Այսպէս է ասում Տէրը. «Եւ եթէ Հայր էք կոչում նրան, որ առանց աչառութեան դատում է իւրաքանչիւրին ըստ գործերի, ապա երկիւղո՛վ ապրեցէք այս աշխարհում ձեր պանդխտութեան ժամանակ»

Սուրբ Եվդոքսիոսի և Ռոմելոսի, Նունի և Մակարի մասին

Այն ժամանակ, երբ թագավորում էր Տրայանոսը, բարիատյաց սատանան նրա սիրտը չար միտք գցեց հալածանք սկսելու Աստծու եկեղեցու դեմ: Ամենուրեք նեղում էին Քրիստոսի հավատացյալներին և ստիպում զոհ մատուցել անշունչ դևերին: Եվ ամբարիշտ թագավորը նստեց ատյանում և հրամայեց բոլոր քաղաքներում ու գյուղերում զոհ մատուցել աստվածներին, մանավանդ նրանց, որ Քրիստոսի բարեպաշտությամբ էին [ապրում]: Նամակներով հեծելազոր ուղարկեց ամբողջ երկրով մեկ, որ տանջանքի մատնվեն քրիստոնյաները, ուր և գտնվեն: Իշխաններից մեկը` Ռոմելոս անունով, մոտեցավ թագավորին ու ասաց. «Ձեր բարեպաշտության հրամանը հզոր է և պատվական, բայց պալատի պատվավորներից որոշ երևելիների ուղարկիր Գալիլիացոց գավառը` քաջամարտիկ և արիագույն զորքի մոտ»: Թագավորն ասում է Ռոմելոս իշխանին. «Երդվում եմ աստվածների փրկությամբ, որ բարի է քո խորհուրդը»: Եվ պալատի մեծամեծներից հինգ հոգու հրամայեց` նրան առաքելով բազում նվերներ, գրեց և հրովարտակներ, այսպես. «Տրոյանոս միշտ հաղթող թագավոր, կայսր Հռոմայեցոց, կոմսերի զորագլուխների պատվական դասին, տասներկու ազգերին` ուրախություն: Մեր քաջությունը հրամայում է երևելի գլխավոր իշխաններիդ մեր պաղատանքը, մեր պատվիրանների միջոցով, որ խորհեցինք միասին ծանուցել ձեզ աստվածների բարերարության մասին, որոնք արիական քաջություն ու զորություն են շնորհում բոլորին: Դրա համար պարտավոր ենք ընծաներ մատուցել նրանց և զոհեր, և սիրել նրանց ամբողջ մտքով ու զորությամբ, որպեսզի դուք ելնելով պատերազմի` իսկույն հաղթող երևացիք ձեր թշնամիների վրա, որ կան արևելյան կողմերում, մերժելով սպառազինությունը և զինվորության զենքի բոլոր գործիքները` հարձակվեք նրանց վրա»:

Իսկ նրանք իսկույն արհամարհեցին թագավորի հրամանը: Եվ թագավորը տեսավ իր հրամանը արհամարհված, խիստ բարկացավ և հրամայեց նրանց ելնել իրենց հայրենի գավառից և գնալ Հայաստանի կողմերը, Մելիտենե քաղաքը, ուզելով դրանով անարգել նրանց: Իսկ նրանք, զարհուրած բռնավոր Տրայանոսի սպառնալիքից` եկան վերոհիշյալ գավառը, որ բարկանալով չկոտորի իրենց: Եվ նրա զորքի թիվը տասնմեկ հազար այր էր, սուսերամերկ պատերազմողներ:

Այնժամ իշխան Ռոմելոսը, որ պրոպոսիդոսության աստիճան ուներ, ասաց թագավորին. «Ո՛վ թագավոր, դու այնպես կարծեցիր, թե այդ անելով ինչ–որ իմաստուն գործ ես կատարել»: Թագավորն ասաց նրան. «Ուրեմն դու ե՞ւս խաբվեցիր նրանց աղանդի մոլորությամբ»: Ռոմելոսն ասաց. «Հիմար և անզգա չարի մոլորությամբ դու ինձ պատմիր քո սնոտի ջանքերը, որ ունես անմռունչ կուռքերի նկատմամբ և մի՛ բամբասիր իմ կատարյալ հավատքը»: Եվ թագավորը բարկանալով հրամայեց մահակով ծեծել նրան և ասաց. «Տեսնենք` այսուհետև քեզ կօգնի՞ Քրիստոսը, որ ասում ես»: Սուրբն ասաց. «Անդնդային վիշապ և կեղծավոր, չիմացար որ քո չարչարանքը, որով ենթադրում ես զարհուրեցնել ինձ, ազատում և փրկում է ինձ կուռքերի պղծությունից և ինձ հագցնում է անապական զգեստը, որ պարգևում է Քրիստոս իր սիրելիներին»:

Բարկացած թագավորը հրամայեց կտրել նրա գլուխը: Եվ սուրբ Ռոմելոսը բարի խոստովանությամբ վախճանվեց ի փառս Աստուծու, հոկտեմբեր ամսի տասնիննին, շաբաթ օրը:

Նրանից հետո մահացավ Տրայանոսը, և ժամանակ անց այլ թագավոր նստեց` Դիոկղետիանոս անունով, որ Աստծուն չէր ճանաչում, մանավանդ ովքեր Քրիստոսին էին հավատում` աշխատում էր ուրացնել: Եվ նստած բարձր բեմին հրովարտակ ուղարկեց բոլոր գավառների իշխաններին, դատավորներին, զորագլուխներին` բոլորին հավատքից դարձնելու կուռքերի խաբեության:

Այսպիսի հրաման ստանալով` Մելիտենե քաղաքի իշխանը, որի անունը Պոնտիանոս էր, և կրոնով հելլենացի, հրամայեց հայտարարել բոլոր հրապարակներում և գավառներում, թե ովքեր չկամենան հետևել ինքնակալի հրամանին և զոհ մատուցել աստվածներին` անողորմ տանջանքով և սրով կվերջացնեն իրենց կյանքը: Եվ բոլոր քրիստոնյաները, լսելով բռնավորի այսպիսի սպառնալիքը, իսկույն խուճապի մատնվեցին տանգապի երկյուղից, թաքնվում էին, որ չընկնեն անաստված թագավորի ձեռքը, որովհետև որտեղ գտնեին` նեղում էին և մեծամեծ տանջանքներ տալով` ստիպում զոհ մատուցել աստվածներին ու երկրպագել անշունչ արձաններին:

Որոշ մարդիկ եկան իշխանի մոտ չարախոսելու Մարիանոսի մասին, որ կոչվեց Եվդոքսիոս և պրիմեկիռների դասից էր, որ պատվվեց կոմսական իշխանությամբ, և ասացին. «Երբեք չի հավանում թագավորական հրամանները և աստվածներին զոհ չի մատուցում, այլ խոստովանում է խաչված Աստծուն և հավատում է Նրան»: Այս լսելով դատավորը զորականներից հինգ հոգու հրամայեց գտնել նրան` ուր որ լինի և բերել դատական ատյան: Նրանք եկան այն գյուղը, ուր բնակվում էր նա, և հարցրին նրա մասին, և նրանց պատասխանեցին. «Ում որ դուք փնտրում եք, ահա շրջում է այն դաշտում, որ կոչվում է Կուպատիա»: Գնացին նրա մոտ, իսկ նա կանխավ իմացավ նրանց գալուստը, գնաց սարը և նստեց այնտեղ` տեսնելով նրանց: Եվ տեսնելով, որ փութով իրեն են փնտրում, եկավ իր տունը, փոխեց հագուստները, հագավ աղքատի շորեր և եկավ մի տեղ հանդիպեց նրանց: Զինվորները հարցրին նրան. «Արդյո՞ք գիտես, թե որտեղ է բնակվում կոմս Մարիանոսը, որ կոչվում է Եվդոքսիոս»: Եվ պատասխանեց նրանց. «Իսկ ինչի համար եք փնտրում նրան, կամ ինչ գործ ունեք նրա հետ, ասացեք ինձ, և ես ցույց կտամ»: Նրան ասացին. «Իշխանն է փնտրում նրան»: Եվ հարցրեց նրանց. «Ինչո՞ւ է փնտրում նրան»: Եվ ասացին. «Որովհետև չի ենթարկվում ինքնակալի հրամաններին և աստվածներին զոհ չի մատուցում»: Եվ ասաց նրանց. «Եկեք իմ տունը, մի փոքր հանգստացեք, և ձեզ ցույց կտամ նրան»: Եվ նրանց տարավ իր տունը, իր կնոջն ասաց. «Ճաշ պատրաստիր մեզ մոտ եկողներին»: Իսկ նա սեղան դրեց նրանց առաջ, և ճաշակեցին: Եվ ասացին նրան. «Այժմ մեզ ցույց տուր Եվդոքսիոս կոմսին»: Եվ նա ասաց նրանց. «Ում որ փնտրում եք` ես եմ»: Եվ նրան ասացին այրերը. «Ինչո՞ւ դա արեցիր. հիմա կգնանք և իշխանին կասենք` «Չգտանք նրան»,– իսկ դու թաքնվիր, որ չբռնվես և ընկնես իշխանի ձեռքը»: Պատասխանեց. «Այդ չեմ անի, այլ կգամ ձեզ հետ, բայց մի քիչ սպասեցեք ինձ»:

Եվ կանչելով իր կնոջը իր տան մասին ասաց նրան. «Ո՛վ կին, ես փոխվելու եմ այս սնոտի ու հանցավոր կյանքից մշտնջենական և հավիտենական կյանք, այլևս ինձ չես տեսնելու այս մարմնով: Արդ, լսի՛ր ինչ եմ ասում քեզ. երբ ելնեմ այս մարմնից, ողբալով չարտասվես ինձ վրա, այլ հագիր քո հարսանյաց զգեստը, վառիր լապտերներ ու ջահեր, վերցրու մաքուր անոթ և հավաքիր իմ արյունը և վերցրու իմ և իմ որդի Մակարիոսի գլուխները և ուրախ եղիր: Եվ սա արա որպես Քրիստոսի հարս»: Երբ նա այս ասաց, զինվորները առան նրան, նստեց իր երիվարը` ազնիվ և պայծառ զգեստներ հագած: Նրան տարան դատավորի առաջ:

Բռնավորն ասաց. «Ուրա՛խ եղիր, փառավորյալ կոմս Եվդոքսիոս»: Եվդոքսիոսն ասաց. «Ուրա՛խ եղիր և դու, ո՛վ բռնավոր»: Դատավորն ասաց. «Ո՛վ կոմս, իմացա՞ր, թե ինչ գործի համար քեզ փնտրեցինք»: Երանելին ասաց. «Պատմիր ինձ, ո՛վ դատավոր, ինչի համար էիր փնտրում ինձ»: Իշխանն ասաց. «Քեզ կանչեցինք, որ ենթարկվես ինքնակալի հրամանին և զոհ մատուցես աստվածներին»: Իսկ սուրբ վկան ծիծաղելով դատավորի անմտության վրա ասաց. «Ես դրա համար եմ հագել պատվական և պայծառ զգեստներ ու նստել սպիտակ երիվարին և եկել-կանգնել եմ բեմին` քո առջև»: Դատավորն ասաց. «Երդվում եմ բոլոր աստվածներով, եթե թագավորը լսի, որ հնազանդ ես կայսերական հրամանին և զոհ ես մատուցում աստվածներին` քեզ կնստեցնի իր թագավորության երկրորդ աթոռին»:

Երանելին ասաց. «Ես հուսացել եմ արժանի լինել հավիտենական կյանքին և երկրպագել Նրա ճշմարիտ Աստվածությանը»: Իսկ բռնավորն ուրախացավ, կարծելով թե այս բանն ասում է աստվածների մասին: Դատավորն ասաց նրան. «Փառավորյա՛լ և քաջ կոմս, առավոտյան արի աստվածների տաճարը և մեզ հետ երկրպագիր նրանց»:

Կոմսն ասաց. «Այո՛: Եվ քանի՞ աստծու ես հրամայում զոհ մատուցել»: Իշխանն ասաց. «Դիային, Ապողոնին և մեծն Արտեմիսին»: Կոմսն ասաց. «Հրամայեցիր երեքին հավատալ, այդպես և ես հավատում եմ` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն` անբաժանելի Երրորդությանը»: Իշխանն ասաց. «Ի՞նչպես, ինքնակալի հրամանն արհամարհելո՞վ»:

Այնուհետև նրա զինակիցներից շատերը հավաքվել էին նրա մոտ և կանգնել սրբի առաջ: Բռնավորն ասաց. «Այժմ, ով ձեզնից չի ուզում ենթարկվել ինքնակալի հրամանին, թող քանդի զինվորական գոտին և դնի իմ առաջ»: Իսկ երանելի Մարիանոսը, որ կոչվեց Եվդոքսիոս, բոլորից առաջ քանդեց իր գոտին և գցեց բռնավորի առաջ: Եվ նրանք հարյուր չորս հոգի էին, որ բռնավորին ասացին. «Մենք դասված ենք հրեշտակների երկնային զինվորության մեջ»: Այնժամ իշխանը տեսավ նրանց համարձակությունն ու բազմությունը` սարսեց նրանցից և նամակ գրեց թագավորին` եթե այս բազմությունը կոտորենք` այլևս ոչ ոք չի կարող հակառակվել ձեր հրամանին և անարգել աստվածներին: Եվ իմանալով` թագավորը հրամայեց` սրով կոտորել նրանց, ովքեր նախապես քանդեցին իրենց գոտիները, իսկ մյուսներին` անպատուհաս արձակել: Ստանալով թագավորի հրամանը` [իշխանն] արձակեց վերջիններիս:

Իսկ երանելի Եվդոքսիոսին մոտեցնել հրամայեց իր բեմին և նրան դատավորն ասաց. «Մարիանո՛ս կոմս, այսուհետև հեռացրու քեզնից հիմար մտքերը, որ քեզ պես–պես չարչարանքով չնեղեն»: Երանելին պատասխանեց ասելով. «Ինչ չարչարանքով ես ուզում ինձ համոզել»: Դատավորը պատասխանեց. «Հրով և ձեթով, բանտով և սրով»: Սուրբն ասաց. «Ո՛վ բռնակալ, ինձ ասա. ո՞րն է բարի` փախչել անանց հրից, որ ծովն ու գետերը չեն կարող հանգցնել, թե՞ այժմյան հրից, որ քիչ ջրով կհանգչի: Թե՞ ձյութը, որ անանց հրով է եռում, թե դրանից, որ մի փոքր փայտով հալչում և անցնում է, բոցեղեն ապտա՞կը, և հոգեղեն զվարթուններին, թե ապականացու և տկար այրերի ապտակը, սառնամանի՞քը, որ չունի ջերմություն, և ատամների կրճտումը, թե քո սպառնալիքը, այս խոսքե՞րդ, թե այն որ հավիտյան չի անցնում: Արդ, իմացիր այն, որ քեզ ասացի և հավատա, որ քո աստվածներին զոհ չեմ մատուցի և անշունչ կուռքերին չեմ երկրպագի, այն որ կոչում ես Ապողինար` կորուստ և ապականություն է խաբեության, Արտեմիսը` կորստյան մայր և դուք երեքդ խաբեբա` Դիոկղետիանոս թագավորը, դու` բռնավոր, և ձեր հայր սատանան»:

Դատավորն առավել բարկացավ և ասաց. «Պատվական աստվածներին չարախոսեցիր: Արդ, մենք երեքս ովքեր ենք»: Եվդոքսիոսն ասաց. «Քեզ ասացի` դու, թագավորը և ձեր հայր սատանան: Տե՛ս և իմացիր, ո՛վ անդնդային վիշապ, որ քեզ և թագավորին պատրաստված են հավիտենական հուրը, արտաքին խավարը և տանջող հրեշտակները»:

Դատավորն ասաց. «Թող որ ինձ անարգեցիր, ա՛յ կեղծավոր, ինչո՞ւ հանդգնեցիր հայհոյել թագավորին ու աստվածներին»: Սուրբն ասաց. «Դուք կլինեք նման ձեր աստվածներին, որոնք անշունչ և անբան են»:

Բռնավորը բարկացավ, նրա երեսի գույնը թռավ, հրամայեց [գետնին փռել], չորս կողմից կապել լարերով և արջառաջիլով տանջել սրբին: Եվ երանելին նայելով երկինք ասաց. «Տե՛ր, Քեզ հուսացողներին խաղաղությո՛ւն շնորհիր` երկնքում և երկրի վրա: Տե՛ր, բոլորին, որ Քեզնից խնդրում են օգնել ինձ նեղության մեջ կամ պատերազմում, կամ ծովի վրա, կամ մրրկոտ լեռներում, կամ մոլորության մեջ չարչարվելիս, կամ ճանապարհին, կամ բանտում, և այրիներին ու աղքատներին, ծերությունից վտանգվածներին և մեղքի բեռով ծանրացածներին և ովքեր կգան իմ վկայության տեղը, ուր հեղվում է իմ արյունը Քո սուրբ անվան համար, և իմ հիշատակին ողբալով ու արտասվելով իրենց համար ողորմություն կխնդրեն, շնորհիր նրանց, Տե՛ր, անմիջապես ողորմություն և օգնություն և կատարյալ առողջություն, և փրկիր նրանց բոլոր նեղություններից: Տե՛ր, հիշիր և իմ ծնողներին և բոլոր ազգակիցներիս, որ նրանց մահ–տարաժամ չլինի` մարդու և անասունի, և բոլորին ովքեր իմ անունը հիշեն, շնորհիր, Տե՛ր, խաղաղություն երկնքում և երկրի վրա, և պտղավետ արա նրանց այգիներն ու անդաստանները, և ովքեր իմ բարեխոսությամբ խնդրում են և կանչում օգնության, դու ողորմիր նրանց և կատարիր նրանց բարի խնդրանքը: Տե՛ր, շնորհիր և իմ զուգակցին մասն բարի ժառանգության ինձ հետ գալիք հավերժի մեջ, որ չբաժանվենք միմյանցից»:

Երբ վերջացրեց աղոթքը, դատավորը հրամայեց բանտ տանել նրան և տասն օր անց երանելիին բերել [իր] առջև: Եվ երբ բերին, բռնավորը նայեց և ասաց նրան. «Եվդոքսիո՛ս կոմս, գոնե այժմ հավանեցի՞ր երկրպագել և զոհ մատուցել աստվածներին, թե՞ նույն համառությանն ես»: Եվդոքսիոսն ասաց. «Ես հավատացել եմ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն` անբաժանելի Երրորդությանը: Ես առաջին չարի խաբեությունից, անօրեն կռապաշտությունից կուրացած և հիվանդ էի հոգով, նաև մարմնով հիվանդ: Իսկ երբ արժանի եղա վերստին լվացման ծննդյան ավազանում և սուրբ մկրտության` բացվեցին աչքերս և իմաստնացա իմ սրտի ողջախոհ խորհուրդներով: Բայց այս իմացիր, ո՛վ անիրավ բռնավոր, որ չեմ հավանում քեզ, և քո ոսկեպատ անշունչ աստվածների արձաններին զոհ չեմ մատուցի. դրանք մարդու ձեռքի գործ են և նման են նրանց, ովքեր ստեղծեցին դրանք և բոլոր նրանց հուսացողները»:

Եվ դատավորը բարկացավ, հրամայեց կապարե մուրճով հարվածել նրա կրծքին և ասաց նրան. «Ենթարկվիր ինքնակալի հրամանին, երկրպագիր աստվածներին և կազատվես տանջանքներից»: Իսկ սուրբը աչքերը երկինք համբարձած` Տիրոջից խնդրում էր տանջանքի առաջին մրցումը և` ուրախությամբ նահատակվել: Այնժամ դատավորը տեսավ վկայի ջերմեռանդ հավատքն ու հոժարությունը և այսպիսի վճիռ կայացրեց սրբի համար. «Եվդոքսիոս անվանված Մարինոսին, որ գերագույն պատիվ է ստացել կոմսության իշխանությամբ և չի հնազանդվել ինքնակալի հրամանին, անպատվել է մեր աստվածների բարերարությունը` բազում չարչարանքներից հետո տալ մահվան վճիռ»:

Սուրբ վկան մահվան այսպիսի վճիռ ստանալով և հասնելով վկայության տեղը, նայեց, տեսավ իր զինվորության դասից բազմաթիվ զորականների, որ լալով ու ողբալով գնում էին նրա հետևից: Նրանց հետ լալիս էր և ամբողջ ժողովուրդը: Եվ ասում է դահիճներին. «Ինձ մի փոքր ժամանակ տվեք աղոթելու մեր Տեր Հիսուս Քրիստոսին»: Եվ նայելով երկինք ձեռքերը տարածեց ու այսպես ասաց. «Տեր Աստված, որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, ծովը և ամեն ինչ, որ կա նրանց մեջ, լսիր իմ աղաչանքին և ունկն դիր իմ խնդրանքին: Օգնիր բոլոր Քեզ հավատացողներին և բոլոր քրիստոնյաներին շնորհիր իրենց հայցածը, ովքեր ինձ կոչում են օգնության: Եվ այս երկրի վրա սով, սրածություն կամ սասանություն կամ պտղաբերների և խաշանց ծնունդի և ամեն անհրաժեշտ բաների նվազություն չլինի, կամ քաղաքների ու կառույցների ավերող շարժում: Այլ ովքեր կգան իմ վկայության տեղը և արտասուքով կխնդրեն, Դու, Տեր, անմիջապես կատարիր նրանց սրտի ցանկությունը: Տեր, շնորհիր և իմ զինակիցներին, իմ ընկերներին
խաղաղություն, որ նրանց չհաղթի թշնամին, և նրանք չտեսնեն պատերազմի խառնակություն, իսկ ովքեր լինեն պատերազմի մեջ` չպարտվեն իրենց թշնամիներից, այլ խաղաղեցրու նրանց կյանքը և խորտակիր բոլոր թշնամիներին հեթանոսների պատերազմում»:

Սրանից հետո իր կնոջն ասում է. «Այսուհետև բեր այն անոթը, որ ասացի քեզ և հավաքիր իմ արյունը և կառնես իմ գլուխը ուրախությամբ, և ոչ լալով ու տրտմությամբ և արտասուք չթափես ինձ վրա, որ հեռանում եմ քեզանից և ինձ տապան կպատրաստես, որ կոչվում է Ամինո և դու ննջիր իմ աջ կողմը»:

Եվ դարձավ ժողովրդի կողմը, տեսավ իր զինվորներից մեկին` Զինոն անունով, որ հույժ ողբում էր: Սուրբը նրան ասաց. «Զինո՛ն, մի՛ ողբա, որ բաժանվում ենք իրարից, որովհետև քեզ չեմ լքում, այլ, ինչպես երկրի վրա շրջում էիր իմ ետևից, նույնպես կշրջես ինձ հետ»:

Այս ասելով եկավ դահիճների մոտ և ասաց. «Որդյակնե՛ր, այժմ կատարեցեք ձեզ հրամայվածը»: Եվ երկնքից ձայն եկավ նրան ասելով. «Արի՛ քո երկնավոր Հոր մոտ, և դու երանելի ես, որովհետև ավարտեցիր քո ընթացքը երկրի վրա և պահեցիր քո հավատքը, կկատարվեն քո խնդրանքները, որ բոլորի համար խնդրեցիր: Բայց եթե մեկը լինի պատերազմի կամ նեղության մեջ և քեզ հիշի ամբողջ սրտով` կխորտակվեն նրա թշնամիները: Ովքեր մեղքով ծանրացած են և կդիմեն քո սրբության տաճարը, ուր դրված կլինեն քո ոսկորների նշխարները, կթողնվի նրանց մեղքերի ծանրությունը»: Սրանից հետո խոնարհեց իր պարանոցը դահճի առաջ, և [վերջինս] հանեց սուսերը և հատեց նրա գլուխը: Եվ նրա կինը անոթը բերեց, հավաքեց արյունը և ծիծաղելով վերցրեց նրա գլուխը և ուրախությամբ տարավ սրբի նշխարները այնտեղ, ուր հրամայեց երանելին:

Քրիստոսի ճգնավոր Եվդոքսիոսի նահատակության ընթացքը ավարտվեց հոկտեմբեր ամսի 19–ին, կիրակի օրը, և նրա կին Մանտանան եկավ, անարգեց աստվածներին, թագավորին ու դատավորին: Եվ բռնավորը լսելով ասաց նրան. «Դա անում ես, որպեսզի դու ևս վկայես և քո ոսկորները հարգվեն անմիտ քրիստոնյաներից: Երդվում եմ բոլոր աստվածներով և ի փառս նրանց` չեմ կատարի քո սրտի փափագը»:

Հինգ օր անցնելուց հետո սուրբը երևաց իր տիկնոջը և ասաց. «Ընկեր իմ և զուգակից, Մակարիոսին շտապ ուղարկիր իմ ապարանքը, բան ունեմ նրան ասելու: Եվ առավոտյան վեր կենալով տիկինը կանչեց նրան ու ասաց. «Որդյակ իմ Մակարիոս, քո տերն իր ապարանքն է կանչում քեզ»: Եվ սա ուրախությամբ գնաց ապարանքը, զինվորական դասից ոմանք տեսան նրան, կանչեցին, տարան դատավորի մոտ և ասացին. «Սա Եվդոքսիոսի իշխանության տակ էր»:

Տեսնելով նրան` բռնավորն ասաց. «Ո՞ր ազգից ես»: Մակարիոսն ասաց. «Քրիստոնյա եմ»: Իշխանն ասաց. «Մի՛ հիմարանա ու մի՛ խենթանա, այլ հավատա աստվածներին և կփրկվես»: Սուրբն ասաց. «Ես հավատացյալ եմ և հավատում եմ մեծ Թագավորին ու Աստծուն և Որդուն և Սուրբ Հոգուն, և հուսացել եմ իմ Աստծուն, որ հաղթեմ թշնամուն: Եվ հույս ունեմ հասնելու ինձ շտապ կանչողին»: Այս լսելով դատավոր Պոնդենդիանոսը հրամայեց սրով նահատակել:

Սուրբ Մակարիոսը վախճան ստացավ, հոկտեմբեր ամսին, ի փառս և ի գովություն մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի, որին փառք հավիտյանս. ամեն:

Աղբյուր` Ter-hambardzum.net