Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Տեր Միքայել աբեղա Գևորգյան․ «Որքան խոր չափով չափեմ իմ հանցանքները, այդ նույն չափով թողություն կստանամ Տիրոջից»

Այսաշխարհային զբաղումներով ծանրաբեռնված օրս վերջացավ։ Երեկո է։ Կամենում եմ թոթափել անցնող հոգսերի հիշողությունները, միտքս մաքրել մեղքի և հաճույքի պատրողական որոգայթներից, հաշտվել Արարչի հետ և հանգիստ խղճով անկողին մտնել։

Ինչպես դարեր շարունակ իմ պապերն են օգտվել հոգևոր այս բժշկարանից, այսօր ես էլ բացում եմ «Նարեկը», հոգու անհագ ծարավով ըմբոշխնում տողերը, և աչքերիս առջև հառնում է սուրբ Գրիգորի պատկերը։ Նա նստած է իր խցում` մի աթոռակի վրա։ Բոկոտն է` նման իր մեծ Վարդապետին, հագին` մինչև գարշապարները հասնող սքեմ։ Նա կրոնավորի սգո զգեստ հագավ այն օրվանից, երբ նախաստեղծ մարդու մեղքն իրենը համարեց ու հանձն առավ ապաշխարել իր հայրերի գործած հանցանքների համար։ Սքեմի վրա կարմիր թիկնոց կա. սա էլ ներկված է աշխարհի սկզբից ի վեր թափված արդարների արյունով, որի գինն ինքն է պատրաստվում վճարել։

Հայացքը տրտմախոհ է. աչքերի առջև է գալիս մեղավոր հոգու պարտքերի հաշիվը, որն ավելի անթվելի է համարում, քան հողմից քշված փոշու հյուլեները` օդում համատարած։ Աչքերի տակ խոր ակոսներ կան, որոնք բացվել են դրախտի գետերի ջրերից վերցրած իր արտասուքներով։ Սակայն նրա աչքերից բխած եդեմական չորս գետերի ջրերն անգամ ի զորու չեն հանգցնելու գեհենի կրակը, որ պատրաստված է մեղավորի համար։ Մեջքը փոքր-ինչ կքված է. ասես Մասիս սարի ծանրությունն ունեցող մեղքերի բեռն իր վրա վերցնելով խոնարհվել է։ Խորշոմապատ ճակատը նմանվում է մտքերի ալեծուփ ծովին, որտեղ չար ու բարի խորհուրդները զարնվում են միմյանց` խռովելով հոգին։

Ձեռքին մատյան է։ ՈՒզում է գրել, սակայն ձեռքերը դողում են, և չի կարողանում. մտքերի հախուռն հորձանքը կրկին ալեկոծում է ներաշխարհը։ Դողացող շուրթերով մրմնջում է. «Փարատիր իմ մտքից մոռացության մեգը մթին` ցրելով նրա հետ և խավարը մեղքի։ Եվ թող որ ճառագի ողորմածաբար փառքիդ ճաճանչը, Ո՜վ անձկալի Լույս»։ Չարի որոգայթներով ծնված մեղքերի հիշողությունը հանգիստ չի տալիս նրան։ Գիտի, որ հանցավոր է Աստծո առջև, թեև մարդկանց առաջ արդար ու սուրբ է երևում։ Մարդկային մեղավոր բնության կատարյալ ճանաչում և իրական զղջում է ձեռք բերել նա` խորապես հասկանալով Քրիստոսի խոսքերի իմաստը. «Որքան խոր չափով չափեմ իմ հանցանքները, այդ նույն չափով թողություն կստանամ Տիրոջից»։

Սակայն նա երբեք հոգուց չի հեռացնում փրկության հույսի շողը։ Աստծուց մերժված լինելով հանդերձ` դարձի գալու և Արարչի հետ կրկին միավորվելու վստահություն ունի. «Կյանքիդ դուռն առջևս համարում եմ փակ` իմ անքավելի մեղքերի համար, բայց ես տեսնում եմ միաժամանակ դրախտն իմ առջև բաց, որ ավետում է փրկությունդ ինձ»։ Նրա` «Ի խորոց սրտի խօսք ընդ Աստծոյն» բացում է Տիրոջ ողորմածության դռները։ Վերնականներից իջած մի հրեշտակ հոգեպես զորացնում է սրբին, և նա, ցրելով հուսահատության խավարը, բացականչում է. «Արդ, ինչո՞ւ ես տրտմում, ո՛վ իմ անձ, հուսա առ Աստված ու խոստովանիր, և Նա կփրկի քեզ»։

Այժմ, ապավինելով աստվածային անսահման ողորմությանը, նա իր և ողջ մարդկության անօրենությունները համարում է մի բուռ փխրուն հող, որ հալվում է ծովի անտակ ջրերի մեջ։ Մտքերի ալեծուփ ծովից նա դուրս է գալիս խաղաղ նավահանգիստ, ու դեմքին երևում է հույսի շողը։ Վերանում է խռովքը, և հոգու խնդությունը, միախառնվելով վերնականների պարերգությանը, համակում է ողջ էությունը։ Այժմ նրա աչքերը ջինջ են` նման Վանա լճին, որի ափին է անցկացրել իր ողջ կյանքը, իսկ հոգին խաղաղ է երկնքի կապույտի նման։

Սենյակիս մեջ արձագանքում են «Մատյանի» հետևյալ խոսքերը. «Ով որ կարդա այս աղերսաձայն մաղթանքների աղոթքները խնդրողական, ամեն ոք, ով որ աստվածսիրաբար ի Քեզ պաղատի, թող որ անխտիր, հավասարապես երանության մասն ընդունի Քեզնից»։ Այժմ ես էլ եմ հոգով ցնծում քեզ հետ, սո՛ւրբ Գրիգոր, Աստծուց խնդրելով անձկալի երանություն, որի համար հաճելի է թողնել շունչս կենդանության

Տաթևի վանքի վանահայր

Աղբյուր՝ Irates.am