Այսպէս է ասում Տէրը. «Ոչ ոք ճրագ վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կը դնի աշտանակի վրայ, որպէսզի մտնողը լոյս տեսնի։ Մարմնի ճրագը աչքն է. երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսաւոր կը լինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խաւար կը լինի» (Ղուկաս 11:31-32)

Մեծ Եղեռնից մի քանի ամիս առաջ գրված Սիամանթոյի անտիպ նամակը

Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի (ԳԱԹ) արխիվում, Ատոմ Յարճանյանի՝ Սիամանթոյի ֆոնդում գրողի ձեռքով գրված անավարտ գործերի պատառիկներ, թարգմանություններ, նամակներ, սեւագրություններ կան: Սիամանթոյի արխիվով, ձեռագրերի վերծանությամբ, ի թիվս այլ մասնագետների, զբաղվել է նաեւ գրականագետ Արփիկ Ավետիսյանը, որի անձնական արխիվում շատ են տարբեր բանաստեղծությունների վերծանություններն ու համեմատությունները՝ նախնական տեքստը ավարտուն տեքստի հետ: Արխիվում, ի թիվս այլ նյութերի, կան նաեւ նամակներ: Դրանցից մեկն ուղղված է բանասեր , փիլիսոփայական գիտությունների դոկտոր Ռաֆայել Պազարճյանին:

Իտալիայի Պատու քաղաքում բնակվող Ռաֆայել Պազարճյանը Սիամանթոյի տաղանդի երկրպագուներից էր եւ գտնում էր, որ նա այն հայ գրողն է, որն արժանի է ներկայացվելու Նոբելյան մրցանակի:

«1914 թ., մարտի 6

Մեծարժեք բանաստեղծ,

Պիտի փափագեի, որ ձեր եվրոպական հայրենակիցներուն ուշադրութիւնը հրավիրենք, որպեսզի զձեզ Premie Nobel-ի ՝ իբրեւ բանաստեղծ, թեկնածու ներկայացնեն եւ առաջարկեն:

Այդ մրցանակին իսկապես արժանի եք: Եվրոպա ձեզմե ոչ ավելին ու ձեզի պես քիչ բանաստեղծներ արտադրուած է: Եթե բախտավոր ըլլաք, այդ պարագային հայութեանն ալ մեծ պատիւ կը բերեք այդ մրցանակի ստացումով:

Խանդավառ մաղթանքներս հիացմունքով՝ Ձեր դոկթ. Ռ. Պազարճեան»:

Սակայն նույն թվականի հուլիսի 28-ին սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, եւ Թուրքիայում՝ բանակ զորակոչելու պատրվակով, սկսվում է 20-45 տարեկան հայ տղամարդկանց զորակոչը:

Սիամանթոն փորձում է փրկագին տալով՝ ազատվել թուրքական բանակից: Ռ. Պազարճյանն իր օգնությունն է առաջարկում նրան.

«20 օգոստոս, 1914, Պատու

Սիրելի Սիամանթո,

Թերթերեն կիմանամ, որ Օսմանյան կառավարությունը անխտիր զենքի տակ կհրավիրե մինչեւ 45 տարեկան արուները: Եթե երբեւէ Դուք ալ զինվորագրության ստիպվեք, հաճեցեք համարիել զիս մին անոնցմէ, որ անմիջապես պատրաստ է դրամական հատուցումով վճարելով զձեզ՝ այս բեռեն ազատելուն: Այդ առթիվ ես իմ բաժինս բերելու մեջ շատ ուրախ եմ: Խնդրեմ, գրեցեք ձեր լուրերը եւ ընդունեցեք սիրալիր բարեւներս: Ձերդ՝ տօքթ. Պազարճեան» :

Սիամանթոն պատասխանում է.

«Սիրելի տօք. եւ թանկագին բարեկամ, այս հուսահատության, զզվանքի, անկարելի ստրկութեան, պոռնիկ համակերպումի եւ իմ բառարանես եւ Ձեր բառարանեն բացակա ամեն հայհոյանքի արժանի օրերուն մեջ Ձեր փոքրիկ քարթը իր մեծ սրտով ինձի մտածել տվավ, թե դեռ ՄԱՐԴԵՐ, բարեկամներ կան…Բայց իմ ցավես առաջ՝ ցեղիս ու ցեղիդ ցավեն խոսիմ…Բովանդակ ծաղիկ հայ երիտասարդութեանը կերան բորենիները, զինվոր տարին: Ահավոր խուճապ…Գավառներեն մարդ չեն ձգի. Մինչեւ 45 տարեկան…դեպի մահ, դեպի ստույգ մահ, ոչ պատերազմի մեջի մահեն, այլ անոթության…

Սիամանթոն
Լուսանկարը` Հայոց Ցեղասպանութայն թանգարան-ինստիտուտ

Ամբողջ Թուրքիան անոթի է, այլեւս հայ եւ հույն վաճառական կամ վաճառականություն չի մնաց: Կառավարութիւնը բոլոր ալ հավաքեց, թալանեց , կողոպտեց եւ գրավեց, նույնիսկ՝ ստացագիր չտալով: Ամեն կողմ գրավում. Ոչ թե ալյուր կամ կերպաս, այլ ինչ որ գտնեն հայ եւ հույն վաճառականին քով: Պոլիս եւ ամեն տեղ` նույն բանը: Քրիստոնեա թաղերու փուռերեն ալյուրը կը կողոպտին երկու միլիոն զորքի համար եւ իսլամ թաղերը կտանին…

Չեք կրնար եւ նամանավանդ ես, որ ներկա եմ ու ջիղերս կայծակի խուրձի մը վերածեր են, չեմ կրնար երեւակայիլ կամ գրել ինչ որ կը դառնա այս անիծյալ երկրին մեջ…Ես հիվանդ անկողին ինկա, քանի մը բարեկամներ, այո, բարեկամներ, եւ ոչ «ընկերներ», ինչպես պիտի մտածեիք՝, ոտքի ելան ինծի համար 43 ոսկի ճարելու: Ամեն դուռ զարկին. Ոչ ոք դրամ ունի. պանկերը փակ են, եւ սրտերը երբեք բացված չեն…

Մուրհակներով, ստորագրութիւնով, պատվո խոսքերով եւ վազելով ու նորեն վազելով, մուրալով, վռնդվելով եւ նորեն մուրալով ճարեցինք եւ տարինք իմ փրկանքս՝ խոսք տալով ոչ մեկ կամ երկու ամսեն պիտի տանք այդ գումարը անոնց, որոնցմե կորզեցինք:

Սիամանթոյի ձեռագրերից
Լուսանկարը` Հայոց Ցեղասպանութայն թանգարան-ինստիտուտ

Ահա վիճակս: Ամերիկա գրեցինք, բայց մեծ հույս չունիմ, որ բան մը ղրկեն: Չի մոռանամ ըսելու, որ հինգ ոսկի է տվեր աղքատ կին մը՝ Սիամանթոն փրկելու համար…Եվ իրեն պահեր է իր միւս հինգ ոսկին՝ ամբողջ ունեցածի կեսը…Ես կուզեի փախչիլ, բայց քանի-քանիներ բռնուեցան եւ հրացանազարկ եղան…

Հիմա կմնա ինծի , եթե քիչ մը դրամ ունենամ եւ եթե թույլ տան, որովհետեւ վճարողներն ալ չեն կրնար Պոլսեն դուրս ելնել: Պոլսեն պիտի փախչին, ալ չի դառնալու երդումով: Ու՞ր պիտի երթամ, այդ չեմ գիտեր, բայց ավելի լավ է ուրիշ տեղ ծառա ըլլալ, քան թե «բորենիներու» բանակի մեջ՝ զինւոր…

Ուրկի՞ց պիտի գա մեր փրկութիւնը…Խորհուրդ տվեք, թե՞ մնամ հոս, երկրորդ զորակոչին սպառնալիքին տակ: Թե՞ ամեն բան հանձն առնելով՝ փախչիմ Պոլսեն…Նորեն ծուղակն եմ ինկած եւ գերագույն հույսերուն եւ գերագույն աստվածներուն պետք է ապավինել: 5 սեպտ. 1914 թ.» (բնօրինակը՝ ԳԱԹ արխիվում, Սիամանթոյի ֆոնդում):

Հետո Ցեղասպանությունն էր…

Լիլիթ Ավագյան

Աղբյուր՝ Mediamax.am