Այսպէս է ասում Տէրը. «Քանի որ Քրիստոս մարմնով չարչարուեց մեզ համար, դուք եւս զինուեցէ՛ք նոյն մտքով. որովհետեւ, ով մարմնով չարչարւում է, դադարում է մեղանչելուց, որպէսզի մարմնի մէջ մնացած ժամանակ այլեւս ոչ թէ ըստ մարդկային ցանկութիւնների, այլ ըստ Աստծու կամքի ապրի» (Պետրոս 4:1)

Միջնադարյան հայկական երաժշտություն (V- XIV դարեր)

Ապրելով նախնական խմորման հարյուրամյա մի շրջան, գրերի գյուտի շնորհիվ հայկական երաժշտությունը բարձրանում է մասնագիտացված և արդեն գրական լեզվի վրա խարսխված, ձևով ու բովանդակությամբ նորոգված և ազգայնացված արվեստի աստիճանին և, անցնելով բարեշրջման մեծ բովով, այդ պատմաշրջանի վերջերում դուրս է գալիս, իր ժամանակի չափանիշով, զարգացման մայրուղիներից մեկը: Վաղմիջնադարյան երաժշտությունը մեծապես կրում է մերձավորարևելյան վաղ քրիստոենականերաժշտական մշակույթի ազդեցությունը՝ միաժամանակ ստեղծելով իր ուրույն բնութագիրը, որը ծաղկում ապրեց արդցեն զարգացած միջնադարում:

Երաժշտապատմական այդ ընթացքը ամբողջության մեջ գոյացնում է զարգացման երեք փուլ, որոնք սահմանագծվում են հաջորդաբար՝ IV-V դդ․ (բարձրակետ ունենալով V դ․), VI-VIII դդ, (բարձրակետ ունենալով VIII դ․ I-ին քառորդը), և IX-X դդ․, որոնք, ամփոփելով ողջ պատմաշրջանի նվաճումները, միաժամանակ նոր սկիզբ են նշանավորում։

Գրերի գյուտից անմիջապես հետո Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի, ինչպես և նրանց ավագ աշակերտների ջանքերով թարգմանվում են Աստվածաշունչն ու պաշտամունքային այլ բնագրեր, աոաջին հերթին՝ Պատարագամատույցը, և ծեսն ու արարողությունը հայանում, բարեկարգվում ու ճոխանում են։ Աստվածաշնչից անջատվելով՝ առանձին գրքով լույս են տեսնում Դավթյան սաղմոսները, որով գոյանում է նախ՝ հայոց Սաղմոսարանը, ապա և` վերջինիս վրա ավելացնելով մարգարեական օրհնություններն ու նորաստեղծ քարոզները և աղոթքները ևս` հայոց հնագույն ժամագիրքը։

Անհրաժեշտ է դառնում ծեսի և արարողության նաև երաժշտական կողմի բարեկարգման գործը, որն իրականացնում են դարձյալ Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը, եկեղեցական երաժշտության հիմքում դնելով հայոց ավանդական ձայնեղանակները։ Երկուսն էլ եղել են նաև հայկական հոգևոր ինքնուրույն երգի նահապետները, իրենց ջանքերն ուղղել սկզբնապես թեև ոչ ծավալուն, բայց մեծակերտ (մոնումենտալ) ոճի երգի արմատավորմանը Հայաստանում։ Մեսրոպ Մաշտոցը հորինել է ապաշխարության վշտագին - քնարական շարականները, Սահակ Պարթևը՝ Ավագ շաբաթի հանդիսավոր երգեցողությունները։

Դավիթ Քերականն ու Դավիթ Անհաղթը խորացնում են հայոց երաժշտա - գեղագիտական ու երաժշտատեսական համակարգերի մշակումը։ Ստեփանոս Սյունեցի Առաջինը, Հովհան Մանդակունին, Գյուտ Արահեզացին և Մովսես Խորենացին նոր մակարդակի են բարձրացնում մեծակերտ ոճի հայ հոգևոր ինքնուրույն երգը։ Մանավանդ քերթողահայր Խորենացին, որն իր ծննդյան շարականներով վիպաքնարական հզոր շունչ ու ինքնատիպ որակ է հաղորդել հայոց մասնագիտացված երգարվեստին ամբողջապես և նրա երկու բաղադրիչներին՝ բանաստեղծությանն ու երաժշտությանը առանձին վերցած։

VII դ․ մեծակերտ ոճը զարգացման բարձրակետին են հասցնում Կոմիտաս Աղցեցին և Բարսեղ Ճոնը, Անանիա Շիրակացին (Հարության շարականներով) և Սահակ Ձորափորեցին (խաչին ու եկեղեցուն նվիրված շարականներով)։ Բարսեղ Ճոնը կազմում է հոգևոր ինքնուրույն երգերի առաջին, պաշտոնապես վավերացված ժողովածուն, որ կոչվել է «ճոնընտիր»։

VIII դ․ 1-ին քառորդում, Ստեփանոս Սյունեցի Երկրորդի ջանքերով սկզբունքորեն ընդունվում է եկեղեցական միևնույն տոնին վերաբերող 8-9 երգերից բաղկացած «կանոնի» արևե լաքրիստոնեական ժանրը։ Մշակվում է ձայնեղանակների երկրորդ մեծ համակարգը՝ հոգևոր ինքնուրույն (ոչ աստվածաշնչային) երգերին վերաբերող չափանմուշ մեղեդիների խումբը։ Ծագում է նաև հայկ․ խազագրերի նախնական համակարգը, որն հարստանում է երգչային նորանոր նշաններով։

IX դ․ Մաշտոց Ա Եղիվարդեցի կաթողիկոսը կարգավորում է հայոց գլխավոր ծիսարաններից մեկը՝ «Մաշտոցը»։ Երգահաններից հիշատակելի է Համամ Արևելցին, իր զղջական «Հայր երկնաւոր» շարականով։ X դ․ հայոց ծիսական մատյաններից կարգավորվում են երկուսը ևս՝ Տոնացույցն ու «Հռոմադիր» կոչված Հայսմավուրքը։ X դ․ բարենպաստ պայմաններում մի կողմից եզրափակվում է վաղ միջնադարյան Հայաստանի պրոֆեսիոնալ երգարվեստի հեղափոխման ուղին, ընդհանրացնող կարգի խոշոր երևույթների մարմնավորմամբ, մյուս կողմից՝ հիշյալ երևույթները, դրսևորելով նաև նոր որակ կազմող կենսական շատ տարրեր, միաժամանակ դառնում են բուն միջնադարյան հայկական արվեստի վերընթացի սկիզբը (մասնավորապես, Գրիգոր Նարեկացու երաժշտա–բանաստեղծական ստեղծագործությունը)։

Տեսության բնագավառում դեռևս V - VI դդ․ ինքնուրույն և թարգմանական հարուստ գրականության միջոցով գիտելիքների պատկառելի պաշար է կուտակվում: Ի լրումն ձայնեղանակների կարգավորության, մշակվում են ձայնի մասին և ներդաշնակության հենքի մասին ուսմունքները։ VII դ․ սկզբներին տեսությունը հարստանում է հնչյունականության (ակուստիկայի) մասին ուսմունքով։ Իսկ մի դար անց վերակարգավորվում են հայոց ձայնեղանակները, ութձայնի համաքրիստոնեական ժամանակակից տեսության լույսի տակ։ Գործածության մեջ է մտնում խաղագրության հնագույն մի տեսակ, որի բեկորները մեգ հասել են պատառիկների ձևով։

Ծեսի և պաշտոներգության հարցերը նորովի լուսաբանվում են Հովհան Օձնեցու և Խոսրով Անձևացու աշխատություններում։ Հեթանոսական շրջանին հատուկ դիցաբանական ու բնապաշտական պատկերացումներին փոխարինում են Դավիթ Անհաղթի, Դավիթ Քերականի և Ստեփանոս Սյունեցի Երկրորդի աշխատություններում առաջ քաշված ու երաժշտության բանական ըմբռնումը հիմնավորող գիտափիլիսոփայական հայացքներ։

X դ․ 20-ական թվականներից՝ զարգացում է ապրում հայոց երաժշտական մշակույթը ևս։ Շեշտակի վերելքի շրջանը հասնում է ընդհուպ մինչև XV դ․ սկզբները։ Հայ հոգևոր երգարվեստը հասնում է վիթխարի նվաճումների։ Վերջնականապես ձևավորվում է նրա ազգային ինքնատիպ դեմքը, հնարավորին չափով հագենում է ժողովրդական - աշխարհիկ առողջ կենսազգացողությամբ և բարձրանում իր ժամանակի միաձայ նային արվեստի գեղարվեստ․ համաշխարհային մակարդակին։

Հայաստանի երաժշտական կյանքում X- XI դդ․ իրագործված մեծագույն տեղաշարժի ներքին բովանդակությունը կազմում է տաղային արվեստի ծաղկումը։ Ընդգրկելով մեղեդիների, սրբասացությունների, նաև` ծանր ու ստեղի շարականների հորինումը, այն ներկայացրել է նորակերտ ստեղծագործությունների մի ուրույն ոլորտ։ Հաստատվում և զարգանում է երաժշտական մի նոր ոճ ։ Այն, հայ իրականության մեջ X դ․ դաոնալով տիրապետող, անցնում է բարգավաճման երեք փուլ, համապատասխանաբար՝ X-XI, XII-XIII, XIV- XV դդ․։ Դրանցից առաջինը տաղային արվեստի և, միաժամանակ, մեծակերտզարդարական ոճի ծաղկման շրջանն է։ Այդ փուլում՝ զուսպ, չափի հատուկ զգացումով կիրառվող զարդարումը նրբերանգավորում, ընդգծում է մեծակերտ վսեմ հորինվածքների գլխավոր գծերը։ Դրա լավագույն օրինակներ են Գրիգոր Նարեկացու տաղերը, իսկ քիչ ավելի ուշ՝ նաև Հովհաննես Սարկավագ վարդապետի երկերը։ Երկրորդ փուլը, որում մեղեդիներն առավելագույն չափով հագենում են այլազան զարդարանքներով, առանց կորցնելու իրենց մեծակերտ բնույթը, սկսվում և փայլուն կերպով շարունակվում է Ներսես Շնորհալու ստեղծագործությամբ, նրա տաղերով, ծանր ու ստեղի շարականներով և պատարագի երգերով։ Ընդհանրապես, Շնորհալու երաժշտա-բանաստեղծական ժառանգության մեջ իրենց գրեթե վերջնական կերպարանքն են ստանում հայկական ավատատիրական մշակույթին կապված երաժշտարվեստի մնայուն բոլոր արժեքները, պատարագը (թվերգերի, մեներգերի և խմբերգերի հիմնական մասերով, ինչպես և տաղերի, մեղեդիների, սրբասացությունների տոնական հատվածներով), Շարակնոցը, ժամագիրքը և այլ մատյաններ։

Ներսես Շնորհալուց հետո, Կիլիկիայում և կենտրոնական Հայաստանում գործել են մի շարք երաժիշտ-բանաստեղծներ․ Ներսես Լամբրոնացին (XII դ․) և Խաչատուր Տարոնացին (XII-XIII դդ․), Կոաոանդին Ասեցին և Վարդան Արեելցին, Հովհաննես Երզնկացի Պլուզը և Մխիթար Այրիվանեցին (XIII դ․), Գրիգոր Տաթևացին (XIV դ․), Առաքել Սյունեցին (XIV-XV դդ․) և ուրիշներ։ Նրանց ջանքերով հարստանում է երգաստեղծության մեծակերտ-զարդարական ոճի բարեշրջման երկրորդ փուլին վերաբերող ստեղծագործությունների ոլորտը, նաև խորանում և ընդլայնվում է հայկական միջնադարյան երաժշտատեսական ու գեղագիտական միտքը։ Տեսության բնագավառում իրենց հետագա զարգացումն են գտնում՝ ձայնի, հնչականության ու ներդաշնակության հենքի մասին ուսմունքները։ Հարստանում է ձայնեղանակների կամ չափանմուշ եղանակների ողջ համակարգը, նշանակալի տեղաշարժեր են կատարվում դրանց գիտական դասակարգման գործում։ Այս բոլորի վրա հիմնվելով, սույն պատմաշրջանում զարգացման որոշ աստիճանի են հասնում նաև խաղագրության արվեստը (գործնականում) և խազագիտությունը։

Երաժշտական գեղագիտության բնագավառում X-XV դդ․ հայ գիտնականները անդրադարձել են երաժշտական արվեստի ծագման, երաժշտության էության, նրա ներգործության ուժի ու բնույթի, աշխարհիկ և հոգևոր երաժշտության փոխհարաբերության, իրականության հետ երաժշտական արվեստի հարաբերության հարցերին։ XIV-XV դդ․ նախ Կիլիկիայում, ապա և կենտրոնակաան Հայաստանում, հանդես է գալիս վարպետությամբ աչքի ընկնող անանուն երգիչ-երաժիշտների մի նոր դաս, որի ներկայացուցիչներն իրենց ստեղծագործական - կատարողական առաջնահերթ խնդիրը տեսել են մինչե XII-XIII դդ․ հորինված երգերի երաժշտական բաղադրիչը վերանայելու մեջ, ըստ երգեցողության զարդոլորուն ոճի պահանջների։ Նրանց գործունեությամբ մեծակերտ-զարդարական ոճը թևակոխում է զարգացման երրորդ փուլը, որ և հատկորոշվում է այդ ոճի վերասերումով։

Աղբյուր՝ Ostarmenia.com