Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Գրիգոր Մկրտչյան. Հարկադրյալ խոստովանանք

Ինստիտուտում սովորելիս, ինչպես և աշխատելու հետագա ողջ ընթացքում ես մեծ մասամբ զբաղվել եմ ինքնադաստիարակությամբ: Եվ ինչպե՞ս էի ինքնադաստիարակվում/ հետևում էի ինքս ինձ ու իմ արածին, լավ իմանալով, որ անձնական օրինակը ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ: Թե չէ սովորաբար ինստիտուտում ուսանողներին մի բան ես քարոզում, իհարկե համոզված, որ դու ճիշտ ես, հետո նույն ուսանողը գալիս է թատրոն, որտեղ պիտի աշխատենք միասին, և տեսնում է, որ քո ասածն ու արածը հակասության մեջ են: Պարզ է, որ դերասան դարձող նախկին ուսանողդ էլ չի հարգի քեզ` էս ի˜նչ մարդ է, կասի, մեզ մի բան է սովորեցնում, ինքն այլ կերպ է աշխատում: Կարծում եմ, որ արվեստում շատ կարևոր է ազնիվ իդեալներ ունեցող մարդը, ինչ-որ մի բանի սկզբունքայնորեն ծառայելու նրա հաստատակամությունը:

Երբ ես Սունդուկյանի թատրոնում էի, Աճեմյանի ժամանակ էր, ինձ ասում էին. ճկուն չես, այսինքն` չես հարմարվում, զիջումների չես գնում, չես հաճոյանում, սրա կամ նրա կողմը չես անցնում: Իսկ ես հանգիստ էի. այ մարդ, ինչ գործ ունեմ որևէ կողմ անցնելու կամ չանցնելու հետ, ես միայն պետք է ձգտեմ մտածածս իրականացնել: Մեր միջավայրում նման պահվածքը, իհարկե, տարօրինակ տպավորություն էր թողնում, և ես մի տեսակ խաղից դուրս էի մնում:

Փաստորեն թատրոնում երևում էի միայն ներկայացում բեմադրելու ժամանակ, իսկ մնացած օրերին կոլեկտիվից կարծես հեռու լինեի: Մի բան, որ անկեղծ ասած, ինձ դնում էր նեղ վիճակի մեջ, որովհետև պահեր էին լինում, երբ միջավայրի աջակցությունը պահանջ էր դառնում: Գիտեք, ես մի տեսակ ամաչկոտ եմ, շուտ նեղացող, խռովկան: Հենց որ մի բան է լինում, էլ չեմ հարցնում ինչն ինչոց է. չե՞ք ուզում աշխատեմ` չեմ մնա… Բնավորությունս շատ է խանգարում թատերական կոլեկտիվում նորմալ աշխատելուն: Ես իրոք քանի˜ տեղ եմ եղել: Հայաստանում չկա մի թատրոն, բացի շրջանայիններից, ուր ես բեմադրություն արած չլինեմ: Հիմա, երբ կողքից նայում եմ թեկուզ Լենինականի թատրոնի վերջին պատմություններին, համոզվում եմ, որ ոչ այնտեղ, ոչ էլ որևէ այլ տեղում ինձ չեն նեղել: Ինքս եթե մի քիչ պնդերես լինեի, հարձակողական բնավորության տեր, անշուշտ կմնայի ու կշարունակեի աշխատանքս: Ինչքան բան արեցինք Լենինականում այն մի քանի տարին: Սակայն չկարողացա մնալ: Ի՞նչ անեմ, հենց զգում եմ, որ դադարում են գործի մասին մտահոգվել` այլևս մնալ ու աշխատել չեմ կարողանում:

Հիմա, օրինակ, կարծում եմ, որ օգտակար գործ կարող եմ անել Գեղարվեստաթատերական ինստիտուտում: Ի դեպ, արդեն երեք կուրս եմ ղեկավարել, և շրջանավարտների որակից մարդիկ կարծեմ գոհ են մնացել: Սիրում եմ մանկավարժությունը, սիրում եմ ուսանողներին: Ինքս էլ նրանցից շատ բան եմ սովորում. թարմ շունչ ես ստանում, օրվա խնդիրներին մասնակից դառնում: Սա` ի միջի այլոց: Ուրեմն ինստիտուտում մասնագիտական շատ հարցեր, հատկապես ռեժիսուրային ու դերասանական վարպետությանն առնչվող, պարզապես անուշադրության են մատնված:

Ասենք` տեսությունը:

Սովորաբար թատերական ինստիտուտներին մեղադրում են պրակտիկայից կտրված լինելու համար, իբր այնտեղ այնքան են ծանրաբեռնում տեսությամբ, որ պրակտիկայի համար ժամանակ չի մնում: Սակայն մեր ինստիտուտում հենց տեսությունն է անտեսվում: Մտածում են տեսություն է, կգան կսովորեն և զարկ են տալիս պրակտիկային: Իսկ երկու-երեք տարվա պրակտիկան կարո՞ղ է շոշափելի արդյունքներ բերել, և փաստորեն թատրոն են գալիս միայն իրենց գործնական պարապմունքներից առնված հմտություններով, որոնք շատ շուտով մաշվում են ու դերասանին թողնում մերկ: Տեսությունը հո գիրք կարդալը, տերմիններ իմանալը չէ՞: Տեսություն ասելով պիտի հասկանալ մասնագիտության մեջ գիտելիքների այնպիսի մի կուտակում, որը հնարավորություն կտա երիտասարդին ուզածդ պիեսը ուզածդ թատերական սիստեմով բամադրելու: Այսինքն մենք սովորեցնում ենք x,y պիեսը խաղալ, բայց չենք սովորեցնում այդ պիեսները բեմադրել: Կարևորն այն է, որ ռեժիսորը կամ դերասանն իմանա, թե տվյալ պիեսը ինչ սիստեմով բեմադրի, որպեսզի գեղարվեստական արժեք ունենա: Թե չէ միայն վերապրման թատրոնի սիստեմով - շատ կարևոր և նշանակալից սիստեմով - հնարավոր չէ ամեն ինչ բեմադրել: Արվեստագետը պիտի կարողանա ամեն անգամ գտնել նոր բանալի, իսկ գտնելու համար պետք է իմանալ:

Չգիտես ինչու մենք մոռանում ենք ստեղծագործական գործընթացի կազմակերպման շատ կարևոր հարցը:

Ինքնազարգացման, ինքնակրթության խնդիրներն էլ ցածր մակարդակի վրա են, բայց ամենամեծ վնասը բերում է տեսության անտեսումը: Մեր ազգային հողի վրա այդ տեսությունը շատ հեղհեղուկ է, բայց չէ որ ի վերջո կան դերասանական արվեստի ամենատարբեր սիստեմների համամարդկային, համաշխարհային մեթոդներ, որոնց յուրացումը մեր թատրոնին շատ բան կտար: Համեմատենք մեր ու վրացական թատրոնները: Բանից պարզվում է, որ վրացիները գործնականորեն յուրացրի ավանգարդիզմը, աբսուրդի թատրոնի սկզբունքները, Բրեխտի ու Գրատովսկու թատրոնների ձեռքբերումները: Եվ դրա շնորհիվ չէ՞ արդյոք, որ նրանց դերասանական արվեստը հնարավորություն է ստացել ձեռք զարկել ամենաբարդ բեմադրությունների: Այո, այնտեղ դերասանական արվեստի հիմք կա, իսկ մեզանում` ոչ: Չե՞նք հասկանում, թե՞ չենք ուզում հասկանալ, որ գիտական հիմքերի վրա դրված առաջավոր տեսությունը ամենագործնական քայլն է արվեստում: Իսկ մենք գործնական քայլ ենք համարում միայն օրվա հոգսը, այսինքն տեխնիկական հարցերի լուծումը` տեքստի յուրացում, միզանսցենայի կառուցում, ներկայացման ամբողջականություն: Ուշադրության կենտրոնում միայն սրանք են: Մնացած ամեն ինչ անտեսված է: Բայց չէ որ թատրոնը հասարակական ամբիոն լինելու իր կոչման հետ նաև ունի մասնագիտական խնդիրներ, որտեղ գյուտ անելը շատ կարևոր բան է: Եթե թատրոնում չի պոռթկում մասնագիտական գյուտը, ուրեմն այդ թատրոնը մեռած թատրոն է:

Չորս տասնամյակ թատերական ասպարեզում եմ և շփվել եմ ամեն տարիքի ու տեսակի մարդկանց հետ, շփվեցի նաև երեխաների հետ` Գեղագիտական դաստիարակության կենտրոնում:

Երեխաների հետ աշխատելը հետաքրքրական է` աշխատանքը բոլորովին նոր էջից սկսելու, անձի էնտուզիազմի վրա հենվելու իմաստով: Սակայն նրանց հետ հնարավոր չէ իրականացնել ստեղծագործական իղձեր ու ծրագրեր:

Երեխաների հետ մենք ինչ-որ բանի հասանք, բայց դա քիչ է: Օժտված երեխան իսկույն ջոկվում է, իսկ մեծերի մոտ ասես մաշված, բթացած է անկեղծությունը, անմիջականությունը, օրգանական գործողությունը: Բոլոր դեպքերում ճիշտ է փոքր տարիքից թատրոնով զբաղվելը, սակայն զգույշ պիտի լինել, չխառնվելու համար ենթագիտակցության մեջ թաքնված բարդ ու խոր երևույթներին: Երեխայի մեջ դերասանը կարող է բացվել միմիայն խաղի միջոցով, նրա մեջ սեր արթնացնելով դեպի թատրոնը: Բանից անտեղյակ փոքրիկը իրեն ծանոթ բնական, օրգանական գործողություններ է անում, իսկ մեծահասակները գիտեն ենթագիտակցականի ճանապարհները գիտակցելու սկզբունքները: Նրանց ուժն ու վարպետությունը հենց դրա հետ է առնչվում: Եթե դա կա, ուրեմն վարպետ դերասան է, իսկ եթե ոչ, ապա նրա խաղը դերասանական արվեստում մնում է երեխայական մակարդակին: Վաստակ ու ծառայություններ ունեցող դերասան է դիմացդ, բայց չի կարողանում տարբեր խարակտերներ խաղալ, պարզապես ինքն իրեն է խաղում: Դա ինչ-որ տեղ գուցե և լավ ուսուցչի բացակայությունի՞ց է: Թեպետ կարելի է լավ ուսուցիչ ունենալ ու լավ դերասան չլինել: Ամեն ինչ գալիս է նրանից, թե մարդը ձգտու՞մ է դերասան դառնալ: Դերասանը պիտի ուզենա սովորել, առանց իր ներքին մղման ոչինչ չի դուրս գա:

Եթե ուշադիր նայում ես մեր գործին, ապա դժվար չէ համոզվել, որ ռեժիսորները ամենամեծ մանկավարժներն են:

Ռեժիսուրան դաստիարակության անվերջանալի մի ընթացք է, որ կուտակել է նախորդ արվեստագետների, ժամանակակից թատերարվեստի տարբեր ներկայացուցիչների և տվյալ կոնկրետ անհատի ստեղծագործական փորձը: Ռեժիսորը տիեզերագնացի պես մի բան է: Երկուսի ուժն ու համարձակությունն էլ նրանով է չափվում, թե ինչքա՞ն արագ և ճիշտ պիտի կարողանան տվյալ ստեղծագործական վիճակից դուրս գալու ելքը գտնել: Եթե վայրկյանի արագությամբ չկարողանաս տիեզերքում առաջացած խոչընդոտների առաջն առնել, ապա կկործանվես:

Այդպես էլ ռեժիսուրայում: Շուտ պիտի կարողանաս պիեսից բխած հարցերին պատասխանել և գտնել լուծումը: Դա և՛ անձնական հատկանիշներից, գեներից է կախված, և՛ մասնագիտական գիտելիքներից: Նման օժտվածությունից զուրկ ռեժիսորը շատ բան անել չի կարող: Ուսանողին պետք է օգնել գեղագիտականը տարբերելու և ոչ թե Շեքսպիրին բեմադրելու արհեստը սովորեցնել:

Ես շատ կուզենայի մեր ինստիտուտում աշխատել: Ես ոչ պաշտոն եմ երազել, ոչ էլ նույնիսկ փող: Մանկավարժության ընձեռած ստեղծագործական շփումները ուսանողների հետ լիուլի ապահովում են այն ինքնառեալիզացիան, տարիների հետ քո ձեռք բերածը ուրիշին փոխանցելու այն մարդկային պահանջը, որով և իմաստավորվում է կյանքդ բարոյապես: Սրա կողքին մնացած ամեն ինչ հիմարություն է:

Մի երկու անգամ դիմել եմ Գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեկտորին: Նա էլ ուղարկել է իր աշխատակիցների մոտ: Սրանք էլ թե` հնարավորություն չկա, չի լինի, թեպետ դրանից հետո այնտեղ ահագին մարդ է ընդունվել: Հետո ես նորից գնացի ու բացատրեցի, որ ինձ նման մարդը իրենց ավելի ձեռնտու է, քանի որ փորձ կա, ներսում կուտակումներ կան: Իրոք տարօրինակ է նման վերաբերմունքը: Մի տեսակ ոնց որ ունեցածդ գցես ջուրը: Ինձ զայրացնում է կրկնակի անտարբերությունը` և՛ գործի նկատմամբ, և՛ մարդու: Չէ որ ես կարող եմ հավասարապես զբաղվել թե՛ ռեժիսորներով, թե՛ դերասաններով, դեռ ներկայացումներ էլ անել: Այդպես էլ ասում եմ` ինչ ուզում եք տվեք, միայն հնարավորություն ստեղծեք, որ շփվեմ ուսանողի հետ, ես նրան տալու բան ունեմ: Գիտեմ, որ Փափազյանը շատ է խնդրել անվճար դասավանդելու իրավունք ստանալու համար, բայց մերժվել է չգիտես ինչ տրամաբանությամբ: Ինձ խորհուրդ են տալիս` գնա մինիստրություն, Կենտրոնական կոմիտե: Ենթադրենք գնացի, իսկ հետո ո՞նց պիտի գամ ու աշխատեմ. իրենք պիտի հիշեն, որ չեն ուզեցել ինձ, ես էլ` որ զոռով եմ եկել: Նման բաներն արվում են սիրով, հարգանքով, գնահատելով: Գիտեմ միայն, որ օգտակար կարող եմ լինել: Չեմ սիրում կռվել, միշտ շրջանցում եմ սուր տեղերը: Դեռ էն գլխից կարևորել եմ հարցի բարոյական կողմը և ոչ թե նպատակին հասնելու մղումս բավարարելը: Եթե ինքնադաստիարակման ժամանակ ամբողջ պատասխանատվությունը ընկնում է անհատի վրա, ապա ինքնառեալիզացիայի ժամանակ` հասարակության: Հասարակությունն էլ իր պարտականությունները պիտի ունենա, թե չէ դառնում է մի տեսակ ավելորդ, և հասարակությունը սկսում է դուրս մղել նրանց որպես ավելորդ մարդկանց:

Մեր երիտասարդությանը ի հայտ գալու հնարավորություն չի տրվում: Երիտասարդները պիտի գան ու գան, անընդհատ փորձեն ու սխալվեն, շատ աշխատեն: Այժմ մեր թատրոնը ավագ սերունդն է իր ուսերի վրա տանում, սերունդ, որը սակայն արդեն չի կարողանա ապահովել, ասենք, միջազգային ասպարեզ ելնելու մակարդակ: Այստեղ է, որ հատկապես ընդգծվում է երիտասարդ տաղանդավոր ռեժիսորներ կրթելու անհրաժեշտությունը: Դրա համար հարկավոր է բացել, ստեղծել երիտասարդական բազմաթիվ ու բազմապիսի թատրոններ, որոնք կնպաստեն երիտասարդության հնարավորությունները բացահայտելուն և ցուցադրելուն: Իսկ ի՞նչ ասես դերասանների մասին:

Հայ ժողովուրդը, ինչպես ասում են` իր ֆակտուրայով արդեն դերասան է, այսինքն օժտվածություն ունի, սակայն ցավոք այդ շնորհքը ոչ կրթական մակարդակով, ոչ նվիրվածության չափով, ոչ էլ խստապահանջությամբ չի հասնում այն աստիճանին, որ բացահայտի, մեջտեղ բերի դերասանական վառ ունակությունները` փող, բնակարան, ամբիցիա, ավտոմեքենա, որոնք խանգարում են դերասաններին իրենց բուն նպատակին հասնելու: Էլ չասած թատերական գործի կազմակերպման մասին կամ էլ խաղացանկի, որը փաստորեն դերասաններին հնարավորություն չի տալիս ինքնարտահայտվելու: Եթե աշխատանքը դերասանին իմաստուն չի դարձնում, ուրեմն այդ աշխատանքը իզուր է: Սա շատ կարևոր բան է. եթե մարդը իմաստուն չէ, ուրեմն իր արած գործն էլ իմաստուն լինել չի կարող: Մեր գործը բարոյականության մասին է, հոգեկան աշխարհի վրա հոգևոր ուժերով ներգործելու մասին: Եվ հենց այդ հոգեկան արտահայտման ձևերի վրա է, որ քիչ ուշադրություն ենք դարձնում: Ինչու՞: Չէ՞ որ մարդկային հարաբերությունների մեջ անչափ կարևոր են բարոյականությունը, հոգեբանությունը, փիլիսոփայությունը, կյանքի իմաստի որոնումները և այլն, և այլն: Վերջերս մեր թատրոններում նկատվում է, ինչպես ասում են, քաղաքական կապիտալ կուտակելու և դրանով անձնական գործերը կարգավորելու նկրտումներ, որոնք խանգարում են արվեստի օջախ թատրոնի նորմալ աշխատանքին: Բայց մյուս կողմից էլ իրավացիորեն կհարցնեք. թատրոնը պիտի մնա առանց հրապարակախոսությա՞ն: Ո՛չ, հազար անգամ ո՛չ: Սակայն նույն այդ հրապարակախոսությունը պետք է թաքնված լինի:

Միշտ էլ ամենակարևոր մտքերն ու տրամադրությունները, ամենակարևոր գաղափարները պահվում են խորքում: Հանդիսականը պիտի երկար մտմտա ու հետո գլխի ընկնի, թե ո՛րն էր ներկայացման ասելիքը: Ճակատային հրապարակախոսությունը մեզանում սխալմամբ բնութագրվում է իբրև քաղաքական խոսք, իսկ ներկայացումը` քաղաքական շնչով հագեցած գործ: Այդպես է լինում, որ թատրոնը հեռանում է իր էությունից և տեղի է ունենում ձևի խախտում, ինչպես ասենք բանաստեղծական արվեստը և ոչ այնքան շատ, որ գա ու խեղի բանաստեղծությունը:

Կուզենայի, շատ կուզենայի հիմա մի բան բեմադրել ժողովրդի ոգուն հարզատ: Մենք պետք է վեր հառնենք մեր փլատակներից, բարոյապես վսեմանանք ու վերականգնենք մեր ուժերը. որտեղի՞ց բռնել, ինչից սկսել: Եվ միշտ թատրոնի վրա է դրվել առաջ նայել տալու, նրա ոգին ամրացնելու մեծ առաքելությունը: Հիմա մեզ հարկավոր են այնպիսի պիեսներ, որոնք մարդուն ցույց տան ողբերգական վիճակներից դուրս գալու ճանապարհներ: Հիշենք Քրիստոսի տառապանքները, մարդ որ աշխատում է իր վերքերը բուժել և առաջ գնալ, նույնիսկ խաչելության պահին էլ նա փրկության մասին էր մտածում: Աշխարհի կուտակած փորձը ասում է, որ մարդը մեռնելիս էլ պիտի կարողանա մեջը պահպանել փրկության ոգին, համբարձման ոգին:

Եղածը եղած է: Ոչինչ ետ չես դարձնի:

Ապրե՛լ է պետք, արարել:

Գրիգոր Մկրտչյան, 1989թ.

Աղբյուր՝ Magaghat.am