Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Միքայել Նալբանդյան. «Թող ուրեմն հայ մանուկը նախ և առաջ որպես հայի զավակ ուսանի...»

Դպրոցի ազգությունը կախված չէ աշակերտների և վարժապետների լոկ հայությունից. լեզուն է, որ միայն կարող է այդ վերնագիրը դնել դպրոցի ճակատին… Թող ուրեմն հայ մանուկը նախ և առաջ որպես հայի զավակ ուսանի յուր սեպհական լեզուն և ապա օտարինը: Ազգի հոգին և ազգի սիրտը կարող են յուրյանց հատկությունը և որակությունը մաքուր պահել միայն կերպարանագործվելով ազգային լեզվի ազդեցության տակ. այս ճշմարտությունը ուրացողը ուրացող է ազգության:

Հայ լեզուն է այն սարսափելի ուժը, որի ընդդեմ տկար են նաև միլիոնավոր բարբարոսների սվինները: Լեզուն է ազգությանց դրոշակը, լեզուն է նոցա որպիսության և վիճակի հայտարարը:

Հայոց լեզու, դու մեր անկողոպտելու գանձը եղար, մեր անընկճելի հայրենիքը: Մեր ժողովուրդը կորցրեց գահ և թագ, զորք և իշխանություն, ավեր եղան և ավար մեր բերդերն ու քաղաքները, ավար եղան մեր ինչքն ու գույքը, բայց դու մնացիր միայն կանգուն, մնացիր հաղթական: Ցնցոտի հագավ մեր ժողովուրդը, բայց դու ծիրանով ծածկեցիր նրա հոգին, թշնամին ջախջախեց նրա սրունքը, դու թևեր տվիր նրան` ժողովրդին: