Այսպէս է ասում Տէրը. «Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն: Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

Նախադավան թագավորը

Հայաստանն առաջին երկիրն է աշխարհում, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն: Պաշտոնապես ընդունում ենք 301 թվականը, սակայն հայտնի է, որ դեռևս 1-ին դարում` Քրիստոսի կենդանության օրոք, հայոց Ս. Աբգար թագավորը, լսելով Տիրոջ հրաշագործությունների մասին, հավատացել է Հիսուսի աստվածությանը և պատգամավոր է ուղարկել Նրա մոտ` հրավիրելով գալ Հայաստան:

Հնագույն պատմական աղբյուրների վկայությամբ՝ Աբգարը հայոց թագավոր էր, Արշամի որդին, ով քաղաքական նկատառումներով իր արքունիքը տեղափոխել էր Եդեսիա:
Հայ Եկեղեցին, հիմնվելով այդ աղբյուրների վրա, ընդունում է Ս. Աբգարի՝ հայոց թագավոր լինելու փաստը: Ս. Աբգարի մասին պահպանվել է հետաքրքիր պատմություն, որով նրա անվան հետ է կապվում Քրիստոսի միակ կենդանագիր պատկերն ունենալու հանգամանքը: Այս մասին վկայում են Եվսեբիոս Կեսարացին՝ քրիստոնյա առաջին պատմիչներից մեկը, Պրոկոպիոսը, Եվագրիոսը և Մովսես Խորենացին:

Ըստ վկայության՝ Ս. Փիլիպոս առաքյալի մոտ են գալիս մի խումբ հեթանոսներ և ասում, թե ուզում են տեսնել Հիսուսին: Նրանց ուղարկել էր Աբգար թագավորը: Սկզբում արքան ինքն էր ուզում գալ Հիսուսին տեսնելու, բայց վախենալով, որ դա կարող էր թշնամության առիթ դառնալ, քանի որ Երուսաղեմը իր իշխանության տակ չէր, իր բանբերների միջոցով հեռագիր է ուղարկում՝ խնդրելով Փրկչին գալ և բժշկել իրեն:

Հիսուս Ս. Թովմաս առաքյալի ձեռքով գրված նամակով պատասխանում է Ս. Աբգարին. «Երանի նրան, ով ինձ հավատում է, թեպետ տեսած չլինի, որովհետև իմ մասին այսպես է գրված, թե ովքեր ինձ տեսնում են, ինձ չեն հավատում, իսկ ովքեր չեն տեսնում, կհավատան և կյանք կգտնեն»: Սակայն Փրկիչը նշում է, որ Իսրայելում դեռ անավարտ գործեր ունի, և միայն ավարտելուց հետո կարող է իր աշակերտներից մեկին ուղարկել: Ս. Աբգար թագավորի բանբերներից մեկը՝ Անանը, մինչև հեռանալը նկարում է Հիսուսին, որը Հիսուսի կենդանության օրոք արված միակ պատկերն է:

Հետագայում` Քրիստոսի համբարձվելուց հետո, Ս. Թադեոս առաքյալը գալիս և բժշկում է Ս. Աբգար թագավորին, քարոզում Ավետարանը: Արդյունքում Ս. Աբգար թագավորը դառնում է քրիստոնյա առաջին թագավորը:

Աննա Հարությունյան

Աղբյուր՝ Qahan.am