Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Ռուբեն Որբերյան

Կենսագրություն

Ռուբեն Որբերյանը ծնվել է Արևմտյան Հայաստանում, Խարբերդի նահանգի Մալաթիա քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղական ուսումնարանում։ Այնուհետև սովորել և ավարտել է Խարբերդի շրջանի «Եփրատ» քոլեջը (1893 թ.), որտեղ աշակերտել է Ռ. Զարդարյանին և Թլկատինցուն։ Աշխատել է որպես ուսուցիչ Պանտրմայում, Կ. Պոլսում և Զմյուռնիայում (1893-1901)։

1901 թ.-ից զբաղվել է վաճառականությամբ, գնացել է արտասահման։ 1904-1920 թթ. ապրել է Աֆրիկայում՝ Ջիբութի երկրի համանուն մայրաքաղաքում, եղել «Դեյլի Մեյլ» անգլերեն թերթի թղթակից։1920 թվականին բնակություն է հաստատել Փարիզում, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը։

Կյանքի վերջին տասնամյակում գրած գործերը մասամբ լույս են տեսել Սփյուռքի մամուլում։

Ստեղծագործական ուղի

Որբերյանի անունը երևաց 1890-ականների արևմտահայ մամուլի էջերում, և արդեն 1893 թվականին լույս տեսավ նրա առաջին գիրքը՝ «Յիշատակաց ծաղիկներ»-ը, որն արդյունք էր երիտասարդ բանաստեղծի որբության պատճառով ապրած հոգեկան տվայտանքների և Պետրոս Դուրյանից ու Տեմիրճիպաշյանից կրած ազդեցության։ Մռայլ, թախծոտ, լալկան էջերը գերակշռում են այս գրքում։ Մեծ մասամբ երիտասարդ բանաստեղծն անձնական նեղ ապրումների սահմաններից չի կարողանում բարձրանալ վեր՝ դեպի ընդհանրականը։ Գրքույկն ինչ-որ չափով բերում էր նաև հասարակական կյանքի արձագանքը՝ երիտասարդ հոգիների հուսախաբությունը համիդյան բռնապետության տարիներին։

Երբ Որբերյանն ավարտում է քոլեջը և կյանք է մտնում՝ իրական կյանքի խոհերն են դառնում բանաստեղծություններ։ Նա գտնում է, որ անձնական ցավերը պետք է հոգու խորքում թաղել, չլինել լալկան ու հոռետես, այլ պետք է նոր եռանդով փարվել կյանքին, լինել «բախտին հաղթող դյուցազն»։ Այս շրջանի (1894-1904 թթ․) բանաստեղծություններում, որ հայրենի տան, բնության ու կյանքի մասին խոհեր են, բացակայում են լալկան տրամադրությունները։ Բանաստեղծական բարձր վարպետությամբ Որբերյանը խորհում է հայրենի հողի, մարդկային փոխհարաբերությունների, սոցիալական անարդարությունների մասին, դրսևորելով ռոմանտիկ բանաստեղծի ու մարդու խորը սերը մարդ արարածի նկատմամբ։ Օրինակ «Մեր դարը աստուծո առջև» բանաստեղծության մեջ Ռուբեն Որբերյանը բացահայտում է նոր՝ 19-րդ դարի կեղծիքն ու սուտը, «քաղաքակիրթ» կապիտալիստական Արևմուտքի բերած մոլությունները

Դրանից արդեն շուրջ տասը տարի անց նա արդեն բավականին ճանաչված անուն էր հասարակության շրջանում։ Ռուբեն Որբերյանի մուտքը գրական ասպարեզ մի այնպիսի ժամանակաշրջանում էր, երբ 1880-ականների անկումային փուլից հետո արևմտահայ գրականությունն աշխուժացման փորձեր էր անում։ Արշակ Չոպանյանի, Ա․ Հարությունյանի և Սիպիլի հետ Որբերյանն էլ կենսական լիցքեր բերեց այդ օրերի պոեզիային։ Իսկ դա սկիզբն էր այն կենսառատ ու հզոր պոեզիայի, որը թափ էր հավաքելու 20-րդ դարասկզբին՝ Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Վահան Թեքեյանի ու Ռուբեն Սևակի գրական մուտքերով։ Աշխատակցել է «Մասիս», «Արևելյան մամուլ», «Բյուրակն» պարբերականներին, որոնցում տպագրել է «Ֆանին և ես» վիպակը (1898 թ.), «Ելևէջներ» (1895 թ.), «Առաջին սէր» պատմվածքները։ Գրողի ստեղծագործության հիմնական թեման հայրենիքն է, տարագիր հայության հայրենաբաղձությունը։ Թարգմանել է Բայրոնի «Կայեն» և «Երկունք և երկիր» ստեղծագործությունները։ 1932 թ. «Բազմավեպում» տպագրվել է «Լորտ Պայրըն» ուսումնասիրությունը։

Ստեղծագործական ժառանգությունը

Որբերյանը հրատարակել է երեք գիրք․ «Յիշատակաց ծաղիկներ» (1893 թ․, Կ․ Պոլիս), «Ծփանքներ» «1906 թ․, Կահիրե» և «Ովասիս» (1920 թ․, Փարիզ)։ Արևմտահայ մամուլի էջերում Որբերյանը հանդես է եկել բազմաթիվ բանաստեղծություններով, արձակ էջերով, հոդվածներով։ 1963 թվականին Երևանում լույս է տեսել նրա «Երկեր» ժողովածուն, իսկ 1981 թվականին լույս է տեսել ևս մեկ ժողովածու «Հայ դասականների գրադարան» շարքի մի հատորում՝ արևմտահայ այլ հեղինակների հետ։

Երկեր

Յիշատակաց ծաղիկներ (չափածո և արձակ բանաստեղծությունների ժողովածու), Կ. Պոլիս, 1893 թ., 80 էջ:

Ծփանքներ (հատվածներ պոեմից), Գահիրէ, 1906 թ., 52 էջ:

Ովասիս (հուշերի, խոհերի և բանաստեղծությունների ժողովածու), Փարիզ, 1920 թ., 288 էջ:

Երկերի ժողովածու, Երևան, 1963 թ., 193 էջ:

Ռուբեն Որբերյան, Ռուբեն Սևակ, Վահան Թեքեյան, Մատթեոս Զարիֆյան, Երկեր, Երևան, 1981 թ., էջ 31-120:

Ռուբեն Որբերյան․ Հին Տնակս

Բուրաստաններ ամեն տեղ կան,
Գեղափթիթ ծաղկըներով,
Նույն աստղերը, նույն լուսնկան,
Նույն թռիչն ունին զեփյուռն ու ծով:

Լոկ դուն չիկաս սարերուն վրա,
Ամայացած տուն հայրենի,
Քեզի համար հոգին կուլա,
Ղարիպին սիրտն ալ կ'արյունի...