Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Աղոթք բարդ հղիության ժամանակ

ԱՂՕԹՔ ՎԱՍՆ ԴԺՈՒԱՐԱԾԻՆ ՅՂԻ ԿՆՈՋ

Գրաբար
Տէր Աստուած մեր Յիսուս Քրիստոս, մեծ եւ բարձրեալ, անայլայլելի, անփոփոխելի եւ մշտնջենաւոր. որ իջեր ի յերկնից եւ մարմնացար ի սրբոյ Կուսէն Հոգւովն Սըրբով, եւ զապականեալն մեղօք զբնութիւն մեր ի նախահօրն յանցանաց՝ որով ամենայն կանացի բնութիւն ընկալաւ զպատուհաս անիծից՝ ցաւօք եւ տրտմութեամբ ծնանիլ զզաւակ, սրբեցեր աստուածութեամբ քով: Եւ արդ աղաչեմք զքեզ, մարդասէր Թագաւոր, ստեղծող եւ նորոգող մեր եւ բժիշկ հիւանդութեանս մերոյ, բժշկեա՛ եւ առողջացո՛ (այս անուն) անուն զաղախին քո: Առաքեա՛ զօգնութիւն քո ի սրբութենէ քումմէ, եւ տո՛ւր սմա զօրութիւն ծնանիլ զզաւակ, որպէսզի զպտուղ որովայնի իւրոյ մաքրեալ յամենայն արատոյ, ծննդեամբ սուրբ Աւազանին՝ ընծայեսցէ Եկեղեցւոյ քում սրբոյ: Շնորհեա՛ ծննդականիս այսորիկ հանդարտութեամբ եւ առանց վնասու հասանիլ ի խնդութիւն, եւ ամենայն տանց հաւատացելոց աճել եւ բազմանալ ի փառս տէրութեան քո եւ ի լրումն աստուածային քո բանիդ, եթէ «Աճեցէք եւ բազմացարուք»: Այո՛, Տէր Աստուած մեր, լո՛ւր եւ այժմ խնդրուածոց անարժան ծառայիս եւ ամենեցուն որ շուրջ կան աստ, բարեխօսութեամբ անարատ ծնողի քո սուրբ Աստուածածնին եւ ամենայն սրբոց քոց: Զի քեզ՝ միածնի Որդւոյդ, եւ անսկիզբն եւ համագոյ Հօր քոյ, եւ կենդանարար եւ ամենասուրբ Հոգւոյդ՝ վայել է փառք, պատիւ եւ երկրպագութիւն, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Աշխարհաբար
Ով մեր Տեր Աստված Հիսուս Քրիստոս՝ բարձրյալ և մեծ, անայլայլելի, անփոփոխելի և մշտնջենավոր. դու, որ երկնքից իջար և Սուրբ Հոգու միջոցով սուրբ Կույս Մարիամից ծնվեցիր և քո Աստվածությամբ սրբեցիր նախահոր հանցանքի հետևանքը՝ մեղքով ապականված մեր բնությունը, որով կանացի բնությունը ցավերով և տրտմությաբ զավակ ծնելու անեծք ու պատիժ ստացավ:
Արդ աղաչում ենք քեզ, մարդասեր Թագավոր, դու, որ մեր ստեղծիչն ու նորոգողը և մեր հիվանդությունների բժիշկն ես, բժշկի՛ր քո (անունը) աղախնին: Քո սուրբ բնակությունից օգնի՛ր և զորացրո՛ւ նրան, որպեսզի իր զավակն ունենա և նրան՝ իբրև իր որովայնի պտուղ, Սուրբ Ավազանից ծնունդով ամեն արատներից մաքրելով՝ Քո սուրբ Եկեղեցուն ընծայի:
Շնորհի՛ր, որ այս ծննդկանը հանդարտությամբ և առանց փորձանքի հասնի ուրախության, և բոլոր հավատացյալ տները աճեն ու բազմանան քո փառքի համար, ո՛վ Տեր, որպես կատարում աստվածային քո խոսքի. «Աճեցե՛ք և բազմացե՛ք»: Այո՛, Տեր մեր Աստված, այս պահին լսիր քո անարժան ծառայի և բոլոր այստեղ գտնվողների խնդրանքը, անարատ ծնողիդ՝ սուրբ Աստվածածնի և բոլոր սրբերիդ բարեխոսությամբ. որովհետև քեզ՝ Միածին Որդուդ, և անսկիզբ ու համագո քո Հոր և կենդանարար ու ամենասուրբ Հոգուդ են վայել փառքը, պատիվն ու երկրպագությունը այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Աղբյուր՝ ԱՂՈԹԱԳԻՐՔ