Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Աստված խոսում է մարգարեների միջոցով

Մարգարեներն այն անձերն էին, որոնց միջոցով Աստված խոսում էր ժողովրդի հետ և հայտնում իր կամքը: Նրանք Աստծո խոսնակներն էին երկրի վրա, որոնք խրատում և նախազգուշացնում էին Իսրայելի ժողովրդին վերահաս վտանգներից` հետ պահելով մեղքի մեջ ընկնելու գայթակղությունից: Մարգարեները հստակ գիտակցում էին, որ Աստված է իրենց միջոցով խոսում, այդ պատճառով է, որ Աստվածաշնչում հաճախ հանդիպում ենք հետևյալ արտահայտություններին. «Աստված ասաց ինձ», «Այսպես է ասում Աստված» և այլն: Մարգարեները կապող օղակն էին Աստված-մարդ հարաբերության մեջ: Նրանց նպատակն էր ժողովրդի մեջ արմատավորել այն գիտակցումը, որ Աստված է իրենց առաջնորդը, ինչպես նաև ամրապնդել նրանց մեջ Մեսիայի գալստյան հավատը: 12 մարգարեները ապրել և գործել են տարբեր ժամանակներում:

Ովսեն Աստծո խոսքի տարածողն է եղել Ամովսից հետո 750 թ-ին : Նա իր առաքելությունը շարունակում է մինչև ասորեստանցիների կողմից Սամարիայի գրավումն ու Իսրայելի թագավորության վերացումը: Ովսեն իր մարգարեության մեջ պարսավում է Իսրայելի բարոյական մեծ անկումը, ընկերային արդարության վերացումը: Ովսեի շուրթերով Աստված խոսում է իր սիրո մասին: Իսկ այդ սերը պահանջում է, որ մեզանից վանենք ամեն մի անօրենություն և զգուշանանք կուռքերի խաբկանքից:

Ամովսեն ամենահին մարգարեն է, որի գործերն ու խոսքերն առանձին սուրբգրային ժողովածու կազմեցին: Եղել է հովիվ` բնակվելով Բեթղեհեմից ոչ հեռու գտնվող Թեկուա գյուղում: Գործել է 8-րդ դարի երկրորդ քառորդում: Իր մարգարեության մեջ խոսում է Աստծո մեծության, իշխանության և արդարության, օրենքի, հատկապես պաշտամունքի մասին, կարևորում աղքատների ու կարիքավորների իրավունքների պահանջները:

Միքիան Մորեստ գյուղից է, որին շատերը նույնացնում են մեր օրերի Թել-ալ-Ջադիդայի հետ: Նա բոլորին նախազգուշացնում է Երուսաղեմի կործանման մասին, որը հետևանք էր՝ ժողովրդի գործած մեղքերի ու տիրող անարդարության:

Հովելի ապրած ժամանակաշրջանի և մարգարեության շարադրման ժամանակն անհայտ է: Նա խոսում է «Տիրոջ օրվա» մասին` հորդորելով ժողովրդին, որ դառնան դեպի Աստված: Մարգարեացել է, որ մի օր Աստված իր Հոգին կտարածի մարդկանց վրա: Այս մարգարեությունը կատարվեց Հոգեգալստին, երբ Ս. Հոգին հրեղեն լեզուների տեսքով իջավ մարդկանց վրա:

Աբդիու մարգարեն հայտնում է, որ Իսրայելին թշնամի մյուս ժողովուրդների հետ կործանվելու է նաև Եդոմի ժողովուրդը: Նա հասկացրեց իսրայելացիներին, որ վերջին խոսքն Աստծունն է, Ով դատելու է բոլոր ժողովուրդներին:

Հովնանը ամեն կերպ փորձում էր չհնազանդվել Աստծո կամքին, բայց ապարդյուն: Երեք օր նա մնում է կետ ձկան փորում, սակայն ապաշխարելուց հետո Աստված հրամայում է կետին դուրս ձգել Հովնանին: Քրիստոս բազմիցս վկայաբերում է այս պատմությունը: Նավում այս բառը թարգմանաբար նշանակում է մխիթարիչ կամ զորացնող: Նրա գիրքը գրվել է 663 թվականին, Ն. Ք.։

Ամբակումի մասին մեզ ստույգ տեղեկություններ չեն հասել: Նա ապրել է ճգնաժամային ժամանակաշրջանում: Ամբակումը տառապել է ուրիշների դժբախտությամբ, դատապարտել չարիքը: Գիրքը գրվել է հավանաբար 7-րդ դարի վերջերին և 6-րդ դարի սկզբին Ն.Ք.:

Սոփոնիան քարոզել է 7-րդ դարի վերջին Ն. Ք., նախորդելով Ամբակումի մարգարեությանը: Սոփոնիան պատասխանում է մարդկանց մոտ կուտակված հարցերին, թե արդյո՞ք Աստված հետաքրքրվում է մարդկանցով, Նա՞ է, որ տնօրինում է պատմությունը:

Անգեի մարգարեության գրքում հիշատակվում է որ նա քարոզում է ի նպաստ Երուսաղեմի տաճարի վերականգնման: Այն միտքն է առաջ տանում, որ ժողովրդի աղքատության և բերքի սակավության պատճառը Տաճարի ավերված և լքված լինելն է: Փոքր ճառերը գրված են մոտ 520 թվականին Ն.Ք.:

Զաքարիան Ժամանակակիցն է Անգե մարգարեի: Գիրքը բաղկացած է երկու մասից.առաջին մասում պարունակում է 520-518 թթ.վերաբերող մարգարեություներ, իսկ երկրորդ մասը գրված է ավելի ուշ:

Մաղաքիան այն մարգարեն էր, ով տեսնելով տիրող կացությունը, հորդորում է ժողովրդին և քահանաներին, որ փոխեն իրենց վարքը: Մարգարեն հիշեցնում է Աստծո սիրո, Նրա գալստյան և դատաստանի մոտալուտ լինելու մասին:

Աղբյուր՝ Qahana.am