Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Հովհաննես Թումանյան. Բզեզի դպրոցը

Վարպետ Բզեզն ամռան մի օր
Դպրոց բացեց մեծ ծառի տակ
Ու հավաքեց թիթեռ, ճանճ, բոռ,
Մժեղ, մրջյուն, մլակ, մոծակ…

- Գիտե՞ք, ասավ, իմ փոքրիկներ,
Պիտի սովրեք, սովրեք անվերջ,
Որ իմանաք ինչ է ձեզ պետք,
Ինչ կա ձեր շուրջն ու կյանքի մեջ։

Պիտի սովրեք, սովրեք էնքան,
Մինչև դառնաք ինձ պես վարպետ։
Դե նստեցեք հիմի հանդարտ,
Ինչ որ կասեմ՝ կրկնեք ինձ հետ։

Ա. Անթառամ, Բ. Բարձմենակ.
Գ. Գաղտիկուռ, Դ. Դդում…
Է՜յ, դու մորե՜խ, դեսն ականջ դիր,
Ի՞նչ ես էդտեղ կտրտում։

Ե. Երիցուկ, Զ. Զանազան,
Է. էշխրտուկ, Ը. Ընկուզ…
Մի՛ աղմկեք, հանաք հո չի՞.
Թիթե՛ռ, հանգի՛ստ, մոծակ, սո՛ւս։

Մի՛ խառնվեք, չեմ սիրում ես
Էդպես աղմուկ, աղաղակ։
Թ. Թրթնջուկ, Ժ. Ժախ ու բոխ,
Ի. Իշառվույտ, Լ. Լեղակ։

Խ. Խնձորուկ, Ծ. Ծիրան,
Կ. Կռոթուկ, Հ. Հաղարջ…
- Տե՛ս, վարժապետ, էս մլակին,
Ինձ ասում է՝ սարի արջ։

- Ա՛յ տղա, է՜յ, չեն հայհոյիլ։
Տզզան հիմար անասուն…
Ձ. Ձմերուկ, Ղ. Ղանձլամեր,
Ճ. Ճարճատուկ, Մ. Մասուր։

Դու, է՜յ ծղրիդ, ո՞նց ես նստել.
Գլուխդ- ետ, մեջքդ— դուրս։
Յ. Յունապի, Ն. Նունուֆար,
Շ. Շագանակ, Ո. Ողկույզ։

- Վա՜յ, էս ինչե՜ր կան՝ դասերում.
Ողկույզը ես շատ եմ սիրում…
- Իսկ ես կաղամբ կուտե՜մ, կուտե՜մ…
- Իսկ ես՝ ծիրան… - իսկ ես՝ կոտեմ…

Ձեզ չեն հարցնում՝ ի՛նչ կուտեք դուք
Քնաթաթախ՝ առտեհան։
Չ. Չինարի, Պ. Պատատուկ
Ջ. Ջրկոտեմ, Ռ. Ռեհան։

Ս. Սերկևիլ, Վ. Վարդենի,
Տ. Տերեփուկ, Ց․Ցաքի…
Ո՜ւհ, մարդ քարից պիտի լինի,
Ձեր մեջ գըլուխ կճաքի։

Փ. Փրփրրուկ. Ք. Քարասոխ,
Օ. Օֆ, պրծանք վերջապես…
Դե գնացեք, վաղը կգաք
Անգիր արած ջրի պես։-

Ու հավաքած թիթեռ, ճանճ, բոռ,
Մժեղ, մրջյուն, մլակ, մոծակ,
Վարպետ Բզեզն՝ ամառն էսպես
Դաս էր տալիս մի ծառի տակ։