Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, իմաստութիւնն աւելի գեղեցիկ է, քան արեգակը եւ բոլոր աստղաբոյլերը, իսկ լոյսի հետ համեմատած՝ առաւել է նրանից» (Իմաստ. Սողոմոնի 7:29)

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի․ «Ճշմարտությունն այն լեզուն է, որում համամարդկայինն է բարբառում»

Մարդուն և նրա կարիքները հասկանալու, մարդու էական որակները ճանաչելու համար պետք չէ անվերջ նրան հակադրել ձեզ համար ակնհայտ ճշմարտություններ։ Այո, դուք իրավացի եք։ Դուք բոլորդ էլ իրավացի եք։

Տրամաբանորեն ամեն ինչ ապացուցելի է։ Իրավացի է մինչև իսկ նա, ով աշխարհի բոլոր դժբախտությունների պատճառը սապատավորների մեջ է փնտրում։ Մարդկանց կարելի է դասակարգել աջակողմյանների և ձախակողմյանների, սապատավորների և ոչ սապատավորների, ֆաշիստների և ժողովրդավարների, և այդ տարբերակումներն անառարկելի են։ Բայց բոլորս էլ գիտենք, որ ճշմարտությունն այն ուժն է, որ պարզեցնում է աշխարհը՝ շուրջը քաոս սփռելու փոխարեն։ Ճշմարտությունն այն լեզուն է, որում համամարդկայինն է բարբառում։

Նյուտոնը ոչ թե օրենք է «հայտնագործել», որը երկար ժամանակ գլուխկոտրուկի նման խույս էր տալիս մեր ճանաչողությունից, այլ իրագործել է էապես ստեղծագործ մի արար։ Նյուտոնը կերտել է մարդկային այն լեզուն, որն ի զորու է արտահայտել խնձորի անկումը մարգագետնում և միևնույն ժամանակ արևի վերելքը երկնակամարում։

Ճշմարտությունն այն իրողությունը չէ, որ կարող ես ապացուցել, ճշմարտությունն այդ ուժն է, որ պարզեցնում է։

Ի՞նչ իմաստ ունեն բոլոր այդ բանավեճերը տարբեր գաղափարախոսությունների շուրջ։ Չէ՞ որ բոլորն էլ ապացուցելի են, բայց միևնույն ժամանակ բոլորն էլ հակասում են իրար, ու նման բանավեճերն ի վերջո մեռցնում են մարդու փրկության ամեն մի հույս։ Մինչդեռ մարդուն ամենուր նույն կարիքներն են բնորոշում։

Մենք ցանկանում ենք ազատագրվել։ Քլունգը գետնին զարկող մարդը ցանկանում է իմանալ՝ ինչ իմաստ ունի իր հարվածը։ Եվ թիապարտի (տաժանակրության դատապարտված*) քլունգի հարվածը, որ նսեմացնում է վերջինիս, ոչ մի ընդհանրություն չունի երկրաբանի քլունգի հետ, որ, ընդհակառակը, վկայում է վերջինիս մեծության մասին։

Թիարանը (տաժանակիր աշխատանքի վայր*) քլունգի հարվածների մեջ չէ։ Սարսափը նյութական չի լինում։

Թիարանը սկսվում է այնտեղ, որտեղ քլունգի հարվածները զուրկ են իմաստից, որովհետև դրանք քլունգի տիրոջը չեն կապում մարդկային հասարակության հետ։

Իսկ մենք ուզում ենք փախչել թիարանից։