Այսպէս է ասում Տէրը. «Խոհեմութիւնից զուրկ թագաւորը մեծ անիրաւութիւն անող է, բայց անիրաւութիւնն ատողը երկար կեանք կ՚ունենայ» (Առակներ 28:16)

Սուրբ կույս Քրիստոնիայի այլ վկայաբանություն

Տրայանոսի թագավորության ժամանակներում Ուրբանոս անունով մի մարդ կար, իսկ նրա կնոջ անունն էր Նիկի: Եվ նրանք մի դուստր ունեին` գեղեցիկ ու վայլելչակազմ, որ տասը տարեկան և ինը ամսական էր և զորացել էր Աստծու հույսով: Ուրբանոսն ինքը մեծատուն էր և բազում աշխարհների իշխան, իսկ նրա կինը թագավորական ազգից էր: Եվ միայն այդ միամորիկ աղջիկն ունեին: Եվ հայրը մի բարձր աշտարակ կառուցեց և դստերն այնտեղ տեղավորեց` տասներկու սպասուհիների հետ: Եվ ոսկյա ու արծաթյա պատկերներ պատվիրեց և դրեց աշտարակում, որ դուստրը դրանց երկրպագի և դուրս չգա, որ մարդիկ չտեսնեն, որովհետև շատերն էին ցանկանում տեսնել նրան, և մեծատունների որդիները ցանկանում էին նրան փեսայանալ: Իսկ հայրը նրանցից ոչ մեկի հետ համաձայնության չեկավ, այլ ասում էր. «Ավելի լավ է այսպես կուսությամբ մնա և պաշտի աստվածներին»: Եվ մի անգամ, երբ կույսը բուրվառն առած ուզում էր խունկ ծխեցնել Ուրբանոսի կուռքերի համար, [հանկարծ] ինչ-որ բան զգաց և [բուրվառը] տարավ-դրեց պատուհանին: Եվ արևելք նայեց ու տեսավ երկնքի զարդերը, լուսինն ու աստղերը և հոգոց հանելով` սկսեց մտքում խոսել. «Ուրբանոսի կուռքերին խունկ չեմ մատուցի յոթ օր»: Եվ մտածում էր քրիստոնյաների պարկեշտ վարքի, սրբերի չարչարանքի ու ժուժկալության մասին և ասում. «Քրիստոնյաների՛ Աստված, Աստվածն իմ Դու ես, որ ստեղծել ես երկինքն ու երկիրը և նրանցում եղած բոլոր արարածներին: Հայտնի՛ր ինձ Քո անունը, որպեսզի այլևս չպաշտեմ հորս անմռունչ կուռքերը»:

Եվ աղջիկն այս էր ասում ու արտասվում: Եվ մի գիշեր նրան երևաց Փրկիչն ու ասաց. «Քաջալերվի՛ր և մի՛ երկնչիր, Քրիստոնիա՛, որովհետև Ես քեզ հետ եմ և չեմ լքի քեզ»: Եվ երբ սա կատարվեց, աղջիկը ելավ ու նստեց պատուհանին և մտածում էր հոր կուռքերը ջարդելու մասին, որովհետև խեթ աչքով էր նայում դրանց: Եվ աղախիններն ասացին նրան. «Տիրուհի՛, քանի՜ օր է, որ աստվածները զոհ չեն ընդունել. գուցե բարկանան մեզ վրա և կործանեն»: Քրիստոնիան պատասխանեց նրանց. «Ո՛վ մոլորյալնե՛ր, ի՞նչ եք խոսում անշունչ կուռքերի մասին, որ ո՛չ բարի բան կարող են անել, և ո՛չ չար: Այսուհետ դրանց համար որևէ բան անելու կարիք չունեմ, այլ խունկ և զոհ եմ մատուցելու իմ Աստծուն, որ ստեղծեց երկինքն ու երկիրը և դրանցում եղած արարածներին»: Եվ նրա ոտքերն ընկնելով` աղախիններն ասացին. «Օ՜, ո՛չ, տիրուհի՛, մի՛ արհամարհիր թագավորական պատկերները: Ի՞նչպես մոլորվեցիր և սկսեցիր պաշտել օտար աստծուն: Եթե հայրդ [այս մասին] լսի, կորստյան կմատնի թե՛ քեզ, թե՛ մեզ»:

Եվ մինչ նրանք այս մասին էին խոսում, ներս մտավ Ուրբանոսը` աղջկա հայրը: Դստերը տեսնելով` ուրախացավ և մոտեցավ, երկրպագեց աստվածներին, զոհ մատուցեց ու եկավ-նստեց: Եվ մոտենալով` աղախիններն ասացին. «Աղաչում ենք քեզ, տե՛ր… արդեն քանի օր է, որ քո դուստրը խունկ չի ծխել և զոհ չի մատուցել աստվածներին»: Եվ նա մոտը կանչեց դստերն ու ասաց. «Դո՛ւստր իմ, Քրիստոնիա՛, ի՞նչ են խոսում քո մասին, ի՞նչ մոլորության մեջ ես ընկել, որ թողել ես ողորմած աստվածներին ու նրանց զոհերը և մի Մարդու ես պաշտում, որին քաղաքից քաղաք են հալածել, իսկ հետո խաչել են, որ և չկարողացավ Ինքն Իրեն օգնել: Չգիտե՞ս, թե ինչքան ենք խնդրել աստվածներին, որ քեզ շնորհեն մեզ»:

Երանելին պատասխանեց. «Ինձ դուստր մի՛ կոչիր, այլ երկնավոր Աստծու դուստր կոչի՛ր»: Իսկ հայրը կարծեց, թե իր աստվածների մասին է ասում, և ուրախանալով` տուն գնաց: Իսկ Քրիստոնիան մտավ կուռքերի սենյակը, աղոթեց Աստծուն և զորություն ստացավ կուռքերի վրա, մոտեցավ ու փշրեց ոսկյա ու արծաթյա քանդակներն ու բաժանեց կարոտյալներին:

Քիչ օրեր անց նրա հայրը եկավ կուռքերին երկրպագելու, և երբ դրանք կործանված տեսավ, ապտակեց աղջկան և խփեց գարշապարներին, իսկ հետո մերկացնելով` գավազանահարեց: Իսկ նա մտքում աղոթում էր և ասում. «Աստվա՛ծ, որ ինձ չթողեցիր կուռքերի մոլորության մեջ, ողորմի՛ր անձն իմ, որովհետև Քեզ ապավինեցի»: Իսկ հետո սկսեց խոսել և նախատել հորը. «Ուրբանո՛ս, չե՞ս ամաչում, չե՞ս մտածում, որ քո կուռքերը չեն կարող օգնել ո՛չ քեզ, ո՛չ իրենց, ո՛չ բարի գործ կարող են անել, և ո՛չ չար»: Եվ երբ նա լսեց այս խոսքերը, խիստ նեղվեց, որովհետև նախատողն իր դուստր էր: Եվ հրամայեց աղջկա պարանոցին երկաթյա անուր դնել, ձեռքերին շղթաներ ու բանտ նետել: Իսկ ինքը տուն գնաց` աղջկա համար տխրած և կուռքերի կործանման համար [ցավելով]: Եվ կիսամեռ գնաց-մեկնվեց իր մահիճում:

Եվ նրա կինը հարցրեց ծառաներին. «Մեր տերն ինչո՞ւ է տխուր»,- իսկ նրանք պատմեցին կատարվածը: Եվ երբ լսեց, պատռեց իր պատմուճանը, սկսեց լալ ու ողբալ և մոխիր լցնել գլխին: Եվ գնաց բանտ` իր դստեր մոտ և գետին ընկնելով ասաց. «Ի՛մ միամորիկ դստրիկ, խղճա քո թշվառ մորը: Խղճահարության ցավից մահվան դուռն եմ հասել: Գիտե՞ս ինչպես ծնվեցիր… ես և հայրդ աղերսում էինք աստվածներին, որ քեզ պարգևեն»: Եվ ստինքները դուրս հանելով` ասաց. «Հիշի՛ր կաթը, որով սնել եմ քեզ… մի՛ անարգիր ծերությունն իմ… հիշի՛ր ինչպես էի կերակրում քեզ… ի՞նչպես մոլորվեցիր և սկսեցիր ուրիշ Աստծու պաշտել, որին մենք չենք պաշտում… տրտմեցնում ես ինձ ու հորդ և անարգում ես բարերար աստվածներին… մի՛ արա, դո՛ւստր իմ… մի՛… աղաչում եմ քեզ»:

Այնժամ երանելին ասաց. «Ի՞նչպես ես ինձ դուստր կոչում: Մի՞թե քո ցեղում Քրիստոնիա անունով մարդ է եղել»: Եվ նա պատասխանեց. «Ո՛չ»: Երանելին շարունակեց. «Չգիտե՞ս, ում անունը կրում եմ` Նա է իմ հայրն ու մայրը, Նրան նվիրեցի անձս, և Նա ինձ ընծայեց արդարության և հաղթության զենքերը, որպեսզի հաղթեմ նրան, որ զորացել է ձեր` իր կամարարների վրա: Նրա միջոցով կործանեցի ձեր կուռքերը, որոնց պաշտում էիք ձեր անմտությամբ: Եվ եթե կամենում եք փրկվել, հեռացե՛ք կուռքերի պաշտամունքից և ճանաչեցե՛ք Նրան, որ եկավ մոլորվածների համար և մոլորության մեջ գցեց կամակոր վիշապին և անմռունչ կուռքերին: [Հեռացե՛ք] արարվածների պաշտամունքից և պաշտեցե՛ք արարիչ Աստծուն, որ օրհնյալ է հավիտյան. ամեն»:

Այս լսելով` տրտմությամբ լի մայրը վերադարձավ տունն իր և ամուսնուն պատմեց այն ամենն, ինչ լսել էր աղջկանից: Ուրբանոսն ասաց. «Ավելի լավ է նրան տանջելով սպանեմ, քան արժանանամ մարդկանց նախատինքին»: Եվ լուսաբացին հրամայեց նրան ատյան բերել: Եվ ամբողջ քաղաքը հավաքվել էր կապանքներով շղթայված աղջկան տեսնելու: Եվ երբ բերեցին, Ուրբանոսն ասաց նրան. «Քրիստոնիա՛, լսի՛ր ինձ իբրև հոր և զո՛հ մատուցիր աստվածներին: Իսկ եթե չլսես, այլևս քեզ դուստր չեմ կոչի և ծանր տանջանքների կենթարկեմ»: Երանելին ասաց. «Մեծ շնորհ կանես, եթե ինձ դուստր չկոչես, որովհետև արժանի չես ինձ հայր կոչվելու` դու, որ անմռունչ կուռքերի մոլորության մեջ ես ընկել… [կուռքերի], որ ոչինչ են»: Եվ բարկացած Ուրբանոսը հրամայեց մերկացնել նրան և ծեծել: Եվ աղջկան ծեծողները հոգնեցին, իսկ սուրբը գոհանում էր Աստծուց և Սուրբ Հոգու շնորհներով զորություն ստանում:

Եվ սկսեց խոսել և ասել. «Չա՛ր օրերով հնացածդ, չե՞ս զգում և չե՞ս հասկանում Քրիստոսի զորությունը: Ահա դահիճներդ հոգնեցին: Այժմ հրամայի՛ր, որ ուրիշ` ավելի զորեղները գան, որ այս տանջանքներով ճանաչես իմ Աստծու զորությունը»: Եվ բարկանալով` Ուրբանոսը հրամայեց կապել նրան և քերել երկաթյա ճանկերով: Եվ այնպես անողորմ էին քերում, որ աղջկա մարմնի մսերը պոկվելով գետին էին ընկնում: Եվ Քրիստոնիան, մի կտոր վերցնելով, նետեց Ուրբանոսի երեսին և ասաց. «Կամեցար ուտել մարմինն իմ… ահավասիկ, քո առջև է… վերցրո՛ւ, կե՛ր քո կապանքների խայտառակությունը»: Ուրբանոսն ասաց. «Զո՛հ մատուցիր բարերար աստվածներին և փրկվի՛ր: Իսկ եթե զոհ չմատուցես, առավել ծանր տանջանքների կենթարկեմ, որ քեզ չի կարողանա փրկել քո Աստվածը, որին դու պաշտում ես»:

Երանելին պատասխանեց. «Ո՛վ ամենաողորմելի և ամնաթշվառ, չգիտե՞ս, որ Աստծու Որդին լույս աշխարհ եկավ, որ լուսավորի բոլորին, իջավ երկրի վրա, որ մարդկային ազգն ազատի բանսարկուի ծառայությունից: Նա կարող է իր մեծ անվամբ փրկել ինձ, որ հաղթեմ քո հայր սատանային, որ իշխանություն ունի քեզ վրա»: Եվ անօրենը չկարողացավ դիմանալ նախատինքին, հրամայեց մի ատամնավոր անիվ բերել և սրբին վրան կապել, իսկ տակը կրակ վառել ու մեջը լցնել ձյութ, ճարպ և ծծումբ, որ արագ մահանա և չկշտամբի իրեն: Սակայն անիվը գլորվելով ջախջախեց անհավատների ոսկորները, իսկ հուրը, դուրս գալով, սպանեց կռապաշտներից շատերին: Այնժամ երանելին սկսեց խոսել և ասել. «Աղաչո՜ւմ եմ Քեզ, ի՛մ Տեր Հիսուս Քրիստոս, այս տառապանքների մեջ մի՛ մոռացիր ինձ, այլ պարզիր Քո հզոր ձեռքն ու շիջի՛ր հուրը` ի պարծանս Քո հավատացյալների և համոթ անհավատների»:

Եվ երբ այս խոսքերն ասաց, [դարձյալ] հուրը բորբոքվեց և բազում կռապաշտների սպանեց, իսկ սուրբը կապված էր անվի վրա, բայց ասես գահույքին լիներ: Եվ երբ հավատացյալները տեսան, օրհնեցին Աստծուն: Եվ Ուրբանոսը հրամայեց նրան իջեցնել անվի վրայից և հարցրեց. «Ինձ ասա՛, ո՞վ քեզ սովորեցրեց այս կախարդությունը, այլապես չես փրկվի իմ ձեռքից. դառն նեղությամբ կտտամահ կանեմ և կլուծեմ աստվածների վրեժը քեզնից, որ օտարացել ես նրանց սիրուց»: Երանելին պատասխանեց. «Քեզ ասացի, որ իմ հայրը Քրիստոսն է. Նա ինձ սովորեցրեց բոլոր արդար [գործերը]: Նա է մոլորյալների ճանապարհը, նեղյալների մխիթարողը և Իր անվան համար տանջվողների համբերությունը: Նա է, որ ինձ սովորեցրեց արհամարհել ձեր կուռքերը: Իսկ դու, Աստծո՛ւ համար ատելիդ, կորստյան դատապարտված կմեռնես»:

Երբ այս լսեց, մտքերը խճողվեցին, և հրամայեց սրբին բանտ տանել: Իսկ երանելին, բանտ մտնելով, սկսեց աղոթել և ասել. «Գոհանում եմ Քեզնից, ի՛մ Տեր Հիսուս Քրիստոս, որ ինձ արժանացրեցիր Քո մեծ և ահազդու անվան համար չարչարվելու»: Եվ այն գիշեր հրեշտակը եկավ, նրա համար փրկության ճաշ բերեց և ձեռքերը դնելով [աղջկա] վերքերին` բժշկեց: Եվ Քրիստոնիան ասաց. «Գոհանում եմ Քեզնից, ի՛մ Տեր, մարդասե՛ր Հիսուս Քրիստոս, որ չանտեսեցիր ինձ` առ Քեզ ապավինածիս և Քո բարձրությունից ինձ հաց առաքեցիր հրեշտակիդ միջոցով: Եվ ի՞նչպես կարող եմ վարձահատույց լինել. ահավասիկ պատրաստ եմ մեռնելու Քո անվան համար»:

Եվ Ուրբանոսը գիշերով հինգ զորավոր մարդ ուղարկեց և հրամայեց սրբի վզից երկանաքար կախել ու տանել-նետել ծովը: Եվ երբ նետեցին, հրեշտակն անմիջապես բռնեց սրբին և դուրս բերեց ցամաք: Եվ երանելին սկսեց գոհանալ Աստծուց և ասել. «Օրհնյա՜լ ես, ամենազո՛րդ Աստված, որ երբեք չես հեռանում Քո երկյուղածներից: Արդ, Տե՛ր, հրամայի՛ր, որ այսօր վերստին ծնվեմ, որ մաքրվեմ հոգու և մարմնի բոլոր աղտեղություններից»:

Եվ անմիջապես մի լուսավոր ամպ եկավ և մկրտեց նրան, և մի ձայն հնչեց, որ ասաց սրբին. «Ես եմ Հիսուս Քրիստոսը, քեզ հետ եմ, որ փրկեմ քեզ, որովհետև նեղություններով անցար քո ճանապարհով, խոստովանեցիր, ինձ Հայր կոչեցիր և հաղթեցիր քո թշնամիներին»:

Եվ ինչ-որ մեկը եկավ և պատմեց Ուրբանոսին, թե` «Ահա, դեռ ողջ է քո դուստրը»,- և իմանալով` հրամայեց բերել նրան: Երբ բերեցին, ասաց նրան. «Չարիմա՛ց և դժվարամեռ, ի՞նչպես կախարդեցիր ծովի ջրերը»: Քրիստոնիան պատասխանեց. «Չարացա՛ծ սրտով և Քրիստոսի սիրուց հեռացած [մարդ], ծանո՞թ չես զորությանն այն Աստծու, որ գործում է այս սքանչելիքները: Ես ընդունեցի Քրիստոսի կնիքը և իմ ճշմարիտ հայր Հիսուս Քրիստոսից վերստին ծնվեցի: Իսկ դու չես կարող փրկվել բարկությունից, որ գալու է քեզ պես ամբարիշտների վրա: Արագամահ հեռանալու ես, որովհետև չարիքն արդեն հասնում է քեզ: Եվ քանի որ չճանաչեցիր ճշմարտությունը, քո հայր սատանայի հետ ընկնելու ես արտաքին խավարի մեջ»: Եվ բարկացած Ուրբանոսը հրամայեց նրան բանտ տանել, որ հաջորդ օրը սրի ճարակ դարձնի: Եվ նույն գիշերը, հրեշտակների կողմից տանջվելով, Ուրբանոսը դառնացած հոգին փչեց:

Քիչ օրեր անց Ուրբանոսի փոխարեն ուրիշ դատավոր եկավ, որի անունը Դիոս էր: Նա ևս սատանայի արբանյակությանն էր ձգտում և պաշտում էր կուռքերին: Եվ նրան տեղեկացրեցին Քրիստոնիայի մասին, գրի էին առնված անգամ տանջանքների պարագաները: Եվ երբ դատավորն ընթերցեց, հարցրեց. «Այսքան տանջանքներից հետո չհնազանդվե՞ց և զոհ չմատուցե՞ց»: Եվ պատասխանեցին. «Ո՛չ»: Եվ հրամայեց նրան ատյան բերել: Եվ երբ բերեցին, սրբին զվարթերես և պայծառ տեսան»: Եվ իր մոտ կանչելով` [Դիոսն] ասաց. «Աղջի՛կ, դու ազատների և թագավորական ազգից ես և, ինչպես լսեցի սպասավորներից, բազում նեղությունների ես դիմացել: Արդ դարձի՛ր դեպի աստվածները, որ տիրում են երկնքին ու երկրին, և կփրկվես: Իսկ եթե չլսես ինձ, երդվում եմ իմ աստվածներով, ծանր և դառն տանջանքների կենթարկեմ, և քեզ չի կարողանա փրկել քո Աստվածը, որին պաշտում ես»:

Երանելին պատասխանեց. «Քո չար բարքով մխիթարում ես քեզ. Քրիստոսի աղախնին չես կարող հաղթել և զարհուրեցնել. ո՛չ դու, ո՛չ քո թագավորը: Եվ ես չեմ հեռանա իմ Տեր Աստծուց, որ ցանկացած պահի Իր երկյուղածների մոտ է և նրանց չի լքում նեղության ժամանակ, այլ փրկում է և ամոթով թողնում հակառակորդներին»: Եվ զայրանալով` դատավորը հրամայեց բրածեծ անել նրան: Եվ երանելին ասաց. «Անամո՛թ դատավոր, ինձ չնչին տանջանքներ մատուցելով` չե՞ս ամաչում ծանր և դառն համարելով դրանք: Չգիտե՞ս, որքան առավել են չարչարանքները նույնքան ավելի փթթուն է պսակը, որովհետև հավատում եմ իմ փրկչին` Քրիստոսին, որ քեզ ևս ամոթով կթողնի, ինչպես քո գործակից Ուրբանոսին»: Դատավորն ասաց. «Քեզ իբրև դուտր եմ ընդունում, ներում եմ անարգանքդ` խնայելով մանուկ հասակդ. վերադարձի՛ր այն աստվածների պաշտամունքին, որ տիրում են երկրին»:

Երանելին հարցրեց. «Ի՞նչ է քո անունը»: Դատավորը պատասխանեց. «Անո՞ւնս ես ուզում իմանալ. անունս Դիոս է»: Սուրբն ասաց. «Հիրավի ճիշտ ես անվանվել, որովհետև կույր, խուլ և անշունչ կուռքերին ես ընծայում անունդ»: Եվ բարկանալով` դատավորը հրամայեց երկաթյա սալեր բերել, շիկացնել և դնել նրա ոտքերի տակ: Եվ սպասավորները կատարեցին: Իսկ սուրբն աչքերը երկնքին հառեց և ասաց. «Օրհնո՜ւմ եմ Քեզ և փառավորում Քո անունը, Տե՛ր, որ ինձ դարձյալ արժանացրեցիր Քո համար տանջվելու»: Եվ շիկացած սալերը Քրիստոսի զորությամբ չէին վնասում նրան:

Դատավորն ասաց. «Տեսնո՞ւմ ես, որ քեզ վնաս չեն պատճառում, որովհետև աստվածները քո մահը չեն ցանկանում»: Երանելին պատասխանեց. «Ո՛վ անօրեն և ամբարիշտ, սատանայի՛ որդի և դժոխքի արբանյակ, որ Քրիստոսի զորությունը պիղծերինն ես համարում: Իմ հույսն առ Աստված է, որ քեզ կտանի արտաքին խավարի մեջ, ուր քո գործակից Ուրբանոսն է»: Եվ բարկանալով` Դիոսն ասաց. «Մեղմ խոսքերս քեզ համարձակ դարձրեցին»,- և հրամայեց սափրել աղջկա գլուխն ու մերկ շրջեցնել քաղաքում: Երանելին ասաց. «Գոհանում եմ Քեզնից, ի՛մ Տեր Հիսուս Քրիստոս, որ ինձ արժանի համարեցիր, որ բոլորը ճանաչեն ինձ, ամենքն իմանան, որ Քո աղախինն եմ»,- որովհետև ի ցույց և ի տես ամենքի շրջելով` բանտ տարվեց: Երբ այգը բացվեց, [դատա-վորը] հրամայեց նրան Ապոլոնի տաճարը բերել: Երբ եկավ, դատավորն ասաց. «Քրիստոնիա՛, զո՛հ մատուցիր Ապոլոնին և մյուս աստվածներին, որովհետև, չնայած քո կշտամբանքին, սիրում են քեզ»: Իսկ սուրբը ձեռքերը երկինք կարկառեց և ասաց. «Տե՛ր Աստված, բոլո՛ր արարածների ստեղծող, որ ստեղծեցիր և խնամում ես բոլորին, իսկ նրանք շարժվում են Քո հրամանով: Այժմ լսի՛ր Քո սպասուհու աղաչանքներն ու այնպես արա, որ սրանք դուրս գան տաճարից»: Եվ դառնալով կուռքերին` շարունակեց. «Անշունչնե՛ր և անմռունչնե՛ր, դո՛ւրս եկեք տաճարից»: Եվ անմիջապես, իրար խփվելով, դուրս եկան: Եվ տեսնելով` դատավորն ասաց. «Տեսնո՞ւմ ես, որ մեծամեծ աստվածները ներում են քո մեղքերն ու լսում քո հրամանները: Նրանք քո փրկությունն են ցանկանում և գթում են քեզ` դրա համար դուրս եկան: Տեսնո՞ւմ ես մեծ հրաշքը, որ գործեցին հանուն քեզ»:

Քրիստոնիան պատասխանեց. «Խավարյա՛լ անոթ, չընկալեցիր Աստծու մեծասքանչ [հրաշքը], որ գործեց Իր տառապյալ սպասուհու համար: [Եվ հրաշքն այս] սատանայական գործ ես համարում, ո՛վ ատելիդ Աստծու»: Եվ շարունակեց այսպես խոսել. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, որ խղճացիր մարդկային ազգին և Քո գութը ցույց տվեցիր ինձ: Ո՞վ կարող է նկարագրել [այս ամենը]: Արդ հրամայի՛ր, որ կործանվեն գարշելի կուռքերը և մանրանան ավազի պես, որ միայն Քեզ ճանաչեն ճշմարիտ Աստված»: Եվ անմիջապես ընկնելով` փշրվեցին` վերածվելով փոշու: Այս տեսնելով` շատերը հավատացին և ասացին. «Քրիստոնիայի՛ Աստված, օգնի՛ր մեզ և մի՛ թող անգիտության խավարի մեջ, որ մոլորվելով` պաշտում էինք Ապոլոնին, որն անգամ ինքն իրեն չկարողացավ օգնել: Մեզ ուղարկի՛ր Քո աստվածության լույսը, որովհետև Դու ես արժանի փառքի ու պատվի. և Քեզ փառք` հավիտյանս հավիտենից. ամեն»: Եվ հավատացողները երեք հազար հոգի էին:

Եվ դատավորը խիստ երկյուղեց, որ Ապոլոնի արձանն ընկել կոտրվել է: Եվ այսպես էր մտածում. «Եթե թագավորն իմանա, ինձ չարությամբ կորստյան կմատնի…»,-և Դիոսի սիրտը ճաքեց, և նա մեռավ: Եվ կռապաշտ զինվորները սրբին աչալուրջ պահեցին բանտում, մինչև Հուլիանոս անունով մի նոր դատավոր եկավ և նստեց դատավորական աթոռին: Եվ զինվորները նրան տեղեկացրեցին Քրիստոնիայի մասին, և երբ լսեց` հրամայեց բերել նրան: Երբ եկավ սուրբը, դատավորն ասաց. «Կախարդությամբ շատ բաներ գործեցիր, սակայն ինձ հաղթել չես կարող: Մտի՛ր, զո՛հ մատուցիր աստվածներին և ազատվի՛ր սպասվող տանջանքներից, որովհետև քեզ չի կարող օգնել քո Աստվածը, որին պաշտում ես… չի կարող փրկել իմ ձեռքից»: Իսկ երանելին մեծ համարձակությամբ պատասխանեց. «Սատանայի՛ չարամիտ և չարախորհուրդ մշակ և արդարության թշնամի, չեմ երկնչում քո սպառնալիքներից, ո՛վ դու սատանայի որդի և դևերի պաշտոնյա»:

Եվ չար գազանի պես մռնչալով` Հուլիանոսը հրամայեց հնոցը սաստիկ բորբոքել և սրբին մեջը գցելով` յոթ օր փակել: Սակայն երբ երանելին կրակի մեջ մտավ, Քրիստոսի զորությամբ հուրն անմիջապես մարեց, և հրեշտակների հետ սուրբն օրհնում էր Աստծուն: Եվ օրհնության բարձր ձայնը լսվում էր հնոցից, որ պահապանները լսելով` խիստ վախեցան ու եկան, պատմեցին դատավորին, ասելով` «Հնոցից ձայն էր լսվում»: Այս լուրն իմանալով` դատավորը բազում զորականներով անմիջապես եկավ հնոցի մոտ և հրամայեց բանալ դուռը: Եվ սուրբն այնտեղից դուրս եկավ ասես բաղնիքից` քրտնած և պայծառ երեսով, որպես ոսկին է փայլում բովի մեջ:

Եվ տեսնելով` զայրացած դատավորն ասաց նրան. «Ամեն բան կախարդում ես: Արդ խոստովանի՛ր կախարդությունդ, այլապես դառն տանջանքների կմատնեմ և չես կարողանա կախարդությամբ փրկվել»: Երանելին պատասխանեց. «Անունդ ճիշտ են դրել, որովհետև Հուլիանոս նշանակում է գայլ. նաև մտքերով ու բարքով ես գայլ, սակայն ինձ չես կարող խաբել և մոլորեցնել»: Այնժամ անօրենը հրամայեց մի օձահմա կանչել, որ սրբի վրա ուղարկի երկու իժ, երկու քարբ և երկու եղջյուրավոր օձ: Երբ եկան, [դատավորն] ասաց սրբին. «Ամեն բան կարողանում էիր կախարդելով հմայել, կարո՞ղ ես նաև սողուններին կախարդել»: Քրիստոնիան պատասխանեց. «Հավատում եմ իմ փրկիչ Քրիստոսին, որ ամեն պահի օգնեց ինձ և այժմ ևս կփրկի այս սողուններից»: Եվ [Հուլիանոսը] հրամայեց սողուններին բաց թողնել, սակայն օձերը գնացին և Քրիստոնիայի ոտքերն ընկան: Եվ զայրացած դատավորն ասաց օձահմային. «Թովի՛ր դրանց, որ սաստիկ [և ծանր մահով] սպանեն նրան»:

Եվ սողունները հարձակվեցին օձահմայի վրա և սպանեցին նրան: Եվ օձերը սրբին էին ծառայում, և ոչ ոք չէր համարձակվում մոտենալ երանելիին: Եվ նա ասաց. «Գոհանում եմ Քեզնից, ի՛մ Տեր Հիսուս Քրիստոս, որ ինձ արժանի համարեցիր, որ [անգամ] այս սողունները ճանաչեն և հատուցեն իմ տանջանքների համար: Եվ ասաց օձերին. «Հիսուս Քրիստոսի անունով եմ դիմում ձեզ, սողուննե՛ր, ամենքդ ձեր տեղերը վերադարձե՛ք»: Եվ ինքը գնաց թովիչի մոտ և ձեռքերը երկինք պարզելով ասաց. «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հա՛յր, որ մարդկային ցեղի փրկության համար ուղարկեցիր Քո միածին Որդուն, որ մարմին առավ Կույսից, շատերին հարություն տվեց և բժշկեց հոգիների և մարմինների բոլոր ախտերը` մի մասն անձամբ, իսկ մի մասն աշակերտների միջոցով: Տե՛ր Աստված, այժմ լսի՛ր Քո աղախնի աղաչանքներն ու հարություն տո՛ւր այս հանգուցյալին, որպեսզի Քո անունը փառավորվի այս մարդկանց առջև»: Եվ ամուր բռնելով մահացածին` ասաց. «Հիսուս Քրիստոսի անվամբ` ե՛լ, կանգնի՛ր, ո՛վ մարդ»: Եվ կենդանանալով` հանգուցյալն անմիջապես ելավ և սրբի ոտքերն ընկնելով` ասաց. «Օրհնված ես դու կանանց մեջ, որովհետև քո միջոցով Քրիստոս ինձ հարություն տվեց, որի համար հավատում եմ Նրան և օրհնում Նրա անունն Իր ատելիների առջև»:

Եվ բարկանալով` դատավորն ասաց. «Կախարդությունդ հայտնի դարձրեցի՛ր ամբողջ երկրին. բավ է այսուհետ… վերադարձի՛ր [մեր] աստվածների [գիրկը], որ այսքան ներեցին քեզ` փոքր տարիքիդ համար խղճալով»: Երանելին պատասխանեց. «Ո՛վ անմիտ, ծուլացա՛ծ սիրտ և վառված ուղեղ, որ չես գիտակցում սքանչելիքներն Աստծու, որ [անգամ] քարերն է փափկացնում: Իսկ դու, [քո] խավարած [ուղեղով] չհասկացար Աստծու հրաշքը, որ գործեց իր սպասուհու միջոցով, և պիղծ դևերին վերագրեցիր»: Այնժամ անօրենը հրամայեց կտրել երանելի կույսի ստինքները: Եվ երբ կտրեցին, արյան հետ նաև կաթ հոսեց: Երանելին ասաց. «Գոհանում եմ Քեզնից, երկնային Թագավոր, որ ինձ արժանի համարեցիր չարչարվելու Քո սուրբ անվան համար»: Դատավորն ասաց. «Աղոթքներիցդ օգուտ չկա. եթե աստվածներին զոհ չմատուցես, կհրամայեմ քեզ բանտ տանել»: Եվ բոլոր ազատների կանայք գնում էին երանելիին այցելելու, որովհետև տեսել էին նրա չարչարանքներն ու զարմացել, թե ինչպես է նա տոկում: Եվ շատերը` թե՛ կին, թե՛ տղամարդ, հավատացին ի Տեր Հիսուս Քրիստոս:

Եվ առավոտյան` այգաբացին [Հուլիանոսը] հրամայեց երանելիին ատյան բերել և ասաց նրան. «Չարիմա՛ց, չարամե՛ռ և անարգանքի արժանի, եկել է քեզ կյանքից զրկելու ժամանակը… վերադարձի՛ր աստվածների [գիրկը] և զո՛հ մատուցիր նրանց, որ չկորչես, այլ պարգևներ ընդունես թագավորից և մեզանից»:

Երանելին պատասխանեց. «Թո՛ղ քո պարգևները կորչեն քեզ հետ, սատանայի՛ որդի… դու փրկություն չունես, և հույսդ կտրել ես կյանքից»: Եվ անօրենը չհանդուրժեց անարգանքն ու հրամայեց կտրել նրա լեզուն: Եվ երբ կտրեցին, բոլորի առջև սկսեց պայծառ ձայնով օրհնել Աստծուն և ասել. «Ի՛մ Տեր Հիսուս Քրիստոս, երկնայի՛ն Թագավոր, որ երբեք չես հեռանում Քո երկյուղածներից: [Դու], որ Քո բարերարությամբ ինձ [անվնաս] պահեցիր, այժմ ընդունի՛ր իմ հոգին Քո կամքը կատարողների մոտ` հավիտենական հարկերում»:

Եվ երկնքից ձայն լսվեց, որ ասաց. «Արի՛, հանգստացի՛ր անտրտում կյանքում, որ ստեղծեցիր քո ջանքերով և ցավերին դիմանալով: Մոռացի՛ր մարմնիդ տանջանքներն ու բազմի՛ր անստվեր լույսի մեջ` քո նահատակակիցների կողքին»: Եվ սուրբը, վերցնելով կտրված լեզուն, շպրտեց դատավորի երեսին, որ դիպչելով աջ աչքին, կուրացրեց նրան: Եվ սուրբն ասաց. «Հուլիանո՛ս, խավարի՛ բնակիչ, կամենում էիր ուտել մարմինն իմ ու հատեցիր Աստծուն փառաբանող [լեզուս], և այդ իսկ պատճառով կուրացար, որովհետև փառաբանիչ [լեզուն] եկավ և խավար բերեց քեզ»: Եվ բարկանալով` Հուլիանոսը հրամայեց շտապ սպանել նրան: Եվ երկու տեգավորներ մոտեցան. և նրանցից մեկը խոցեց սրբի կողը: Եվ այսպես, բարի խոստովանությամբ, երանելին հոգին ավանդեց հրեշտակի ձեռքը` ի Տեր մեր Քրիստոս Հիսուս: Եվ վերցնելով նրա մարմինը` դրեցին իր աշտարակում, ուր ապրել էր:

Սուրբ Քրիստոնիան բարի խոստովանությամբ իր ուղին ավարտեց նավասարդ ամսի յոթին` ի փառս և ի գովեստ սուրբ Երրորդության` այժմ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Աղբյուր՝ Surbzoravor.am