Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Դանիել Վարուժան․ Առաջին ծիլեր

Զեղուն ավշին հողերուն տակ պայթեցուց
Սերմերն: Արտերս այս գիշեր
Կանանչցեր են լուսնկային տակ գարնան…
- Մայրի՛կ, ինծի ծիլ մը բեր,
Քըրտինքիս ցողը վըրան:

Կատաղորե՜ն, կատաղորե՜ն հորդեր են
Տե՛ս, ցորեններն աղածրի:
Դաշտերն հագեր են զմրուխտե պատմուճան…
- Քույրի՛կ, ծիլ մը բեր ինծի,
Եզիս շողիքը վըրան:

Կը փողփողին արտավարե արտավար
Կարծես կանանչ մոմիկներ:
Ամեն ընձյուղ մարգրիտ մ'ունի իր բերանն…
- Հոտա՛ղ, ինծի ծիլ մը բեր,
Արևուն շողը վըրան:

Կը զարդարե ամայությունը հողին
Մատղաշ ծաղի՛կը հացի.
Կանանչին մեջ կոշտերը թուխ կը լողան…
- Հարսնո՛ւկ, ծիլ մը բեր ինծի,
Մատերուդ բույրը վըրան:

Ծիլ արտերուս մեջն է ծըլեր նըշենիս,
Հոն միսմինա՜կը ծաղկեր…
- Մայրի՛կ, քույրի՛կ, հոտա՛ղ, հարսնո՛ւկ սիրական,
Բերեք անկե ծաղիկներ,
Բերեք վարդգույն ծաղիկներ,
Հընձվորին հո՜ւյսը վըրան: