Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Ճշմարտության բանալին

Մատթեոսի Ավետարանի 13-րդ գլխի 45-46 համարներում մեր Տերը ուրիշ առակների շարքում պատմում է նաև իրական մարգարիտի առակը:

Երանության լեռան վրա Հիսուսի առաջին քարոզով իսկ աշխարհի թշվառությունը, սուգը, ծարավն ու որբությունը մոռացած` մարդիկ մի այլ ճշմարտություն տեսան: Երկնքի թագավորությունը ժառանգություն էր տրվում երեկվա խեղճ ու աղքատ, երկրի վրա թագավորներից ու աշխարհի իշխաններից միայն զրկանք ու արհամարհանք տեսած մարդկանց:

Հովհաննես Մկրտիչն անապատում խոսում ու նախապատրաստում էր մարդկանց սրտերը, որպեսզի ապաշխարությամբ մաքրվեն, սրբվեն և արդար ու բարի գործեր կատարեն: Հիսուսի խոստացածը, սակայն, ավելի իրական ու շոշափելի էր, քանի որ Նրան հավատացողը պիտի ճաշակեր Աստծու թագավորությունը ժառանգելու քաղցրությունը։

Ամեն ժառանգություն կամ մեծ ու փոքր հարստություն ձեռք է բերվում միայն զոհողությամբ, այսինքն` ծանր և երկարատև աշխատանքով: Անշուշտ, լինում են դեպքեր, երբ մարդու «բախտը» բերում է, ու չսպասված տեղից անակնկալ կերպով ժառանգում է մեծ հարստություն, սակայն դրանք շատ հազվադեպ են լինում: Իրապես չես կարող հարստանալ, եթե գիշեր-ցերեկ առանց հանգստի չաշխատես: Ես կարդացել եմ, որ մի մեծահարուստ մարդ իր ամբողջ կյանքն անցկացրել է մի երազով` դառնալ միլիոնատեր: Եվ առանց հանգստի աշխատելով` իր կյանքի հիսուներորդ տարուց հետո հասել է իր նպատակին, սակայն, դժբախտաբար կորցրել է իր ամենաթանկ բանը` առողջությունը: Բժիշկը նրան արգելել է նույնիսկ մի կտոր միս ուտել և շատ այլ բաներ: Կարդացել եմ նրա խոսքն ուղղված մի առողջ մարդու. «Ամբողջ հարստությունս կտամ` քեզ պես առողջ լինելու համար»: Հիսուս, երբ հավատացյալին խոստանում է Երկնքի թագավորությունը, չի մոռանում նաև շեշտել զոհողությամբ դրան հասնելու դժվարություններն ու նեղությունները:

Նա ասում է, որ Աստծու թագավորությունը նմանվում է մի վաճառականի, որի գործը ապրանք գտնելն ու ծախելն էր, նաև` թանկարժեք մարգարիտներ: Եվ այս վաճառականը մի մարդու մոտ տեսնում է մի թանկարժեք մարգարիտ:

ՈՒշադրությամբ նայելուց, քննելուց հետո համոզվում է, որ այն շատ արժեքավոր է, ուզում է անպայման գնել, այնուհետև վերավաճառել, որպեսզի շատ դրամ աշխատի: Սակայն ցանկությունը քիչ էր. վաճառականն ստուգում է իր գրպանի դրամը, քիչ է գալիս, ապա տուն է գնում, վաճառում կնոջ ամբողջ ոսկեղենն ու դրամի վերածում, այնուհետև վաճառում է այլ զարդեր և իրեր, մի խոսքով, կարողանում է հավաքել անհրաժեշտ գումարն ու մարգարիտը գնել: Ես պատկերացնում եմ, թե նա ինչպիսի՜ ուրախություն պիտի ապրեր` իր առջև դնելով այդ արժեքավոր մարգարիտը (հմմտ. Մատթ. 13:46):

Առակի պատմությունն այս է. «Աստծու կամ Երկնքի արքայությունն ընդհանուր մտքով նշանակում է, որ Աստված կատարելապես իշխում է ու ամեն ինչ կատարվում է Նրա կամքի համաձայն»,- ասում է 20-րդ դարի Սուրբ Էջմիածնի միաբանության նշանավոր դեմքերից լուսահոգի Կարապետ եպս. Տեր Մկրտչյանը և շարունակում. «Եթե ավետարանների մեջ շատ տեղերում արքայությունը ներկայացվել է իբրև մի բարիք, մի գանձ, որը պետք է աշխատենք ձեռք բերել, այդ նրա համար է, որ նույնիսկ Աստծու հովանավորության տակ գտնվելը, Նրա կամքի համաձայն շարժվելը նկատվում է իբրև բարձրագույն բարիք» (Կարապետ եպս. Տեր Մկրտչյան, «Քրիստոնեության իսկությունը»):
Հիսուս սակայն բացատրում է, որ Երկնքի արքայությունը միանգամից չի կարող տեղի ունենալ, դրա համար ժամանակ է պետք: Ինչպես մանանեխի հատիկի ամբողջ բույսը պարունակում է իր սկզբնական վիճակում, այդպես էլ քրիստոնյան, որը մանանեխի հատիկի չափ հավատ ունի, Աստծու արքայությունը ժառանգելու ու ստանալու երազն ունի իր սրտում: Եվ նա կարող է դա ստանալ, եթե արժանի է, անշուշտ, միայն այն ժամանակ, երբ մարմինը մեռնի և մնա Աստծու սիրով ստեղծված նրա անմահ հոգին:

Հասկանալի է, որ ապրելով այս երկրային կյանքում` բոլորս էլ մտածում ենք ինչ-որ ձևով ապահովել մեր ընտանիքների նյութականը, որպեսզի քիչ թե շատ լավ ապրելակերպ ունենանք: Իբրև կյանքի վաճառականների` մեր բոլորիս առջև միշտ էլ դրվում են թանկարժեք ու արժեքավոր մարգարիտներ, և մենք մտածում ենք դրանք վաճառելով ավելի օգուտ ունենալու մասին, որպեսզի մեր ընտանիքների ապագա երջանկությունն ապահովենք, այսինքն` ավելի պարզ ասած, հանգիստ քնենք ու դրամական մտահոգություն չունենանք:

Բայց հարց է ծագում, արդյոք ա՞յդ է իրական մարգարիտը, որը երկար ժամանակ փնտրում ենք: Քրիստոնյա մարդու պատասխանը պիտի լիներ. «Անշուշտ, ո՛չ»: Ինչո՞ւ: Ինչպես վաճառականի պարագայում ասացինք, նա ամեն ինչ արեց, որպեսզի այդ թանկագին մարգարիտը գնի, այսինքն` կարողացավ հավաքել անհրաժեշտ դրամը, նույնը համոզված ենք, պիտի աներ մեզնից ամեն մեկը, եթե դրա անհրաժեշտությունը զգացվեր: Պատկերացրեք, եթե մենք նույնպիսի հավատով, եռանդով ու աշխատասիրությամբ մեր ունեցած հարստությունը տրամադրենք` գտնելու Իրական Մարգարիտը` Ճշմարտության Բանալին, որ է մեր Փրկիչը` Հիսուս Քրիստոս, ապա, վստահ եղեք, անպայման պիտի ժառանգենք Երկնային թագավորությունը: Ո՛չ մի գանձ, հարստություն և ժամանակավոր երջանկություն չեն կարող փոխարինել հավիտենական այն ուրախությանը, որը Փրկիչն Ինքն է մեզ տալիս Իր թագավորական իշխանությամբ, Իր հույսով ու մանավանդ, մեր նկատմամբ ունեցած Իր անհուն սիրով:

ՈՒրեմն, լավ պիտի հասկանանք ու գիտակցենք, որ այս երկրային կյանքի թանկարժեք մարգարիտներն աղոթքի և հավատի միջոցով մեր կատարած բարի ու արդար գործերն են, որոնցով միայն պիտի կարողանանք Քրիստոսին ունենալ մեր մեջ: Քրիստոսին ունենալ մեր մեջ նշանակում է, ինչպես Ինքն է ասում. «Խաչն առնել ու գնալ Նրա հետևից», այսինքն` խնամել հիվանդին, մխիթարել սգավորին, բարձրացնել ընկածին, մի խոսքով` նմանվել Աշխարհի Լույսին, մեր Տիրոջը` Հիսուս Քրիստոսին: Ամեն:

Տ. Հովսեփ Ա. քահանա ՀԱԿՈԲՅԱՆ

Աղբյուր՝ Irates.am