Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Ս․ Գրիգոր Տաթևացի․ Մարդու լինելության մասին

Ադամի անկման 10 աստիճանների մասին

. Գրիգոր Նյուսացին մարդու անկումը դրախտից, այսինքն՝ որդիներիս արտաքսումը մեր նախահոր պարտքերի պատճառով, նկարագրում է 10 աստիճանով. և եթե կամենում ենք ետ դառնալ, պետք է բարձրանանք նույն կարգի հաջորդականությամբ:

Արդ, անկման նախնական աստիճանը հեշտությունն էր, որն ինքը 3 կարգ ունի. նախ՝ աստվածային փառքից հեռանալը, որի հետևանքով մարդը զբոսնելով շրջում էր դրախտում:

Երկրորդ՝ օձի հետ զրուցելու հեշտությունը. նա կամեցավ ունկնդրել նրան, որովհետև հեշտացավ աստվածանալու փառքով:

Երրորդ՝ տեսնելու և ճաշակելու հեշտությունը, քանզի բարու և չարի գիտության ծառը գեղեցիկ էր նայելու և քաղցր՝ ճաշակելու համար [տե՛ս Ծն. 3.6]:

Անկման չորրորդ աստիճանը ամոթն էր. «երկուսի աչքերն էլ բացվեցին, և նրանք հասկացան, որ մերկ են» [Ծն. 3.7], ուստի թզենուց ծածկույթ պատրաստեցին իրենց համար:

Հինգերորդ՝ չար երկյուղը, քանզի լսեցին Տիրոջ գնալու ձայնը և վախեցան:

Վեցերորդ՝ Աստծո առջև այլևս համարձակություն չունենալը:

Յոթերորդ՝ տերևներով ու ծառերի ստվերով ծածկվելը («Լսեցի Քո ձայնը այստեղ՝ դրախտում, ամաչեցի, որովհետև մերկ էի, ու թաքնվեցի» [Ծն. 3.10]):

Ութերորդ՝ մաշկեղեն հանդերձը. դա ոչ թե մարմնի մաշկն է (ինչպես կարծում են ոմանք), որ մարդն ուներ իր ստեղծվելուց ի վեր, այլ լուսեղեն զարդի փոխարեն Տերը մաշկեղեն մորթ ստեղծեց ու հագցրեց նրան՝ ցույց տալով դրա մեռելությունը («Տեր Աստված Ադամի ու նրա կնոջ համար կաշվից զգեստներ պատրաստեց և հագցրեց նրանց» [Ծն. 3.21]):

Իններորդ՝ պանդխտանալը ցավերով լի այս երկրում («Փուշ ու տատասկ թող աճեցնի երկիրը քեզ համար, և դաշտային բույսերով սնվես: Երեսիդ քրտինքով ուտես քո հացը մինչև հող դառնալդ» [Ծն. 3.18-19]):

Եվ տասներորդ՝ ամուսնությունը իբրև մխիթարություն տվեց մեռյալին, ինչպես գրված է. «Աճեցեք ու բազմացեք և լցրեք երկիրը». և դարձյալ՝ «Պիտի անչափ բազմացնեմ քո ցավերն ու քո հառաչանքները: Ցավերով երեխաներ պիտի ծնես» [Ծն. 3.16]:

Տես, որ ս. Գրիգոր Նյուսացին հայտնապես ցույց է տալիս, որ եթե պատվիրանի պահպանությամբ մնային դրախտում, մարդկանց բազմանալը կլիներ ոչ թե ամուսնությամբ, այլ՝ հրեշտակների նման, կամ՝ ինչպես որ մի լույսից ստեղծվեցին շատերը, կամ էլ կլիներ կուսական ծննդով, ինչպես որ ս. Մարիամ Աստվածածինը, սրբությամբ և կուսությամբ ծնելով, փոխեց ծննդյան բնական կարգը՝ տղամարդուց և կնոջից, քանզի այն ծնունդ էր միայն մորից:

Արդ, ով կամենում է հասնել դրան և լինել Քրիստոսի հետ, պետք է սկսի վերջինից, ինչպես սանդուղքի ստորին աստիճանից, կամ էլ՝ ինչպես տանից հեռացած ճամփորդը, որը երբ վերստին տուն է դառնում, նախ իր վերջին բնակատեղն է թողնում, որտեղից որոշում է հեռանալ: Արդ, կենաց դրախտից մեր հեռանալու և անկման վերջին աստիճանը ամուսնությունը եղավ. ուստի պետք է նախ այն թողնել և երկրորդ՝ հեռանալ երկրային հոգսերից ու տառապանքներից:

Երրորդ՝ պետք է մերկանալ մաշկեղեն պատմուճանից, այսինքն՝ մարմնավոր ու մեռելոտի խորհուրդներից:

Չորրորդ՝ անհրաժեշտ է խոստովանությամբ հայտնել ամոթական գաղտնիքները:

Հինգերորդ՝ չծածկվել թզենիով, այսինքն՝ դառը վարքով, քանզի թզենու տերևը դառն է ու փշոտ, ինչը խորհրդանշում է մեղքը:

Վեցերորդ՝ պետք է զերծ լինել չար երկյուղից, որից տանջվում է մեղքով բռնված մարդը:

Յոթերորդ՝ դարձյալ լինել Արարչի աչքի առջև:

Ութերորդ՝ վանել խաբկանքը, որը լինում է ճաշակելիքով ու տեսողությամբ, և ունենալ կարողություն ընտրելու բոլո՛ր զգայարաններով:

Իններորդ՝ խորհրդակից ունենալ ոչ թե թունավոր օձին, այսինքն՝ չարի ներշնչումները, այլ՝ Աստծո պատվիրանները, որոնք Սուրբ Գրքում են:

Տասներորդ՝ խորհրդով, խոսքով և գործով մերձենալ կատարյալ և զուտ Բարուն, որն է Աստված:

Աղբյուր՝ ՍՐԲԱԶԱՆ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ