Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Առաքինությունների հոգևոր առաջընթացն ընտանիքում

- Հա՛յր, ընտանիքատեր մարդն ինչպե՞ս կարող է առաքինություններ զարգացնել իր մեջ:

- Աստված դրա համար բարենպաստ հնարավորություններ է տալիս: Սակայն շատերը, չնայած խնդրում են Աստծուն, որ իրենց բարենպաստ հնարավորություններ ընձեռի առաքինությունները զարգացնելու համար, ինչ-որ դժվարության հանդիպելով՝ սկսում են տրտնջալ: Օրինակ՝ Բարեգութ Աստված, Իր անսահման սիրուց մղված, երբեմն Իր բարեշնորհությունը վերցնում է կնոջից, որն սկսում է ձևեր թափել և ամուսնու հետ կոպիտ վարվել՝ կամենալով, որպեսզի ամուսինն իր մեջ խոնարհություն ու համբերություն զարգացնի: Այդ դեպքում ամուսինը չպետք է տրտնջա, այլ՝ ուրախանա և շնորհակալություն հայտնի Աստծուն՝ այն բարենպաստ հնարավորության համար, որ իրեն է տրվում սխրանքի համար: Կամ, օրինակ՝ մայրն Աստծուց խնդրում է, որպեսզի իրեն համբերություն տա: Այնուհետև սեղան է բացում, երեխան մոտենում է սեղանին, քաշում է սփռոցի ծայրն, ու ողջ սպասքը հատակին է թափվում: Կարծես, թե փոքրիկն ասում է մորը. «Համբերի՛ր, մայրիկ»:

Եվ ընդհանրապես, այն դժվարությունները, որ կան այժմյան աշխարհում, գոնե մի փոքր հոգևոր կյանքով ապրել ցանկացող մարդկանց ստիպում են չհանգստանալ, չքնել: Երբ, Աստված մի արասցե, պատերազմ է սկսվում, ապա մարդիկ չեն թուլանում, աչքերը չեն փակում: Ինչպես տեսնում եմ այժմ նման մի բան է կատարվում նրանց հետ, ովքեր փորձում են հոգևոր կյանքով ապրել: Թեկուզ վերցնենք այն երիտասարդներին, որ եկեղեցական կյանքով են ապրում: Ինչպիսի՜ դժվարություններ են ստիպված տանել այդ խեղճերը: Սակայն այն լուտանքը, որ ստանում են կեղտոտ աշխարհից, որում ապրում են, որոշ կերպով օգնում է նրանց սթափ մնալ: Իսկ խաղաղ ժամանակ, ահա, երբ դժվարություններ չկան, տեսնում ես, որ մարդկանց մեծամասնությունն անտարբեր է հավատքի և բարոյականության հարցերում: Այն դեպքում, երբ մարդիկ այդ խաղաղ ժամանակը ևս պետք է օգտագործեն հոգևոր աճի համար. նրանք պետք է ջանան արմատախիլ անել իրենց թերություններն ու զարգացնեն առաքինությունները:

Հոգևոր կյանքում շատ է օգնում լռությունը: Լավ կլինի, եթե օրակարգն այնպես կազմվի, որպեսզի դրանում որոշակի ժամանակ հատկացվի լռության համար: Մարդն այդ ժամանակ թող ուսումնասիրի իրեն, որպեսզի ճանաչի իր կրքերը և սխրանք գործի՝ դրանք արմատախիլ անելու և իր սիրտը մաքրելու համար: Եվ շատ ավելի լավ է, եթե տանը մի այնպիսի խաղաղ սենյակ կա, որի մթնոլորտը վանական խցի մթնոլորտ է հիշեցնում: Այնտեղ, այդ «ծածուկ վայրում» (Մատթ. 5:6) կարելի է հոգևոր պարտականությունները կատարել՝ հոգևոր գրքեր կարդալ, աղոթել: Եթե աղոթքին նախորդում է ոչ երկար հոգևոր ընթերցանությունը, ապա դա շատ է օգնում, քանի որ և՛ հոգին է այդ ընթերցանությունից ջերմանում, և՛ միտքն է տեղափոխվում հոգևոր ոլորտ: Այդ պատճառով էլ, եթե այն մարդը, ով օրվա ընթացքում ստիպված է շատ բաների վրա կենտրոնացնել ուշադրությունը, տաս րոպե ունի աղոթքի համար, ապա նախընտրելի է այդ ժամանակից երկու րոպե ինչ-որ ազդեցիկ բան կարդա, որպեսզի հեռացնի ցրվածությունը:

- Հա՛յր, իսկ Ձեզ չի՞ թվում, որ Ձեր նկարագրած կյանքով այնքան էլ հեշտ չէ ապրել այս աշխարհում:

- Ո՛չ, աշխարհիկ մարդիկ կան, որ շատ հոգևոր կյանքով են ապրում: Նրանք ճգնավորների պես են ապրում. պահք են պահում, ծառայություն են կատարում, համրիչով աղոթում են, երկրպագություն են անում՝ չնայած այն բանին, որ զավակներ ու թոռներ ունեն: Այդպիսի մարդիկ կիրակի օրերը եկեղեցի են գնում, Հաղորդություն են ստանում և կրկին վերադառնում են իրենց «խուցն»՝ այն անապատականների նման, որոնք կիրակի օրը գալիս են մենաստանի մայր տաճարն ու հետո նորից առանձնանում են իրենց խցերում: Փա՜ռք Աստծո, աշխարհում շատ այդպիսի հոգիներ կան: Եվ, եթե կոնկրետ խոսենք, ապա ես մի ընտանիքի հոր գիտեմ, ով, որտեղ էլ որ գտնվի՝ անընդհատ Հիսուսի աղոթքն է անում: Այդ մարդն իր աղոթքում միշտ արցունքներ ունի: Նրա աղոթքն ինքնաբուխ է դարձել, և նրա արցունքները քաղցր են, դրանք աստվածային ուրախության արցունքներ են: Մի աշխատողի էլ եմ հիշում Սուրբ Լեռից: Նրա անունը Յանիս էր: Նա շատ ծանր աշխատանք էր կատարում և աշխատում էր երկու հոգու փոխարեն: Ես նրան սովորեցրի աշխատանքի ժամանակ Հիսուսի աղոթքն անել, և նա աստիճանաբար վարժվեց դրան: Մի անգամ, նա ինձ մոտ եկավ և ասաց, որ մեծ ուրախություն է զգում Հիսուսի աղոթքն անելիս: «Լույսը բացվեց»,- պատասխանեցի նրան: Որոշ ժամանակ անց իմացա, որ երկու հարբած խուլիգան սպանել են այդ մարդուն: Որքա՜ն վշտացա: Էլի մի քանի օր անցավ և վանականներից մեկն սկսեց մի գործիք փնտրել, որ Յանիսն ինչ-որ տեղ էր դրել և չէր կարողանում գտնել: Եվ ահա, Յանիսը նրան երազում հայտնվեց և ասաց, թե ուր է դրել այդ գործիքը: Այդ մարդը հոգևոր այն վիճակին էր հասել, որ այն մյուս կյանքից էլ կարողանում էր օգնել ուրիշներին:

Որքա՜ն պարզ է հոգևոր կյանքը: Սիրելով Աստծուն, ընդունելով Նրա մեծագույն Զոհաբերությունն ու շնորհները, գիտակցաբար ընդօրինակելով սրբերին՝ մարդ արագությամբ լուսավորվում է: Միայն թե խոնարհություն և մեղավորության զգացումն ունենա և զգա իր մեծագույն երախտամոռությունն Աստծո նկատմամբ:

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

Աղբյուր՝ Surbzoravor.am