Այսպէս է ասում Տէրը. «Եւ եթէ Հայր էք կոչում նրան, որ առանց աչառութեան դատում է իւրաքանչիւրին ըստ գործերի, ապա երկիւղո՛վ ապրեցէք այս աշխարհում ձեր պանդխտութեան ժամանակ»

Սուրբ Հովհանն Ոսկեբերան. Առանց ողորմության հնարավոր չէ փրկվել

Ինչպես ճնճղուկը, որ թեև ամբողջ մարմնով չէ ընկած թակարդի մեջ, այլ միայն մարմնի մի հատվածով, ենթադրենք՝ ոտքերով, բայց գտնվում է թակարդ դնողի իշխանության տակ, այդպես էլ մենք գտնվում ենք սատանայի իշխանության տակ, չնայած որ նրա կողմից բռնվում ենք ոչ թե ամբողջովին՝ թե՛ հավատքով և թե՛ կյանքով, այլ միայն կյանքով: Որովհետև Աստված ասում է. «Ոչ ամեն մարդ, որ ինձ «Տեր, Տեր» է ասում, երկնքի արքայությունը կմտնի, այլ նա, ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է» նորից. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռու գնացեք ինձանից դուք ամենքդ, որ անօրինություն եք գործում» (Մատթ. 7:21, 23):

Տեսնում ես, որ հավատքն էլ մեզ ոչ մի օգուտ չի գալիս, եթե Տերը չի ճանաչում մեզ: Կույսերին էլ նույնպես ասվեց. «Ձեզ չեմ ճանաչում« (Մատթ. 25:12): Ի՞նչ օգուտ նրանց իրենց կուսությունից և բազում սխրագործություններից, եթե նրանց Տերը չի ճանաչում: Եվ շատ տեղերում ենք հանդիպում, երբ մարդիկ այնքան չեն քննվում հավատքի համար, որքան պատժվում են արատավոր կյանքի համար և հակառակը, երբեմն մարդիկ այնքան չեն քննվում կյանքի համար, որքան կործանվում են սխալ ուսմունքի համար, որովհետև երկուսն էլ փոխադարձ կապված են միմյանց հետ: Տեսնում ես, որ մենք, երբ չենք կատարում Աստծո կամքը, գտնվում ենք դիվային թակարդի մեջ: Եվ ոչ միայն ամբողջ կյանքի համար, այլև մեկ հանցանքի համար մարդիկ հաճախ գեհեն են նետվում, եթե չեն ունենում դրան համարժեք բարի գործեր: Այդպես էլ կույսերը պատժվեցին ոչ թե անառակության կամ շնության համար, կամ նախանձի ու թշնամության, հարբեցողության կամ սխալ հավատքի համար, այլ՝ յուղի անբավարարության պատճառով, այսինքն՝ ողորմության պակասի համար, որովհետև ողորմությունը յուղ է նշանակում: Եվ այն պատժվածները, ում ասվեց. «Հեռացեք ինձանից, անիծյալներ, դեպի հավիտենական կրակ», նույնպես դատապարտվել էին ոչ այլ բանի, քան Քրիստոսին չկերակրելու համար: Տեսնում ես, որ միայն ողորմության պակասությունը կարող է գեհենի կրակի մեջ գցել: Ինչո՞ւ, ասա՛ ինձ, պետք է պիտանի լինեն ողորմություն չտվողները: Դու ամեն օր պահք ես պահում. այն կույսերն էլ էին պահում, բայց դրանից ոչ մի օգուտ չստացան: Աղոթո՞ւմ ես. ի՞նչ կա դրա մեջ: Առանց ողորմության աղոթքն անպտուղ է:

Առանց դրա ամեն ինչ անմաքուր է և անօգուտ, առանց դրա առաքինությունների մեծ մասը կորչում է. «Ով չի սիրում եղբորը, չի ճանաչում Աստծուն» (Ա. Յովհ. 3:10, 4:8), ինչպե՞ս ես սիրում նրան, երբ չես ուզում բաժին հանել նրան այս փոքր և չնչին բարիքներից ինչ-որ մի բան: Դու ողջախոհություն ես ցուցաբերում ոչ թե տանջանքներից վախենալով, այլ նրա համար, որ բնությամբ այդպիսին ես: Իսկ եթե տանջանքների վախից ողջախոհություն ցուցաբերեիր՝ հաղթահարելով տառապանքներն ու ճնշումները, ապա դու ավելի ողորմած կլինեիր: Ինչո՞ւ. որովհետև վերջինս բնական ցանկություն է՝ սերմանված և արմատավորված մեր մարմնի մեջ, իսկ հարստության կիրքն այդպիսին չէ: Մենք կարող ենք Աստծուն նմանվել ողորմությամբ և կարեկցանքով: Իսկ եթե չունենք ողորմություն և կարեկցանք, ուրեմն ոչինչ չունենք: Աստված չասաց, թե եթե պահք պահեք, կնմանվեք մեր Հորը, կամ եթե կուսությունը պահեք կամ աղոթեք, այլ ասաց. »Գթասիրտ եղեք, ինչպես որ ձեր Հայրը գթասիրտ է» (Ղուկ. 6:36): Սա է Աստծո գործը: Եթե դա չունես, ուրեմն ոչինչ չունես: Նա ասում է. «Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ» (Օսե 6:6): Աստված ստեղծեց երկինքը, երկիրը և ծովը: Մեծ է այս գործը և Նրա իմաստության արդյունք: Բայց ոչ մի բանով Նա այդպես չէր շահում մարդկային ցեղի համակրանքը, ինչպես ողորմությամբ և մարդասիրությամբ, և դա Նրա իմաստության, ուժի և բարության գործն է: Բայց ամենամեծ գործն այն էր, որ Նա ծառայի կերպարանք առավ: Այդ պատճառով չէ՞արդյոք, որ մենք զմայլվում ենք Նրանով, այդ պատճառով չէ՞ արդյոք, որ մենք շնորհակալ ենք Նրանից: Եվ Աստված ոչինչ այնքան չի բաշխում մեզ, որքան ողորմություն: Այդ մասին շատ են վկայում բոլոր մարգարեները: Խոսելով ողորմության մասին` ես չեմ հասկանում այն, ինչ միավորված է շահասիրության հետ, դա ողորմություն չէ: Փշենու արմատը երբեք յուղ չի բխեցնում, այլ յուղ է տալիս ձիթապտղի ծառի արմատը, նույն կերպ նաև ողորմությունը. այն չի կարող տալ ո՛չ դրամապաշտության արմատը, ո՛չ ստինը և ո՛չ էլ հափշտակությանը: Մի՛ նսեմացրու ողորմությանը, առիթ մի՛ տուր, որ բոլորը կշտամբեն նրան: Եթե հափշտակում ես բարեգործության համար, ապա այդպիսի ողորմությունից ավելի վատ բան չկա: Եթե դա հափշտակությունից է գալիս, ուրեմն դա ողորմություն չէ, այլ դաժանություն է և մոլեգնություն, դա բարկացնում է Աստծուն: Եթե Կայենն այդքան վշտացրեց Աստծուն՝ իր ունեցվածքից ամենավատը զոհաբերելով, ապա որքան կբարկանա Աստված օտարինը բերելուց: Բերածն այլ բան չէ, քան զոհ, սրբություն, այլ ոչ թե ապականություն: Եթե չես համարձակվի աղոթել կեղտոտ ձեռքերով, ապա մի՞թե ահավոր չես համարում Աստծո առաջ բերել հափշտակության կեղտն ու անմաքրությունը: Դու չես թողնի, որ ձեռքերդ կեղտոտ ու անմաքուր մնան, այլ ամենից առաջ կլվաս դրանք, այնուհետև նոր զոհ կմատուցես, մինչդեռ այդ կեղտը ոչ մի հանցանք չի գործում, իսկ վերոնշյալն արժանի է քննության և կշտամբանքի:

Ուրեմն չմտածենք միայն մաքուր ձեռքերով զոհաբերություն անելու և աղոթելու մասին, այլ նաև այն մասին, որ զոհաբերածը մաքուր լինի: Թող ձեռքերը մաքուր լինեն, բայց դրանք կատարյալ մաքուր կլինեն այն ժամանակ, երբ մենք ոչ միայն լվացվենք ջրով, այլև արդարությամբ. ահա թե ինչն է առավել մաքրում ձեռքերը: Եթե մենք անարդարություն գործենք և հազար անգամ լվանանք ձեռքերը, ոչ մի օգուտ չենք ունենա: Մարգարեն ասում է. «Լվացվեցե՛ք և մաքուր եղե՛ք» (Ես. 1:16), և չի ավելացնում, թե աղբյուրի մոտ գնացեք կամ բաղնիք կամ գետ, այլ՝ «Մաքրեցե՛ք ձեր հոգին չար արարքներից»: Ահա թե ինչն է ազատում անմաքրությունից, ահա իրական մաքրությունը: Մարմնական մաքրությունը մեզ մեծ օգուտ չի բերում, այլ հոգեկան մաքրությունն է մեզ համարձակություն տալիս Աստծո առաջ: Մեր աղոթքները պետք է մաքուր լինեն, բայց աղոթքները չեն կարող մաքուր լինել, եթե դրանք դուրս գան անմաքուր հոգուց: Ոչ մի բան հոգին այդքան անմաքուր չի դարձնում, որքան դրամապաշտությունն ու գողությունը: Աստված ատում է ոչ թե մարմնի անմաքրությունը, այլ՝ հոգունը, որովհետև լսի՛ր, թե ինչ է ասում Նա. «Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթ. 5:8): Իսկ ի՞նչ է ասում մարգարեն.«Իմ մեջ մաքուր սիրտ հաստատիր, Աստված» (Սաղմ. 50:12): Ուրեմն ողորմություն տանք արդար աշխատանքով, որպեսզի արժանանանք իրական բարիքներին:

Ռուսերենից թարգմանեց Գայանե ԹԵՐԶՅԱՆԸ
Աղբյուր՝ Qahana,am