Այսպէս է ասում Տէրը. «Ամէն տղամարդ, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ եւ գլուխը ծածկած պահի, անպատւում է իր գլուխը։ Եւ ամէն կին, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ գլխաբաց, անպատւում է իր գլուխը» (Կորնթացիներ 11:4)

Իվան Իլյին. Առանց սիրո

Եվ այսպես, դու կարծում ես, որ կարելի է ապրել առանց սիրո` ուժեղ կամքով, բարի նպատակներով, արդարամտությամբ, չարիքի դեմ պայքարով: Գրում ես ինձ, թե. «Ավելի լավ է սիրո մասին չխոսել. Այն գոյություն չունւի մարդկանց մեջ: Ավելի լավ է չանդրադառնալ նրան: Ո~վ կարող է արթնացնել սերը կարծր սրտերում»… :

Սիրելիս, դու և ճիշտ ես, և սխալ: Ի մի բեր, խնդրում եմ, անհամբեր համբերությունդ և փորձիր հետևել մտքերիս ընթացքին:

Անկարելի է, որ մարդն ապրի առանց սիրո, քանզի սերն ինքնաբերաբար է արթնանում և տիրում մարդուն: Սերը և աստվածատուր է և բնության պարգև: Մեզ` մարդկանցս, տրված չէ սեփական հայեցողությամբ տնօրինել մեր ներաշխարհը, հեռացնել որոշ հոգեկան ուժեր, դրանք փոխել ուրիշներով կամ ներմուծել նորերը, որոնք մինչ ի սկզբանե հատուկ չեն եղել մեզ: Հնարավոր է, անշուշտ, դաստիարակել սեփական անձը, սակայն անհնարին է այն կոտրել և վերստին կերտել ըստ ուզածի: Նայիր, թե ոնց է ընթանում մարդկային կյանքը: Մանուկը կապված է մորը իր սպասումներով, կարիքներով, հույսերով, հաճույքներով, մխիթարությամբ, հանգստությամբ և երախտագիտությամբ:

Երբ այս ամենը ձուլվում է առաջին ամենաքնքուշ սիրուն, դրանով որոշվում է նրա ճակատագիրը: Մանուկը փնտրում է հորը` նրանից ակնկալելով արձագանք, օգնություն, պաշտպանություն և առաջնորդություն. Նա վայելում է հոր սերը և ի պատասխան սիրում նրան: Մանուկը հպարտանում է իր հորով ընդօրինակում է նրան, նրա մեջ զգում իր արյունը:

Արյան այդ կանչը հետագայում խոսում է նրա մեջ ամբողջ կյանքի ընթացքում, ձևավորում կապվածություն իր քույրերի, եղբայրների և ողջ ընտանիքի հետ: Իսկ երբ հետագայում բռնկվում է սերը «Նրա»հանդեպ, ապա պետք է հոգ տանել, որպեսզի այն «բնախոսական պոռթկումից» վերածվի իրական «Աստվածային այցելության» և ընդունել այն որպես ճակատագիր: Եվ բնական չէ արդյոք սիրել սեփական զավակներին այնպես ու այն սիրով, որը մանկական իր երազանքներում ակնկալել է ծնողներից: Ինչպես ուրեմն շրջանցել սերը: Ինչով փոխարինել այն: Ինչով լցնել այն ահարկու դատարկությունը, որ ձևավորվում է սիրո բացակայությամբ:

Անկարելի է, որ մարդը կարողանա ապրել առանց սիրո նաև այն պատճառով, որ այն կենսական ընտրության գլխավոր շարժիչ ուժն է: Կյանքը նման է վիթխարի, անսահմանորեն մեծ ջրի ալիքի, որը փլվել է մեր վրա և մեզ էլ իր հետ քշում-տանում է: չի կարելի ապրել այն ամենով, ինչը որ այն պարունակում է իր մեջ: Չի կարելի տրվել այն կործանարար քաոսին, որն իր մեջ ամփոփած ունի այն: Ով կփորձի դա անել կսպառվի ու կկործանի իրեն և արդյունքում ոչնչի չի հասնի, որովհետև կոչնչանա այդ համընդհանուր խառնարանի մեջ: Պետք է ընտրել` հրաժարվել շատ բաներից հնարավորինս քչի համար և պետք է այդ քիչը պահպանել, հոգ տանել, գնահատել, կուտակել, աճեցնել, ու կատարելագործել: Ու հենց դրանով էլ կերտել սեփական անձն ու անհատականությունը: Կենսական այդ ընտրության շարժիչ ուժը հենց սերն է. Սերն է, որ «նախընտրում է», «ընդունելի է համարում», «կլանում է», գնահատում է, հոգ է տանում և պահպանում է հասնում և ձևավորում է հավատարմություն: Իսկ կամքն ընդամենը զենք է սիրո ձեռքին կենսական այդ իրագործումների ժամանակ: Կամքն առանց սիրո դատարկ է, կարծրացած, դաժան, բռնի և որ գլխավորն է` անտարբեր չարի ու բարու հանդեպ:Այն շատ արագ կյանքը վերածում է բանտային կարգապահության...

Հատվածներ որդուն ուղղված նամակից