Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Տեսա քո արտասուքը...

Ձեր կյանքի մոլորությամբ ձեզ մահ մի՛ ցանկացեք եւ
մի՛ սպանեք ձեր անձերը` ձեր իսկ ձեռքերի գործերով
(Իմաստ. Բ 23)

Սուրբ Գրքում իր առանձնահատուկ տեղն ունի Եզեկիա արքայի պատմությունը. այն կարդալով` մեկ անգամ եւս համոզվում ենք, թե որքան ներողամիտ, ողորմած եւ զորեղ է մեր երկնային Հայրը: Նրա եւ այս արքայի փոխհարաբերությունները կարող են ուղեցույց լինել ճշմարիտ քրիստոնյայի համար:

Եզեկիան հրեաների թագավոր է դառնում երիտասարդ տարիքում (ընդամենը 25 տարեկան) եւ իշխում է 29 տարի. ՙԻսրայելի արքա Եղայի որդի Օսեեի թագավորության երրորդ տարում թագավորեց Հուդայի երկրի Աքազ արքայի որդի Եզեկիան: Նա քսանհինգ տարեկան էր, որ թագավորեց, եւ Երուսաղեմում քսանինը տարի իշխեց՚ (Դ Թագ. ԺԸ 1-2): Աստվածաշունչը վկայում է նաեւ, որ Եզեկիան անսահման նվիրված էր Տիրոջը եւ մշտապես աստվածահաճ կյանք էր վարում: Իսկ Դ Թագավորաց գրքում կարդում ենք. ՙՆա իր հույսը կապեց Իսրայելի Տեր Աստծու հետ, եւ նրա նմանը չեղավ Հուդայի երկրի ո՛չ հաջորդ, ո՛չ էլ նախորդ բոլոր թագավորների մեջ: Նա Տիրոջն ապավինեց, նրա ճանապարհից չխոտորվեց, պահեց Մովսեսին պատգամված պատվիրանները՚ (ԺԸ 5-6): Այսինքն` Եզեկիան միայն Աստծուն էր վստահում եւ ապավինում: Ինչպես բոլոր մահկանացուները, նա եւս սխալական էր եւ մեղանչական, բայց միեւնույն ժամանակ խոնարհ էր եւ հնազանդ Տիրոջը: Երբ կարդանք Եզեկիա արքայի պատմությունը` Դ Թագ. ԺԸ-Ի, Եսայիի մարգարեության ԼԸ-ԼԹ եւ Բ Մնաց. ԻԹ-ԼԲ գլուխները, ամբողջական պատկերացում կկազմենք նրա կյանքի, թագավորության ժամանակաշրջանի եւ Աստծու հետ ունեցած փոխհարաբերությունների մասին: Քննարկենք որոշ դեպքեր. առաջինը տեղի է ունենում Եզեկիայի թագավորության 14-րդ տարում, երբ նա 39 տարեկան էր: Նա հասցնում է այդ ընթացքում իր ժողովրդի եւ երկրի համար բազմաթիվ նշանավոր գործեր կատարել. այս մասին վկայում են Բ Մնաց. ԻԹ-ԼԱ գլուխները.

ա. Նորոգում է Տաճարը, մաքրում է այն պղծություններից եւ բացում է Տիրոջ տան դռները.

բ. Վերականգնում է քահանաների եւ ղեւտացիների ծառայությունը Երուսաղեմի տաճարում.

գ. Պատվիրում է Զատիկը նշել ողջ Իսրայելում եւ Հուդայի երկրում (Սողոմոն Իմաստունի թագավորության շրջանից Զատիկն այդպես չէին տոնել).

դ. Զատկի տոնակատարությունից հետո մարդիկ վերադառնալով իրենց բնակավայրերը` կործանում էին չաստվածների եւ կուռքերի բոլոր արձանները` կարծես դրանցից ազատագրելով եւ մաքրելով իրենց հոգին.

ե. Տերը Եզեկիային թույլ է տալիս դառնալ շատ հաջողակ եւ հարուստ.

զ. Արքան հրամայում է անցկացնել հայտնի ջրանցքը, որը հետագայում Երուսաղեմի պեղումների ժամանակ հայտնաբերում է աստվածաշնչային հնագետ Էդվարդ Ռոբինսոնը 1838 թվականին.

է. Կառուցել է տալիս շատ քաղաքներ, ցորենի, մեղրի, գինու, ձիթայուղի պաշարների պահպանման համար շտեմարաններ.

Սակայն մեզ առավել հետաքրքրում են նրա եւ Աստծո փոխհարաբերությունները, դրանց զարգացման ընթացքը: Եզեկիայի թագավորության 14-րդ տարում Ասորեստանի Սենեքերիմ արքան որոշում է նվաճել Երուսաղեմը: Նրա զորքը մի քանի անգամ մեծ էր հրեաների զորքից. այն բազում հաղթանակներ էր տարել` նվաճելով բազմաթիվ երկրներ ու քաղաքներ: Եւ ահա ասորական զորքը հասել էր Երուսաղեմի պատերի մոտ` պատրաստվելով նվաճել քաղաքը. ասորեստանցիները ամբարշտությամբ հայհոյում էին Աստծուն` այդպես փորձելով կոտրել հրեաների մարտական ոգին եւ ահաբեկել նրանց. նաեւ հրեաներին ներշնչում էին, թե Եզեկիա արքան խաբեբա է եւ չպետք է նրան վստահել: Իրապես բախտորոշ պահ էր քաղաքի բնակիչների համար. բոլորը չափազանց մոտ էին մահվանը, մինչդեռ Եզեկիան շարունակում էր հավատալ եւ ապավինել երկնային Հորը, որը ոչ միայն հրեաների կյանքը, այլ նաեւ քաղաքն ավերումից փրկեց: Սենեքերիմի դեսպանների սպառնալիքները լսելով` Եզեկիան հասկանում է, որ սեփական ուժերով չի կարող հաղթել ասորական զորքին եւ անզորությունից հուսալքվում է... չէ՞ որ նա մահկանացու էր` իրեն բնորոշ բոլոր թերություններով եւ մտահոգություններով... Բոլոր հանգամանքները կարծես հաստատում էին, որ ասորական զորքը կգրավի քաղաքը, իսկ բնակիչներին կգերեվարի կամ կկոտորի. Եզեկիան, որպես թագավոր, ահաբեկված եւ մտահոգված էր, սակայն անսասան հավատ եւ անսահման վստահություն ուներ Աստծո նկատմամբ... իսկ սա հենց այն է, ինչ Տերն ակնկալում է բոլոր նվիրյալ զավակներից: Մտավախություններն ու երկյուղները հաճախ են ճնշում մեզ` ստիպելով հուսալքվել եւ հանձնվել...

ՙԵզեկիան հրովարտակներն առավ դեսպանների ձեռքից, ընթերցեց դրանք, ապա գնաց Տիրոջ տուն եւ դրանք բաց վիճակում ցույց տվեց Տիրոջը: Եզեկիան Տիրոջն աղոթելով` ասաց. ՙՏե՛ր Աստված Իսրայելի, դու, որ նստած ես քերովբեների վրա, աշխարհի բոլոր թագավորությունների մեջ միայն դու ես Աստված, դո՛ւ ես ստեղծել երկինքն ու երկիրը: Տե՛ր, ակա՛նջ դիր ու լսի՛ր, բա՛ց աչքերդ ու տե՛ս, լսի՛ր Սենեքերիմի խոսքերը, որ մարդ էր ուղարկել նախատելու կենդանի Աստծուն: Արդարեւ, Տե՛ր, Ասորեստանի թագավորները ազգեր ու երկրներ ոչնչացրին, հրի մատնեցին նրանց աստվածներին, որոնք աստվածներ չէին, այլ իրեր, որ փայտից ու քարից պատրաստված էին մարդկանց ձեռքով, եւ ոչնչացրին դրանց: Արդ, Տե՛ր Աստված մեր, փրկի՛ր մեզ նրանց ձեռքից, թող աշխարհի բոլոր թագավորություններն իմանան, որ միայն դո՛ւ ես Տեր Աստվածը՚ (Դ Թագ. ԺԹ 15-19): Եզեկիան գնում է Տիրոջ մոտ եւ ցույց տալիս նամակները` մեկ անգամ եւս արտահայտելով միակ կենդանի Աստծու նկատմամբ ունեցած իր աներկբա հավատն ու անսահման վստահությունը: Սուրբ Գրքի այս հատվածում եւս տեսնում ենք, թե աղոթքն ինչ զորություն ունի...

Հրեաների թագավորի աղոթքին Աստված պատասխանում է. ՙԱմոսի որդի Եսային մարդ ուղարկեց Եզեկիայի մոտ` ասելով. ՙԱյսպես է ասում զորությունների Տեր Աստվածը` Իսրայելի Աստվածը. Ասորեստանի Սենեքերիմ արքայի մասին ինձ ուղղած աղոթքդ լսեցի՚ (Դ Թագ. ԺԹ 20):

Եզեկիայի մասին գրված է նաեւ Եսայիի մարգարեական գրքում: Տերը մարգարեի շուրթերով է պատասխանում արքայի աղոթքին: ՙԵրբ որ գիշերը վրա հասավ, Տիրոջ հրեշտակը եկավ եւ Ասորեստանի բանակից հարյուր ութսունհինգ հազար մարդ սպանեց: Երբ առավոտ կանուխ վերապրողները ելան, տեսան, որ բոլորը մեռել են՚ (Դ Թագ. ԺԹ 35): Այսպիսով, ասորեստանյան բանակը չի մտնում Երուսաղեմ, քաղաքը չի կործանվում, բնակչությունը չի կոտորվում եւ չի գերեվարվում. Աստված է այս հաղթանակը ՙպարգեւում՚ հրեա ժողովրդին: Իսկ Սենեքերիմ արքան սպանվում է իր երկրում` սեփական որդիների ձեռքով:

Եզեկիան Աստծո տուն է գնում, միայն Նրան է պատմում իր մտավախությունները, աղոթում եւ Նրանից է օգնություն խնդրում` գիտակցելով, որ միայն ամենազոր, ամենակարող եւ ողորմած Տերը կարող է փրկել իր ժողովրդին:

Հետաքրքիր է, որ այս արքան իր անսահման հավատը չէր ժառանգել հորից` Աքազից (Դ Թագ. ԺԸ 1), որը դեմ գնաց Տիրոջը, բազում մեղքեր գործեց, բազմաթիվ կուռքեր կանգնեցրեց, պղծեց Աստծո տաճարը, քահանաներին եւ ղեւատացիներին հալածեց: Եզեկիան հոր ճիշտ հակապատկերն էր` բարեպաշտ, աստվածավախ, հեզ, խոհեմ, հնազանդ... Աստված լսում էր նրա աղոթքները, պատասխանում դրանց... Սակայն ուշադրություն դարձնենք հետեւյալ հատվածին. Երբ ամենազոր Տերը պարտության է մատնում ասորեստանցիներին եւ փրկում է բազմահազար հրեաների կյանքը, Եզեկիան ախտահարվում է մահացու հիվանդությամբ. ՙԱյդ օրերին Եզեկիան մերձիմահ հիվանդացավ: Նրա մոտ եկավ Ամոսի որդի Եսայի մարգարեն եւ ասաց նրան. ՙԱյսպես է ասում Տերը. ‘‘Քո տան գործերը կարգի՛ դիր, քանզի դու չես առողջանալու, մեռնելու ես’’՚ (Դ Թագ. Ի 1): Գրեթե բոլորիս կյանքում է այդպես` հաղթանակներն ու փորձությունները հաջորդում են իրար... Սակայն կարող ենք վստահ լինել, որ այդ ամենը տեղի է ունենում Աստծո գիտությամբ. հիշենք Մատթեոսի ավետարանի հետեւյալ հատվածը. ՙՉէ՞ որ երկու ճնճղուկ մեկ դահեկանի է վաճառվում, բայց նրանցից մեկն անգամ առանց ձեր Հոր գետին չի ընկնում. եւ ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշվված են: Արդ, մի՛ վախեցեք, քանի որ բազում ճնճղուկներից լավ եք դուք՚ (Մատթ. Ժ 29-31): Այդպես էր նաեւ Եզեկիայի դեպքում. Աստված ոչ միայն գիտեր, որ արքան ծանր հիվանդ է, այլ հենց Ինքն է Եսայի մարգարեին ուղարկում նրա մոտ: Սակայն ո՞րն էր պատճառը, որ Աստված նրան այդ ծանր հիվանդությամբ ախտահարեց, ի՞նչ էր կամենում ողորմած Տերը դրանով ցույց տալ... ՙՏերը Եզեկիասին ու Երուսաղեմի բնակիչներին փրկեց Ասորեստանի Սենեքերիմ արքայի ու ամենքի ձեռքից, եւ նրանց երկրի բոլոր վայրերում խաղաղություն տիրեց: Շատերը Տիրոջը զոհեր էին բերում Երուսաղեմ եւ ընծաներ` Հուդայի երկրի արքա Եզեկիասին: Եզեկիասը բարձրացավ բոլոր ազգերի աչքին: Դրանից հետո այդ օրերին Եզեկիասը մերձիմահ հիվանդացավ: Նա աղոթք արեց Տիրոջը, որը լսեց նրան ու մի նշան ցույց տվեց, բայց Եզեկիասն իր նկատմամբ ցույց տրված բարերարության համեմատ չհատուցեց, այլ մեծամտացավ, ուստի բարկություն իջավ նրա, Հուդայի երկրի ու Երուսաղեմի վրա: Եզեկիասը հրաժարվեց իր մեծամտությունից, նույնպես եւ Երուսաղեմի բնակիչները. եւ այլեւս Եզեկիասի թագավորության օրոք Տիրոջ բարկությունը չիջավ նրանց վրա՚ (Բ Մնաց. ԼԲ 22-26): Փաստորեն, ասորական զորքի պարտությունից հետո շատերը ընծաներ էին բերում Եզեկիաս արքային, նրա փառքն ու հեղինակությունը տարածվում էին ամենուր: Կարդալով այս հատվածը` մեկ անգամ եւս համոզվում ենք, որ Տեր Աստված փորձության է ենթարկում մեզ, բացահայտում մեր էությունը: Նա մեզ ոչ միայն դժվարությունների, այլ նաեւ հաղթանակների միջոցով է փորձում: Եզեկիան իրեն ցույց տրված ողորմածությանն ու բարերարությանն ըստ արժանվույն չպատասխանեց, այլ մեծամտացավ եւ հպարտացավ: Իսկ ճշմարիտ Աստված փորձում եւ պատժում է նրանց, ում սիրում է. ՙՈրդյա՛կ իմ, Տիրոջ խրատը մի՛ անարգիր եւ մի՛ վհատվիր, երբ հանդիմանվես նրանից, քանի որ Տերը, ում սիրում է` խրատում է, պատժում է ամեն մի որդու, որին ընդունում է՚ (Եբր. ԺԲ 6):

Եզեկիան իր մոտալուտ մահվան մասին լսելով` գնում է Տիրոջը աղոթելու: Նա ոչ միայն աղոթում, այլ պաղատում է Աստծուն իրեն կյանք շնորհել: Արքան ականատես էր, երբ Տիրոջ հրեշտակը կոտորում էր տասնյակ հազարավոր մարդկանց, իսկ ինքը ողջ էությամբ ներողամտություն եւ ողորմածություն էր հայցում. ՙԵզեկիան երեսը պատի կողմը դարձրեց եւ աղոթեց Տիրոջն` ասելով. ՙՈ՜վ Տեր, հիշի՛ր, թե ինչպես եմ ես քո առջեւ ճշմարտությամբ ու հավատարիմ սրտով ընթացել, քո առջեւ բարին եմ կատարալ՚: Եւ Եզեկիան դառնորեն արտասվեց՚ (Դ Թագ. Ի 2-3): Ահա թե ինչ է լինում. ՙԵսային դեռ դուրս չէր եկել գավթից, երբ նրան հասավ Տիրոջ խոսքը, որ ասում էր. ՙՀե՛տ դարձիր եւ իմ ժողովրդի առաջնորդ Եզեկիային ասա՛. ‘‘Այսպես է ասում քո նախնի Դավթի Տեր Աստվածը. ՙԼսեցի քո աղոթքը եւ տեսա քո արտասուքը: Ես, ահա, պիտի բժշկեմ քեզ, երրորդ օրը պիտի գաս Տիրոջ տունը, քո կյանքը տասնհինգ տարով պիտի երկարեցնեմ, Ասորեստանի արքայի ձեռքից պիտի փրկեմ քեզ ու քո քաղաքը, պաշտպան պիտի կանգնեմ քո քաղաքին ինձ ու իմ ծառա Դավթի համար’’՚ (Դ Թագ. Ի 4-6): Այս հատվածն ընթերցելիս նկատում ենք, որ ամենազոր Աստված անմիջապես պատասխանում է Եզեկիայի աղոթքին. Տերն ընդունում է նրա արցունքներն ու անկեղծ զղջումը. Նա սիրում էր Եզեկիային, փորձության ենթարկում եւ ամեն անգամ ավելի ու ավելի ուրախանում նրա հաստատակամությամբ, աներեր հավատով եւ նվիրվածությամբ: Հրեաների արքան Տիրոջ` իր նկատմամբ ցուցաբերված բարերարությանն ու ողորմածությանը երբեմն ըստ արժանվույն չէր պատասխանում, բայց մշտապես խոստովանում էր սեփական սխալներն ու իրապես զղջում գործած մեղքերի համար: Նա դառնորեն արտասվում էր, եւ թափված արցունքները անկեղծ զղջման եւ ափսոսանքի արդյունք էին: Սակայն եթե մեղսալի կյանք ենք վարում, անտեսում Աստծո պատվիրանները, անհնազանդ ենք եւ պիղծ, ապա թափված արցունքներն անընդունելի են եւ անզոր: Դա է վկայում սուրբգրային հետեւյալ հատվածը. ՙԻնչ որ ես ատում էի, ա՛յն էիք անում. արցունքներով ծածկեցիք իմ սեղանը, տանջանքի լաց ու ողբով: Արժե՞ արդյոք վերստին նայել ձեր զոհաբերումին եւ կամ այն ընդունել ձեր ձեռքերից՚(Մաղ. Բ 13):

Բազմաթիվ են սուրբգրային այն հատվածները, որոնք վկայում են աղոթելիս արտասվելու մասին. ՙ...որովհետեւ շատերը, - որոնց մասին շատ անգամ ասել եմ ձեզ եւ այժմ էլ լալով եմ ասում, - ընթանում են որպես թշնամիներ Քրիստոսի խաչի. նրանց վախճանը կորուստ է. նրանց աստվածը իրենց որովայնն է, եւ փառքը` իրենց ամոթը՚ (Փիլ. Գ 18): Դավիթը եւս արտասվում էր աղոթելիս. ՙԵս հոգնեցի իմ հառաչանքներից, ամեն գիշեր հեծեծանքով լվացի մահիճն իմ եւ իմ արտասուքով անկողինս թրջեցի՚(Սաղմ. Զ 7): Անգամ Աստված է արտասվում, սակայն այն ցավից, որ մարդիկ պատճառում են Նրան իրենց մեղքերով եւ անհնազանդությամբ (Երեմ. ԺԴ 17): Աստծո Որդին հաճախ էր արտասուքներով աղոթում. ՙՆա էր, որ մարմնի մեջ եղած իր օրերում աղոթքներ եւ պաղատանքներ էր մատուցում ուժգին գոչումով եւ արտասուքներով Նրան, ով կարող էր փրկել իրեն մահվանից: Եւ նա լսելի եղավ իր բարեպաշտության համար՚(Եբր. Ե 7): Թվարկվածները, իհարկե, սուրբգրային ոչ բոլոր հատվածներն են, որոնք վկայում են աղոթքի ժամանակ արտասվելու մասին:

Աստված լսում է մեր աղոթքները, նկատում արցունքներն ու ցավը, միայն Նա է տեսնում մեր հոգին, կարդում մտքերը, բացահայտում կամքն ու ցանկությունները: Տերը կամենում է, որ լինենք արդար ու ազնիվ, աստվածավախ եւ հնազանդ` հետեւելով Իր պատվիրաններին եւ աստվածային լույսին: Աստված առավել մոտ է նրանց, ովքեր նվիրյալ են եւ արդար. ՙ...քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է եւ օգնում է՚(Հակ. Ե 16):

Մշտապես փնտրե՛նք Աստծուն, հիշենք աղոթքի զորության մասին, չերկյուղենք մեր զղջման եւ տառապանքի արցունքները երկնային Հորը ցույց տալուց եւ մտապահենք Նրա խոսքերը. ՙԼսեցի քո աղոթքը եւ տեսա քո արտասուքը...՚:

Արփինե Չանթիկյան
Աղբյուր՝ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ