Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, իմաստութիւնն աւելի գեղեցիկ է, քան արեգակը եւ բոլոր աստղաբոյլերը, իսկ լոյսի հետ համեմատած՝ առաւել է նրանից» (Իմաստ. Սողոմոնի 7:29)

Ծերերին խնամելու վարձքը

Ո՜ւր է գլորվել աշխարհը: Ե՛վ Ֆարասում և՛ Էպիրում նույնիսկ ծեր կենդանիներին էին խնամում: Դե ջորիներին հասկանալի է, թե ինչու (որովհետև դրանց միսը սնունդի մեջ չի օգտագործվում): Բայց ուտելի կենդանիներին նույնպես չէին մորթում, կենդանի էին թողնում: Օրինակ՝ տերերը պատվում էին այն ծեր ցլերին, որոնց օգնությամբ նախկինում հողը հերկում էին: Խնամում էին նրանց, հոգ էին տանում օր ծերության, ասելով. «Չէ՞ որ սրանք մեր կերակրողներն են»: Այսինքն այն աշխատանքային կենդանիները, որ դաշտում էին աշխատել՝ լավ ծերություն ունեին:

Այն ժամանակ մարդիկ չունեին այն տեխնիկական միջոցները, որ այժմ կան: Պետք էր ձեռքի աղացով կերակրի ոսպը աղալ, մանրացնել, որպեսզի խեղճ ծեր ցուլը կարողանար ծամել այն: Իսկ այժմյան մարդիկ մոռացել են նման բաների մասին. նրանք նույնիսկ ծեր մարդկանց մասին հոգ չեն տանում, էլ ուր մնաց կենդանիների:

Ես կյանքումս երբևէ այդքան լավ չեմ զգացել, որքան այն մի քանի օրը, երբ ինձ հանձնարարեցին մի ծեր վանականի խնամել: Ծերերի հանդեպ խնամքը մեծ վարձք ունի: Սուրբ Լեռից մի հոգևոր եղբոր մասին պատմեցին ինձ, որ բռնված էր սաստիկ դիվահարությամբ: Նրան հանձնարարեցին հոգ տանել վեց ծեր վանականների մասին, որ ծերերի համար նախատեսված վանական կացարանում էին բնակվում: Ծանր տարիներ էին, մարդիկ իրենց հոգսը թեթևացնելու միջոցներ չունեին: Ծերունիների սպիտակեղենով լցված պարկերը խեղճն ուսերին էր դնում ու քարշ տալիս դեպի հեռավոր լճակը, որտեղ այդ ամենը լվանում էր մոխրաջրով… Քիչ ժամանակ անց նա ազատվեց դիվական ազդեցությունից և վանական դարձավ: Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ նախ և առաջ նա զոհաբերում էր իրեն՝ հանուն ուրիշների և այն պատճառով նաև, որ ծերունի վանականներն իրենց օրհնությունն էին տալիս նրան:

Շատ ամուսիններ տրտնջում են և բողոքում դժվարություններից, որ ծագում են ընտանիքում նրանց հետ միասին ապրող ծերերի տարօրինակությունների ու փնթփնթոցի պատճառով: Այդ մարդիկ մոռանում են այն չարաճճիությունների մասին, որ անում էին երեխա ժամանակ և այն նվնվոցի ու տարօրինակությունների մասին, որոնցով այն ժամանակ տանջում էին ուրիշներին: Նրանք չեն հիշում, որ իրենց լացով ու կամակորություններով հանգիստ չէին տալիս ծնողներին: Այդ պատճառով էլ Աստված այդպիսի մարդկանց թույլատրում է ծերերի խնամքի հետ կապված դժվարությունների միջով անցնել, որպեսզի գոնե ինչ-որ չափով «վճարեն» այն դժվարությունների համար, որ նախկինում ուրիշներին են պատճառել: Այժմ նրանց հերթն է օգնելու իրենց ծեր ծնողներին և երախտագիտությամբ հոգ տանելու նրանց մասին՝ հիշելով այն զոհողությունները, որ ծնողներն արել են հանուն նրանց, երբ դեռ երեխա էին: Նրանք, ովքեր պարտքի զգացում չունեն իրենց ծնողների նկատմամբ՝ Աստծո կողմից դատվելու են որպես անարդար ու անշնորհակալ մարդիկ:

Ես տեսնում եմ, որ աշխարհիկ մարդկանց ունեցած տառապանքի պատճառը հաճախ կայանում է նրանում, որ ծնողները վիրավորվորված են նրանցից: Ընտանիքները տուժում են այն պատճառով, որ նրանցում հոգ չեն տանում տատիկների ու պապիկների մասին: Ի՞նչ օրհնություն պետք է ունենան այն երեխաները, որ մեծանում են մի ընտանիքում, ուր խեղճ տատիկին կամ պապիկին ծերանոց են տարել, թողել են այնտեղ՝ սրտի կսկիծով մեռնելու, իրենց են վերցրել նրանց ունեցվածքը և հնարավորություն չեն տվել նրանց ուրախանալու իրենց թոռնիկներով: Այսօր մի տարեց կին էր եկել ու պատմում էր, որ չորս ամուսնացած որդի ունի: Նրանք բոլորն էլ նույն քաղաքի միևնույն թաղամասում են ապրում, սակայն ինքը չի կարող տեսնել նրանց, որովհետև մի անգամ «համարձակվել է» խորհուրդ տալ իր հարսներին. «Միմյանց հանդեպ սիրով եղեք, եկեղեցի գնացեք»: Դա լսելով՝ նրանք ուղղակի կատաղել էին:

«Որպեսզի ոտքդ այլևս մեր տներում չլինի՛», - ասել էին նրան: Խեղճն իր երեխաներին արդեն հինգ տարի չէր տեսել:

«Աղոթիր, Հայր, - խնդրում էր նա՝ արցունքն աչքերին, - ախր ես թոռնուհիներ էլ ունեմ: Աղոթիր, որ գոնե երազում նրանց տեսնեմ»: Դե էլ ի՞նչ օրհնություն պետք է ունենան այդ կնոջ երեխաները:

Տատիկն ընտանիքում մեծագույն օրհնություն է, սակայն այդպիսի մարդիկ դա չեն հասկանում: Սովորաբար տղամարդիկ ավելի շուտ են ծերանում և կանայք են խնամում նրանց: Երբ ամուսինը մահանում է՝ երեխաները տատիկին իրենց տուն են տեղափոխում, որպեսզի հոգ տանի թոռնիկների մասին և իրեն անպիտան չզգա: Շատ լավ է, եթե երեխաներն այդպես են վարվում: Այդ կերպ և՛ տարեց մայրն է հանգիստ առնում, և՛ ընտանիքը՝ օգնություն ստանում: Չէ՞ որ բազմաթիվ գործերի պատճառով մայրը չի հասցնում երեխաներին տալ անհրաժեշտ սերն ու քնքշանքը: Հենց այդ պակասն է լրացնում տատիկը, որովհետև տատիկի տարիքը՝ սիրո և քնքշության տարիք է: Տե՛ս, երբ երեխան չարություն է անում՝ մայրը նախատում է նրան, իսկ տատիկը՝ շոյում: Երբ տատիկը խնամում է երեխաներին՝ մայրը հասցնում է իր բոլոր գործերն անել, երեխաները սիրով ու քնքշությամբ են շրջապատված լինում, և տատիկն՝ ինքն էլ, ջերմանում է իր թոռների սիրով:

Իր ծնողների մասին հոգ տանող մարդն Աստծո մեծ օրհնությունն ունի: Մի երիտասարդ, ամուսնանալով, իր պլանների մասին պատմեց ինձ. «Հայր, ուզում եմ տուն կառուցել և դրա առաջին հարկում երկու փոքր բնակարան հատկացնել իմ և կոջս ծնողներին»: Գիտե՞ք, թե դա որքան հուզեց ինձ: Գիտե՞ք, թե որքան օրհնեցի ես այդ մարդուն:

Զարմանալի է, թե ինչո՞ւ շատ ամուսիններ դա չեն հասկանում:

Մի քանի օր առաջ մի կին եկավ ինձ մոտ և խնդրեց. «Հայր, մայրս կաթվածահար է եղել: Որքա՜ն եմ ես հոգնել: Ութ տարի շրջել նրան մի կողմից՝ մյուսը»: Լսո՞ւմ ես ինչ է կատարվում: Ինչպես է աղջիկը խոսում մոր մասին: «Օ՜հ, - ասում եմ,- քո խնդիրը շատ հեշտ է լուծվում: Հիմա կաղոթեմ, որ ութ տարի դու կաթվածահար լինես, իսկ քո մայրն առողջանա և խնամի քեզ»: «Ոչ, ոչ, Հա՛յր», - բացականչեց նա: «Չորս տարի, - ասում եմ, - գոնե չորս տարի է քեզ անհրաժեշտ: Ախր ինչպե՞ս չես ամաչում: Ո՞րն է ավելի նախընտրելի: Առողջ լինել, ցավ չզգալ ու խնամել հիվանդ մարդուն, և վարձքի էլ արժանանալ Աստծուց, թե՞ տառապել, ի վիճակի չլինել ոտքը շարժել, համակերպվել և խնդրել. «Խնդրում եմ գիշերանոթը բեր, մյուս կողմի շրջիր ինձ, պատի կողմը տեղափոխիր…»: Երբ այդ կինը լսեց, թե ինչ եմ ասում իրեն՝ մի քիչ ամաչեց:

Ընտանիքում այսպիսի խնդիրներ չեն լինի, եթե երեխաներն իրենց պատկերացնեն իրենց ծերացած ծնողների փոխարեն կամ, եթե հարսն իրեն սկեսրոջ տեղը դնի ու մտածի. «Չէ՞ որ, ես էլ մի օր ծերանալու եմ և մի գեղեցիկ օր սկեսուր եմ դառնալու: Այն ժամանակ ինձ դուր կգա՞ արդյոք, եթե իմ հարսն ինձ վրա ուշադրություն չդարձնի»:

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյան

Աղբյուր՝ Surbzoravor.am