Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Հովհաննես Թումանյան․ Մուկիկի մահը

Ծիտիկն ու Մուկիկն ախպերացան։ Գետի
ափին բուն շինեցին, մտան մեջը։
Մի օր Ծիտը գնաց քուջուջ անելու, ետ
եկավ, տեսավ Մուկիկը մեռել է։ Ծնկանը
զարկեց.

- Վա՜յ, ախպեր ջան, վա՜յ...
Օխտը ճամփի մեջտեղ նստեց, հողը
փորեց, տվավ գլխին.
- Վա՜յ, ախպեր ջան, վա՜յ...
Ձենի վրա Լորիկն եկավ.

- Ծիտիկ-միտիկ, չալփետուրիկ,
Հողն ինչո՞ւ ես տալի գլխիդ։
- Թաո՜ւ, թաո՜ւ, - ասավ Ծիտը, -
Ես որ չտամ, ո՞վ տա հապա.
Մուկիկի պես ախպեր մեռավ,

Աշխարքն էսպես մնաց անտեր,
Ես որ հողը տամ իմ գլխին,
Մե՞ծ բան է...
- Ափսո՛ս, ափսո՛ս, - ասավ Լորը, -
Մուկիկի պես մարդը մեռավ, -

Ասավ, իրեն էնքան զարկեց,
Թևը կոտրեց, կախ արավ։

Ծառը ասավ.
- Լորիկ քուրիկ, ճըտճըտուրիկ,
Ինչո՞ւ ես մի թևըդ կոտրել։

- Բա ի՞նչ անեմ, որ չըկոտրեմ։
Մուկիկի պես մարդը մեռավ,
Աշխարքն էսպես մընաց անտեր.
Ծիտը գլխին հող է տալի,
Ես որ իմ մի թևը կոտրեմ՝

Մե՞ծ բան է...
- Ա՛խ-վա՛խ, ա՛խ-վա՛խ, - կանչեց ծառը, -
Մուկիկի պես մարդը մեռնի՞...
Գընաց եկավ, գընաց եկավ,
Իր ճյուղերը զարկեց իրար,

Ջարդեց, մընաց ճըղնակոտոր։

Քարերն ասին.
- Ծառիկ-մառիկ, կանաչ թառիկ,
Ճյուղերդ ինչո՞ւ վեր թափեցիր։
- Վա՜հ, ձեր տունը աստված շինի,

Մուկիկի պես մարդը մեռավ,
Աշխարքն էսպես մնաց անտեր.
Ծիտիկն էնտեղ հողը գըլխին,
Լորը իրեն թևը կոտրած,
Իմ ճյուղերը ես որ թափեմ՝

Մե՞ծ բան է...

- Հազար ափսո՛ս - քարերն ասին.
Մուկիկի պես մարդը մեռավ,
Ու գոռալեն, գըռգըռալեն
Գըլորվեցին սարերն ի վար,

Թափվեցին ցած - ջըրերի մեջ։

Ջըրերն ասին.
- Ի՞նչ պատահեց, ա՛յ գիժ քարեր,
Չէ՞ դուք ձեր տեղն անժաժ էիք,
Ի՞նչ եք էդպես ցած գըլորվում։

- Էլ ի՞նչ անժաժ. բա չե՞ք ասիլ,
Մուկիկի պես մարդը մեռավ,
Աշխարքն էսպես մընաց անտեր.
Ծիտիկն էնտեղ հողը գըլխին,
Լորիկն իրեն թևը կոտրած,

Ծառը մընաց ճըղնակոտոր,
Մենք մեր տեղից որ գըլորվենք՝
Մե՞ծ բան է...

- Վա՜շ-վի՛շ, վա՜շ-վի՛շ, ի՜նչ իմացանք,
Մուկիկի պես մարդն էլ մեռնի՞...

Ջըրերն ասին. խառնըվեցին,
Ու գընացին պըղտոր-մըղտոր։
Էն կողմերից տըմտըմբալով
Պառավն եկավ։ Էս որ տեսավ.
- Ա՜յ գըլգըլան ջըրեր, - ասավ, -

Դուք պարզ էիք միշտ ու մարմանդ,
Ինչո՞ւ էսօր պըղտորվեցիք։

- Վա՜յ քու տանը քանդվի, պառա՛վ,
Բա չե՞ս լըսել՝ ինչ է եղել.
Մուկիկի պես մարդը մեռավ,

Աշխարքն էսպես մընաց անտեր,
Ծիտը էնտեղ հողը գըլխին,
Լորը իրեն թևը կոտրած,
Ծառը եղավ ճըղնակոտոր,
Քարերը ցած գըլտոր-մըլտոր,

Մենք պղտորվենք՝ մե՞ծ բան է...

- Հողն իմ գլխին, - պառավն ասավ, -
Մուկիկի պես մարդը մեռնի՞...
Զարկեց իրեն ու ծըվատեց,
Երեսն արավ արյունլըվիկ,

Մազաքըձուձ՝ գյուղը վազեց։
Գյուղում ասին.
- Պառավ տատիկ, ի՞նչ պատահեց.
Ինչո՞ւ երեսդ արյունլըվիկ։
- Վա՜յ, քոռանամ, մի՛ խոսեցնեք։

Մուկիկի պես մարդը մեռավ,
Աշխարքն էսպես մընաց անտեր.
Ծիտը էնտեղ հողը գըլխին,
Լորը իրեն թևը կոտրած,
Ծառը եղած ճըղնակոտոր,

Քարերը ցած գըլտոր-մըլտոր,
Ես իմ երեսն արյունոտեմ՝
Մե՞ծ բան է...

- Ափսո՛ս, ափսո՛ս, հազար ափսոս,
Որ էն տեսակ մարդը մեռավ...

Ափսոսացին էն գյուղացիք,
Սև կապեցին, սուգ նստեցին.
- Վա՜յ, ո՞վ ասավ, ո՞վ ասավ...
- Հողագըլուխ Ծիտիկն ասավ,
Թևը կոտրած Լորիկն ասավ,

Ճըղնակոտոր Ծառիկն ասավ,
Գըլտոր-մըլտոր Քարիկն ասավ,
Պըղտոր-մըղտոր Ջըրիկն ասավ,
Մազաքըձուձ Պառվիկն ասավ,
Մեր Մուկիկը մեռե՜լ է...

Էլ ո՞վ մընաց էս աշխարքում,
Էլ ի՞նչ ապրենք էս աշխարքում...
Էսպես ասին
Ու միասին
Լացով, կոծով,

Ճիչ-գոռոցով
Հավաքվեցին ու գընացին,
Քարիցն ընկան, կոտորվեցին։