Այսպէս է ասում Տէրը. «Եթէ ուշադիր լսես քո տէր Աստծու ձայնը, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատուիրաններին ու ենթարկուես նրա բոլոր հրամաններին, քեզ վրայ չեմ թափի բոլոր այն հիւանդութիւնները, որ թափեցի եգիպտացիների վրայ, քանզի ես եմ քեզ բժշկող Տէրը» (Ելք 15:

Գրիմ Եղբայրներ․ Ռապունցել

Լինում են, չեն լինում, մի մարդ ու կին են լինում: Ցանկանում են երեխա ունենալ, սակայն չի հաջողվում: Բայց ահա մի օր աստված կատարում է նրանց ցանկությունը:

Ամուսինների փոքրիկ պատուհանը նայում է հարևանի այգուն: Այնտեղ աճում են աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն ու խոտերը, սակայն պարտեզի շուրջը բարձր պատ կա, և ոչ ոք այնտեղ չի մտնում, քանի որ տերը հզոր կախարդուհի է: Բոլորը վախենում են նրա ուժից: Մի անգամ կինը պատուհանից նայելիս է լինում, և աչքը ընկնում է մի թփի: Թուփը ռապունցել բույսի թուփ է լինում, որը նաև անվանում են բարբարուկ: Այնքան կանաչ ու փարթամ է լինում բույսը, որ կնոջ բերանի ջուրը գնում է: Անընդհատ մոտենում է պատուհանին, նայում ռապունցելին ու սիրտն ավելի է ուզում: Եվ քանի որ ոչ ոք չի համարձակվում մտնել կախարդուհու պարտեզն ու որևէ բան քաղել այնտեղից, կինն օր-օրի գունատվում ու նիհարում է:

- Սիրտդ ի՞նչ է ուզում, այ կին, - հարցնում է ամուսինը՝ վախեցած կնոջ տեսքից:

- Ա՜խ, եթե այն ռապունցելից չուտեմ, կմեռնեմ, - պատասխանում է կինը:

Ամուսինը շատ է սիրում կնոջը ու մտածում է, որ եթե կինը դրա պատճառով կարող է մեռնել, ուրեմն ինքն ամեն գնով պետք է ճարի այդ բույսից: Պատի վրայով բարձրանում է, մտնում կախարդուհու պարտեզը, արագ-արագ մի քանի թև ռապունցել քաղում, բերում տալիս կնոջը: Կինն աղցան է պատրաստում և ուտում: Սակայն աղցանն այնքան համեղ է լինում, որ հաջորդ օրը նա ավելի շատ է ցանկանում ու չի կարողանում հանգստանալ, մինչև ամուսինը չի խոստանում դարձյալ մտնել կախարդուհու այգին: Գիշերը մարդը պարսպի վրայով իջնում է պարտեզ ու շատ վախենում է, քանի որ տեսնում է կախարդուհուն՝ իր առաջ կանգնած:

- Ինչպե՞ս ես համարձակվում մտնել իմ այգին ու կանաչ ռապունցել գողանալ, - հարցնում է բարկացած կախարդուհին:

- Ա՜խ, ներեցեք, ի՜նչ անեմ, կինս պատուհանից տեսել է ձեր ռապունցելն ու սիրտն այնպես է ուզում, որ եթե չտանեմ, կմեռնի:

Կախարդուհին հանդարտվում է և ասում.

- Եթե այդպես է, ես մի պայման ունեմ, ռապունցել քաղիր, ինչքան ուզես, բայց հենց որ կինդ ունեցավ երեխա, երեխային պետք է տաս ինձ: Ես լավ կպահեմ նրան, ինչպես հարազատ մայրը:

Մարդը վախից համաձայնում է: Եվ շուտով կինը մի սիրուն աղջիկ է ունենում, անմիջապես հայտնվում է կախարդուհին, աղջկա անունը դնում Ռապունցել և տանում իր տուն: Ռապունցելը մեծանում է, դառնում աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը: Հենց որ դառնում է 12 տարեկան, կախարդուհին նրան փակում է անտառում գտնվող մի բարձր աշտարակում: Աշտարակը ո´չ դուռ է ունենում, ո´չ սանդուղք, միայն փոքրիկ պատուհան: Երբ կախարդուհին ուզում է աղջկա մոտ գնալ, կանգնում է ներքևում և կանչում.
Ռապունցել, Ռապունցել, զարթնիր,
Ծամերդ կախիր:

Ռապունցելի մազերը շատ գեղեցիկ են, նուրբ ոսկեթելի նման: Կախարդուհու ձայնը լսելիս Ռապունցելը մազերի հյուսքերը կապում է պատուհանի կեռից ու ծայրը կախ գցում: Հյուսքից բռնելով՝ կախարդուհին վեր է բարձրանում:

Մի անգամ թագավորի որդին անցնելիս է լինում աշտարակի մոտով: Հանկարծ լսում է երգի ձայն ու այնպես գերվում, որ կանգնում է ու ականջ դնում: Մենակ պահերին Ռապունցելը երգում է իր հիասքանչ ձայնով: Թագավորի տղան ուզում է բարձրանալ աշտարակը, բայց դուռ ու սանդուղք չգտնելով, գնում է տուն: Սակայն աղջկա երգի ձայնը դուրս չի գալիս մտքից, ու ամեն օր նստում է ձին, գալիս աշտարակի մոտ նրա երգը լսելու:

Մի օր էլ ծառի տակ կանգնած տեսնում է, թե ինչպես է կախարդուհին գալիս ու ձայն տալիս.

Ռապունցել, Ռապունցել, զարթնիր,
Ծամերդ կախիր:

Տղան մտածում է, որ ինքն էլ կարող է իր բախտը փորձել, այդ սանդուղքով վեր բարձրանալ ու հաջորդ օրը գալիս է աշտարակի մոտ և ձայն տալիս.

Ռապունցել, Ռապունցել, զարթնիր,
Ծամերդ կախիր:

Հյուսքերը կախ են ընկնում, և թագավորի տղան մագլցում է աշտարակը: Ռապունցելը սկզբում վախենում է օտարականից, սակայն տղան խոստովանում է, որ այնպես է գերվել նրա երգով, որ հանգիստը կորցրել է ու շատ էր ուզում տեսնել աղջկան: Թագավորի տղան հարցնում է՝ արդյոք նա համաձայն է դառնալ իր կինը: Աղջիկը մտածում է, որ տղան իրեն ավելի շատ կսիրի, քան պառավ Գոթելը և տալիս է իր համաձայնությունը: Ձեռքը մեկնում է նրան ու ասում.

- Ես ուրախությամբ կգամ քեզ հետ, միայն թե չգիտեմ՝ ինչպես իջնել: Ամեն անգամ ինձ մոտ գալիս մի կտոր մետաքս բեր, ես սանդուղք կհյուսեմ, և երբ պատրաստ լինի, կիջնեմ դրանով ու դու ինձ կտանես:

Քանի որ կախարդուհին ցերեկներն է գալիս, պայմանավորվում են, որ թագավորի տղան նրա մոտ գնա գիշերները: Պառավը ոչինչ չի նկատում: Բայց մի օր Ռապունցելն ասում է.

- Ֆրաու Գոթել, ինչի՞ց է, որ քեզ ավելի դժվար եմ վեր քաշում, քան թագավորի տղային:

Նա բարձրանում է մի ակնթարթում:

- Ախ դու, գարշելի աղջիկ, այդ ի՞նչ ես ասում: Կարծում էի, թե քեզ թաքցրել եմ բոլորից, իսկ դու ինձ խաբո՞ւմ ես:

Նա կտրում է Ռապունցելի մազերը: Գեղեցիկ հյուսքերն ընկնում են գետնին: Այնքան անխիղճ է լինում կախարդուհին, որ խեղճ Ռապունցելին տանում է անտառի խորքը, որտեղ նա ապրում է շատ խեղճ ու աղքատ: Ռապունցելին թաքցնելուց հետո նա վերցնում է աղջկա կտրած հյուսքերը, կապում պատուհանի կեռից ու սպասում: Երեկոյան թագավորի տղան գալիս է ու ասում.

Ռապունցել, Ռապունցել, զարթնիր,
Ծամերդ կախիր:

Կախարդուհին կախ է գցում մազերի ծայրը: Տղան բարձրանում է ու տեսնում կատաղած կախարդուհուն:

- Ահա՜, ուզում էիր տանե՞լ սիրելիիդ, բայց գեղեցիկ թռչնակը չկա, էլ չի երգում, նրան գողացել է կատուն, որ քո աչքերն էլ կհանի: Դու երբեք չես տեսնի Ռապունցելին, ընդմիշտ կորցրիր նրան, - ծղրտում է պառավը:

Թագավորի տղան, հուսահատվելով ու զայրույթից գլուխը կորցրած, պատուհանից դուրս է թռչում և կենդանի է մնում: Սակայն փշոտ մացառները ճանկռտում, հանում են նրա աչքերը: Նա մենակ թափառում է անտառում, սնվում պտուղներով ու արմատներով, ամբողջ օրը լաց լինում կորցրած սիրելի աղջկա համար: Այսպես տխուր, վշտահար թափառում է մի քանի տարի ու մի օր էլ մտնում է այն խուլ անտառը, որտեղ Ռապունցելը խեղճ ու կրակ անց է կացնում իր կյանքը: Հանկարծ թագավորի տղան լսում է ծանոթ ձայն ու գնում դեպի այդ ձայնը: Երբ մոտենում է, Ռապունցելը ճանաչում է նրան, գրկում է, լաց լինում: Արցունքներից երկու կաթիլ ընկնում են տղայի աչքերին: Հրաշք է տեղի ունենում, թագավորի տղան սկսում է տեսնել: Ռապունցելի հետ գնում են նրա թագավորությունը, որտեղ շատ են ուրախանում նրանց գալստյան համար: Ու այդ օրվանից նրանք ապրում են գոհ ու երջանիկ: