Այսպէս է ասում Տէրը. «Լսի՛ր, որդեա՛կ, իմաստո՛ւն եղիր եւ ուղղի՛ր քո սրտի խորհուրդները: Մի՛ եղիր հարբեցող եւ մի՛ նախանձիր իրենց մարմինը մսով պարարտացնողներին, որովհետեւ գինեմոլն ու բոզարածը պիտի աղքատանան, եւ քնի մէջ թմրած ամէն մարդ պիտի քրջոտ հանդերձ հագնի» (Առակներ 23:19-21)

Քրիստոսի Պայծառակերպության լույսը

Երկրային կյանքի երրորդ տարվա ամռանը Քրիստոս, Իր մահվան և հարության մասին առաքյալներին հայտնած կանխասածությունից վեց օր անց, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրացավ Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվեց։ Դեմքն արեգակի նման պայծառացավ, իսկ զգեստները լույսի պես ճերմակեցին:

Թաբոր լեռան վրա Քրիստոս աշակերտների առաջ հայտնվեց Իր տեսանելի կերպի մեջ։ Միշտ չէ, որ մարդիկ կարողանում են տեսնել Աստծո փառքը: Ավետարանում սա եզակի դեպքերից է, երբ մարդը կարողանում է Աստծուն տեսնել Իր Փառքով:

Աշակերտների ապշած աչքերի առաջ Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Եղիա մարգարեի հետ: Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի` նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի` երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոս է Օրենսդիրը և չի դրժում Աստծո Ուխտը: Նա է Տերը երկրի և երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային`ողջերի (Ս. Գրիգոր Տաթևացի,«Քարոզ Վարդավառի»):

Չնայած Հիսուսի պայծառակերպությունը կատարվեց Նրա Հարությունից առաջ, սակայն տոնը նշվում է Հարության տոնից հետո, համաձայն Հիսուսի`առաքյալներին տված պատվիրանի`չհայտնել Իր այլակերպության մասին մինչև Խաչելություն և Հարություն:

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից է, որն այս տարի տոնում ենք հուլիսի 28-ին:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Պայծառակերպության տոնը նշում է նաև Վարդավառ անվանմամբ: Ինչպես բոլոր տաղավար տոների հաջորդ օրը, այնպես էլ Տիրոջ Պայծառակերպության հրաշափառ տոնին հաջորդող երկուշաբթին:

«Վէմ» ռադիո, Հոգևոր զրույցներ. Քրիստոսի Պայծառակերպության մասին (Վարդավառ), Տեր Մեսրոպ քհն. Արամյան