Այսպէս է ասում Տէրը. «Խոնարհուեցէ՛ք Աստծու հզօր ձեռքի տակ, որպէսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի։ Ձեր բոլոր հոգսերը նրա վրայ գցեցէ՛ք, որովհետեւ նա է, որ հոգում է ձեր մասին» (Պետրոս 5:6-7)

Արցախյան ազատամարտ․ պատմում է Արթուր Աղասյանը

Ապրիլյան պարտերազմն ինձ համար մեկ օր շուտ սկսվեց։ Ապրիլի մեկին հակառակորդի դիպուկահարի կրակոցը խլեց ծառայակից ընկերոջս կյանքը։ Վլադիմիր Մելքումյանը Գյումրիից էր։ Ես գրկել էի արյունաքամ լինող ընկերոջս և օգնելու անկարողությունից խելագարվում էի։ ժամացույցի ամեն թկթկոցը սովորաբար իր հետ տանում է մեր կյանքի ժամանակը։ Սա բոլորս գիտենք, իհարկե։ Բայց այդ միտքն առավել սուր զգացի, երբ տեսա, թե ինչպես է ամեն վայրկյանի հետ նվազում Վլադիմիրի կյանքի ժամանակը։ Ապրելու ժամանակը։ Նրա մարմնի տաքությունը դեռևս ափերիս մեջ էր, երբ լուր ստացանք, որ մինչև հիվանդանոց չի հասել։ Իմ կյանքը հենց այդ րոպեից բաժանվեց առաջի ու հետոյի միջև։ Հենց այդ պահից, այլ ոչ թե ժամեր անց սկիզբ առած ապրիլյան պատերազմի օրերին։

Մարմնիս ամեն մի բջիջը վրեժ էր պահանջում։ Կորուստի, դատարկության զգացողությունը, որ համակել էր դիրքի բոլոր տղաներիս, հնարավոր չէ բառերով նկարագրել։ Այնպես որ, երբ ժամեր հետո բռնկվեց պատերազմը, մենք հասկացանք, որ եկել է հատուցման պահը։ Դիրքի ավագը ես էի։ Մենք գրագետ մարտ վարեցինք ու առանց կորուստների հաղթեցինք թշնամուն։ Ինձ ու մեր տղաներից Հարություն Բադալյանին Մարտական խաչ երկրորդ աստիճան շքանանշանի արժանացրին։ Դա մեծ պատիվ էր մեզ համար։ Հատկապես այն, որ ինձ՝ ինն ամսվա ծառայողիս, նախարար Սեյրան Օհանյանի առաջարկությամբ հնարավորություն տրվեց ծառայությունս շարունակել որպես Հայոց բանակի սպա, իհարկե, շոյել էր ինքասիրությունս։ Բայց ես ինձնից գոհ էի մեկ այլ բանի համար։

Երբեք չէի կարծել, որ իմ մեջ այնքան ուժ կգտնեմ, որ կկարողանամ զսպել զգացմունքներս, տիրպետել ինքս ինձ։ Այն րոպեին, երբ արյան փոխարեն երակներովս վրեժխնդրությունն էր հոսում՝ փոթորկելով սիրտս ու հոգիս, ես կարողացա գործել հանգիստ, կշռադատված, այնպես, ինպես կգործեր իսկական զինվորականը։ Բանն այն է, որ ապրիլի երկուսի գիշերը մեր դիրքը չէր արկակոծվում։ Թշնամին հրետակոծում էր հարևան դիրքերը։ Բայց ես հասկացա, որ այդ հանգստությունը խաբուսիկ է և, որ շուտով նաև մեր ուղղությամբ գործի կանցնեն։ Դիրքի տղաներին առաջնորդեցի թաքստոց։ Այնպես, որ մեր դիրքի ուղղությամբ հետախուզության եկած թշնամական ԱԹՍ-ը չկարողացավ նկարահանել ու հայտնաբերել մեր տեղն ու դիրքը։ Որոշ ժամանակ անց սկսվեց հրետակոծությունը նաև մեր ուղղությամբ, բայց, ինչպես հետո պարզվեց, դա ոչ թե հրետանին էր, այլ ականազերծիչը։ Պայթյունների որոտը տևեց շուրջ քսան րոպե, որից հետո ադրբեջանական հատուկ ջոկատայինները սկսեցին առաջանալ։ Մենք ելանք մեր դիրքը՝ թշնամուն ընդառաջ։ Սկսվեց առճակատումը։ Մերձամարտ էր, նռնակներով պատերազմ։ Դիրքի մի քանի տղաներով մենք կռվում էինք շուրջ երեսուն հոգանոց ջոկատի դեմ։ Մարտը չեզոք գոտում էր, նրանք չէին կարողանում առաջ գալ։ Մենք զինատեսակների բազմազանություն չունեինք և ոչ էլ հարմար տեղանքով էինք պաշտպանված, պարզապես գործում էինք գրագետ ու սառնասրտորեն։ Հետո հակառակորդը, ըստ երևույթին հասկացավ, որ ձախողման է դատապարտված, կապվեց ու հրետանային աջակցություն խնդրեց։ Հրետանին սկսեց աշխատել՝ ապահովելով նրանց նահանջը։ Նրանք հեռացան՝ մարտադաշտում թողնելով իրենց զոհերին։ Երբ ամեն ինչ ավարտվեց, մենք զոհերի հագուստից հասկացանք, որ գործ ենք ունեցել Յաշմա խմբավորման՝ ադրբեջանական հատուկ ջոկատայինների հետ։

Չգիտեմ ով է ասել, որ մարդու ամենամեծ հաղթանակը ինքն իր նկատմամբ տարած հաղթանակն է։ Ճիշտ է ասել։ Ես հաղթել եմ ինքս ինձ։ Իսկ մարտից հետո ուրախությունից գոռում էի։ Այլևս չէի կարողանում զսպել ինձ։ Զգացմունքներս դուրս էին ժայթքում։ Ես երջանիկ էի։ Բայց ոչ նրա համար, որ հաղթել ենք, որ ողջ ու առողջ ենք, որ ընդամենը մեկ թեթև վիրավոր ենք ունեցել, այլ որովհետև Վլադիմիր Մելքոնյանի հոգին կարող է հանգիստ հանգչել։ Նրա վրեժն արդեն լուծված է։

Պատմությունը գրի առավ Յուլիա Վանյանը: