Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Հովհաննես Վանանդեցի

Հովհաննես Վանանդեցի, Հովհան (Ամիրզադե Միրզայի Միրզայան, 1772, Վան փետրվարի 3 1841, Զմյուռնիա), հայ բանաստեղծ, մշակութային գործիչ։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի Կտուց անապատում։ 1798 թվականին ավարտել է Կ․ Պոլսի «Մայր դպրատուն»-ը։ 1799 թվականից Վանանդեցին աստվածաբանություն և հայկաբանություն է դասավանդել Զմյուռնիայի նորաբաց Մեսրոպյան վարժարանում։

Իր առաջին գործում՝ «ճառներբողական ի սուրբ Խաչն Քրիստոսի և պատմագրական առասացություն ի Սուրբ Նշանն Գ․ Վանանդեցի Հ․ Վանանդեցի Վարագա» (1816, հրատարակվել է 1853), տալիս է Վարագա վանքի կառուցման պատմությունը, մատնանշում քրիստոնեական կրոնի դերը հայ ժողովրդի կյանքում։

1829 թվականին Վանանդեցին ավարտել է «Տեսարան հանդիսիցն Հայկայ, Արամայ և Արայի» (հրատարակվել է 1856) դյուցազներգությունը, որի նյութը հայ ժողովրդի պատմական-առասպելական անցյալն է։ Հեղինակը հիմնականում հետևել է Խորենացուն, թեև կան որոշ հավելումներ ու շեղումներ։ Մյուս՝ «Արփիական Հայաստանի» (1836) դյուցազներգությունում (10 հազար տող) շարադրված է հայ ժողովրդի՝ քրիստոնեություն ընդունելու պատմությունը (ըստ Ագաթանգեղոսի)։

Որոշ ընդմիջումից հետո Վանանդեցին գրել է իր վերջին՝ «Ոսկի դար Հայաստանի» (1841) դյուցազներգությունը (5500 տող)։ Ունենալով հարուստ գիտելիքներ, տիրապետելով հայ բանաստեղծական արվեստի օրինաչափություններին՝ հեղինակը ստեղծել է բարձրարժեք գործ։ Իր այս երեք դյուցազներգություններով Վանանդեցին որոշակի ձև և ուղղություն է տվել հայկական կլասիցիզմի իզմիրահայ թևին և առաջադիր սկզբունքներ թելադրել առհասարակ հայկական կլասիցիզմի համար։ Վանանդեցու բանաստեղծություններից հայտնի է «Առ Հայաստան»-ը (առավելապես իր առաջին տողով՝ «Հայաստան, երկիր դրախտավայր»), որ երգի է վերածել Կոմիտասը։