Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Հոգևոր օրենքներն ու Աստծո սերը

- Հա՛յր, հոգևոր օրենքները միշտ են անմիջապես գործո՞ւմ:

- Նայած երբ: Հաճախ մնում է միայն զարմանալ: Ինչ-որ մեկը հենց մի փոքր հպարտանում է, ապա միանգամից անհաջողության է մատնվում, այսինքն հոգևոր օրենքը կայծակնային արագությամբ է գործում: Օրինակ՝ միանձնուհին ապակիներն է լվանում և հպարտությամբ մտածում է, որ ինքն ավելի լավ է լվանում, քան մյուս քույրը: Հենց նույն պահին նրա ուշադրությունը շեղվում է (մի անհաջող շարժում) և ապակին փշրվում է: Իսկ ուրիշ դեպքերում հոգևոր օրենքները միանգամից չեն գործում:

- Հա՛յր, իսկ երբ հոգևոր օրենքները միանգամից են գործում, դա ի՞նչ է նշանակում:

- Դա լավ նշան է: Նման դեպքերում մարդը պետք է հասկանա, որ Աստծո սերն է իրեն պարուրում, որովհետև (իր յուրաքանչյուր սխալի համար) նա առանձին է վճարում, այլ ոչ թե՝ (արդյունքում) բոլորը միասին: Սակայն, եթե հոգևոր օրենքները չեն գործում ինչ-որ մեկի պարագայում, ապա դա վտանգավոր է: Դա ցույց է տալիս, որ մարդն իր Հորից՝ Աստծուց հեռացած զավակ է, ով Նրա տանը չի բնակվում: Մարդիկ կան, ովքեր իրենց անընդհատ հպարտությամբ են պահում և նրանց հետ ոչինչ տեղի չի ունենում: Դա նշանակում է, որ նրանց հպարտությունն այնքան մեծ է, որ դադարել է մարդկային լինելուց: Այն իր բարձրագույն՝ դիվական հպարտության, մինչև իսկ (սատանայական) մեծարման աստիճանին է հասել: Այդպիսի մարդը նույնպես անկում է ապրում, սակայն արդեն գագաթի մյուս կողմից: Ուղիղ դժոխք է ընկնում: Նա սատանայական անկմամբ է ընկնում, սակայն նրանք, ովքեր գագաթի մյուս կողմում են գտնվում՝ այդ անկումը չեն տեսնում: Այսինքն այդ մարդիկ, ում մասին խոսում ենք, այս կյանքում հոգևոր օրենքի ազդեցության տակ չեն ընկնում, բայց առաքյալի հետևալ խոսքը գործում է նրանց նկատմամբ. «Իսկ չար և խաբեբա մարդիկ չարից այն կողմ էլ պիտի գնան. իրենք մոլորված՝ պիտի մոլորեցնեն ուրիշներին» (Բ Տիմ. 3:13):

- Հա՛յր, իսկ մարդու ձեռքի գործը կարո՞ղ է փչանալ այն պատճառով, որ այն ստեղծողը հիանա իր ստեղծածով:

- Այո՛, որովհետև հոգևոր օրենքները գործողության մեջ են մտնում: Աստված Իր Բարեշնորհությունը վերցնում է ինչ-որ մեկից և մարդը փչացնում է այդ իրը, արվեստի գործը կամ նման մի բան: Դա տեղի է ունենում, որպեսզի նա՝ ով հպարտության մեջ է ընկել սեփական ձեռքերի ստեղծագործության պատճառով՝ սթափվի:

- Այսինքն, եթե մեկն ուրիշի պատրաստած ինչ-որ բան է փչացնում, նշանակում է, որ հոգևոր օրենքները գործի՞ են դրվել:

- Այո՛, իհա՛րկե:

- Իսկ մի՞թե հնարավոր չէ, որ մարդն ուղղակի անուշադրության կամ անշնորհքության պատճառով ինչ-որ բան փչացնի:

- Այդպիսի դեպքերը հազվադեպ են: Այդ պատճառով էլ, որքան հնարավոր է, խոնարհ ապրեք: Մտածեք այն մասին, որ սեփական ոչինչ չունենք: Այն ամենն ինչ ունենք՝ մեզ Աստծուց է տրված: Ամենն ինչ կա՝ Աստծունն է: Միայն մեղքերն են մերը: Եթե խոնարհություն չունենանք, ապա հոգևոր օրենքներն անընդհատ կգործեն մեր նկատմամբ, այնքան մինչև որ մեր եսասիրությունը չկոտրվի: Եվ թո՛ղ այդպես լինի, թո՛ղ Աստված ամեն ինչ այդպես դասավորի և խոնարհություն պարգևի այնքան ժամանակ, մինչև մահն այցելի մեզ:

- Հա՛յր, իսկ հնարավո՞ր է, որ մարդը չհասկանա, որ հոգևոր օրենքներն են գործում իր նկատմամբ:

- Եթե մարդն ինքն իրեն չի հետևում, ապա ոչինչ չի հասկանում և ոչնչից օգնություն չի ստանում: Ոչ մի բան օգուտ չի բերում նրան:

- Այսինքն հոգևոր օրենքները դադարում են գործել միայն այն դեպքում, երբ մարդը խոնարհ է դառնո՞ւմ:

- Այո, հիմնականում դրանք խոնարհության հետևանքով են դադարում գործել, կամ այն դեպքում, երբ մարդուց պահանջելու ոչինչ չկա: Մի օրինակ կբերեմ քեզ: Մի կին անընդհատ ծեծում էր իր ամուսնուն և նա ոչ ոքի ոչինչ չէր ասում, որովհետև ուսուցիչ էր և վախենում էր անվանարկվելուց: Սակայն նրա պարագայում հոգևոր օրենքներն էին սկսել գործել: Մանուկ հասակում նա կորցրել էր հորը և նրա այրի մայրն, իր փոքր թոշակով, փորձել էր ուսման տալ նրան, որպեսզի ուսուցիչ դառնա: Իսկ նա՝ երախտագիտության փոխարեն, ծեծում էր մորը: Ինչե՜ր կրեց այդ խեղճ մայրը: Եվ ահա, երբ նա հասակ առավ ու ամուսնացավ, Աստված թույլ տվեց, որպեսզի կինը նրան ծեծի: Աստված դա թույլ տվեց, որպեսզի նա քավի իր մեղքը: Բայց գիտե՞ք, թե հետո ինչ տեղի ունեցավ: Այդ մարդը մահացավ ու նրա որդին սկսեց նրա այրուն, այսինքն իր մորը ծեծել: Այսպիսով այդ կինն էլ վճարեց իր մեղքի համար: Այնուհետև նրանց որդին ևս ամուսնացավ: Եվ այդ աղջիկն, ում հետ նա ամուսնացավ, խելապակաս էր: Նա ոչ միայն ծեծում էր այդ տղային, այլև միաժամանակ երգում «Քրիստոս հարյավ ի մեռելոց, մահով մահին հաղթեց»: Տեսնո՞ւմ եք, թե Աստված ինչպես ամեն ինչ դասավորեց, որպեսզի այդ մարդը ևս վճարի իր մեղքերի համար: Սակայն այստեղ հոգևոր օրենքները դադարեցին գործել, որովհետև բան չկար նրա խեղճ (խելագար) կնոջից պահանջելու:

- Հա՛յր, իսկ եթե մարդն անկում է ապրում ու վշտանում է դրա համար, ապա այդ կերպ մարո՞ւմ է արդյոք իր հոգևոր պարտքերը:

- Նա գիտակցո՞ւմ է իր պարտքը (Աստծուն), թե՞ եսասիրաբար է վշտանում: Եթե նա գիտակցում է իր պարտքը, ապա էլ չի վճարի իր անկման համար: Սակայն, եթե իր պարտքը չի գիտակցում, ապա Աստված թույլ կտա վճարել: Օրինակ, քրիստոնյան պետք է ուրիշներին ողորմություն տա: Եթե կարծրասիրտ մարդը ողորմություն չի տալիս, այլ անդադար կուտակում է փողը, ապա գողերը հարձակվում են նրա վրա, ծեծում են, կողոպտում և նա այդ կերպ վճարում է իր սխալի դիմաց: Եթե մենք (հոգևոր) պարտքեր ունենք և այս կյանքում դրանք չենք մարում, ապա դա շատ վատ նշան է: Դա նշանակում է, որ Աստված թողել է մեզ: Իսկ եթե մարդ ոչ մի պատիժ չի կրում, այլ միայն օրհնություններ է ստանում, ապա հնարավոր է, որ նա մի բարիք է գործել և Քրիստոս կրկնակի ու եռակի է վճարում նրան այս կյանքում: Սակայն իր սխալների համար այդ մարդը չի վճարում: Եվ դա ևս վատ է: Ենթադրենք ես տաս տոկոսով ինչ-որ բարիք եմ գործել, իսկ Քրիստոս ինձ քսան տոկոս է տալիս դրա դիմաց և ես ո՛չ վիշտ ունեմ, ո՛չ էլ՝ դառնություն: Բայց այդ դեպքում ես չեմ վճարում իմ մեղքերի համար:

Ինչպես Սուրբ Եփրեմ Ասորին է ասում՝ այս կյանքի դժբախտությունները մեղմացնում են դժոխքի տանջանքները*: Այսինքն, նման դեպքում, երբ հոգևոր օրենքները գործում են մարդու նկատմամբ, ապա դժոխային տառապանքների մի մասն անհետանում է:

* Ս. Ի. Սոբոլևսկու ռուսերեն թարգմանության մեջ. «Իր խայտառակության համար այստեղ պատժվողն իր գեհենն է ճաշակում»: Մեր սուրբ հայր Եփրեմ Ասորի: Անձնվիրական խոսքեր: Մ. 1993: Էջ 365:

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

Աղբյուր՝ Surbzoravor.am