Այսպէս է ասում Տէրը. «Քանի որ Քրիստոս մարմնով չարչարուեց մեզ համար, դուք եւս զինուեցէ՛ք նոյն մտքով. որովհետեւ, ով մարմնով չարչարւում է, դադարում է մեղանչելուց, որպէսզի մարմնի մէջ մնացած ժամանակ այլեւս ոչ թէ ըստ մարդկային ցանկութիւնների, այլ ըստ Աստծու կամքի ապրի» (Պետրոս 4:1)

Անանիա Նարեկացի. Ավետարանական խոսք և խրատ

Արդ, եթե կամենում ես իրապես Աստծուն հաճելի լինել, ապա ձե՛ռք բեր իմաստություն, քանի որ ինչպես անհնար է տիրապետել երկրավոր արհեստի առանց սովորելու (լինի հողագործություն, ջուլհակություն, թե այլ արհեստ, ամեն ինչ ջանքով և ուսմամբ է լինում), այնպես էլ առաքինությանը ջանքով և իմաստությամբ է պետք հասնել, ինչը հաճելի է Աստծուն: Պետք է նաև գիտելիք, որ կարողանաս զանազանել. ինչպես առաքյալն էր ասում. «Օրենքի միջոցով է մեղքի ճանաչումը» (Հռոմ. Գ 20), իսկ մարգարեն խնդրում էր. «Սովորեցրո՛ւ ինձ քաղցրություն, խրատ և գիտություն» (Սաղմ. ՃԺԸ 66):

Արդ, մարդու զգայարաններից ամենից հեշտությամբ մեղանչում են միտքը և լեզուն, քանի որ մարդը շնություն, գողություն, սպանություն կամ հափշտակություն ամեն տեղ չի կարող անել, իսկ միտքն ու լեզուն հեշտությամբ են մեղանչում. ամեն ժամ կարող են մեղանչելու պատճառ գտնել: Մտքերի համար մարգարեն ասում էր. «Դառնացրեցին Նրան իրենց չար խորհուրդներով» (Սաղմ. ՃԵ 43), Եսային ասում էր. «Վա՜յ նրանց ովքեր, խորհուրդ են անում, բայց ոչ իմ կամքով» (Ես. Լ 1), Երեմիան ասում էր. «Ինչի՞ համար է այդ խունկը, որ բերում եք ինձ Սաբայից, և կինամոնը` հեռավոր երկրից. նախ լվա՛ քո սրտի չարությունները, ապա կընդունեմ դա քո ձեռքից» (Եր. Զ 20, Դ 14), իսկ լեզվի համար ասում էր. «Չարալեզու մարդուն հաջողություն մի՛ տուր, Տե՛ր» (Սաղմ. ՃԼԹ 12), նաև՝ «Սուր լեզուն անիրավությունների զարդն է» (Հակ. Գ 6):

Խոսք ասելու համար պետք է ճիշտ պահ ընտրել. ինչպես Սողոմոնն էր ասում. «Կա լռելու ժամանակ և կա խոսելու ժամանակ» (Ժող. Գ 17): Իսկ երբ մարդը հակադարձ խոսք է ասում, դա իմաստություն չէ, քանի որ անընդհատ խռովություն է լինում: Ամովս մարգարեն ասում էր. «Սրով կընկնեն նրանց իշխաններն իրենց լեզվի անսանձ խստության պատճառով» (Օսէէ Է 16):

Ամեն ժամ պետք է զգույշ լինել և ընկերոջը տրտմության պատճառ չտալ, քանի որ երբ լռում ես, բազում փորձություններ են ոտքերիդ առաջ բուսնում, սակայն չպետք է դրանց առիթ տաս: Թեև սուր և նիզակ կա ստեղծված, սակայն ոմանք թրի փոխարեն իրենց լեզուն են սրում. ինչպես Սողոմոնն էր ասում. «Մարդիկ կան, որ իրենց խոսքով խոցում են թրի պես» (Առակ. ԺԲ 18), իսկ մարգարեն ասում էր. «Իրենց լեզուները օձի պես սրեցին» (Սաղմ. ՃԼԹ 4): Սակայն դու առաքյալի խրատի համաձա՛յն շարժվիր, ով ասում էր. «Ձեր խոսքը թող աղով համեմված լինի» (Կող. Դ 6):

Արդ, հարցնում են, թե ո՞րն է երկայնամիտը. միտքը ո՛չ լարով են չափում, ո՛չ թիզով: Երկայնամիտը նա է, ով երբ փորձության է հանդիպում, գոհանում է Աստծուց, համբերում է և իր ակնկալիքը միայն Աստծուց ունի: Երբ փորձությունն անցնում է, խաղաղություն է լինում, քանի որ Աստված փորձության հետ նաև ելք է տալիս: Իսկ ով երկայնամիտ չի գտնվում, նա տրտմությունից ընկճվում է: Սրա համար է մարգարեն աղաչում Աստծուն` փրկել իրեն փորձություններից, իսկ առաքյալն ասում էր. «Տրտմությունը մահ է բերում աշխարհ» (Բ Կորնթ. Է 10):

Երկայնամիտն ուրախանում է փորձության համար և համբերում է նեղությանը. ինչպես առաքյալն էր ասում. «Նրանք ատյանի առաջից գնացին ուրախանալով, որովհետև Տիրոջ անվան համար անարգանքի էին արժանացել» (Գործք Ե 41):

Երկայնամիտը նա է, ով երբ փառքի է հանդիպում` ավելիին, քան ուներ, ինքն իրեն չափավոր է պահում և հպարտանալով չի գոռոզանում, ինչպես Սավուղը, ով աղքատության մեջ երանելի էր, իսկ երբ թագավորեց, հպարտանալով խախտեց պատվիրանը: Իսկ Դավիթը, երբ մեծացավ, ավելի խորը մտածեց և ասաց. «Բայց ես որդ եմ և ոչ թե մարդ, մարդկանց համար նախատինք եմ և անարգանք՝ ժողովուրդներին» (Սաղմ. ԻԱ 7), Աբրահամը այդքան հոգևոր և մարմնավոր բարձրություններից չհպարտացավ, այլ ասում էր. «Ես հող եմ և մոխիր» (Ծննդ. ԺԸ 27), իսկ երեք մանուկները հնոցում օրհնում էին Աստծուն և ասում. «Արդարությամբ և իրավամբ արեցիր այս ամենը մեզ վրա» (հմմտ. Դան. Գ 28):

Երկայնամիտը նա է, ով ինչ կամենում է անել, շտապելով և անվայելուչ չի անում. ինչպես Սողոմոնն էր ասում. «Ամեն ինչ իմաստությա՛մբ արա» (հմմտ. Առակ. Դ 7): Դարձյալ, երբ ընկերը մեղանչում է, նա վրեժ չի առնում, այլ ներում է և համբերում, ինչպես առաքյալն էր ասում. «Սիրե՛ք և ներե՛ք միմյանց, ունեցեք գութ, ողորմություն և երկայնամտություն» (Կող. Գ 13):

Արդ, եթե կամենում ես ունենալ ամեն առաքինություն, մի´ ցանկացիր չափից ավելին, քանի որ ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել: Օրինակ, մեկը վերցնում է ծանր բեռը, և որքան գնում է բեռով, չարչարվում և նեղվում է դրանից: Այսպես և որչափ առավել հարստությունների է հասնում մարդը, այնքան շատանում է հոգսը, տանջում են մտքերը, և բազմածուփ հոգով չի կարողանում ներկա լինել և պատրաստվել աղոթքի:

Սրա համար Տերն ասաց. «Փշերը խեղդեցին» (Մատթ. ԺԳ 7), այսինքն` հոգսն աշխարհի: Տերը նաև ասաց. «Դժվար է հարուստի համար մտնել Աստծո արքայությունը» (հմմտ. Մատթ. ԺԹ 24), առաքյալն էլ ասում էր. «Իսկ ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են անմիտ ու վնասակար զանազան փորձությունների մեջ» (Ա. Տիմ. Զ 9):

Օրինակ, մեկը գնում է փախչողի ետևից և ամբողջ զորությամբ ջանում է հասնել նրան. այսպես և նա, ով կամենում է հասնել երկնավոր առաքինությունների, պետք է աշխարհի ամեն հոգսը և ավելորդ բեռը մի կողմ դնի և առաքինության ետևից ընթանա:

Այսպիսով, մեզ պետք է հրաժարվել ամեն ինչից և արժանանալ երկնավորին, այսինքն՝ առաքինության. ինչպես առաքյալն էր ասում. «Հետամուտ եմ, որ հասնեմ դրան, որի համար էլ բռնված եմ Հիսուս Քրիստոսից» (Փիլիպ. Գ 12):

(Բնագիրը` «Մատենագիրք Հայոց» - ի)
Գրաբարից փոխադրեց Լուսինե ԹՈՒՄԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ