Այսպէս է ասում Տէրը. «Ով որ այս պատուիրաններից, փոքրերից անգամ, մի բան ջնջի եւ մարդկանց այդպէս ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կատարի եւ ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի» (Մատթեոս 5:19)

Անտոնի Սուրոժսկի «Սիրո երեք կողմերը»

Մենք կարծում ենք` գիտենք, թե ինչ է սերը և, թե ինչպես սիրել: Բայց, իրականում մենք շատ հաճախ ընդամենը համտեսում ենք մարդկային հարաբերությունները: Մենք մտածում ենք, որ սիրում ենք մարդուն, որովհետև նրա նկատմամբ տածում ենք քնքուշ զգացումներ, որովհետև նրա հետ մեզ լավ ենք զգում, բայց սերը շատ ավելի մեծ, ավելի պահանջկոտ, իսկ երբեմն էլ` ողբերգական մի բան է:

Սերն ունի երեք կողմ: Առաջին` սիրող մարդը տալիս է, ուզում է տալ: Սակայն, որպեսզի տաս, որպեսզի կատարելապես տաս, ստացողին տաս չհիվանդացնելով` նախ և առաջ հարկավոր է տալ կարողանալ: Ինչպես հաճախ պատահում է` մենք տալիս ենք ոչ թե անկեղծ, անշահախնդիր, անձնուրաց սիրուց դրդված, այլ, որովհետև, երբ մենք տալիս ենք` մեզանում աճում է սեփական մեծության և կարևորության զգացումը: Մեզ թվում է, թե տալը ինքնահաստատման` ինքն իրեն և սեփական նշանակությունն ուրիշներին ցուցադրելու միջոց է: Սակայն այդ պայմաններով մարդուց ինչ-որ բան ստանալը շատ ցավոտ է: Սերը միայն այն ժամանակ կարող է տալ, երբ մոռանում է իր մասին:

Մյուս կողմից, պետք է կարողանալ սերը ստանալ, բայց ստանալը շատ ավելի դժվար է, քան տալը: Բոլորս գիտենք, թե որքան ցավեցնող է, ավելին` փորձություն է ինչ-որ բան ստանալ մեկից, ում մենք չենք սիրում կամ չենք հարգում. դա շատ վիրավորական է, նվաստացնող: Մենք դա ակնհայտ կերպով տեսնում ենք երեխաների մոտ. երբ ինչ-որ մեկը, ում երեխաները չեն սիրում կամ չեն հավատում այդ մեկի սիրուն, իրենց նվեր է տալիս` ուզում են նրա տվածը տրորել, որովհետև այդ մեկն իր նվերով վիրավորում է իրենց` խոցելով մինչև հոգու խորք: Եվ, որպեսզի կարողանանք տալ և կարողանանք ստանալ, հարկավոր է, որ նվիրողի սերը լինի անձնուրաց, իսկ ստացողը սիրի նվիրողին և անվերապահորեն հավատա նրա սիրուն:

Հայտնի ճգնավոր Վենսեն դե Պոլը աղքատներին օգնելու համար ուղարկած իր վանականներին ասում էր. «Հիշիր` քեզ պետք է գալու քո ներսում ունեցած ամբողջ սերը, որպեսզի մարդիկ կարողանան ընդունել քո բարեգործությունները»:

Սակայն նույնիսկ այնտեղ, որտեղ և տալը, և ստանալը տոն է, ուրախություն, կա սիրո մի կողմ ևս, որի մասին մենք մոռանում ենք: Դա զոհաբերությունն է: Ոչ այն իմաստով, որ մենք, սովորաբար, մտածում ենք, օրինակ` մարդը, ով սիրում է մեկին, պատրաստ է աշխատել նրա համար, զրկել իրեն ինչ-ինչ բաներից, որպեսզի մյուսը ստանա անհրաժեշտը: Ո՛չ, այն զոհաբերությունը, որի մասին ես խոսում եմ, շատ ավելի խիստ է, այն խորքային, ներքին իրողություն է. մարդը պատրաստ է հանուն սիրո մի կողմ քաշվել: Սա շատ կարևոր է: Նման բան տեղի է ունենում տղամարդու և կնոջ միջև. նրանք միմյանց սիրում են ուժեղ, ամուր, քնքշորեն, ուրախությամբ: Նրանցից մեկը նախանձում է ամուսնուն կամ կնոջը ոչ թե որ ինչ-որ մեկը կա և հարցականի տակ է դրված իրենց սերը, այլ այն կապվում է անցյալի հետ: Օրինակ` մանկության ընկերների կամ մանկության ընկերուհիների մասին հիշողությունները սրվում են` բախվելով անցյալում ունեցած զգացմունքերին: Նրան, ում խենթի նման սիրում էիր, հիմա կուզենայիր, որ կյանքը սկսվեր նրա հետ հանդիպման պահից: Եվ այն ամենը, ինչը նախորդում էր այդ հանդիպմանը` կյանքի բոլոր հարստությունները, հոգին, հարաբերությունները վտանգավոր են թվում. սիրած մարդու հոգում իրենից բացի էլի ինչ-որ բան է ապրում: Այս մոտեցումը շատ վտանգավոր է. մարդը չի կարող կյանքը սկսել իր սիրելիի հետ հանդիպման օրվանից, ինչքան էլ որ այդ պահը լինի լուսավոր և թանկ: Նա ոչ թե պետք է սկսի, այլ շարունակի ապրել իր կյանքը: Եվ սիրելին էլ պետք է անցյալի գաղտնիքը ընդունի որպես գաղտնիք, պահի, պահպանի այն և բաց թողնի ի գիտություն ընդունելով առ այն, որ անցյալում եղել են այնպիսի փոխհարաբերություններ, կյանքի այնպիսի իրադարձություններ, որոնց ինքը մասնակից չի եղել, ներկա չի գտնվել:

Հենց այստեղից է սկսվում տարածքը, որը կարելի է կոչել հավատի տիրույթ` հավատ ոչ միայն Աստծուն ուղղված, այլ փոխադարձ հավատ մեկ այլ մարդուն ուղղված:

Աղբյուր՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԿԱՉ