Այսպէս է ասում Տէրը. «Խոնարհուեցէ՛ք Աստծու հզօր ձեռքի տակ, որպէսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի։ Ձեր բոլոր հոգսերը նրա վրայ գցեցէ՛ք, որովհետեւ նա է, որ հոգում է ձեր մասին» (Պետրոս 5:6-7)

Համո Բեկնազարյան

Համո Բեկնազարյան (մայիսի 19, 1891 կամ մայիսի 31, 1892, Երևան, Ռուսական կայսրություն - ապրիլի 27, 1965, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան։ «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիր։

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935)։ 1914 թվականից նկարահանվել է կինոյում՝ հանդես գալով ավելի քան 70 ֆիլմերում։ Դասվել է ռուսական համր կինոյի աստղերի շարքը։

Կինոօպերատոր Գարուշ Բեկնազարյանի եղբայրն է։

Կենսագրություն

Համո Բեկնազարյանը սովորել է Երևանի, ապա՝ Տաշքենդի գիմնազիաներում, 1918 թվականին ավարտել է Մոսկվայի առևտրի ինստիտուտը։ Երիտասարդ տարիներին եղել է պրոֆեսիոնալ ըմբիշ։ Մարոնի կեղծանունով ելույթներ է ունեցել կրկեսում, մասնակցել միջազգային մրցումների։

1915 թվականից Համո Բեկ կեղծանունով նկարահանվել է Յարոսլավլի, Մոսկվայի կինոստուդիաներում։ Խաղացել է շուրջ 100 դեր։ 1921 թվականից եղել է Վրաստանի լուսժողկոմատի կինոբաժանմունքի վարիչ, ապա՝ կինոստուդիայի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, որտեղ նկարահանել է «Անարգանքի սյան մոտ» (1923), «Կորսված գանձեր» (1924), «Նաթելլա» (1925) կինոնկարները, որոնք աչքի են ընկնում դինամիկ մոնտաժով, արևելյան էկզոտիկ երանգավորումով։

1925 թվականին հրավիրվել է Երևան և ձեռնամուխ եղել հայկական կինոյի ստեղծմանը։ Նույն թվականին Բեկնազարյանը նկարահանել է «Նամուս» գեղարվեստական ֆիլմը, 1926 թվականին՝ հայկական առաջին կինոկատակերգությունը՝ «Շոր և Շորշորը»։ Կինոյի համր շրջանի լավագույն գործերից են նաև նրա «Զարե» (1926 թ.), «Խասփուշ» (1927 թ.), «Տունը հրաբխի վրա» (1928 թ.) և այլ կինոնկարներ, որոնք խոշոր ներդրում են կինոարվեստի պատմության մեջ։ Բեկնազարյանը, համադրելով հայ դերասանական դպրոցի և գրականության բնորոշ առանձնահատկությունները, սկզբնավորել է կինեմատոգրաֆիայի ազգային ոճը։ Այդ սկզբունքը կինոռեժիսորը զարգացրել է իր հնչուն կինոնկարներում. դրանցից առաջինը «Պեպո» (1935 թ.) ֆիլմն էր, որը թեմայի խորությամբ, վառ արտահայտչականությամբ և կինոպատումի հզոր ոճով երևույթ էր նաև համաշխարհային կինոարվեստում։ Նրա «Զանգեզուր» (1938 թ.), «Դավիթ Բեկ» (1944 թ.) ֆիլմերը նվիրված են հայ ժողովրդի պատմությանը։

Բեկնազարյանը նկարահանել է նաև փաստավավերագրական ֆիլմեր՝ «Երկրաշարժ Լենինականում» (1926 թ.), «Երկիր Նաիրի» (1930 թ.) և այլն։ «Երկրորդ քարավան» ֆիլմը, որն ամենայն հավանականությամբ դառնալու էր նրա կարիերայի ամենահաջողված ֆիլմը, մնում է անավարտ, քանի որ նկարահանումները կեսից արգելվում են, իսկ նախագիծը՝ փակվում։ Բեկնազարյանը խոր ցավով և կսկիծով լքում է «Հայֆիլմ» կինոստուդիան ու Հայաստանը և սկսում է ֆիլմեր նկարահանել միջինասիական հանրապետություններում (Ադրբեջանում՝ «Սաբուհի», 1941 թվական, Ուզբեկստանում՝ «Բնակարանամուտի խնջույք», 1954 թվական, Տաջիկստանում՝ «Նասրեդդինը Խոջենթում», 1959 թվական, կինոռեժիսոր Էրազմ Քարամյանի հետ)։

Համո Բեկնազարյանը մահացել է 1965 թվականի ապրիլի 27-ին։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը՝ կնոջ՝ Սոֆյա Վոլխովսկայա-Բեկ-Նազարովայի շիրիմի մոտ։

Նա իր ազգային ինքնատիպ արվեստով մեծապես նպաստել է հայ կինոյի զարգացմանը։

Բեկնազարյանի կյանքին և ստեղծագործությանն անդրադարձել են հայ և օտարազգի բազմաթիվ կինոգետներ։

Բեկնազարյանը հեղինակ է «Հուշեր դերասանի և կինոռեժիսորի» (1965 թվական՝ ռուսերեն, 1968 թվական՝ հայերեն) գրքի։

Բեկնազարյանի անունով է կոչվել Հայֆիլմ կինոստուդիան։

2017 թվականի հուլիսի 13-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակը» թեմային։

Ֆիլմագրություն

Ռեժիսորական աշխատանքներ

1923 - Անարգանքի սյան մոտ (սցեն., ռեժ.)
1924 - Կորսված գանձեր (սցեն., ռեժ.)
1925 - Նամուս (սցեն., ռեժ.)
1926 - Նաթելլա (սցեն. Շ.Շիշմարևի հետ, ռեժ.)
1926 - Շոր և Շորշոր (սցեն., ռեժ.)
1926 - Զարե (սցեն., ռեժ.)
1926 - Երկրաշարժ Լենինականում (վավերագրական) (սցեն., ռեժ.)
1927 - Չար ոգի (սցեն.)
1927 - Խասփուշ (սցեն. Ա. Տեր-Հովնանյանի և Գ. Բրագինսկու հետ, ռեժ.)
1928 - Տունը հրաբխի վրա (սցեն. Պ. Ֆոլյանի հետ, ռեժ.)
1929 - Սևիլ (սցեն. Գ. Բրագինսկու և Ջ. Ջաբարլի հետ, ռեժ.)
1930 - Կաշի (վավերագրական) (սցեն., ռեժ.)
1930 - Բամբակ (վավերագրական) (սցեն., ռեժ.)
1930 - Երկիր Նաիրի (սցեն., ռեժ.)
1930 - Իգդենբու (սցեն. Ս. Վիտկինի հետ, ռեժ.)
1932 - Շքանշանով մարդը (սցեն., ռեժ.)
1935 - Պեպո (սցեն., ռեժ.)
1938 - Զանգեզուր (սցեն. Յա.Դուկորի, Վ. Սոլովյովի հետ, ռեժ.)
1941 - Սաբուխի (ռեժ. Ր. Տախմասիբի հետ)
1942 - Դուստրը (ռեժ.)
1943 - Դավիթ Բեկ (սցեն. Ս. Հարությունյանի, Յ. Դուկորի, Վ. Սոլովյովի հետ, ռեժ.)
1947 - Անահիտ (ռեժ.)
1949 - Արարատյան դաշտի աղջիկը (ռեժ.)
1950 - Սովետական Հայաստան (վավերագրական) (սցեն. Է. Քարամյանի հետ, ռեժ. Լ. Իսահակյանի հետ)
1951 - Երկրորդ քարավան (անավարտ)
1954 - Բնակարանամուտ
1959 - Նասրեդինը Խոջենտում (սցեն. և ռեժ. Է. Քարամյանի հետ)

Դերասանական աշխատանքներ

1914 - Էնվեր Փաշա - Թուրքիայի մատնիչը - պահակ
1915 - Փախստականները (Պատերազմի ճահճուտում ) - Յուրի Նագոռնի
1915 - Առևտրական Վոլգինի երեխաները - Միխայիլ Սմիռնով
1915 - Ողբերգություն «Ինքնաթիռում» - առևտրական
1915 - Իմ խարույկը լույս է տալիս մառախուղում - նկարիչ Կրասոտին
1915 - Օլեսյա
1915 - Աշխարհի հեքիաթ - օպերային երգիչ
1915 - Նաբաթովների ընտանիքի ողբերգությունը - հողատեր Վիկուլով
1915 - Կաղ ազնվականը
1916 - Ուրախ կադրիլ- Օրլով
1916 - Աղջիկներ, ում հետ չեն ամուսնանում
1916 - Դիմակով հոգին
1916 - Խորհրդավոր աշխարհը - Զոլոտնիցին, Էսթետների ակումբի նախագահ
1916 - Կոնստանտինոպոլյան ողբերգություն
1916 - Գեղեցիկ ոտիկներ
1916 - Անվեժ արյունը - Պավլիկ Ադրենին
1916 - Ըմբոստ հոգին
1916 - Կրակոտ դևը - իշխան Նիրաձե
1916 - Վտանգավոր տարիք - Ալեքսանդր Ալչևսկի, միլիոնատիրոջ տղան
1916 - Աշխարհի ողբը - դևերի առաջնորդի որդին
1916 - Հաղթված կուռքը - Սոլնցև
1916 - Թույնից քաղցր - Եվգենի
1916 - Լեքոքի ծերությունը - Լեքոքի որդին
1917 - Կիզիչ կրքերի մարդիկ
1917 - Ճերմակում է սպիտակ առագաստը
1917 - Պայքար երջանկության համար
1917 - Մարգարտե պսակը
1917 - Կոմսուհի Տարտանովսկայի հուշերը
1917 - Ննջեցյալները լռում են - օգնական Լևիտով
1917 - Հաղթողներ և հաղթվողներ - բանաստեղծ Հարալդ
1917 - Ավերված տաճարը
1917 - Ռոկամբոլ
1917 - Թագավորական արքունիքի գաղտնիքները (Գրիշկա Ռասպուտինի սպանությունը) - Յուսուպով
1917 - Խավարի ուժերը - Գրիգորի Ռասպուտին - Յուսուպով
1918 - Երեկոյան զոհ - ռումինացի երաժիշտ Վալեսկո
1918 - Եվա - նկարիչ Լեոնիդ
1918 - Մահվան գնացողը - քանդակագործ Իվար
1918 - Սուտը
1918 - Ողբի և ունայնության պարը - Լեոնիդ Վերիգին
1918 - Օրլովների տան խայտառակությունը - գեներալ Օրլովի որդին
1918 - Հայրենիքը - գեներալ Օրլովի որդին
1918 - Ձկնորսը և կուրտիզանուհին- ձկնորս
1918 - Սատանայի սկերցո-ն - սատանա
1918 - Այդպես եղել է, բայց այդպես չի լինի - Սերգեյ Պոպով
1918 - Երեք գող - Կասկարիլյա
1918 - Մեդուզայի ժպիտը - նկարիչ Մորև
1919 - Կյանքի հավիտենական հեքիաթը - կոմս
1919 - Քավության գավաթը - Յակով Արիս
1922 - Սուրամի ամրոցը- Դուրմիշ-խան

Պարգևներ և կոչումներ

1935 - ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
1941 - Ստալինյան II աստիճանի մրցանակ «Զանգեզուր» ֆիլմի համար

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի