևորություն տան այն բաներին, որոնք իմ մեջ վատ ու բացասական են։

Սա՛ եմ ուզում իմ համար, սա՛ պետք է աշխատեմ տալ ուրիշներին։ Սա՛ պետք է լինի իմ կատարելության ճանապարհը։ Սիրտն ընդարձակող այս օրենքը, մարդու ճշմարտությունը և Աստծո ճշմարտությունը։

Հատված Հայր Էրմես Մ. Ռոնքիի «Շնչել Քրիստոսին» («Respirare Cristo ) գրքից
Աղբյուր՝ Mashtoz.org